11:12
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է ամեն ջանք գործադրեմ իմ ծննդավայրը շենացնելու համար

2017-11-30 11:22

Կարմիրգյուղի համայնքապետ Հակոբ Գասպարյան

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.)

-Պարո՛ն Գասպարյան, մինչև Կարմիրգյուղ համայնքի մասին խոսելը, նախ կցանկանայի ներկայացնեիք` ինչպիսի ուղի եք անցել, մինչև համայնքապետ ընտրվելը:


-Սիրով: Ծնվել եմ 1981թ. մարտի 27-ին` ծառայողի ընտանիքում: 1997թ.-ին ավարտել եմ տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1998-2003թթ. սովորել եմ Գավառի պետական համալսարանի Իրավագիտական ֆակուլտետում: Ծառայել եմ ՀՀ ԶՈՒ: 2002թ.-ից մինչև 2006թ.-ը աշխատել եմ «Արմեն Սաղեյան» ՍՊԸ-ում` տարբեր պաշտոններում: 2006-2007թթ. աշխատել եմ «ՀԱԳ-ԳԱՀ» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: 2007-2008թթ. աշխատել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի սննդամթերքի անվտանգության բաժնում որպես առաջատար մասնագետ: 2008-2011թթ. աշխատել եմ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում` որպես քննիչ: 2011թ-ից մինչ 2017թ-ի նոյեմբերի 1-ը աշխատել եմ «ՀԱԳ-ԳԱՀ» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն:
2016 թվականի հոկտեմբերի 2-ին ընտրվել եմ Կարմիրգյուղ համայնքի ղեկավար և նոյեմբերի 1-ից արդեն ստանձնել համայնքապետի պարտավորությունները:
Ամուսնացած եմ ունեմ 3 երեխա` 2 աղջիկ, 1 տղա:

 

-Ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:

-Նախ ուզում եմ նշել, որ 2017թ. մեր համայնքը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների շրջանում հաղթող ճանաչվեց համայնքային զարգացման
5-ամյա ծրագիրն առաջինը ներկայացնելու համար: Դա մեզ համար մեծ ուրախություն էր, քանի որ մենք իսկապես ջանասիրաբար աշխատել էինք:


Ինչ վերաբերում է իրականացված ծրագրերին, ապա պաշտոնս ստանձնելու առաջին իսկ օրվանից ձգտել եմ լուծում տալ համայնքի առջև ծառացած խնդիրներին, ինչպես նաև հնարավորինս օժանդակել մեր համագյուղացիներին: Որպես համայնքապետ` առաջին ձեռնարկս աղբահանությունը համայնքում անվճար դարձնելն էր. Կարմիրգյուղի բնակիչներն այլևս աղբահանության համար գումար չեն վճարում, այդ ծախսերը հոգում է համայնքապետարանը: Համայնքի աղբավայրը պարբերաբար մաքրվում և ծածկվում է հողի շերտով:
Ձմռան ամիսներին մենք նախաձեռնեցինք հոգալ համայնքի դպրոցական երեխաներին ավտոբուսներով, անվճար հիմունքներով, անվտանգ դպրոց հասցնելու խնդիրը: Մենք նման աջակցություն ենք ցուցաբերում նաև Գավառ քաղաքում սովորող ուսանողներին, նրանք անվճար օգտվում են տրանսպորտից: 2016թ. դեկտեմբեր ամսին համայնքի թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցների համար ձեռք է բերվել մեկական համակարգիչներ:


Մարզպետարանի կողմից այժմ Կարմիրգյուղում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ, ինչն առաջնային կարևորության խնդիր է համայնքի համար: Ավարտվել է թիվ 2 դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, որի ֆինանսավորումը կատարել է համայնքապետարանը:


Կարմիրգյուղի համայնքապետարանի կողմից համայնքի երկու` թիվ 1 և թիվ 2 դպրոցներին տրամադրվել է 1-ական մլն. դրամ, որն օգտագործվել է նոր պատուհանների ձեռքբերման և տեղադրման, ինչպես նաև դասարանների վերանորոգման համար:
Ավարտվել է նաև համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները:
Որոշակիորեն վերանորոգվել է համայնքի ոռոգման ցանցը, և այժմ բնակիչները, կարելի է ասել, իրենց հողատարածքները ոռոգելիս խնդիրներ չեն ունենում:


Համայնքում իրականացվել են նաև հողալցման մեծածավալ աշխատանքներ: Մեր բոլոր ճանապարհներն անցանելի են անգամ ձմռանը, քանի որ կանոնավոր կերպով կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:
Համայնքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել գյուղտեխնիկա` շարքացաններ և՛ կարտոֆիլի, և՛ հացահատիկի համար:


Մեր ջանքերով վերանորոգվել են համայնքի հին հուշարձանների մերձակայքում գտնվող ցայտաղբյուրները, որոնք չէին գործում: Կատարվել է նաև ծառատունկ համայնքի եռասերունդ երկրապահների մասնակցությամբ: Համայնքի գերեզմանոցում և հուշարձան համալիրում անցկացվել է խմելու ջրագիծ, որտեղ տեղադրվել են թվով 4 հատ ցայտաղբյուրներ:


Մենք պարբերաբար դրամական օգնություն ենք ցուցաբերում համայնքի սոցիալապես անապահով ավելի քան 300 ընտանիքների` այդ թվում քառօրյա պատերազմի մասնակիցներին, ծանր հիվանդներին, որոնք բուժման կարիք ունեն, և տարերային աղետների հետևանքով տուժած բնակիչներին, ինչպես նաև համայնքում ծնված ամեն նորածին երեխայի համար սահմանել ենք դրամական պարգև:

 

-Ի՞նչ խնդիրներ կան համայնքում:

-Թերևս, մեր համայնքում ամենացավոտ խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, ինչն առկա է նաև ողջ հանրապետությունում: Այդ խնդրի լուծումը պահանջում է մեծածավալ ներդրումային ծրագրերի իրականացում: 2017թ. ՀՀ վարչապետի կողմից մեր համայնքը ստացել է «չեմպիոն համայնք» անվանումը և նա խոստացել է համայնքում ներդնել միջոցներ` կառուցելու ջերմոցային տնտեսություն, որտեղ կաշխատեն բազմաթիվ համագյուղացիներ:


Կարմիրգյուղի երեխաներն ունեն արվեստին ավելի մոտ լինելու, դրանով ապրելու հնարավորություն` համայնքում հաջողությամբ գործող արվեստի դպրոցի շնորհիվ, ունենք փառատոներում և տարբեր մրցույթներում բարձր մրցանակների արժանացած սաներ, սակայն նրանց այդ կյանքն առավել լիարժեք կլիներ, եթե գործեր նաև մշակույթի տունը, որի կառույցը տանիքի և ներսի վերանորոգման աշխատանքների իրականացման կարիք ունի: Համայնքի կողմից վերանորոգվել է 2 սենյակ, որտեղ տեղադրվել են սպորտային գործիքներ և պարագաներ համայնքի երիտասարդ երեխաների սպորտային ոգին բարձրացնելու համար. իզուր չէ, որ համայնքը ՀՀ-ում և արտերկրում ունի բազմաթիվ սաներ, որոնք գրավել են մրցանակային տեղեր և արժանացել են պարգևների:


Կարմիրգյուղն ունի մոտ 800 հա անմշակ բերրի հողատարածություն, որը չի մշակվում ոռոգման ցանցի բացակայության պատճառով: Սա լուրջ խնդիր է, որի լուծման դեպքում մեծ թվով մարդիկ կապահովվեն աշխատանքով և կխուսափեն արտագնա աշխատանքից:
Համայնքի թիվ 1 դպրոց տանող ճանապարհը ևս ասֆալտապատման կարիք ունի, որի աշխատանքներն անպայման պետք է իրականացնենք:

 

-Որքա՞ն է Կարմիրգյուղի բնակչության թիվը, ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:

-Կարմիրգյուղի բնակչության թիվը 6548 է, նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Համայնքի տղամարդիկ տարվա մի մասը մեկնում են արտագնա սեզոնային աշխատանքի և վերադառնում, որպեսզի կարողանան պահել իրենց ընտանիքները:

 

-Առաջիկայում իրականացվելիք ի՞նչ ծրագրեր կան:

-Ծրագրերը շատ են, մենք փորձում ենք մեր բյուջեի և պետական միջոցներով դրանք իրականություն դարձնել:
Ծրագրում ենք վերանորոգել համայնքում գործող մանկապարտեզին կից կառույցները, քանի որ մանկապարտեզի տարածքը փոքր է, այնտեղ հաճախում է 90-100 երեխա, որը չի բավարարում առկա պահանջարկը: Մենք ցանկանում ենք ևս 30-35 երեխայի համար հնարավորություն ստեղծել հաճախելու մանկապարտեզ:
Նախատեսում ենք 1.5 մլն. դրամ գումար տրամադրել համայնքում գործող ամբուլատորիային, ներգրավելով նաև այլ ֆինանսական աղբյուրներից միջոցներ, որպեսզի նրանք կարողանան վերանորոգել ամբուլատորիայի շենքը:
Մեր 5-ամյա ծրագրով նախատեսել ենք փոխել համայնքի լուսավորության ցանցը` փոխարինելով էներգախնայող լամպերով:

 

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Կարմիրգյուղը Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտին:

-Ես ցանկանում եմ, որ ինձ հաջողվի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ես նախատեսել եմ իրականացնել 5-ամյա ծրագրով: Դրանք միտված են լուծելու համայնքի առաջնային կարևորության խնդիրները` նպաստելով բնակչության կենսամակարդակի աճին, համայնքի բարեկարգ ու գեղեցիկ տեսքին, մշակութային կյանքի ակտիվացմանը, կրթական հաստատությունների արդյունավետ աշխատանքին և այլն:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...