02:58
10/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հակոբ Շաքելյան

2013-07-16 11:33

«Դե Ֆակտո» 65 (2011թ.)

Մերձավոր Արևելքից Կիպրոս, ԱՄՆ և վերջապես օրրան` Հայաստան …

…Սա սիրիահայ գործարար Հակոբ Շաքելյանի կյանքի ճանապարհն է, որը նրան շատ վաղուց` դեռ պատանեկան հասակից բերել է հայրենիք, և պահել այստեղ, երևի թե «արյան կանչ» ասվածը հենց սա է…

«Հիմնական կրթությունս Կիպրոսի Միքայելյան վարժարանում ավարտելուց հետո առաջին անգամ եկա Հայաստան, ընդունվեցի բժշկական ինստիտուտ, ավարտեցի, ամուսնացա…Սիրեցի Հայաստանն իր բոլոր դրսևորումներով. տեսա և՛ Խորհրդային Հայաստանը և՛ հեղաշրջումը, և՛ անկախության դժվարին ուղին, և փառք Աստծո, կայացած Հայաստանս»։

-     Իսկ 90-ականների դժվարությունները չստիպեցի՞ն Ձեզ հեռանալ Հայաստանից։ Չէ՞ որ այդ տարիներին շատերն էին հեռանում երկրից։

-     Բնա՛վ։ Ոչ մի ակնթարթ չեմ մտածել Հայաստանից հեռանալու մասին։ Միայն երբ պիտի լույս աշխարհ գար առաջնեկս, մութ էր, ցուրտ, անհնարին պայմաններ։ Մենք մեկնեցինք Հայաստանից, բալիկս ծնվեց և 40 օր անց վերադարձանք։ Գուցե որոշ ժամանակով հանգամանքների բերումով ստիպված եմ եղել ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ, բայց միշտ վստահ եմ եղել, որ ետ պիտի գամ։ Ավելին, այսօր Հայաստանում են ապրում նաև եղբայրս իր ընտանիքով և էլի մեր մի քանի հարազատներ։

Հանգիստ եմ և ապահով, որ երեխաներս  հայրենիքում են մեծանում

-     Որոշ ժամանակ ապրել եք Միացյալ Նահանգներում, ապա վերադարձել հայրենիք։ Դժվար չէ՞ր Ձեզ և երեխաների համար այդ փոփոխություններին հարմարվելը։

-     Իհարկե, դժվար էր. երկու դեպքում էլ սոցիալական ինտեգրման խնդիր կար, քանի որ տարբերությունը բոլոր բնագավառներում` թե՛ վարքուբարքի, թե՛ կրթության, թե՛ մարդկային հարաբերությունների առումով, հսկայական է։ Այժմ, փառք Աստծո, վերջնականապես վերադարձել ենք, ամեն ինչ իր տեղն է ընկել։ Ես շատ ուրախ եմ, հանգիստ եմ և ապահով, որ իմ երեխաները հայրենիքում են մեծանում, ամուր հող ունենք ոտքերի տակ և որ ամենակարևորն է, չունեն ինքնության խնդիր։ Սփյուռքում անընդհատ կա ինքնության պահպանման խնդիրը` չձուլվելու, չմոռանալու, արմատներից չհեռանալու խնդիրը, իսկ հայրենիքում դու տանն ես …

-     Իսկ որտե՞ղ եք Ձեզ լավ զգում. Հայաստանում, թե

-     Տարբեր երկրներում եմ ապրել։ Միանշանակ ինձ լավ եմ զգում Հայաստանում։ Ես միշտ ասում եմ, թեև ես Հայաստանում չեմ ծնվել, բայց գիտակից կյանքս անց եմ կացրել այստեղ, այստեղ ամեն ինչ հարազատ է հոգուս։ Հիմա դժվարանում եմ նույնիսկ պատասխանել` սփյուռքահայ եմ ես, թե՞ հայաստանցի հայ։

 -     Հայաստանում հիմնել եք «Medical Horizone» դեղագործական ընկերությունը։ Ինչու՞ որոշեցիք հենց  այս ոլորտում ներդրում անել։ Արդյոք ռիսկային չէ՞ր նման արտադրություն սկսել մեր երկրում։

-     Բիզնեսի և շահույթի տեսանկյունից գուցե և ռիսկային էր, ինչպես և հետագան ցույց տվեց, սակայն այն ժամանակ, երբ մտածում էի որևէ գործ սկսելու մասին, ցանկությունս էր ստեղծել մի բան, որ  առաջին հերթին օգտակար լինի ժողովրդին։ Ես չհիմնեցի այդ գործարանը Երևանում, որի դեպքում գուցե ավելի հաջողեի, ես իմ ֆինանսական միջոցները չներդրեցի շինարարության, անշարժ գույքի բնագավառում, որն անկասկած առավել շահութաբեր կլիներ։ Ես հիմնեցի «Medical Horizone» դեղագործական ընկերությունը Մասիս քաղաքում, որտեղ աշխատատեղերի լուրջ խնդիր կար, ես որոշեցի զբաղվել դեղարտադրությամբ և հասարակությանը մատակարարել դեղորայք, որոնք իրենց որակով չեն զիջի որևէ առաջատար ընկերության արտադրանքի, սակայն կլինեն մատչելի և հասանելի հասարակության բոլոր խավերի համար։ Այստեղ ինձ օգնեց նաև իմ բժշկի մասնագիտությունը։ «Medical Horizone» ընկերությունն այսօր ունի ավելի քան 40 աշխատող։

Մեր լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք ներմուծել ենք ԱՄՆ-ից,  Եվրոպայից։ «Medical Horizone»-ը լիովին համապատասխանում է դեղագործության համաշխարհային JMP ստանդարտներին։ Դեղորայքի հումքը ևս ներմուծում ենք Եվրոպայից, անում ենք լավագույնը բարձրորակ և ապահով դեղամիջոցներ արտադրելու համար, քանի որ գործ ունենք մարդու առողջության հետ. «Օգնել բուժվել, ոչ թե վնասվել», սա է մեր գործունեության սկզբունքը։

-Տարիներ առաջ, երբ հիմնում էիք «Medical Horizone»-ը, ինչպիսի՞ն էին ակնկալիքները։ Արդյո՞ք Ձեր սպասումները արդարացել են, թե ոչ։

-Եթե գնահատեմ իբրև ներդրող, միանշանակ սխալ էր, քանի որ դաշտը Հայաստանում դեռևս համակարգված չէ, ներմուծողների առավելություններն ու եկամուտները շատ ավելի մեծ են քան տեղական դեղարտադրողինը, էլ չեմ խոսում հասարակության մասին, որը չգիտես ինչու, մտածում է, որ եթե տեղական չէ և թանկ է, ուրեմն ավելի «լավն է», քավ լիցի։ Ես ուղղակի կոչ եմ անում մարդկանց. վստահեք տեղական արտադրողին, նախընտրեք մեր երկրի արտադրանքն ի տարբերություն ներմուծված անհայտ ծագման զանազան դեղամիջոցների։ Ի վերջո առաջին հերթին մենք` հայերս, պետք է գնահատենք մեզ և մեր արտադարնքը։ Սակայն եթե գնահատեմ որպես հայ` Սփյուռքում ծնված և տարիներ շարունակ հայրենիք վերադառնալու և այստեղ որևէ հանրօգուտ գործ անելու փափագով ապրած, անշուշտ չեմ զղջում։ Այս քայլը միանշանակ ճիշտ էր և արդարացված։ Ուղղակի հուսով եմ, որ թեև դանդաղ քայլերով, բայց առաջ կգնանք. ոլորտը բարդ է, անընդհատ ներդրումներ, նորարարություններ պահանջող… Իսկ մենք ծրագրեր, նպատակներ և անելիքներ շատ ունենք։

- Իսկ ի՞նչ կասեք արտահանման մասին։

- Մենք մեր դեղորայքը արտահանում ենք Ուզբեկստան, պայմանավորվածություն ունենք Վրաստանի հետ, առայժմ բանակցությունների փուլում ենք, հուսով եմ` մոտ ապագայում արդեն կկարողանանք այդ երկիր ևս արտահանել մեր արտադրանքը։ Վերջերս մասնակցեցինք Ուկրաինայում կայացած դեղագործական ցուցահանդեսին, որտեղ ևս հետաքրքրությունը մեծ էր մեր արտադրանքի նկատմամբ։ Հուսով եմ, շուտով մեր արտադրանքից մեկ-երկու օրինակ կարտահանենք նաև այդ երկիր։

-     Խոսեցիք անվստահության, ինքնության խնդիրների մասին։ Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անել սրանք հաղթահարելու համար։

-     Գիտեք չվստահել, քննադատել, բողոքել կարելի է անվերջ, սակայն խոսելուց զատ պետք է գործել։ Քննադատելը շատ հեշտ է, քննադատելուց առաջ պետք է խնդիրը վերցնես նախ քեզ վրա, փորձես փոխվել ինքդ, ապա նոր պահանջես մյուսներից` արտադրողից, իշխանությունից, հարևանից (ժպտում է)։ Մենք ինքնահաստատման, ինքներս մեզ վերաարժևորելու պահանջ ունենք, սակայն պետք է շատ զգույշ լինել արժեքները վերանայելիս… Եթե նախկինում հայ մարդու համար հեղինակություն էր Վիլյամ Սարոյանը, Արամ Խաչատրյանը, Սևակը … ապա այսօր 10-12 տարեկան երեխայի համար հեղինակությունը` ընդօրինակման առարկան, անհասկանալի սերիալների վտանգավոր հերոսներն են։ Սա չարիք է, որը հատկապես վտանգավոր է սփյուռքահայ նոր սերնդի համար։ Իսկ այդ փոփոխությունը պետք է սկսել մանկապարտեզից, բակից, հեռուստատեսությունից, եկեղեցուց …

-     Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

-     Իհարկե ընտանիքս, զավակներս։ Կարծում եմ` կյանքի կայացման լավագույն գնահատականը մարդու զավակներն են։ Եթե այստեղ դու հաջողել ես, ուրեմն երջանիկ մարդ ես։

-     Ես նաև գիտեմ, որ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին վերակառուցվել է Ձեր հովանավորությամբ։ Մի փոքր կխոսե՞ք այս մասին։

-     Նախապատմությունը հետևյալն էր. 2002 թվականին էր, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին վերակառուցման խնդիր ուներ։ Եկեղեցու հոգևոր հայրը դիմեց ինձ, որ բարերարներ գտնենք այս նպատակի համար։ Դիմեցի մի քանի սփյուռքահայ բարերարների, պատասխանները ձգձգվեցին, առաջ եկան «հավերժական» բյուրոկրատական հարցեր։ Եվ մի օր հարցրեցի, թե երբ է անհրաժեշտ սկսել վերակառուցումը, տեր հայրը զարմացած պատասխանեց, թե որքան շուտ, այնքան լավ, քանի որ միջնադարյան պատմամշակութային ժառանգություն համարվող այդ չքնաղ եկեղեցին անմխիթար վիճակում էր։ Եվ ես, առանց այդ եկեղեցին տեսնելու, ասացի, որ ինքս կհովանավորեմ այդ գործը, և անմիջապես սկսեցինք վերակառուցման աշխատանքները։ Շատերը նույնիսկ չգիտեն այդ մասին, հաճախ հարկ չեմ համարում բարձրաձայնել այդ մասին։   Մինչև վերակառուցման ավարտը ես չտեսա եկեղեցին, քանի որ վերը ասածս անվստահության բարդույթը չունեի, քանի որ նման սուրբ և կարևոր գործ էր արվում։ Այս եկեղեցին շատ հարազատ է մեզ համար. իմ և կնոջս ծնողների հիշատակին նվիրեցինք այս (բարերարություն չասեմ) նվիրական գործը։

Ի դեպ եկեղեցու վերաբացման արարողության ժամանակ ինձ շնորհվեց Ապարանի պատվավոր քաղաքացու կոչում, և ես հպարտությամբ կարող եմ պարծենալ, որ միակ «ախպար» ապարանցին եմ (ժպտում է)։

-     Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Եվ վերջում, Հայաստան ասելիս

-     Օրրան… Հայրենի հող …

 Հարցազրույցը՝ Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...