03:04
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վրեժ Կիրակոսյան

2013-08-14 11:10

«Դե Ֆակտո» N 86 (2013թ.)

 “ Славянский базар -2013”-ին

Հայաստանի ներկայացուցիչ Վրեժ Կիրակոսյանը պատվով ներկայացրեց Հայաստանը

Ավարտվեց «Սլավյանսկի բազար» էստրադային երգի միջազգային մրցույթ-փառատոնը, որում Հայաստանը ներկայացնում էր «X ֆակտոր 1» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը։ Մինչ մեկնելը նա «Սլաք» մամուլի ակումբում տված իր ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ամեն ինչ անելու է Հայաստանը պատվով ներկայացնելու համար և մտահոգություն հայտնեց ժյուրիի կազմում Հայաստանի կողմից ընդգրկված Ռոբերտ Ամիրխանյանի՝ վերջին պահին հայտնած հրաժարականի վերաբերյալ։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանից, ով մրցույթին նախապատրաստվելիս իր կողքին է եղել և աջակցել մասնագիտական խորհուրդներով և ցավ հայտնեց, որ վերջինս առողջական խնդիրների պատճառով չի կարող իր հետ մեկնել  Վիտեբսկ։ Հայաստանից Վրեժ Կիրակոսյանը մեկնեց բարձր  տրամադրությամբ, վստահ՝ իր ուժերին։

Հուլիսի 7-ին Վրեժ Կիրակոսյանը և նրան ուղեկցող Արկադի Շուշանյանը մեկնեցին Մինսկ, որտեղ կայացան նվագախմբի հետ փորձերը։ Երեք օր փորձերից հետո նրանք տեղափոխվեցին Վիտեբսկ քաղաք, որտեղ տեղի ունեցավ «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 11-ին, որին ներկա էր նաև Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Փառատոնը տևեց հուլիսի 11-15-ը, սակայն գրեթե ողջ հուլիս ամիսը տոն էր Վիտեբսկ քաղաքի համար։ Այս մրցույթը հատուկ նշանակություն ունի Բելոռուսի համար, որի առթիվ այդ օրերին ամենուր տոնախմբություն էր։

Փառատոնին մասնակցեցին 31 երկրների ներկայացուցիչներ, ժյուրին բաղկացած էր 11 հոգուց, որոնցից մեկը պետք է լիներ Հայաստանի ներկայացուցիչը։ Ժյուրիի նախագահը երգչուհի Լարիսա Դոլինան էր։

Վրեժ Կիրակոսյանին ուղեկցող Արկադի Շուշանյանի խոսքով՝ Վրեժը մրցութային օրերին հրաշալի հանդես եկավ և արժանացավ հանդիսատեսի բուռն արձագանքին, որի շարքերում հայեր գրեթե չկային.

«Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 13-ին, Վրեժը կատարեց Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը։ Հիանալի կատարում էր, Վրեժն արժանացավ հանդիսատեսի ջերմ ծափահարություններին, սակայն ժյուրիի գնահատականները անսպասելիորեն ցածր էին։ Հուլիսի 14-ին Վրեժը կատարեց լեհ երաժիշտ Վյաչեսլավ ՆեմենիСтранный этот мир” երգը, որը մրցութային շատ լավ երգ է համարվում։ Այս երգը Վրեժը նույնպես գերազանց կատարեց, սակայն, ի զարմանս մեզ, նորից ցածր գնահատականների արժանացավ»։

Մենք զրուցեցինք Նադեժդա Սարգսյանի հետ, ով հետևել էր մրցույթին և  լսել Վրեժի կատարումները.

«Պետք է նշեմ, որ Վրեժը լիարժեք կատարել է իր երգերը, պարզապես  մրցույթի ժամանակ խնդիր է առաջացելСтранный этот мирերգի հետ կապված։ Մենք մոտ 6 ամիս  պարապել էինք մի տոնայնության մեջ, որը այնտեղ մեկնելուց հետո փոխվեց՝ կես տոն իջեցրեցին, ինչը մեծ տարբերություն է առաջացնում կատարման մեջ։ Շատ պայքարեցինք, որ երգի տոնայնությունը նույնը մնա, բայց նվագախմբի ղեկավարը չհամաձայնվեց՝ պատճառաբանելով, որ փողային գործիքների հետ կապված խնդիր է առաջանում, կարծես դա փողային գործիքների մրցույթ էր։ Ամեն դեպքում, Վրեժը շատ լավ հանդես եկավ։

Ինչ վերաբերում է մրցանակային տեղերին, անկեղծ ասած՝  ես այնքան եմ հոգնել այդ կոմերցիոն մրցույթներից, թեև սա շատ հեղինակավոր մրցույթ է։ Ցավն այն էր, որ մի քանի հանգամանքներ խանգարեցին Վրեժին, այդ թվում՝ ժյուրիի մեր ներկայացուցչի բացակայությունը։ Կարծում եմ, որ մենք գոնե առաջին 10-յակում պետք է ընդգրծված լինեինք»։

Այս հարցի շուրջ Արկադի Շուշանյանը նշեց, որ նվագախմբի ղեկավարը չհամաձայնեց այդ  տոնայնության մեջ նվագել՝ պատճառաբանելով, որ դա խնդիր է, եթե իրենք կես տոն բարձր տոնայնության մեջ նվագեն, երաժշտությունը ճիշտ հնչողություն չի ունենա, երգչի և նվագախմբի միջև ներդաշնակություն չի լինի։  Այնպես որ, Վրեժը ստիպված էր այդ մի քանի օրերի ընթացքում կես տոն ցածր տոնայնության մեջ պատրաստել երգը, ինչը նրան հնարավորություն չտվեց ցուցադրել իր ձայնային ողջ  հնարավորությունները։ Ա. Շուշանյանը նաև նշեց, որ շատ լավ կլիներ, եթե ժյուրիի կազմում Հայաստանի ներկայացուցիչը լիներ, քննարկումների ժամանակ նա կարող էր ազդեցություն ունենալ ժյուրիի կարծիքի վրա, մանավանդ, որ Վրեժը շատ լավ էր հադես գալիս։

Խոսեցինք նաև Վրեժի հետ, ով համեստորեն չցանկացավ խոսել իր կատարումների մասին՝ թողնելով գնահատականները մասնագետներին, սակայն նա հպարտ էր, որ ջանք չէր խնայել Հայաստանը հնարավորինս լավ ներկայացնելու և հենց Վիտեբսկում արժանացել էր ազգային տարբեր պատկանելություն ունեցող մասնագետների բարձր գնահատականներին։

Այսպիսով՝ «Սլավյանսկի բազար» էստրադային երգի միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանի ներկայացուցիչ Վրեժ Կիրակոսյանը մրցանակային տեղ չգրավեց, սակայն պատվով ներկայացրեց Հայաստանը, և նրա կատարումները  միայն գովեստի խոսքերի են արժանանում։ Այժմ նա բուռն  աշխատանքային գործընթացում է, զբաղվում է   իր տեսահոլովակի աշխատանքներով։

Պետք է նշել, որ «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնի ողջ ընթացքի վերաբերյալ հայ հասարակությանը տեղեկատվություն էին մատուցում  ինֆորմացիոն հովանավորներ Slaq.am ինտերնետ հեռուստաընկերությունը և «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրը։

Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...