11:55
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է ձեռնարկենք եվ իրագործենք այնպիսի քայլեր, որպեսզի բարելավվի մեր ժողովրդի սոցիալական վիճակը

2019-08-01 11:30

«Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.)  

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» խմբակցություն պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը:

-Պարո՛ն Ստեփանյան, Դուք աշխատանքային հարուստ կենսագրություն ունեք, որքանո՞վ է այն օգնում Ձեզ աշխատելու օրենսդիր մարմնում:


-Մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ ՀՀ ՆԳՆ և ԱԱ բարձրագույն դպրոցը:

Երկար տարիներ` 1979թ.-ից մինչ 2008թ., ծառայել եմ ՀՀ ոստիկանության համակարգում և զբաղեցրել բարձր պաշտոններ: Այնուհետև` 2014թ. օգոստոսի 6-ին, ստանձնել եմ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնը: Այդ պաշտոնում աշխատել եմ մինչ 2016 թ. մայիս ամիսը:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր ընտրվեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Անցած աշխատանքային ուղիս ու տարիների կուտակած փորձը շատ են օգնում իմ գործունեությանը օրենսդիր մարմնում:
Այսօր ես ցանկացած քայլ կատարում եմ, որպեսզի ինձ տրված վստահության քվեն լինի արդարացված:

-Ինչպե՞ս եք գնահատում վերջին ամիսների ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը:

-Եթե փորձեմ գնահատել վերջին ամիսների քաղաքական զարգացումները, ապա չեմ կարող չնշել արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումները: Այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ, Հայաստանը միջազգային ասպարեզում վարկանիշ ունի:
Նաև նշեմ, որ Արցախյան հիմնահարցի հետ կապված որոշ մոտեցումներ նույնպես փոխվել են, չեմ ցանկանում նախորդ իշխանությունների սխալների մասին խոսել, սակայն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան հիմնահարցը պահում է ուշադրության կենտրոնում և ամեն ինչ անում է, հարցի խաղաղ կարգավորման համար:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իշխանություն-հասարակություն կապը, այդ առումով զարգացում տեղի ունեցե՞լ է:

-Այո՛, այս մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել, իշխանություն-հասարակություն կապը, կարող ենք ասել` ամրապնդվել է: Ուղղակի հասարակությունն ակնկալում էր, որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի կունենան գլոբալ փոփոխություններ, սակայն պետք է ասեմ, որ մեկ տարին բավարար չէ, որպեսզի տեղի ունենան կտրուկ փոփոխություններ, ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ փոփոխությունները լինեն տեսանելի: Պետք է իրականացվի մարդկանց նյութական բարեկեցության աճի և կենսամակարդակի բարձրացում: Պետք է ձեռնարկենք և իրագործենք այնպիսի քայլեր, որպեսզի մեր ժողովրդի սոցիալական վիճակը կարգավորվի, որպեսզի ոչ մի հայ չարտագաղթի, այլ մնա իր հայրենի հողում:

-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Աժ-ում հանդես է գալիս որպես ընդդիմություն, ինչպես եք պատկերացնում Ձեր աշխատանքը` որպես ընդդիմություն:

-Գիտեք, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե մենք որպես ընդդիմություն ենք Ազգային ժողովում, ապա պետք է բոլոր օրինագծերին դեմ լինենք, ոչ՛, դա այդպես չէ, մեր խմբակցությունը դեմ է քվեարկում այն օրինագծերին, որոնք կխոչընդոտեն մեր երկրի տնտեսական զարգացմանը, և դեմ կլինեն մեր ժողովրդի շահերին: Մենք` որպես ընդդիմություն, այն ուժն ենք, որ պետք է լրացնենք այն բացթողումները, որոնք կարող է թույլ տալ իշխող քաղաքական ուժը:

-Պարո՛ն Ստեփանյան, Դուք ընդգրկված եք Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, ի՞նչ աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ:

-Հանձնաժողովը բավականին ծանրաբեռնված է աշխատում, ունենք բազում օրինագծեր, որոնք պետք է ներկայացնենք ԱԺ քննարկմանը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժային կառույցները կայանան և կարողանանք պահպանել մեր երկրի անվտանգությունը:

-Ի՞նչ եք կարծում, որոնք են այն երեք առաջնային խնդիրները, որոնք առկա են Հայաստանում:

-Ինձ համար կարևոր խնդիրներից առաջինը` բնակչության սոցիալական վիճակն է. պետք է կարողանանք այնպես անել, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հայրենիքում ապրի բարեկեցիկ կյանքով և չմտածի արտագաղթելու մասին:
Երկրորդ կարևոր խնդիրը` մեր երկրի ներքին և արտաքին անվտանգությունն է. մեր պետք է կարողանանք ամեն գնով պահպանել մեր երկրի անվտանգությունը: Մենք` բոլորս, պետք է ամեն ինչ անենք, մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Իսկ երրորդ խնդիրը` մեր երկրում որակյալ կրթության մակարդակի ապահովումն է. ուսումը մեր երկրում պետք է բարձր սանդղակի վրա դրված լինի:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Խորհրդային Միությունը, իր դրական և բացասական կողմերով, որակյալ կրթություն է ապահովել իր հասարակությանը: Բոլոր ժամանակներում էլ պետության խնդիրը պետք է լինի կրթված և զարգացած հասարակության ապահովումը:

-Դուք ծնունդով Գեղարքունիքի մարզից եք, երկար տարիներ աշխատել եք մարզում, ըստ Ձեզ` այսօր ի՞նչ խնդիրներ ունեն մարզի բնակիչները, որոնք կառանձնացնեք:

-Ես ծնվել եմ Գեղարքունիքի մարզում, ծնողներս, հարազատներս Գեղարքունիքի մարզից են, ծանոթ եմ մարզի յուրաքանչյուր խնդրին: Այստեղ յուրաքանչյուր համայնք ունի իր խնդիրները, օրինակ` Արծվանիստ համայնքն ունի ճանապարհների խնդիր, համայնքի ճանապարհները ժամանակին ասֆալտապատված էին, սակայն այսօր այն անբարեկարգ վիճակում, և դա այն դեպքում, երբ համայնքն ունի պատմամշակութային հարուստ ժառանգություն և համարվում է զբոսաշրջության կենտրոն:
Պետք է այս մարզում ուշադրություն դարձնենք գյուղատնտեսության զարգացմանը, պետք է հնարավորություն տալ գյուղացիներին մշակել իրենց հողը և կարողանան իրենց գյուղմթերքը իրացնել:
Ասեմ, որ շուտով Գեղարքունիքի մարզում կուսակցության գրասենյակ ենք բացելու և այն խնդիրները, որոնք մտահոգում են բնակչությանը, բարձրաձայնելու ենք Ազգային ժողովի ամբիոնից: Յուրաքանչյուր քայլ կատարելու ենք, որպեսզի փոքր-ինչ կարողանանք թեթևացնել մարդկանց սոցիալական վիճակը:

-Պարո՛ն Ստեփանյան, ո՞ր արժեքներ են, որոնց անդավաճան եք կյանքում:

-Ինձ համար կյանքում ամենակարևոր արժեքը ընտանիքն է: Ամուր ընտանիքն ու հզոր բանակը մեր պետության հիմքն են:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...