15:16
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սուսաննա Մկրտչյան

2014-04-28 10:44

                                                                                                                                             «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)


Երբ պարտված ես քեզ զգում, թևերդ օդում կոտրվում են, կախվում, իսկ ես սիրում եմ ինքնուրույն գտնել հաղթության իմ ճանապարհը։

Կյանքը կարճատև է, իսկ արվեստը՝ հավերժական... Ծնունդով գյումրեցի նկարչուհի, մշակույթի  վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, “Սուրբ Վազգեն առաջին” մեդալակիր,  “Լավագույն կին ստեղծագործող հայուհի 2013”-ի և  Գյումրու “Տարվա մարդ” մրցանակակիր Սուսաննա Մկրտչյանի ստեղծագործությունները հայ մշակույթի ու արվեստի մնայուն ու բարձրագույն արժեքներից են։ Նկարչուհին, ով ստեղծագործում է արդեն երկար տարիներ, կարող է ոգեշնչվել անգամ մի հայացքից, բառից կամ  լույսի ճառագայթից։

Ներկայացնում ենք “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը տիկին Մկրտչյանի հետ։

- Տիկին Մկրտչյան, խնդրում եմ պատմեք Ձեր գործունեության մասին։

-Արդեն երկար տարիներ է՝ ստեղծագործում եմ։ Ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան, որից հետո անմիջապես աշխատանքի նշանակվել Գյումրու մանկավարժական ինստիտուտում  որպես կերպարվեստի դասախոս, իսկ դրան  զուգահեռ դասավանդել եմ նաև նկարչական դպրոցում։ 1978թ. հիմնադրեցի գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը, որն էլ  տնօրինում եմ արդեն 36 տարի։ Ի դեպ, երկրաշարժից հետո այն  մեր քաղաքի առաջին մանկական հիմնարկությունն էր, որը սկսեց աշխատել։ 34 տարուց ավել է՝ դասավանդում եմ տարբեր ԲՈՒՀ-երում, ունեցել եմ 27 անհատական ցուցահանդեսներ,  հանդիսանում եմ նկարիչների միության և ժուռնալիստների միության անդամ։

-Ո՞րն է Ձեր ստեղծագործությունների թեմատիկան և ներշնչանքի աղբյուրը։

- Արարման պրոցեսը ստեղծագործողի մեջ պիտի հասունանա, ներշնչանքը կա ու կա ու մեկ էլ տեսար՝ անհետանում է, չես հասցնում բռնես, քոնը դարձնել։  Բանաստեղծության չգրված տողի պես գիշերվա խորհածդ կարող է այլ կերպավորում ստանալ, միշտ հետաքրքիր է՝ գիտեմ, որ ինչ-որ բան պիտի անեմ, բայց դա որոշակի չէ, ավելի լիքն է ու տարողունակ։ Ստեղծագործական պրոցեսն իմ մեջ մշտապես է իբրև քայլքի ռիթմ, ներքին պահանջվածություն, որ թելադրում է հասունացած պտուղը քաղել ժամանակին։ Արվեստագետը կյանքի զգայաչափ լինելով՝ ստվերի մեջ անգամ լույս պիտի փնտրի, սևից սպիտակը դուրս բերելն է հետաքրքիր։

Ինչ- որ  արարում ես, արարման պահին է քոնը, դրանից հետո  աստվածային զգացողությունը փոխանցվում է մյուսներին և դա թող լույս լինի, կյանքում եթե կա դառնություն, արվեստով կարելի է դրա դիմացն առնել։ Աչքերիս լույսը, մատներիս ուժը, մտքիս խոյանքը և այն, ինչ հանձնում եմ կտավին, մեկընդմիշտ մնալու է մարդկանց և դա թող լույս լինի։ Ամենաաստվածայինը ստեղծագործելու պահն է, և լույսը, որ մնալու է քեզանից հետո և հիշեցնելու արվեստում քո ներկայությունը և ոչ թե քո հետքը։ Միգուցե արվեստագետի միամտությունն է կարծել, թե ավելացնում է  կյանքի լույսն ու բարին իր ստեղծած աշխարհի գեղեցկությամբ։ Ով մտածում է, թե ինքն ամեն ինչ արել է, կորած է։ Ցանկանում եմ աշխարհի հանդեպ պահել զարմանքս և իմ ստեղծած աշխարհով անընդհատ զարմացնել։

Ստեղծագործությունս բազմաոճ է, այլընտրանքային։ Միաժամանակ կարող եմ տարբեր ուղղություններով աշխատել՝ գեղանկարչություն, գրաֆիկա, նկարում եմ մետաքսի վրա և վերջերս իմ նոր հնարքով այն թղթերից, որոնք այժմ պետք չեն, ստեղծում եմ կոլաժներ։

Նախընտրում եմ նատյուրմորտը։ Ըստ իս, այն մեզ շրջապատող աշխարհն է, իրերը, որոնք դառնում են մեր կյանքի ամենօրյա ընկերները, ավելի հաճախ՝ մեր տան իմաստակիր ոգին։  Կան իրեր, որոնք քեզ հետ ապրում են ու ծերանում, և իրեր էլ կան, որոնք ավելացմում են անմոռաց հուշեր։ Ոչ թե նյութը պաշտել, այլ իրերի ոգին, գտնել ճիշտ  ու խոսուն իրը։

Զգացումներս ավելի հաճախ արտահայտում եմ նկարաշարերով, այդ կերպ փորձում եմ ամբողջական դարձնել գեղագիտական հայեցակարգս։ Վերջին շրջանում ստեղծած ծաղիկների շարքն անվանել եմ “Ծաղիկներս հեռուներին”՝ նվիրելով նրանց, ում չեմ կարող նվիրել տարածությամբ ու ժամանակով հեռու։

Թղթե արձանների շարքս խիստ աշխատատար է, մի մասը կոչվում է “Գյումրի իմ սեր”. գունավոր գրաֆիկական աշխատանքների շարքը  ընդգրկում է Ալեքսանդրապոլն  իր նիստուկացով, տարազով, կենցաղային միջավայրով։ Հատկապես երկրաշարժից հետո թվում էր, թե աշխարհը մեզ ճանաչում է խեղճացած ու կորամեջք։ Աշխատանքներիս միջոցով կամեցել եմ ցույց տալ, թե ով է գյումրեցին, որտեղից է գալիս, ինչ քաղաքային մշակույթ  է ունեցել՝ կրելով եվրոպական ու ռուսական մշակույթների ազդեցությունը։

Տարազները վերարտադրել եմ քարտեզային ճշգրտությամբ՝ օգտվելով հին լուսանկարներից։

Արվեստանոցս բնակեցված է ավանդական գյումրեցիների կերպարներով, որոնց հանդեպ ես ունեմ յուրահատուկ վերաբերմունք։

“Թղթե արձանների հեքիաթ” շարքը իմ կյանքի հեքիաթն է՝ պայմանական դերերով ու հանդիսանքով։ Ունեմ բարի թագավոր և զգոն թագուհի,  նրանց շքափայլի կողքին նաև սովորական հերոսներ, որոնց մեջ, սակայն, հայտնաբերել եմ նաև բացառիկը, հեքիաթով երկարացրել եմ մանկությունը, իմ կյանքի հրաշքը, սա է իմ խնդիրը։ Արվեստագետն իր հորինումներում միշտ ընկնում է չիրականացրածի հետևից, ինչպիսի տարազ էլ հագնեն իմ կերպարները,  մնում են մարդ և շարունակում են ապրել հոգու օրենքներով։

Պարտություն երբեք չեմ ընդունում, երբ պարտված ես քեզ զգում, թևերդ օդում կոտրվում են, կախվում, իսկ ես սիրում եմ ինքնուրույն գտնել հաղթության իմ ճանապարհը։      

-Տեղյակ եմ, որ անդամակցում եք Հայ կանանց միջազգային միությանը։ Կպատմե՞ք այդ մասին։

-Ես Հայ կանանց միջազգային միության (AIWA)-ի առաջին անդամներից եմ, իսկ կազմակերպությանն անդամակցել եմ լիբանանահայ բարերար Ռիտա Բալյանի միջնորդությամբ, ում ճանաչում եմ երկար տարիներ։ Բացի այդ, AIWA-ին անդամակցությունս պայմանավորված էր  ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գործոնով, որովհետև իր հետ շատ հաճելի է համագործակցելը։

AIWA-ում հանդիսանում եմ  մշակույթի ոլորտի հանձնաժողովի անդամ։  Յուրաքանչյուր կոնֆերանսին հանդես եմ գալիս ելույթով, կազմակերպում եմ անհատական ցուցահանդեսներ։  AIWA–ում հավաքվում են տարբեր բնագավառի կանայք, ովքեր փոխանակվում են նոր մտքերով,  գաղափարներով, իսկ ամենակարևորը՝ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող սփյուռքահայ կանանց հետ ստեղծվում են սերտ կապեր։

-Որքանո՞վ եք կարևորում Հայ կանանց միջազգային միության գոյությունը։

-Բնականաբար, AIWA-ի գործունեությունն անչափ կարևոր է Սփյուռքի հետ կապ պահպանելու և զարգացնելու առումով։ Ինքս ակտիվ մասնակցում եմ մշակութային միջոցառումների, նոր շփումներ ու ծանոթություններ հաստատում սփյուռքահայ կանանց հետ, նրանց հետ իրականացնում նոր ծրագրեր։

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Ամուսինս հայտնի շինարար է, ունեմ երկու զավակ՝ որդիս, ով մասնագիտությամբ լեզվաբան է, բնակվում է Երևանում, դուստրս ընտանիքի հետ բնակվում է Ավստրիայում, նա  մասնագիտությամբ հոգեբան է, ունեմ երեք թոռնիկ։

-Ինչի՞ մասին եք երազում։

-Երազանքներ շատ ունեմ։ Երազում եմ, որ բոլոր երեխաները լավ կրթություն ստանան։ Ըստ իս, գեղագիտական կրթությունը նորմալ մարդ ձևավորվելու առաջին նախապայմաններից է, քանզի երբ մարդ գեղագիտորեն չի կրթվում, նա հոգի չի ունենում։  Շատ կցանկանայի, որ մեր պետությունը աշխատելու հնարավորություններ տար, քանզի ես այժմ աշխատում եմ շատ սուղ պայմաններում։

-Ի՞նչ կմաղթեք բոլոր հայ կանանց։

-Ես եղել եմ աշխարհի տարբեր երկրներում և կարող եմ ասել, որ հայ կանայք եզակի են իրենց համբերատարությամբ, դիմացկունությամբ։ Բոլորին մաղթում եմ ունենալ ամուր ընտանիք և հայրենասեր զավակներ։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...