2013-12-16 11:13
«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)
Երջանիկ եմ, որ կարողանում եմ
օգտակար լինել մարդկանց
Գործարար, Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանը, իր խոստմանը համաձայն, ևս մեկ բարեկարգ բակ հանձնեց Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի Ա-3 թաղամասի բնակիչներին։ Նոյեմբերի 19-ին իսկական տոն էր համայնքում, բնակիչների կողմից այդքան սպասված բարեկարգ բակը պատրաստ էր շահագործման։ Այն համալրվել էր երեխաների և մեծահասակների առօրյա հանգիստը հետաքրքիր կազմակերպելու համար նախատեսված խաղադաշտով, մանկական խաղամիջոցներով համալրված խաղահրապարակով, տաղավարներով և նստարաններով։
Բակի բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ողջունեց Արթուր Պետրոսյանի նախաձեռնությունը՝ նշելով, որ բարձր է գնահատում մասնավոր հատվածի ներդրումը բակային բարեկարգման գործում և կոչ արեց մասնավոր ընկերություններին, անհատներին Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նման նախաձեռնություններ իրականացնել։
Ա-3 թաղամասի բնակիչները, ծանոթ լինելով Արթուր Պետրոսյանի գործունեությանը, մեծ ոգևորությամբ էին խոսում նրա մասին, շնորհակալություն հայտնում, որ իրենց չի մոռացել և պարբերաբար հանդես է գալիս նման գեղեցիկ նախաձեռնություններով, բարեգործական տարբեր ծրագրերով։
“Շնորհավորում եմ բակի բնակչությանը, ցանկանում եմ առողջ և ուրախ վայելեն իրենց բարեկարգ բակը, մաքուր պահեն այն։ Իմ բարեգործությունները շարունակական են լինելու”,-մեզ հետ զրույցում նշեց Արթուր Պետրոսյանը։
Բակի բացմանը ներկա էին նաև թիվ 179 դպրոցի մանկավարժները, տնօրեն Անուշ Օհանյանը, ով հպարտությամբ էր խոսում իր աշակերտի գործունեության մասին. “Արթուր Պետրոսյանը մեր դպրոցն է ավարտել, և ես այնքան հպարտ եմ, որ նման աշակերտ ունեմ, որովհետև նա ոչ միայն իր հարազատ համայնքի բնակչության, այլ նաև իր դպրոցի կողքին է կանգնած։ Նրա համար հայրենիքը իր դպրոցից և բակից է սկսվում։ Արթուրը ոչ միայն բակային բարեկարգման աշխատանքներով է հայտնի, այլ նաև անապահով ընտանիքներին ուղղված բարեգործական բազում ծրագրերով”։
Իր որդու աշխատանքը տեսնելու և գնահատելու էր եկել Արթուր Պետրոսյանի հայրը՝ Պարույր Պետրոսյանը։ Նա իր խոսքում նշեց, որ հպարտ է և ուրախ ժողովրդի համար նման լավ ժառանգ դաստիարակելու համար, ով փորձում է կիսել նրանց հոգսերը։
Պետք է նշել, որ արդեն երկար տարիներ է, ինչ Արթուր Պետրոսյանը բարեգործական ծրագրեր է իրականացնում իր Մամալթիա-Սեբաստիա համայնքում, հատկապես՝ Ա-3 թաղամասում, որտեղ ծնվել, մեծացել է, կայացել՝ որպես անհատականություն։ Նրա բարեգործությունները բազմաոլորտ են. Արթուր Պետրոսյանն իր սեփական միջոցներով նախաձեռնում է մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ բակերի բարեկարգում, վերելակների, սանդուղքների նորոգում, բարեգործական ծրագրեր՝ ուղղված մշակույթի և կրթության ոլորտները ներկայացնող հաստատություններին, մանկատներին, ծերանոցներին, անհատական օգնություններ՝ համայնքի անապահով ընտանիքներին։
Արթուր Պետրոսյանը չի մոռանում նաև տոն օրերին շնորհավորել համայնքի բնակչությանը, մատուցել հետաքրքիր անակնկալներ, նվերներ։
Մեզ հետ զրույցում խոսելով իր զգացողությունների մասին, որոնք ամեն անգամ ապրում է նման ծրագրեր իրականացնելիս, Արթուր Պետրոսյանը կարևորեց կորպորատիվ պատասխանատվությունը, որը պետք է դրսևորվի յուրաքանչյուր գործարարի կողմից.”Սոցիալական նախաձեռնություններում գործարարների մասնակցությունը նպաստում է կորպորատիվ պատասխանատվության մշակույթի ձևավորմանը Հայաստանում, ինչը ես շատ եմ կարևորում և փորձում եմ սեփական օրինակով նպաստել դրան։ Մյուս կողմից՝ կարծում եմ՝ բարեգործությունը յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է որոշակի տեղ զբաղեցնի։ Անպայման չէ լինել խոշոր գործարար միմյանց օգնելու համար։ Բարեգործությունը կարող է մեծ ծավալներ չունենալ, բայց ոչ պակաս ուրախացել և ժպիտ պարգևել մարդկանց։ Օգտակարության զգացողությունն, անշուշտ, բարիացնում, ազնվացնում, լուսավորում է մարդու հոգին։ Այսօր մեզանում շատ է պակասում սերը միմյանց նկատմամբ, քանի որ մարդիկ սկսել են անտարբեր դառնալ միմյանց հանդեպ։
Զգացողություններս դժվար է նկարագրել, բնականաբար, երջանիկ եմ, որ կարողանում եմ օգտակար լինել մարդկանց և արժանանալ նրանց գովեստի խոսքերին։ Իմ ցանկությունն է էլ ավելի մեծ և ընդգրկուն բարեգործական ծրագրեր իրականացնել։
Ս. Թամազյան
Վերադառնալ