11:02
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Օլիմպիական խաղերում մեր մեդալների քանակն ու գույնը ապացուցեցին կատարված հսկայական աշխատանքը

2016-09-27 10:35

 «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր,
Ըմբշամարտի ֆեդերացիայի
գլխավոր քարտուղար,
«Սեւան» ՄՀԿ-ի նախագահ

-Պարո՛ն Առաքելյան, Դուք «Սևան» մարզական հասարակական կազմակերպության նախագահն եք, կպատմե՞ք կազմակերպության գործունեության մասին:

-«Սևան» մարզական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1951 թվականին ՀՀ նախարարների խորհրդի որոշմամբ: Կազմակերպության նպատակն է եղել աջակցել մարզիկների վարպետության բարձրացմանը, նպաստել մասսայական ֆիզկուլտուրայի, սպորտի զարգացմանը: Կամավոր մարզական ընկերությունում ընդգրկված են եղել շրջանների, խոշոր կառույցների, ժողտնտեսության տարբեր ճյուղերի, ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրային կոլեկտիվները:
2010թ. ընտրվել եմ «Սևան» մարզական ՀԿ հանրապետական խորհրդի նախագահ և հպարտությամբ կարող եմ նշել, որ «Սևան»-ն այսօր հայկական սպորտի դարբնոցներից մեկն է, որն ունի 11 մարզային բաժանմունք, որտեղ 10 մարզաձևերով՝ ըմբշամարտ, ծանրամարտ, աթլետիկա, բռնցքամարտ և այլն, զբաղվում են շուրջ 3000 մարզիկներ: Իմ սկզբունքներին համապատասխան՝ ողջ ջանքերս ներդնում եմ ֆիզիկական դաստիարակության գործընթացը ուղղորդելու դեպի նորարարական բարեփոխումները, որպեսզի մեր կազմակերպությունը մշտապես իր բարձրունքում մնալով՝ ծառայի հանրապետությունում սպորտի զարգացման գործին:

-Պարո՛ն Առաքելյան, Դուք ակտիվ գործունեություն եք ծավալում երկրի համար երկու կարևորագույն ոլորտներում: Կհամեմատե՞ք սպորտը և քաղաքականությունը:

-Պետք է մեջբերեմ Ստեֆան Ցվայգի հետևյալ միտքը. «Քաղաքականության մեջ անշտապ համառությունը գերազանցում է անսանձ ուժին», այնպես էլ սպորտում` ուր կամքի և կայունության, ուժի շնորհիվ կատարելագործվում է ձեռքբերումդ: Կյանքը չափվում է այն ջանքերի գնով, որը մենք ներդնում ենք, ուստի երկու ասպարեզներում էլ լինելով ընտրյալ, պարտավոր ես սեփական ջանքերիդ շնորհիվ մշտապես բարձր պահել ընտրյալ լինելուդ պատվավոր տիտղոսը:

-Ո՞ր թվականից եք զբաղեցնում Ըմբշամարտի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը և մի փոքր ներկայացրեք՝ ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:

-Առաջնահերթ ՖԿՀՊԻ-ում ստացել եմ մարզական մանկավարժի կրթություն, քանի որ ինձ համար մասնագետ լինել, կայանալ, նշանակում է ունենալ հիմնական գիտելիքներ տվյալ ասպարեզում: Ըմբշամարտի հավաքական թիմի անդամ եմ եղել 1992-1998թթ, ՀՀ սպորտի վարպետ, 1999-2003թթ. Ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցի մարզիչ, փոխտնօրեն: 2003-2007թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի Արագածոտնի մարզի նախագահ: 2007-2010թթ.` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, 2010 թվականից հանդիսանում եմ Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, համատեղության կարգով «Սևան» ընկերության ՀԿ նախագահ, 2012 թվականին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր:

-Պարո՛ն Առաքելյան, որևէ չափորոշիչներ կան այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել ըմբշամարտով:


-Առհասարակ սպորտում սահմանված չափորոշիչներն անհատական են, կախված նրանից, թե որն է մարզիկի նպատակը և որտեղ է նրան տեսնում մարզիչը: Ես չեմ ընդունում սիրողական մակարդակի նախասիրություններ. կամ պետք է լինել լավագույնը կամ այդ տեղը դատարկ թողնել լավագույնի համար:

-Այսօր քանի՞ ըմբշամարտի դպրոց է գործում Հայաստանում և արդյո՞ք դպրոցները գտնվում են բարվոք վիճակում:


-Ժամանակակից մարզաշխարհում առաջնային խնդիրներից է ֆինանսավորումը, որպես ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, չեմ կարող չնշել Սամվել Կարապետյանի անունը, ով ստանձնելով այդ ոլորտի ֆինանսավորման գործը, հայկական սպորտը, մասնավորապես ըմբշամարտն իր նվիրյալների շնորհիվ դարձրեց պահանջված և առաջնային մարզաձևերից մեկը Հայաստանում:
Այսօր հանրապետության ողջ տարածքում գործում են մեծ թվով բարեկարգված և անհրաժեշտ բոլոր միջոցներով համալրված ըմբշամարտի մարզադպրոցներ, մարզիկներն անխոչընդոտ մասնակցում են ուսումնամարզական հավաքների, հանրապետական և միջազգային մրցաշարերի և ամենից կարևորը` չեն ունենում սոցիալական խնդիրներ մարզական ճանապարհին:
Այս ամենի փաստն է մեր մարզիկների որակական քանակը միջազգային բարձրակարգ մրցաշարերում, որտեղ էլ մշտապես հպարտանալու առիթ ենք ունենում` ի դեմս մի շարք անունների, այդ թվում` Արթուր Ալեքսանյան, Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Դավիթ Սաֆարյան...

-Ձեր սաների նվաճումներն անքննելի են, նրանք մասնակցում են տարբեր մրցումների և՛ տեղական, և՛ միջազգային մրցաշարերում, այսօր ի՞նչ հաջողություններ եք գրանցել:


-Մեր կողքին ունենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվերապահ, ամենաբարձր մակարդակով աջակցությունը, որն այսօր իր արտացոլումը գտավ Օլիմպիական խաղերում, որտեղ մեր մեդալների քանակն ու գույնը ապացուցեցին կատարված հսկայական աշխատանքի դրական արդյունքը:
«Սևան» ընկերության սաներից Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հռիփսիմե Խուրշուդյանը, ով վարկանիշային ցուցանիշով ևս առաջնայիններից էր, ցավոք ինչ-ինչ պատճառներով չմասնակցեց Օլիմպիական խաղերին, մեր սաներից են Անդրանիկ Կարապետյանը, Վանիկ Ավետիսյանը, Արփինե Դալալյանը, Սոնա Պողոսյանը, Անուշ Գրիգորյանը, Ռուստամ Կարապետյանը, ովքեր բերում են միջազգային հաղթանակներ` հպարտության զգացողություն պարգևելով աշխարհասփյուռ հայերին, և դեռ շատ ու շատ անուններ կարող ենք թվարկել: Ես մշտապես սպորտը դիտարկում եմ որպես դիվանագիտության մի տարատեսակ, որն իր գործառույթով ծառայում է երկրի և ժողովրդի շահերին, ուստի կեցցե՛ն հայ մարզիկները, ովքեր եռագույնը գլխավերևում, հիմնի ներքո հնչեցնում են Հայաստան անունը:

-Եվ վերջում, որպես ոլորտի առաջատար մասնագետ, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:


-Ֆիզիկական կուլտուրան՝ մարդու առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված արժեքների ամբողջություն է, ըստ որի, այն մշտապես առաջընթացի, զարգացման և կատարելագործման ճանապարհին է: Այսօր բարձր նժարի վրա է դրված հայկական սպորտը, որը մշտապես գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Դրա շնորհիվ էլ տարեց տարի համալրվում են մեր սաների քանակը միջազգային բարձր առաջնություններում, ովքեր կրկնապատկում, եռապատկում են իրենց բարձր ցուցանիշները, ծածանում մեր եռագույնը` դառնալով ազգային համընդհանուր հպարտության խորհրդանիշ: Ես վստահ եմ, որ այս ամենն իր փառահեղ զարգացումն ու առաջընթացն է ունենալու և դեռ բազմիցս ենք վայելելու մեր մարզիկների ոսկե հաղթանակները:

 

 


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...