12:28
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սաշիկ Խաչատրյան

2016-11-10 10:17

Մեր բժշկական կենտրոնն անհրաժեշտության դեպքում կարող է վերածվել թիկունքային հոսպիտալի` ապահովելով վիրաբուժական ծառայություն.

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սաշիկ Խաչատրյանը:

«Դե Ֆակտո» N124 (2016թ.) 

-Պարո՛ն Խաչատրյան, շուրջ մեկ տարի է, ինչ նշանակվել եք «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում: Ի՞նչ բացթողումներ եք հասցրել նկատել և ինչպե՞ս կգնահատեք Գորիսում առողջապահության զարգացման հեռանկարները:


-Իմ պաշտոնավարման հենց առաջին օրից նկատել եմ կադրերի, ծառայությունների և նյութատեխնիկական ռեսուրսների նկատելի դեֆիցիտ, կադրերի ոչ համաչափ բաշխում, կարգապահական և վճարովի ծառայությունների իրականացման թերություններ: Գորիսում առողջապահության զարգացման հեռանկարը մեկն է, այն է՝ հիվանդի լիարժեք հետազոտում և բուժման կազմակերպում տեղում, մատչելի կերպով:

-Արցախյան հակամարտության տարիներին Գորիսի կենտրոնական շրջանային հիվանդանոցը դարձել էր Սյունիքում անհետաձգելի բուժօգնության կենտրոն: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում. արդյո՞ք բժշկական կենտրոնն այսօր ապահովված է համապատասխան մասնագետներով և բժշկական սարքավորումներով:

-Գորիսի բժշկական կենտրոնն արցախյան պատերազմի ընթացքում իրոք եղել է անհետաձգելի բուժօգնության կենտրոն Սյունիքի մարզում: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում օպերատիվ կերպով նախապատրաստեցինք բազմաթիվ հիվանդասենյակներ, ձեռք բերեցինք մեծ քանակությամբ դեղամիջոցներ, արյան և նրա փոխարինողների մեծ թվով պաշարներ, վիրակապական և այլ պարագաներ, վիրավորների հնարավոր հոսքի դեպքում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Մեր, ինչպես նաև մայրաքաղաքից ժամանած բազմաթիվ բժիշկների շնորհիվ մասնագիտական որակյալ բժշկական օգնություն ստացան մի քանի տասնյակ վիրավորներ, որոնց մի մասն ապաքինվելուց հետո վերադարձավ ծառայության: Ներկայումս բժշկական կենտրոնը ապահովված է համապատասխան մասնագետներով և բժշկական սարքավորումներով, սակայն մեր առաջնահերթ խնդիրն է բժշկական կենտրոնը մասնագետներով և սարքավորումներով շարունակական հագեցումը:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը, այս կարճ ղեկավարման ընթացքում:

-Իմ ղեկավարման մեկ տարվա ընթացքում հեմոդիալիզի բաժանմունքի ստեղծումը համարում եմ մեծ ձեռքբերում: Կարծում եմ մեր բժշկական կենտրոնի համար մեծ ձեռքբերում է նաև համակարգչային տոմոգրաֆի տեղադրումը և ծառայության ստեղծումը, հակատուբերկուլյոզային բաժանմունքի վերագործարկումը, լապարոսկոպիկ ծառայության ստեղծումը (լապարոսկոպի ձեռք բերում, արտերկրում մասնագետների վերապատրաստում), բժշկական թափոնների վնասազերծիչի տեղադրումը, վճարովի ծառայությունների մի քանի անգամ ավելացումը, նյութատեխնիկական այլ ռեսուրսների և կադրերի համալրումը: Սրանցից յուրաքանչյուրը համարում եմ կարևոր ձեռքբերում և այս ամենը համարում եմ իմ ղեկավարման մեկ տարվա ընթացքում կատարած կարևոր աշխատանքները:

-Ներկա դրությամբ որքա՞ն հիվանդ է բուժվում բժշկական հաստատությունում և որո՞նք են այն հիմնական ախտանիշները, որոնք գերակշռում են հիվանդների մոտ:

-Ներկա պայմաններում ունենք 110 մահճակալ, և գրեթե բոլորը զբաղված են: Տարեկան հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն է ստանում 5000-ից ավելի հիվանդ: Հիվանդություններից շատ են հանդիպում մանկական պաթալոգիաները, ընդ որում, շատ մեծ թվով ավելացել է թոքաբորբը: Ավելացել է ինֆարկտների և ինսուլտների քանակը, ալերգիկ հիվանդությունները: Հանրապետական միջին ցուցանիշների համեմատությամբ գերակշիռ մաս են կազմում ուռուցքները: Ռելիեֆի կտրտվածությունը նպաստում է մարդկանց տրավմաների աճին, իսկ եղանակի կտրուկ փոփոխությունները՝ մրսածության և սեզոնային հիվանդությունների տարածվածությանը:

-Գորիսը զբոսաշրջության կենտրոններից մեկն է հանդիսանում՝ շնորհիվ եզակի և նմանը չունեցող բնաշխարհի: Հետաքրքիր է, տարեկան որքա՞ն օտարերկրացիներ են բուժում ստանում բժշկական կենտրոնում:

-Դուք ճիշտ նկատեցիք, այո՛, Գորիսը միշտ ակտիվ զբոսաշրջության կենտրոն է եղել, սակայն այն առավել ակտիվացավ ճոպանուղու գործարկումից հետո: Զբոսաշրջիկները դիմում են մեզ տարբեր խնդիրներով` շաքարային դիաբետ, մարսողական խանգարումներ, հաճախակի են նաև մարմնական վնասվածքներով դեպքերը: Զբոսաշրջիկների թվակազմի ավելացման հետ շատացել է նաև հիվանդների թիվը, թե՛ ամբուլատոր, թե՛ ստացիոնար պայմաններում: Մասնավորապես վերջին տարիների ընթացքում բավականին շատ զբոսաշրջիկներ են բուժվել մեր հիվանդանոցում: Նրանք օգտվում են նաև մեր հեմոդիալիզային ծառայությունից:

-Առկա՞ են ցուցանիշներ, որոնք խոսում են բժշկական կենտրոնում Ձեր նշած որակական փոփոխությունների մասին:

-Ցուցանիշներն արդեն ակնհայտ են, որովհետև երեք անգամ աճել են վճարովի ծառայությունները, ավելի քան 30% պակասել են այլ բժշկական հաստատություններ (մասնավորապես մայրաքաղաք) ուղեգրումների թիվը, ավելացել են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում բուժվող հիվանդների թիվը: Նվազագույն թվերի են հասցվել մանկական և նորածնային մահացությունը, չունենք մայրական մահացություն:
Նոր ծառայությունների ստեղծմամբ ավելացել են աշխատատեղերը, որի շնորհիվ մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ ստացել են մշտական աշխատանք:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր համաքաղաքացիներին:

-Ցանկությունս մեծ է, ցանկանում եմ ունենանք հոգով, մտքով և մարմնով առողջ հասարակություն: Ապրենք խաղաղ պայմաններում, և մեր կյանքն ու ապագան կապենք միմիայն հայրենիքի հետ:

 

 

Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...