





2014-04-14 11:11
«Դե Ֆակտո» N 94 (2014թ.)
Vivaro betting-ի գլխավոր տնօրեն
Հարություն Համբարձումյան
Արդեն 10 տարի է՝ Հայաստանում սպորտ բեթթինգի ոլորտում հաստատուն քայլերով առաջ է շարժվում Vivaro-ն։ Ինչի՞ց ամեն բան սկսվեց, զարգացման ո՞ր փուլում է գտնվում բուքմեյքերական մշակույթը Հայաստանում, ո՞րն է խաղամոլության սահմանը ու ինչպիսին է վերահսկման մեխանիզմը, որո՞նք են հիմնական մոլորությունները՝ բուքմեյքերական բիզնեսին վերաբերող… Հարցերը բազմաթիվ են… Պատասխանելու հերթը պրոֆեսիոնալինն է։ Sport.am-ի զրուցակիցը Vivaro betting-ի գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանն է։
-Պարո’ն Համբարձումյան, ինչպե՞ս ստեղծվեց Vivaro-ն, ինչի՞ց ամեն բան սկսվեց։
-Ամեն ինչ սկսվեց 2004 թ-ի հունվարի 22-ին Բաղրամյան 1 հասցեում բացված մեր սրահից, որը ոչ միայն խաղադրույքներ կատարելու համար էր նախատեսված, այլև՝ որոշակիորեն զվարճանքի կենտրոն էր։
Սկզբում շատ դժվար էր, քանի որ համապատասխան ծրագրային ապահովում չունեինք, այդ բիզնեսը մեզ համար բացարձակ նոր էր։ Անգամ վտանգ կար, որ դեռ չսկսված՝ամեն բան կավարտվի։
Vivaro-ն այն ժամանակ եկամուտ չէր բերում ու փակվելու եզրին էր, սակայն մենք համառորեն շարունակում էինք աշխատել, ինչն իր արդյունքը տվեց։ 2006թ-ին, բացվեց մեր կայքը, որը նորություն էր Հայաստանի համար, իսկ 2008թ-ին վերջապես ունեցանք մեր ծրագրային ապահովումները։ Այն ժամանակ ինտերնետն անգամ նորմալ զարգացած չէր Հայաստանում, մարդիկ հիմնականում ինտերնետ-ակումբներում էին օգտվում ինտերնետից, բայց մենք կայք բացեցինք՝ տալով մեր հաճախորդնեին վիրտուալ խաղադրույքներ կատարելու հնարավորություն։
-Ինտերնետային դարաշրջանն էապես նո՞ր քայլ էր։
-Այո, այդ ժամանակ ողջ այս տարածաշրջանում 1-2 կայք կար, որոնք նույնպես շատ քիչ ռեսուրսներ ունեին։ Սկզբնական փուլում, բնականաբար, կրկին բարդ էր՝ շատ սխալներ էին լինում, նման խաղադրույքներ ընդունելու վտանգը մեծ էր, բայց գործեցինք և զարգացանք։
- Նշեցիք, որ գործունեության սկզբում մենակ էիք։ Այսօր արդեն ինչպիսի՞նն է մրցակցային դաշտը։
- Իմ խորին համոզմամբ բիզնեսում պետք է հեռու ու զերծ մնալ մոնոպոլիաներից։ Բարեբախտաբար խաղային բնագավառում մրցակցությունը բավական բուռն է ու միմիայն խթանում է մեր աշխատանքին։ Այժմ ևս 3 մրցակից ֆիրմա ունենք, ինչն ինքստինքյան դրական երևույթ է, քանի որ մրցակցությունը շատ հարցերում նպաստում է բիզնեսի զարգացմանը։
-Պարո’ն Համբարձումյան, այս տարիների ընթացքում, բուքմեյքերական մշակույթը Հայաստանում որոշակի զարգացում ապրե՞լ է ու, առհասարակ, զարգացման ո՞ր փուլում է։
-Ժամանակին միայն բուքմեյքերական կետերում էին խաղում։ Այժմ հնարավորությունները լայնացել են. մարդիկ խաղադրույքներ են կատարում ինտերնետի միջոցով։ Բուքմեյքերական կետերը ոչ միայն խաղադրույքներ կատարելու նպատակին են ծառայում, այլև՝ զվարճանքի, ժամանցի, քննարկումների։
Անցած տարի հեղափոխական քայլ արեցինք, որը իրագործման սկզբում շատերին աննորմալ էր թվում։ Սարյան փողոցի վրա գտնվող մեր սրահը մենք ամբողջովին թափանցիկ դարձրեցինք՝ ազատելով այն դրսից պատուհանները քողարկող պաստառներից։ Ժամանակին մարդիկ ամաչում էին խաղադրույք կատարելուց, սակայն մենք այդ որոշմանը եկանք, որպեսզի դրսից էլ երևա՝ ներսում մարզական խաղեր են միացված, ոչ մի վատ բան չի կատարվում, պարզապես ժամանց է, զվարճանքի ձև։ Սկզբում, իհարկե, դժվար էր, մարդիկ չէին գալիս, խուսափում էին։ Այժմ մարդիկ արդեն անկաշկանդ այցելում են։ Ավելին՝ մենք այժմ 3 նման կետ ունենք 2-ը Երևանում ու 1-ը՝ Ծաղկաձորում։
-Քանի որ ինքներդ շատ եք շփվում խաղացողների հետ, կարո՞ղ եք ձևակերպել՝ ո՞րն է խաղամոլության սահմանը ու արդյո՞ք այդ սահմանին գտնվող անձանց ձեր գրասենյակի կողմից վերահսկելու ինչ-որ մեխանիզմ գոյություն ունի։
-Մենք մեր կայքում մտադիր ենք լիմիտավորում մտցնել, որը յուրաքանչյուր խաղացող կսահմանի իր օրվա կամ ամսվա պարտության համար։ Արդյունքում, այդ սահմանված շեմին մոտենալով, օգտատերը պարզապես չի կարողանա նոր խաղադրույք կատարել։
Վերահսկման այլ մեթոդ դեռ չունենք։ Փորձում ենք նաև մարդկային գործոնը չանտեսել, մարդկայնորեն խոսում ենք, փորձում հետ պահել։
Այս ընթացքում ես մեր խաղացողներից 3 հոգու ընդունել եմ աշխատանքի՝ դրանով իսկ նրանց զերծ պահելով որոշակի խորացումներից։ Ճիշտ է, դա բավական մեծ ռիսկ է պարունակում, որովհետև փորձը ցույց է տալի, որ այդ տիպի խաղացողները այս ոլորտում աշխատելով կարող են խնդիր ունենալ, բայց նրանք այժմ մեր առաջատար մասնագետներից են, ինչի համար ես միայն ուրախ եմ։
Բացի այդ, մեր կայքում տեղադրված են հատուկ աշխատություններ խաղամոլության հետ կապված։ Ու յուրաքանչյուր գրանցվող անպայման պիտի նշի, որ դա կարդացել է։ Ցավոք, չգիտեմ՝ իսկապես գրանցվողների քանի տոկոսն է կարդում ու ծանոթանում, նոր սեղմում համապատասխան կոճակը, սակայն բուն երևույթն անհրաժեշտ եմ համարում։ Այդ աշխատություններում գրված է, թե ինչպես մարդիկ խուսափեն խաղամոլ դառնալուց։ Ես՝ որպես կազմակերպության տնօրեն, մշտապես շփվում եմ հաճախորդների հետ ու փորձում եմ խոսել-շտկել այն, ինչ նկատում եմ։ Թեև պիտի ասեմ, որ համաշխարհային վիճակագրությունը պնդում է՝ խաղամոլները խաղացողների միայն 1%-ն են կազմում, ինչը շատ քիչ է։ Իսկ մյուսները խաղում են հաճույքի համար։ Ու թերևս դա է մեր գովազադային արշավների ընթացքում կիրառվող լոզունգի (“Խաղացեք հաճույքի համար”) հիմնաղբյուրը։ Մենք այդպես ենք պատկերացնում մեր գործունեության նպատակն ու էությունը։
Սպորտ բեթթինգը կազինո չէ՝ տոտալիզատոր է, որտեղ ամեն բան թափանցիկ է, մարդիկ գիտեն՝ ինչի վրա են խաղադրույք կատարում՝ ելնելով իրենց նախասիրություններից ու գիտելիքներից։ Տոտալիզատորն էապես տարբեր է կազինոյից. այն ավելի քաղաքակիրթ է, ինտելեկտուալ, ավելի հետաքրքիր է մարդկանց համար, տոտալիզատորի գաղափարախոսությունն այլ է։
Նույնն էլ մեր VivaroPoker-ում է։ Մարդիկ միմյանց հետ են խաղում, իսկ մենք հանդես ենք գալիս բացառապես կազմակերպչի դերում. ստեղծում ենք համապատասխան միջավայրն ու հաղթող կողմից վերցնում մեզ հասանելիք տոկոսները՝ այսպես կոչված ռեյքերը։
-Արդյո՞ք նույնը վերաբերում է նարդիին ու նման այլ խաղերին։
-Այո՛, բոլոր նմանատիպ խաղերում մենք պարզապես կազմակերպիչ կողմ ենք, համապատասխան հարթակ։
-Վերևում խոսեցիք կազինոյից տարբեր գաղափարախոսության մասին։ Մի քանի բառով ինչպե՞ս կձևակերպեք Ձեր գաղափարախոսությունը։
-Տարիների փորձն ինձ բերել է այն խորին համոզման, որ մարդիկ երբեք գումարի համար չեն խաղում, այլ՝ ինքնահաստատման։
-Կործանիչ ճանապարհ չէ՞ խաղի միջոցով ինքնահաստատվել։
-Չէի ասի։ Մարդ կարող է անգամ սիրահարվել ինքնահաստատման համար ու կործանվել… Հաջողակ լինելու ձգտումն է մարդուն դրդում՝ խաղադրույք կատարել … Ու այն մարդիկ, ում կյանքն այլ կերպ չի ժպտացել, փորձում են ինքնահաստատվել խաղադրույքներ կատարելու միջոցով։
-Պարո’ն Համբարձումյան, այդ դեպքում՝ ելնելով նաև տարիների ձեր փորձից, կարո՞ղ եք ասել՝ ո՞վ է ձեր միջին վիճակագրական խաղացողը։
-Միջին վիճակագրական խաղացողները 30-45 տարեկան են, կանայք բավական քիչ են, թեև կան։ Հիմնականում մարզասերներն են, ովքեր հետևում են խաղերին, ունեն իրենց կարծիքը և գիտելիքներ։
-Իսկ ըստ կատարվող խաղադրույքի կարելի՞ է արդյոք ենթադրել, թե ինչ տիպի մարդու հետ գործ ունես։
-Իհարկե, հնարավոր է հասկանալ ըստ խաղադրույքի՝ որքանո՞վ է մարդը տաքարյուն, որքանով՝ զգույշ և այլն։
-Պարո’ն Համբարձումյան, մարզերում ու Երևանում կատարվող խաղադրույքների, ընտրված մարզաձևերի տարբերություններ կա՞ն։
-Շատ հետաքրքիր է, որ Գյումրին ու Վանաձորը մշտապես աչքի են ընկել իրենց խաղացողների խելացիությամբ։ Նրանք շատ դիպուկ են իրենց կանխատեսումներում։ Ի դեպ, մեր խաղադրույքների շարքում § Что? Где? Когда?¦ խաղն էլ ենք միշտ ընդգրկում և Վանաձորից միշտ գուշակումները շատ են։
Սակայն, ցավոք, պիտի նշեմ, որ մեր մարզերն այնքան էլ ակտիվ չեն։
-Հայաստանում առավելապես ո՞ր մարզաձևերի վրա են խաղադրույքներ կատարվում։
-Միշտ ֆավորիտը ֆուտբոլն է եղել, ապա՝ թենիսը, քանի որ այն դինամիկ, վիզուալ շատ հաճելի խաղ է, երրորդը բասկետբոլն ու վոլեյբոլն են, հետո՝ հոկկեյը։ Այս տարիների ընթացքում շատ նոր խաղեր ենք բերել Հայաստան՝ ճանաչում ապահովել։ Խոսքը սնուկերի, ջրային գնդակի, սեղանի թենիսի մասին է, բացի խաղադրույքներից կայքում կան տեսահեռարձակումներ, որը բավականին թանկ ծառայություն է, սակայն մեր այցելուների համար ապահովում ենք, որպեսզի նրանք հետևեն այն ամենին, ինչի վրա խաղադրույք են կատարում։
-Արդարացնո՞մ է այդ ամենը։
-Իմիջային առումով է արդարացնում։ Մեր հաճախորդները, կարծում եմ, գնահատում են մեր վերաբերմունքն ու ջանքերը։
-Դուք ինքներդ ինչ-որ մարզաձև բացահայտե՞լ եք՝ Vivaro-ում աշխատանքի ընթացքում։
-Մեծ թենիսը… Ինձ համար դա ամենաինտելեկտուալ մարզական խաղերից մեկն է, որը, թերևս, աշխատանքի արդյունքում եմ բացահայտել։ Մասնագիտությամբ ինքս երաժիշտ եմ։
-Պարո’ն Համբարձումյան, որքանո՞վ է Ձեզ մոտ արտացոլվում հայկական սպորտը։
-Նորից ստիպված եմ ասել, որ տարիներ առաջ առաջինն էինք, որ խաղադրույքներ ընդունեցինք ֆուտբոլի Հայաստանի առաջնության վրա։ Շատ բարդ էր, քանի որ մենք ինքներս էինք փորձում գործակիցներ ստեղծել, տրամաբանությունը հասկանալ։
-Իսկ կայքը գործարկելուց հետո արտասահմանցի այցելուների հոսք կա՞, ու եթե այո՝ ի՞նչ տիպի իրադարձություններն են նրանց հետաքրքրում։
-Առանձնակի հետազոտություններ չենք կատարել։ Հիմնականում խաղացողները խաղում են հանգստյան օրերին։ Դա վերաբերում է սիրողական խաղացողներին, իսկ պրոֆեսիոնալների տրամաբանությունն այլ է. նրանք ուսումնասիրում են վիճակագրությունը։
-”Պլյուսային” խաղացողները շա՞տ են։
-Կան մարդիկ ովքեր ամիսներ շարունակ կարող են հաղթել, բայց այդ մարդիկ չեն սիրում այդ մասին խոսել։ Սովորաբար միայն պարտվողներն են բարձրաձայնում պարտությունը։ Ու թերևս այդ պատճառով մարդկանց մոտ միայն վատն է տպավորվում։
-Զրույցի սկզբում ասացիք, որ գործունեության մեկնարկում փակման վտանգ կար ինչ-ինչ պատճառներով։ Իսկ այսօր արդյո՞ք այդ “պլյուսային” խաղացողներն այնքան շատ չեն, որ Ձեզ սնանկության հասցնեն։
-Ռիսկերը մարզական բիզնեսում միշտ էլ կան։ Օրինակ, մեծ, գլոբալ առաջնությունների ընթացքում ռիսկերը մեծ են. տրամաբանությունը դրանցում հստակ է, ելքերը՝ կանխագուշակելի։ Ու համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մրցաշարերի ժամանակ շատ բուքմեյքերական ընկերություններ փակվում են, սնանկանում։
-Որքանով հասցրել եմ ուսումնասիրել, տարածված ավանդույթ է բուքմեյքերական գրասենյակների կողմից հովանավորել մարզական թիմերի, մարզիկների։
Ձեր պարագայում մեր ընթերցողները տեղյակ են մոտոարշավորդ Հրանտ Սարգիսովի մասին։ Նրանից բացի որևէ այլ համագործակցություն ունե՞ք։
-Այս պահին անձնավորված միայն Հրանտ Սարգիսովն է։
Իսկ առհասարակ հովանավորել ենք խեցգետնաֆեստը, DJ ֆեստիվալը, “Կենտ զույգ” ներկայացմանը։
-2014թ-ի վերաբերյալ այդ թեմայով որևէ ծրագրեր կամ ցանկություն կա՞։
-Ցանկություն միշտ էլ կա։
Խաղային բիզնեսի բնագավառում լինելով՝ անհրաժեշտ է հնարավորինս աջակցել սպորտին։
-Հասարակության կողմից բուքմեյքերական գրասենյակների հանդեպ վերաբերմունքը ավանդապես բացասական երանգավորում ունի։ Դուք սովորաբար ի՞նչ շեշտադրումներ եք լսում ու որո՞նք են մեր ավանդական հասարակարգում արմատավորված հիմնական մոլորությունները, թյուրընկալումներն այդ թեմայով։
-Դրանք շատ են, սակայն ես կրկին ուզում եմ շեշտել, որ խաղացողների շրջանում ընդամենը 1 %-ն են կազմում խաղամոլները, պարզապես դա շատ սուր է ընկալվում։ Ամեն դեպքում, մենք ագրեսիվ չենք պրոպագանդում խաղալը, մեր պրոպագանդան հաճույքն է։ Եթե անգամ մենք էլ չլինեինք, մարդիկ միևնույն է խաղալու էին արտասահմանյան գրասենյակներում։
-Ասել է թե՝ հիմնական մոլորությունը բուքմեյքերական բիզնեսը բացառապես խաղամոլության հետ կապե՞լն է։
-Հասարակությունն իմաստուն է, չի կարող գլոբալ սխալվել, սակայն մենք մեր քայլերով, մեր բաց քաղաքականությամբ փորձում ենք նաև ցույց տալ, որ խնդիրները հիմնականում մարդկանց մեջ են։
Մեզ համար շատ կարևոր է մեր խաղացողների կարգավիճակը ու մենք ամեն բան անում ենք՝ նրանց համար լավագույն պայմանները ստեղծելու համար, որպեսզի նրանք պարզապես հաճելի ժամանակ անցկացնեն։ Դա մեր աշխատանքի փիլիսոփայությունն է։
Հարցազրույցը՝ Գայանե Նազարյանի
Վերադառնալ