2014-03-04 11:33
“Մեր երկրի անդորրը պահպանողը սպան է, շարքային զինծառայողը, իմ ընտանիքը, ես... Մեր ժողովրդի խաղաղության և անվտանգության հույսը զինծառայողն է”
Վարդանյան Վահե Վլադիմիրի
Վահե Վարդանյան ծնվել է 1994թ. Հունվարի 05-ին: Ծառայում է արդեն 19 ամիս, սովորում է Երևանի ճարտարագիտական համալսարանում, այժմ ձևակերպել է տարկետման իրավունք։
-Նախքան ծառայությունը` շատ երիտասարդներ տարբեր մտավախություններ են ունենում բանակում ծառայելու վերաբերյալ, երբեմն նույնիսկ խուսափում են ծառայությունից։ Քեզ մոտ նման բան կա՞ր։
-Սկզբնական շրջանում ծառայության մասին տարբեր կարծիքներ էին հնչում, բայց եկա ծառայության և զգացի, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։ Ծառայության ընթացքում մտերմացա Եղեգնաձորի Ազատեք գյուղի բնակիչ Մամիկոն Երեմյանի հետ, քանի որ պարապմունքների ժամանակ ինձ շատ էր աջակցում, իսկ դա բանակում ամենակարևոր բաներից է։ Տղամարդու համար ծառայությունը շատ կարևոր է՝ լավ, թե վատ, պետք է ինքնուրույն պատասխան տա ամեն ինչի համար։
-Ի՞նչ է քեզ համար հայրենասիրությունը։
-Հայրենասիրությունն ինձ համար մեծ արժեք է և ես ինձ համարում եմ մեր նախնիների սխրագործությունների շարունակողը և նոր պատմության կերտողը։ Մեր երկրի անդորրը պահպանողը սպան է, շարքային զինծառայողը, իմ ընտանիքը, ես... Մեր ժողովրդի խաղաղության և անվտանգության հույսը զինծառայողն է։ Երբ չես ծառայել այդ ամենը մի տեսակ արհեստական է հնչում, լիարժեք իմաստը չես հասկանում։ Ես մեծ պատվով եմ կրում կրծքիս այս կրծքանշանները՝ “Քաջարի մարտիկ”, “Բանակի գերազանցիկ”, “Լավագույն զինվոր-մարզիկ”։
-Իսկ մրցանակներդ քեզ համար ի՞նչ նշանակություն ունեն։
-”Քաջարի մարտիկը” ստացա 10 կմ երթարշավի ժամանակ փայլուն հաղթանակի համար, որն ինձ շատ է ոգևորում, քանի որ գնահատվեց իմ ներդրումը և արդյունքը ակնհայտ է։ Դա մեկ անգամ չի եղել, ես սիրում եմ մարզվել։ Իսկ “Հայոց բանակի գերազանցիկ” կրծքանշանը ստացա սպաների կողմից ուսուցանած և իմ կողմից պատասխանած պարտականությունների համար։ Ֆիզիկապես ուժեղ եմ, քիք-բոքսինգով եմ զբաղվում, մասնակցել եմ համաքաղաքային մրցումների և զբաղեցրել եմ 1-ին և 2-րդ տեղերը։ Իսկ ծառայության ժամանակ ակտիվ մասնակցություն եմ ցուցաբերում և ցանկանում եմ բարձր դիրքեր գրավել։
-Ինչպիսի՞ն են զորամասում զինծառայողների միջև փոխհարաբերությունները։
-Ծառայության մեջ ես ինձ շատ լավ եմ զգում, մեր զորամասում զինվորները շատ համախմբված են, ընկերական համախմբվածությունն ինձ ոգեշնչում է և մեծ հույսեր ունեմ, որ ծառայությունից հետո էլ կշարունակվի։ Անգամ ցանկություն ունեմ ծառայությունն ավարտելուց հետո ընկերություն անել սպաների հետ, որոնցից մի քանիսը մեծ տպավորություն են թողել ինձ վրա որպես օրինակելի կերպարներ։ Ծառայության մեջ ամենավատ իրավիճակը դա խուճապն է, ամենակարևորը՝ իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշումը։
-Իսկ պատերազմի վտանգը քեզ չի վախեցնո՞ւմ։
-Եթե անհրաժեշտություն լինի, ապա ամեն գնով պատրաստ եմ համալրելու մեր զինակիցների շարքերը և պաշտպանելու բոլորիս հայրենիքը։ Իսկ նորակոչիկներին մաղթում եմ համբերություն, ուժ և ամենակարևորը, որ ամեն քայլից առաջ մտածեն, թե ինչ են անում, որպեսզի չվնասեն արյան գնով ձեռք բերված մեր պետականությունը։
-Ի՞նչ ես պատրաստվում անել զորացրվելուց հետո։
-Ունեմ սիրած աղջիկ, ում շատ եմ սիրում և ծառայությունից հետո պատրաստվում եմ ամուսնանալ։ Ուզում եմ, որ առաջնեկս տղա լինի, որ մի զինվոր էլ ես տամ հաղթանակած հայոց բանակին։ Տղայիս անունն էլ ուզում եմ հորս անունով կոչել, քանի որ հորս դաստիարակության արդյունքում եմ ես հիմա կայանում։ Մեր թշնամին առաջինը մեր ներսում է, մեր անձին և ազգային ցանկություններին հակառակ գնացողը, որը նաև արտահայտվում է կյանքում, իսկ ակնհայտ՝ իհարկե խուժան թուրքը։ Մեր ազգն իր արժանապատվությունը պահող, կռվող, իր սրբությունների արժեքը իմացող ազգ է։ Ավելացնեմ, որ 451 թվականի Ավարայրի ճակատամարտում հաղթանակած դուրս եկանք, չձուլվեցինք, մնացինք հայ քրիստոնյա։ Ես շատ եմ սիրում իմ ազգը և խոնարհվում եմ իմ հավատքի առջև։ Ես դիպուկահար եմ, շատ եմ սիրում իմ զենքը, միայն զենքով է ազգիս փրկությունը։ Սիրում եմ շախմատ, ֆուտբոլ, ընթերցասեր եմ։ Բուհ ընդունվելիս հանձնեցի մաթեմատիկա և ֆիզիկա։ Ճիշտն ասած` չէի պատկերացնում, որ բանակում նույնպես հանդիպելու եմ այս առարկաներին, որոնց կիրառումը տեսա հաշվարկների մեջ։ Հասկացա, որ ավելի լավ պետք է սովորեմ ավելի ճշգրիտ հաշվարկներ անելու նպատակով, քանի որ դիպուկահարի համար շատ կարևոր է գնահատել հեռավորությունը, քամու արագությունը և կրակի կառավարումը։
Մաղթում եմ, որ բոլոր զինվորները տուն վերադառնան իսկ բանակը միշտ հաղթական լինի։
Վերադառնալ