





2013-06-14 11:11
«Դե Ֆակտո» 69 էքսկլյուզիվ (2012թ.)
Ռիտտա Գյուլամբարյան, «Երևանի իրավա-տնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրի տնօրեն
-Տիկի՛ն Գյուլամբարյան, տարիներ առաջ Հայաստանում հախուռն մեկնարկած օպտիմալացման գործընթացը, ակնհայտ դրական փոփոխություններից բացի, միաժամանակ նաև իր անցանկալի հետևանքները թողեց կրթական համակարգի միջին մասնագիտական ճյուղի բնականոն գործունեության վրա։ Ինչի՞ շնորհիվ Ձեր ղեկավարած կրթահամալիրին հաջողվեց զերծ մնալ նման երևույթներից։
-Նախ, դա մեզ հաջողվել է «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրի հիմնադրամի ղեկավարության կազմակերպչական ջանքերի և նպատակային ներդրումների շնորհիվ։ Հետագա գոյատևման և կայուն զարգացման առումով քոլեջի համար վճռորոշ էր 2008 թ., երբ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը։ Այդ օրվանից հիմնադրամի խորհուրդը, պարոն Մելիքյանի գլխավորությամբ, միշտ ընդգծված հոգատարություն և հետևողականություն է դրսևորել թե՛ բուն ուսումնական գործընթացին, թե՛ նաև մեր մանկավարժներին և ուսանողներին վերաբերող խնդիրների նկատմամբ։ Այդպես, ամեն տարի Սպարտակ Մելիքյանի նախաձեռնությամբ 50 տոկոս զեղչով կամ լրիվ անվճար սովորելու հնարավորություն է ընձեռվում մանկատան տասնյակ սաների, սոցիալապես անապահով և ծնողազուրկ երեխաների, որոնք ներկայումս կազմում են ուսանողների թվակազմի կեսից ավելին։ Մասնավորապես, դա վերաբերում է «Զատիկ» մանկատան սաներին, որի հետ քոլեջը, բարեգործական նպատակներով, սերտ կապեր է պահպանում 2008-ից ի վեր։ Արդեն ավանդական են դարձել Սպարտակ Մելիքյանի կողմից քոլեջի աշխատակազմի և ուսանողների համար կազմակերպվող տոնական հանդիսությունները։ Մեծ խանդավառությամբ և բարձր մակարդակով են նշվում բոլոր հիշարժան տոները` գիտելիքի, ուսուցչի, ուսանողի և երիտասարդության օրերը, Ամանորը, մարտի 8-ը, վերջին զանգը և ավարտական երեկույթները։ Այդ օրերին ուսանողները միշտ անհամբերությամբ են սպասում հոգաբարձուների խորհրդի նախագահ Սպարտակ Մելիքյանին, որը պարտադիր մատուցում է գեղեցիկ անակնկալներ և ջերմ, բարեկամական մթնոլորտում հաճույքով շփվում է երիտասարդների հետ։
Անշուշտ, անցանկալի երևույթներից մեզ հաջողվել է զերծ մնալ նաև կրթօջախի 85-ամյա հարուստ պատմության և վաստակած բարի համբավի շնորհիվ։ Բավական է նշել, որ իր հիմնադրման օրվանից` 1926 թվականից (Երևանի կոոպերատիվ տեխնիկում, ապա` Հայկոոպի կոոպերատիվ տեխնիկում) մինչ օրս կրթօջախը տվել է շուրջ 30 հազար շրջանավարտ, որոնց մասնագիտացումը միշտ համահունչ է եղել երկրի տնտեսական զարգացման տվյալ պահի առաջնահերթություններին։
-Ըստ Ձեզ՝ լրացուցիչ ինչպիսի՞ բարեփոխումներ անհրաժեշտ կլինեն կրթական համակարգի միջին մասնագիտական հատվածի համար մոտակա տարիներին։
-Հայաստանում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ստեղծվել են 20-րդ դարի սկզբներին և նպատակաուղղվել երկրի տնտեսության տարբեր ճյուղերը` տվյալ դրությամբ խիստ պահանջված, գիտակ, դիպլոմավորված կրտսեր մասնագետներով ապահովելուն։ Այսօր էլ միջին մասնագիտական կրթության նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։ Սակայն, իմ կարծիքով, քոլեջների դերն էլ ավելի կմեծանա, եթե երկրի տնտեսական առաջընթացի առանձնահատկությունների և աշխատաշուկայի արդի միտումների կարևորումով գործնական քայլեր կատարվեն «գործատու-կրթական հաստատություն-ուսանող» փոխշահավետ, եռակողմ առանցքի վերականգնման ուղղությամբ։
-Այսօր ամենուր սրությամբ է իրեն զգացնել տալիս պատրաստված երիտասարդ կադրերին համապատասխան աշխատանքով ապահովելու խնդիրը։ Որքանո՞վ է այդ խնդիրը հաղթահարելի Ձեզ համար։
-Դա ես համարում եմ ոչ միայն մեր քոլեջի, այլև ՀՀ ողջ միջին մասնագիտական կրթահամակարգի ամենացավոտ հարցերից մեկը, քանի որ ներկայումս այն լիարժեքորեն հաղթահարելի չէ։ Կարծում եմ` մեր պատրաստած մասնագետների զբաղվածության խնդրի ցանկալի չափով հաղթահարմանը կարող է լրջորեն նպաստել քիչ առաջ իմ կողմից մատնանշված «գործատու-կրթական հաստատություն-ուսանող» մոդելի բարեհաջող գործարկումը, որից ժամանակին օգտվել են աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները։
Թեկուզ մասնակի, բայց մեր շրջանավարտների մի մասին, անշուշտ, այսօր հաջողվում է մասնագիտական աշխատանքի տեղավորվել ՀՀ բանկային և դատական համակարգերում, արտադրական, առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտների հիմնարկ-ձեռնարկություններում։ Եվ, որպես կանոն, դրանք հիմնականում այն ուսանողներն են, ովքեր արտադրական պրակտիկայի ժամանակ աչքի են ընկնում իրենց մասնագիտական գիտելիքներով և հետագայում այդ կազմակերպությունների կողմից հրավիրվում աշխատանքի։
-Ձեզ հաջողվու՞մ է ընթանալ ժամանակին համաքայլ և համապատասխան կադրերով բավարարել աշխատաշուկայի հարափոփոխ պահանջարկը։
-Նախ պետք է նշեմ, որ Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջում հիմա կադրեր են պատրաստվում հետևյալ մասնագիտությունների գծով` իրավագիտություն, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ, բանկային գործ, կառավարում (մենեջմենթ), շուկայաբանություն (մարքեթինգ), հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (ծրագրավորում), փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում։ Համաձայն ուսումնական ծրագրերի՝ տեսական ուսուցմանը զուգահեռ, ուսանողները ստանում են նաև գործնական ուսուցում` անցնելով տեխնոլոգիական և արտադրական պրակտիկա։ Ընդ որում, արտադրական պրակտիկան կազմակերպվում է քոլեջից դուրս, նախապես կնքված պայմանագրերով և մասնագիտություններին համապատասխան կազմակերպություններում։
Իսկ կոնկրետ աշխատաշուկայի պահանջարկը համապատասխան մասնագետներով բավարարելու համար մեր կողմից մշտապես իրականացվում են դիտարկումներ և ռազմավարական ուսումնասիրություններ։ Ըստ այդմ, նախապես կազմվում է հեռանկարային, պահեստային մասնագիտությունների ցանկ, այդ մասնագիտությունների չափորոշիչների պահանջներին համապատասխան փաստաթղթերի փաթեթ, ռեզերվային դասախոսական կադրեր, գրականություն և այլն։ Քոլեջի նախկին 4 մասնագիտությունների ցանկում, նշված ուսումնասիրությունների շնորհիվ, 2008 թվականին իրենց հաստատուն տեղերը զբաղեցրին աշխատաշուկայում աճող պահանջարկ վայելող կառավարում (մենեջմենթ), շուկայաբանություն (մարքեթինգ), հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (ծրագրավորում) մասնագիտությունները։ Դրանց գծով շրջանավարտներից շատերն արդեն բարեհաջող կերպով աշխատում են համապատասխան բնագավառներում։
-Որո՞նք են կրթահամալիրի հեռանկարային ծրագրերը։
-Մասնավորապես, նախատեսում ենք հետևյալը՝ ընդլայնելով հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված մեր գործունեության շրջանակները.
• միջին մասնագիտական կրթությանը զուգահեռ իրականացնել միջնակարգ հանրակրթական և նախադպրոցական ուսուցում,
• ստեղծել օժանդակ տնտեսություն` քոլեջի ուսանողների արտադրա-տեխնոլոգիական պրակտիկան տեղում կազմակերպելու և հետագայում լավագույն շրջանավարտներին աշխատանքով ապահովելու համար,
• աշխատաշուկայի հարափոփոխ պահանջարկը համապատասխան կադրերով մշտապես բավարարելու համար, ըստ անհրաժեշտության, վերանայել մասնագիտությունների ցանկը, այն համալրել նորերով,
• ստեղծել հիմնադրամի ներկայացուցչությունները Լեռնային Ղարաբաղում և հարևան Վրաստանի Հանրապետությունում,
• համագործակցել և փոխշահավետ կապեր հաստատել օտարերկրյա նմանօրինակ ուսումնական հաստատությունների, նրանց գործունեությունը հովանավորող հիմնարկ ձեռնարկությունների, կազմակերպությունների, գործարար անձանց, ինչպես նաև շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ։
Վերադառնալ