16:20
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
- Խելոք ազգերը սովորում են ուրիշի սխալների վրա, կարծում եմ` մենք պարտավոր ենք գոնե մեր սխալից դասեր քաղել

2013-08-15 11:25

«Դե Ֆակտո» 46 (2010թ.)

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյան

-Պարո՜ն Նիկոյան, 2008թ. մարտի 1-ը մեր պատմության մեջ մնաց որպես ողբերգական օր։ Երկու տարի անց, արդեն մի փոքր հեռվից նայելով այս ողբերգական իրադարձությանը, ի՞նչ եք կարծումայն մեր քաղաքական դաշտում քաղաքական ուժերի  ինչպիսի՞ թերի կողմեր արձանագրեց, և այսօր այդ թերի կողմերը շտկվե՞լ են։

-Ընդհանուր առմամբ, 2008թ. մարտի 1-ը մեր պատմության տհաճ էջերից մեկն է, իսկ պատմությունը չպետք է մոռացվի, որպեսզի նման ողբերգությունն այլևս չկրկնվի։ Խելոք ազգերը սովորում են ուրիշի սխալների վրա, կարծում եմ` մենք պարտավոր ենք գոնե մեր սխալից դասեր քաղել։

Մարտի 1-ի իրադարձությունները եկան ապացուցելու, որ մեր հասարակական հարաբերություններում կան բազմաթիվ  թերություններ, խնդիրներ, որոնք լուծված չեն։ Դրանք առավել ցայտուն դրսևորվեցին արտակարգ  իրավիճակում։ Սովորաբար նման իրավիճակներն են բացահատում և ջրի երես հանում հասարակության բոլոր բաց և թերի կողմերը։ Երբ կազմվեց մարտի 1-ի զեկույցը, հանձնաժողովը եկավ հետևյալ եզրակացության` այն, ինչ կատարվել է մարտի 1-ին, հետ չենք կարող բերել, հասարակությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի բացառվի նման ողբերգության կրկնությունը։

-Հասարակությո՞ւնը պետք է շտկի այդ թերի կողմերը։

-Իհարկե, հասարակությունը պետք է շտկի։ Ես, հասարակություն ասելով, նկատի ունեմ ողջ ժողովրդին` առանց իշխանություն, ընդդիմություն տարբերակման։ Եթե խնդիրների լուծումը տեսնում ես միայն մեկ դաշտում, քո մեջ չես տեսնում, դրական արդյունք չի ստացվում։ Դա մեր հերթական թերություններից մեկն է։ Մեզ թվում է, որ բոլորը պարտավոր են լինել օրինապահ, ազնիվ, պարկեշտ, բայց մեր առջև այդ պահանջը չենք դնում։

-Որո՞նք էին քաղաքական ուժերի թերի կողմերը։

-Սկսեմ ընտրական գործընթացների նկատմամբ մեր քաղաքական դաշտի մոտեցումներից։ Ընտրապայքարի ժամանակ դրսևորվող անհանդուրժողականությունը ոչ միայն վերջին ընտրություններում դրսևորվեց, այլ նաև, ընդհանուր առմամբ, բոլոր ընտրություններում` սկսած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից։    Այնինչ ընտրական գործընթացը պայքար է, մրցակցություն, որից հետո պետք է կարողանալ սեղմել  հաղթողի ձեռքը։ Ցավոք, մեր քաղաքական դաշտում թեկնածուները ընտրություններին վերաբերում են որպես կենաց-մահու պայքարի։ Դրանից հետո առաջանում է ցանկացած գնով հաղթելու ցանկությունը։

Երկրորդը նախընտրական պայքարի ընթացքում ոչ քաղաքակիրթ մեթոդների կիրառումն է։ Հաճախ միմյանց ճանաչող թեկնածուները ձնագնդի նման փոխադարձ վիրավորանքներ, մեղադրանքներ են հղում, որը սրում է իրավիճակը` հանգեցնելով բախումների։ 

Եվ ամենակարևոր թերությունն այն է, որ հասարակության մեջ կան չլուծված խնդիրներ, որոնք յուրաքանչյուր քաղաքական ուժ, լիդեր փորձում է օգտագործել իր քաղաքական նպատակների իրականացման համար։

Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ես չեմ փոխել իմ վերաբերմունքն ու տեսակետը։ Այն նույնն էր երկու տարի առաջ, նույնն է և այսօր։ Հասարակության մեջ եղած արդարացի դժգոհությունը և արդարացի պահանջները ընդդիմության քաղաքական լիդերները կարողացան տեղափոխել  իրենց համար ցանկալի դաշտ և այդ ներուժն ուղղորդել բացասական ուղղությամբ, որի արդյունքում նաև եղան մարտի 1-ի իրադարձությունները։ Գաղտնիք չէ, որ այսօր կա սոցիալական արդարության վերականգնման խնդիր, և հանրապետության նախագահը,  կառավարությունը այդ խնդիրը տեսնում են։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում գոյություն ունի կոռուպցիան, կաշառակերությունը, ստվերային տնտեսությունը, օլիգոպոլիան, մրցակցային դաշտի բացակայությունը։ Այդ խնդիրները մարդանց մեջ արդարացիորեն վրդովմունք են առաջացրել, և նրանք ուզում են այդ խնդիրների լուծման համար պայքարել։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ընտրությունները նաև դիտվում են որպես սեփականությունը վերաբաշխելու միջոց, որը նպաստում է լարվածության ավելացմանը։

-Սոցիալական անարդարություն այսօր էլ առկա է։ Ի՞նչն է փոխվել հասարակության մեջ, որը կբացառի նման ողբերգական իրադարձության կրկնությունը։

-Միգուցե այսօր սոցիալական խնդիրներն ավելի են շատացել ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով։ Ես շատ ուշադիր հետևում եմ մեր կառավարության գործունեությանը և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հունվար-փետրվար ամիսների բյուջետային մուտքերի մասով նախատեսվածից ավելի շատ գումար է հավաքվել։ Դա նշանակում է` կամ տնտեսական աճ է գրանցվում, կամ ստվերի դեմ պայքարն ավելի արդյունավետ է դառնում։ Երկու պարագայում էլ դա գոհացուցիչ հանգամանք է։

Այսօր մի բան ակնհայտ է` պետք է անպայմանորեն մեծացնել վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ։ Երբ ընտրական գործընթացների ժամանակ միջազգային տարբեր կազմակերպություններից աշխատակիցներ էին գալիս մեզ մոտ, հետաքրքիր մի միտք էին արտահայտում, ասում էին` խնդիրն այն չէ, թե ինչպիսի ընտրություններ են տեղի ունենում, իհարկե, անհրաժեշտ է լավ ընտրություններ անցկացնել, բայց նույնքան էլ անհրաժեշտ է, որ ձեր անցկացրած թափանցիկ ընտրությունն ընկալվի որպես այդպիսին։ Հասարակությունը պետք է գնահատի դա։ Ցավոք, մեզանում բացակայում է այդ գնահատականը։ Կարծում եմ` պատճառներից մեկն այն է, որ քարոզչության ընթացքում յուրաքանչյուր թեկնածու հայտարարում է, որ եթե ինքը չընտրվեց, ուրեմն` ընտրությունները կեղծված են։     

-Մարտի 1-ի  ողբերգության, թերևս, ամենամխիթարող հանգամանքը կլինի այն, որ 10 զոհվածների սպանության հանգամանքները պարզված լինեն, և մեղավորները պատժվեն։ Այս առումով ի՞նչ արդյունքներ կան։

-Ամենացավոտ հարցն ինձ համար այն է, որ չհայտնաբերվեց որևէ կոնկրետ անձ, որի գործողությունների արդյունքում մահ է գրանցվել։ Երկու անգամ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգեցի, հրապարակավ հայտարարեցի, որ հանձնաժողովը մնացած հարցերի պատասխաններն ունի, բայց նշված հարցի պատասխանը չունի, մենք դիմում ենք  հասարակությանը` ընդդիմությանը, ցուցարարներին, լիդերներին, ով կարող է կոնկրետ օգնություն ցուցաբերել սպանության հետ կապված դեպքերի մանրամասների վերաբերյալ, թող ներկայացնի մեզ, որովհետև այն փաստերը, որոնք մենք ունենք,  մեզ անհրաժեշտ տեղեկատվություն չեն հաղորդում։

-Նկարահանված կադրերը նո՞ւյնպես։

-Այո՜, նկարահանված կադրերը նույնպես, ես դրանք ընդգրկում եմ փաստերի մեջ։ Իմ հայտարարությունից հետո, ցավոք, նման օժանդակություն հանձնաժողովը չստացավ։ Հանձնաժողովն այլ բան չէր կարող անել, քան այդ խնդիրը համարել բաց, որը նախաքննական մարմինը պարտավոր էր շարունակել բացահայտել` պարբերաբար տեղեկատվություն ներկայացնելով մոնիտորինգի հանձնաժողովին։ Վերջինը պետք է զբաղվեր մարտի 1-ի հանձնաժողովի առաջարկների դիտազննումով, ինչը նա անում է, և ես էլ պարբերաբար ծանոթանում եմ այդ արդյունքներին։

-Համաներում շնորհվեց ձերբակալված որոշ անձանց։ Կիսատ հանդուրժողականություն լինո՞ւմ է։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում մյուսներին։

-Հանդուրժողականություն երբեք չի նշանակում ամենաթողություն։ Եթե մի կողմից` մենք պահանջում ենք` գտնել այն մարդկանց, ովքեր պատճառ են եղել մահվան և պատժել նրանց, ապա մյուս կողմից` մենք պետք է հասկանանք, որ պետք է պատժվեն նաև այն մարդիկ, որոնց գործողությունների արդյունքում իրադարձությունները նման ընթացք են ստացել` վերածվելով զանգվածային անկարգությունների։ Եթե որևիցե մեկը պատասխանատվություն չկրի կատարվածի համար, ապա դրա հետևանքով մեկ ուրիշն էլ նման գործողությունների կդիմի։

-Այդ դեպքում ինչպե՞ս է որոշվում` ո՞վ է պատժվում, ով` ոչ։

-Կա դատաիրավական համակարգ, որը քրեաիրավական գնահատական է տալիս։ Ես կարող եմ քաղաքական գնահատական տալ։ Հաճախ ասում են, որ մեր ժողովուրդը դատական մարմնին չի վստահում, այդ դեպքում ինչպե՞ս վարվել, ուրիշ ի՞նչ մարմին կարող է փոխարինել դատական մարմնին։

Համաներում շնորհելը նախագահի իրավասությունների  ներքո է։ Ում վերաբերվել է համաներումը, նրանք ազատության մեջ են, մնացածների մասին ոչինչ ասել չեմ կարող։

-Ի՞նչ հետևանք կունենա ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված  «Մարտի 1-ի դեպքերի ժամանակ բանակի ներգրավման մասին» բանաձևը։

-Ես դա համարում եմ պրովոկացիա, ՀՀ-ից տրված տվյալների հիման  վրա այլ երկրի լոբբինգի հետևանք։ Ոմանց թվում է, թե իրենք բարի գործ են անում, եթե օգնում են, որ Հայաստանի Հանրապետության գլխին մահակ կամ ճնշում լինի։ Ճնշումը իշխանության վրա չէ, ճնշումը պետության վրա է։ Եթե որևէ քաղաքական ուժ կամ գործիչ  դա չի հասկանում, իր անձի խնդիրն է։ Նրանք իրենց գնահատականը կստանան հենց ժողովրդի կողմից, ում շահերն ուզում են պաշտպանել։

-Դուք անհավանակա՞ն եք համարում բանակի ներգրավումը մարտի 1-ի դեպքերի ժամանակ։

-Բանակը մարտի 1-ի իրադարձություններին անմիջական որևէ մասնակցություն չի ունեցել։ Ես մեկուկես տարի այդ իրադարձությունն ուսումնասիրել եմ։ Այն ժամանակ որևիցե մեկը որևէ փաստարկ չի ներկայացրել բանակի ներգարվվածության հետ կապված։ Ընդդիմադիր մամուլը գրել է, որ եղել են զինվորներ մեքենաների մեջ, զինվորների տեղաշարժ է եղել։ Ես այդ նկարները տեսել եմ, բայց այդ նկարներից չեմ կարողացել հստակ պատկերացնել` դա մարտի 1-ի նկար է, թե՞ մարտի 2-ի, քանի որ մարտի 2-ին փողոցում հնարավոր է, որ մեքենաներով զինվորներ լինեին, որովհետև արտակարգ դրություն էր հայտարարված։ Ես այդ հարցով դիմեցի պետական մարմիններին, ոստիկանությանը, պաշտպանության նախարարությանը և տեղեկացել եմ, որ օգտագործվել են  պաշտպանության նախարարության մեքենաները, բայց դրանք օգտագործվել են ներքին գործերի զինծառայողներին տեղափոխելու համար։ Դրա առնչությամբ ինչ-որ եվրոպացի հեռվում նստած մտածում է, որ բանակի օգնությամբ այստեղ տեղի է ունեցել զինված հեղաշրջում։ Դա պետության դեմ շատ նենգ, դավադիր հարցադրում է։ Սա ընդամենը մեր ընդդիմության ուղղորդմամբ այլ պետությունների լոբբինգի հետևանք է։ Այդ մասին նույնիսկ մեր պատվիրակության ղեկավարը` Դավիթ Հարությունյանը, հստակ ակնարկեց։

-Ճի՞շտ են այն լուրերը, որ ոստիկանության կողմից բռնության են ենթարկվում զոհվածների ծնողները, ակցիա կազմակերպող երիտասարդները ծեծվում և ոստիկանություն են տարվում։

-Ես չեմ կարող ասել նման բան եղել է, թե ոչ, բայց իմ հանդիպումների ընթացքում որևէ մեկը նման բողոք չի արտահայտել։ Նրանց բողոքը հետևյալն է եղել` նախաքննական մարմնի աշխատանքներն անբավարար են իրենց հարազատների սպանության հարցում։ Իմ անցկացրած նիստերը հրապարակային են եղել, եթե նման բան լիներ, դեռևս այն ժամանակ մամուլով կհրապարակվեր։

-Մարտի 1-ին կրկին  հանրահավաք կազմակերպվեց, բայց նախկինի պես մեծ բազմության չէր հավաքվել։ Պատճառն, ըստ Ձեզ, ո՞րն էր։  

-Հասարակությունը հիմա գտնվում է բավականաչափ հանգիստ  վիճակում, և յուրաքանչյուրն արդեն փորձում է իր մեջ վերլուծություններ անել։ Իմ կարծիքով` հասարակության այն մասը, որը գնացել էր բացասական երևույթի դեմ պայքարելու և ինչ-որ բան դրականորեն վերափոխելու, հիմա հանրահավաքներին չի մասնակցում։ Հանրահավաքներին մասնակցում են այն մարդիկ, ովքեր իրենց միայն իշխանության մեջ են տեսնում։ Երբ չկա մղող դրական ուժ, անընդհատ  բացասականով հասարակությունը շարժվել չի կարող։ 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...