16:06
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սերը դեպի ակնաբուժությունը հայրիկիցս ինձ է փոխանցվել

2014-02-28 11:11

«Դե Ֆակտո» 84 (2013թ.)

Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքը որպես բաժանմունք ձևավորվել է 2010թ. հունվարի 11-ից։ Մինչև այդ, 2006թ.-ից գործում էր պոլիկլնիկայի կազմում որպես ախտորոշիչ-լազերային ենթակառույց։ Բաժանմունքը զինված է վերջին սերնդի ախտորոշիչ և լազերային բուժման սարքավորումներով։ Բաժանմունքը ղեկավարում է Ելենա Ալեքսանդրի Մալայանը։

2006թ.-ից այստեղ կատարվում է կարճատեսության, հեռատեսության և ասիգմատիզմի լազերային շտկում (ՖՌԿ), այժմ արդեն Wave Eye-Q Allegretto Alcon-ի նորագույն սարքով։ 2011թ. հուլիսից Հայաստանում առաջին անգամ  բաժանմունքում արվել է  LASIK  վիրահատություն, որը հնարավորություն է տվել շտկել մինչև 14.0 (ներառյալ) դիոպտրայի կարճատեսություն, 6.0 դիոպտրիայի աստիգմատիզմ և մինչև 7.5 հեռատեսություն։

Արդեն չորս տարի է, ինչ բաժանմունքում կատարվում են եղջերաթաղանթի կոլագենային (cross linking) վիրահատություններ, որոնք ցուցված են կերատոկոնուսի, կերատոգլոբուսի և եզրային թափանցիկ դեգեներացիայի դեպքում։ Այն կատարելապես նոր մեթոդ է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը։ Cross linking միջամտությունը բացարձակ անցավ է, արվում է ամբուլատոր պայմաններում և տևում է 40-80 րոպե։ Բաժանմունքում առկա են հետևյալ սարքավորումերը՝ ավտոռեֆրակտոմետր, եղջերենու տոպոգրաֆ, ավտոմատիկ համակարգչային ֆորոպտր, ակնաբուժական կոմբայն, ուլտրաձայնային բիոմետր, OCT, ԷՌԳ (Էլեկտրոռետինոգրաֆիա), YAG լազեր, դիոդային լազեր, ՏԱՊ (տեսողական առաջացրած պոտենցիալների գրանցոմ)։

Բաժանմունքում աշխատում են 4 բժիշկ, 3 բուժքույր, 1 սանիտար։

Բաժանմունքի վարիչ  Ե.Ա.Մալայանը վերապատրաստվել է՝

1.էքսիմեր-լազերային ֆոտորեֆրակցիոն կերատեկտոմիա (FRK),  2.ցանցաթաղանթի հիվանդությունների լազերային բուժում,

3. էքսիմեր-լազերային կերատոմիլեզ (LASIK) մեթոդով, 

4.կերատոկոնուսի զարգացումը կանխող միջամտություն (cross linking)։

Ներկա պահին Ե.Ա.Մալայանը պատրաստում է ‚Հայաստանի պայմաններում Էքսիմեր-լազերային պերիֆերիկ կերատոտոմիայի ժամանակակից ախտորոշիչ մեթոդներն օպտիմալացնող համալիր» թեմայով թեզի պաշտպանություն։

Ելենա Մալայան, Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ

-Տիկի՛ն Մալայան, նախ շնորհավորում ենք Ձեզ հոբելյանների առթիվ։ Ի՞նչ արժեք և կարևորություն ունի Ձեզ համար Ձեր պապի և հոր ստեղծած կենտրոնը, որտեղ աշխատում եք։

-Կենտրոնի արժեքը  և կարևորությունը  դժվար է նկարագրել, քանի որ այն ինձ համար երկրորդ տուն է դարձել։ Մեծ հպարտությամբ եմ աշխատում այստեղ, քանի որ գիտակցում եմ կենտրոնի կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր հանրապետության համար։ Ամենակարևորն այն է, որ թե՛ պապս, թե՛ հայրս հենց սկզբից ձեռնամուխ են եղել ստեղծելու մի կենտրոն, որը կծառայեր  ողջ հայությանը,  և հորս հաջողվեց պապիս մահից հետո իրականություն դարձնել այդ հեռակա  ծրագիրը։  Պատրաստվեցին մեծ քանակությամբ կադրեր, որոնց շնորհիվ՝ այս կենտրոնը կայացավ և դարձավ համար առաջինը։ Կենտրոնի  զարգացման համար հատկապես նշանակալից էր հայ-ամերիկյան ծրագիրը, որը իրականություն դարձավ Ալեքսանդր Մալայանի և Ռոջեր Հովհաննիսյանի կողմից։ Այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ ծրագիրը կարող է շարունակվել երկար տարիներ և դառնալ կենտրոնի զարգացման հիմնասյուներից մեկը։

Կենտրոնի զարգացման և կայացման այս 35 տարիները լի են եղել բազում դժվարություններով և խոչընդոտներով, որոնք, ի պատիվ հորս  և ամբողջ բուժանձնակազմի, հաղթահարվել են։  Ես եկել եմ այն համոզման, որ ստեղծելը ավելի դյուրին է, քան ստեղծածը պահպանելն ու զարգացնելը։

-Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք կենտրոնում, և ի՞նչ ձեռքբերումներ  են արձանագրվել Ձեր ղեկավարած բաժանմունքում։

-Ես կենտրոնում աշխատում եմ 2001թ. և ղեկավարում եմ Նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքը, որն  ամենաերիտասարդն է կենտրոնում։ Պետք է նշեմ, որ բաժանմունքն ինքնին ձեռքբերում էր կենտրոնի համար, քանի որ այնտեղ տեղադրված են վերջին սերնդի սարքավորումներ, որոնց միջոցով իրականացվում են լազերային վիրահատություններ, կերատոկոնուսի ախտորոշում և բուժում, իսկ արդյունքները գոհացուցիչ են։ Դրա վկայությունն այն է, որ օր օրի ավելանում է մեզ դիմողների թիվը։ Մարդիկ ցանկանում են ապրել առանց ակնոցների կամ կոնտակտային լինզաների և ունենալ լիարժեք տեսողություն, ինչը հնարավոր է իրականություն դարձնել մեր բաժանմունքում։

Ակնաբուժության մեջ մեծ քայլ է կերատոկոնուսի ոչ վիրահատական բուժումը, որը կանխում է հիվանդության զարգացումը և  չեզոքացնում փոխպատվաստման անհրաժեշտությունը։ Ունենք նոր ախտորոշիչ սարք, որը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը զարգացման  վաղ փուլում, երբ հիվանդը նույնիսկ գանգատներ չունի։ Ավելացնեմ, որ կերատոկոնուսը բավականին մեծ տարածում ունի Հայաստանում։

-Տիկնի՛ն Մալայան, հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս որոշեցիք ակնաբույժ դառնալ, հայրի՞կը հուշեց, թե՞ դա ձեր ցանկությունն էր։  

-Ես դպրոցական տարիներից նույնիսկ չեմ տարակուսել բժիշկ դառնալ, թե այլ մասնագետ։ Այսինքն՝ մասնագիտական կողմնորոշումս  և սերս դեպի բժշկությունը խորը արմատներ ուներ իմ մեջ։  Սիրում էի թերթել ակնաբուժական գրականություն, թեև ոչ մի բան չէի հասկանում։ Ծնողներս երբևէ չեն ուղղորդել ինձ և քրոջս ընտրելու այս կամ այն մասնագիտությունը։

-Կհիշե՞ք մի խորհուրդ, որը ստացել եք հայրիկից։

-Երբ նոր էի սկսել աշխատել, նորաթուխ մասնագետին բնորոշ ինքնավստահություն ունեի և հակված չէի խորհուրդներ լսելու, չնայած աչքերս բացել եմ և հորս եմ տեսել ու նրա սերը դեպի ակնաբուժությունը փոխանցվել է ինձ։ Այդ տարիներին մենք մշտապես մասնագիտական վեճեր էինք ունենում, որոնք ինձ և երևի թե իրեն նույնպես օգտակար էին, թեև դրանք շարունակվում են մինչև այսօր։ Կենտրոնում մենք գործընկերներ ենք և երկուսս էլ ձգտում ենք արդյունավետ աշխատանքի, որը առանց քննարկումների՝ հնարավոր չէ իրականացնել։

Այսօր, երբ հետ եմ նայում և հիշում եմ նրա խոսքերը, հասկանում եմ, թե նա որքան հեռատես էր ու ճիշտ։ Երևի թե կյանքը հենց այդպիսին է, մինչև մեկ անգամ չսխալվես, ծնողիդ խորհրդի գինը չես հասկանա։

Նրա ամենահաճախ տրվող խորհուրդը ինձ գիտությամբ զբաղվելն է, որի հարցում ես ծուլանում եմ, թեև գիտակցում եմ, որ նա ճիշտ է։

-Ի՞նչ արժեքներ են փոխանցել Ձեզ Ձեր ծնողները։

-Նրանք իրենց օրինակով են փորձել արժեքներ փոխանցել մեզ, որը, կարծում եմ, ամենաազդեցիկ միջոցն է։ Ես տեսել եմ ներդաշնակ փոխհարաբերություններ ծնողներիս և երեխա-ծնող հարաբերություններում։ Կարծում եմ՝ եթե մեր ընտանիքն այդքան ամուր չլիներ, գուցե հայրիկիս չհաջողվեր ստեղծել նման կենտրոն, քանի որ պապիս մահից հետո հայրս դժվարություններով լեցուն շրջան ապրեց, որն առանց ընտանիքի աջակցության դժվար կլիներ հաղթահարել։

-Մի քանի բառով ինչպե՞ս կբնորոշեք Ալեքսանդր Մալայանին։  

-Ինձ նրա մեջ ամենազարմացնող և հիացնող հատկանիշը նրա աննկարագրելի համբերատարությունն է, որը հաստատ ինձ չի  փոխանցվել (ծիծաղում է)։ Ես նման համբերատար և զուսպ մարդ չեմ տեսել։ Նա խելացի, աշխատասեր, չափազանց զգայուն անձնավորություն է, հատկապես պապիկ դառնալուց հետո։

Շատ կուզենայի իր նման խելացի լինել կյանքի տարբեր իրավիճակներում, նրա նման մի քանի քայլ առաջ տեսնել։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...