23:12
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հովիկ Դավթյան

2016-11-15 10:54
Մարզերում գործող բժշկական կենտրոններում աշխատելը  կրկնակի պատասխանատվություն է պահանջում

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Քաջարան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Դավթյանը:

«Դե Ֆակտո» N124 (2016թ.)

-Պարո՛ն Դավթյան, շուրջ մեկ տարի է, ինչ նշանակվել եք «Քաջարան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում: Ո՞ր տարածքներն է սպասարկում բժշկական կենտրոնը, և ինչպե՞ս կգնահատեք Քաջարանում առողջապահության զարգացման հեռանկարները:

-Քաջարանի բժշկական կենտրոնը գործում է 2005թ.-ից, իսկ 2013թ. սեպտեմբերի 26-ից գործում է «ԶՊՄԿ»-ի կողմից վերանորոգված և հագեցված մասնաշենքը: Ընդհանուր 20 մահճակալանոց հիվանդանոց է, որտեղ այս տարիների ընթացքում բավականին առաջընթաց է նկատվում վիրաբուժական բաժանմունքում: Մեծացել է ոչ միայն բարդ վիրահատությունների քանակը, այլև` վիրահատական միջամտության տեսակները: Շատ լավ գործում է առողջության առաջնային պահպանման օղակը, բավականին լավ աշխատում են ընտանեկան բժիշկները` սպասարկելով Քաջարան քաղաքի և հարակից 5 համայնքների բնակչությանը:
Բժշկական կենտրոնն իրենից ներկայացնում է փակ բաժնետիրական ընկերություն, որի հիմնադիրը համարվում է մարզպետարանը, ֆինանսավորումը ստացվում է ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ինչ վերաբերում է առողջապահության զարգացման հեռանկարներին` կապված բնակչության առողջության բարելավման և հիվանդությունների դեմ պայքարի հետ, բոլոր հնարավոր միջոցները ներդնում ենք մեր կենտրոնում: Ներկա դրությամբ` «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի հետ ունենք կնքված եռակողմ պայմանագիր, ըստ որի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բուժսպասարկումը կատարվում է «Քաջարան բժշկական կենտրոն»-ում, բացառությամբ այն ծառայությունների, որոնք բացակայում են մեզ մոտ: Տվյալ պարագայում հիվանդության բուժումը շարունակվում են իրականացվել Հանրապետության այն կենտրոններում, որտեղ այդ ծառայությունները հնարավոր է իրականացնել: Կոմբինատի բուժկետերի սպասարկմամբ ևս զբաղվում է մեր բուժհաստատությունը, և այս պարագայում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է՝ 115 բուժաշխատող:
Հիվանդանոցն առանձին ծննդաբերական բաժանմունք չունի, շուրջ 4 մահճակալ հատկացված է մանկաբարձագինեկոլոգիական ծառայության համար: Մեզ մոտ տարեկան ունենում ենք 80-100 ծնունդ:

-Բժշկական կենտրոնն ապահովվա՞ծ է անհրաժեշտ սարքավորումներով, և ի՞նչ մասնագետների կարիք ունեք այսօր:

-Բուժկենտրոնն ապահովված է ժամանակակից գրեթե բոլոր սարքավորումներով` թվային ռենտգենոգրաֆ, 3D էխոգրաֆիկ սարք, գաստրոսկոպ. հիվանդասենյակները լյուքս դասի են, որոնք անվճար հիմունքներով տրամադրվում են հիվանդներին: Հպարտորեն կարելի է ասել, որ բոլոր պայմաններն ու անհրաժեշտ սարքավորումներն առկա են մեր բժշկական կենտրոնում հիվանդների լիարժեք բուժումն իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է մասնագիտական հագեցվածությանը, ապա ամեն տարի Առողջապահության նախարարությանը ներկայացնում ենք բժշկական կենտրոնին անհրաժեշտ մասնագետների ցանկը: Ներկա դրությամբ բուժկենտրոնին անհրաժեշտ է նյարդաբան, անեսթեզիոլոգ, էնդոկրինոլոգ: Կարծում եմ, ցանկացած մարզային բուժհաստատություն մասնագետների կարիք ունի: Ցավոք, երիտասարդ մասնագետներ քիչ ունենք. բուժանձնակազմը միջին տարիքի է: Բժշկական կենտրոնը, հատկապես անեսթեզիոլոգի կարիք ունի և պետք է ասեմ, որ մեր հանրապետությունը նույնպես նման մասնագետների կարիք շատ ունի: Մեր անեսթեզիոլոգը 70-անց է և չկա այլ մասնագետ: Մի քանի անգամ դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի բժշկական կենտրոնը նման մասնագետով համալրվի, սակայն մասնագետ չի եղել:
Մարզերում գործող բժշկական կենտրոններում աշխատելը կրկնակի պատասխանատվություն է պահանջում և, եթե մասնագետը վստահություն ձեռք չի բերում բնակիչների կողմից, ապա այստեղ աշխատելը բավականին դժվարանում է: Բացի այդ, եթե մայրաքաղաքում գործող հիվանդանոցներում կարող է նույն ծառայությունն իրականացնող մի քանի մասնագետ լինել, ապա մեր պարագայում մենք միայնակ ենք` ապավինելով մեր փորձին և գիտելիքներին:

-Պարո՛ն Դավթյան, հաճախ տեսակետ է հնչում, որ Քաջարանում հիվանդությունների որոշ տեսակներ գերակշռում են` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարկման հետևանքով: Հետաքրքիր է, որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը:

-Բոլոր այն հիվանդությունները, որոնք հանդիպում են Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում, առկա են նաև այստեղ. էական որևէ տարբերություն չկա: Այն, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքով որոշ հիվանդություններ մեզ մոտ գերակշռում են, իրականությանը չեն համապատասխանում: Նույն զարկերակային հիպերտենզիան, նույն դիաբետը` լայն տարածում ունեն Հանրապետության բոլոր շրջաններում:
Ասեմ ավելին` մեզ մոտ երկարակյացներ շատ ունենք. 90-անց հիվանդներ, ովքեր իրենց ոտքով` առանց ձեռնափայտի, գալիս և օգտվում մեր բժշկական կենտրոնի ծառայություններից:
Քաջարանը հանդիսանում է արդյունաբերական քաղաք և նման քաղաքում` արդյունաբերությամբ զբաղվող անձանց մոտ, պարզապես, արտադրական վնասվածքներն են գերակշռում:

-Բուժկենտրոնում մասնագետների վերապատրաստման հարցն ինչպե՞ս է կազմակերպվում:

-Մեզ մոտ գործող շարունակական կրթական զարգացման ծրագրի շրջանակներում, յուրաքանչյուր բժիշկ` տարին մեկ անգամ (2 շաբաթից մինչև մեկ ամիս տևողությամբ) վերապատրաստման կուրսեր է անցնում Երևանում: Վերապատրաստումն անցնելուց հետո ստանում է հավաստագիր, այնուհետև վերադառնում և շարունակում իր բնականոն աշխատանքը: 

-Մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան եք: Արդյո՞ք Ձեր մասնագիտական կրթությունը նպաստում է բժշկական կենտրոնում աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար:

-Նախքան այս պաշտոնը զբաղեցնելը, եղել եմ Սիսիանի զինվորական հոսպիտալի տնօրեն, ինչպես նաև Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի պետ: Բուժծառայության գնդապետ եմ, ունեմ բժշկի 22 տարվա ստաժ և իմ աշխատանքային փորձն ու մասնագիտական կարողություններն ինձ լիովին թույլ են տալիս ղեկավարելու նաև «Քաջարան բժշկական կենտրոնը»:

-Առաջիկա ի՞նչ ծրագրեր կան, և որպես բժիշկ ղեկավար, ի՞նչ կհորդորեք այն երիտասարդներին, ովքեր կընտրեն բժշկի մասնագիտությունը:

-Մեր բժշկական կենտրոնը քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ ձեռք է բերել էնդոսկոպիկ սարք` ուրոլոգիայում օգտագործելու համար, ինչպես նաև ցանկանում ենք վերսկսել լապարոսկոպիկ վիրահատություններ իրականացնել: Կսկսենք այս երկու սարքավորումների ամբողջական կիրառումն իրականացնել, ինչպես նաև բժշկական կենտրոնը համալրել նոր մասնագետներով: Նշեմ նաև, որ բժշկական կենտրոնում աշխատանքի հրավիրված լավագույն բժիշկ-մասնագետները հավելյալ խրախուսվում են «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից և գտնվում Սյունիքի մարզպետի և «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տնօրինության մշտական ուշադրության կենտրոնում:
Կցանկանամ, որ յուրաքանչյուր ոք, ով կընտրի բժշկի մասնագիտությունը, իր ամբողջ գիտելիքներն ու ջանքերը ներդնի մեր երկրում: Հիշում եմ` կոնֆերանսներից մեկի ժամանակ` զեկույցի ընթերցմամբ, նշվեց, որ վերջին տարում Հանրապետությունում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագիտական որակավորում ստացած 20 բժիշկներից միայն 2-ն են աշխատում Հայաստանում, մյուսներն իրենց մասնագիտական աշխատանքը շարունակում են իրականացնել Գերմանիայում:
Կցանկանայի, որ մեր երիտասարդ մասնագետներն իրենց ուժը, կորովը, գիտելիքները ներդնեն մեր ժողովրդի առողջացման և հիվանդությունների կանխարգելման համար: Իմ համոզմամբ` հայը պետք է ապրի Հայաստանում: Ինձ նույնպես եղել են բազմաթիվ առաջարկներ` դրսում ապրելու և իմ մասնագիտական փորձը շարունակելու համար, սակայն` մերժել եմ: Կարծում եմ, որ միայն քո երկրում և քո ժողովրդի կողմից կարող ես լիարժեք սիրվել և գնահատվել:

Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...