13:02
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երիտասարդ գեղանկարիչ Էրիկ Դավթյանի հետ...

2019-08-14 12:13

 «Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.)  

-Նպատակս մեկն է. իմ կտավներում մարդիկ պետք է տեսնեն գեղեցիկն ու բարին...

-Բնության ամեն մասնիկ հարազատ է ինձ. սիրում եմ դրանք եւ ձգտում պատկերել` ինչպես կան:

-Նախընտրում եմ ռեալիզմը, որով եւ առաջնորդվում եմ, եւ կարծում` դրանից չեմ շեղվի:

Էրիկ Դավթյանին հանդիպեցինք հարազատ Աշոտավանի մերձակա բարձունքում` հերթական կտավը ստեղծելիս:
Ներքևում Կապանն էր, իսկ հեռվում` հպարտ ու ձյունածածկ Խուստուփը: Փետրվարյան արևը հաճելիորեն տաքացնում էր և կարծես` հրավիրում վայելել օրը:


-Խուստուփը գեղատեսիլ է ամեն դիտակետից, սակայն այստեղից` այն յուրահատուկ է,- նկարիչը պատմեց, որ վայրն իրեն հարազատ է, հաճախ է այցելում:


-Սա մեր հավաքատեղին էր: Ընկերներիս հետ սիրում էինք խաղալ ու ժամանակ անցկացրել: Հիանում էի բնության գույներով, պատկերներով, բայց չէի պատկերացնում, որ հենց այս ամենով ոգևորված` նկարելու եմ:


-Տեսարանը, տիրող հանգստությունը ոգեշնչում են, իսկ դա ստեղծագործելու համար կարևոր է անչափ:

 


Հետո միասին արվեստանոց այցելեցինք... Այստեղ պատկերն այլ էր, աշխատանքային, տրամադրող ու հետաքրքիր...


Ծաղիկներ, բնություն, գյուղական տեսարաններ, դիմանկարներ - թեման անսպառ է, կտավներն` անկրկնելի:


-Սրանք էլ անավարտ աշխատանքներս են,- ներկայացնելով գործերը` պատմեց,- մի քանի վրձնահարված` և կավարտեմ: Տպավորիչ էր այն աստիճան, որ թվաց` կանգնած ենք ընթերցող աղջկա մոտ, մոմի լույսով ողողված սենյակում, կամ` փնջված երիցուկների բույրն ուր որ է` կզգանք...


-Ինչպե՞ս են ստեղծում այսչափ գեղեցիկն ու իրականը...,- փորձում ես պատասխան գտնել:


-Ամեն ինչի հիմքում սերն է,- ավելացնում է նկարիչը,- հարկավոր է ուղղակի սիրել այն աշխատանքը, որը կատարում ես: Իմ ամբողջ էներգիան, ժամանակն ու մտքերը, պատկերացումները դրան եմ տալիս:
Մեր հարցին` երբ հասկացավ որն է կյանքում իր հիմնական զբաղմունքը` պատասխանեց, որ մի քանի տարի է լրջորեն զբաղվում է գեղանկարչությամբ, իսկ սիրողական մակարդակով` նկարում է մանկուց:
Նկարչի առաջին նկարը` հայկական եկեղեցու պատկերը, մայրը պահպանել էր և սիրով այն մեզ ներկայացրեց:

-Դպրոցահասակ էի, տպավորություններով վերադարձա Կապանում հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոցից: Հետո էլի եղան նոր այցեր, կշեշտեմ գեղանկարիչ Ուբակին, ում մարդկային և մասնագիտական որակներով ուղղակի հիանում եմ, ով նաև իմ խորհրդատուն է:
Նայում էի տարբեր նկարիչների գործերը և երազում` ինքս էլ մնայուն արժեքներ ստեղծել: Հիմա կարող եմ ասել, որ երազանքներիս իրականացման ճանապարհին եմ:
Էրիկ Դավթյանը խոսեց նաև քննադատությունների մասին, ասելով, որ առողջ քննադատությանը դրական է վերաբերում, կարևորում է ոլորտի գիտակների խորհուրդներն ու ուղղորդումները:

-Ես մեծ պլաններ ունեմ, ապագայի լուրջ ծրագրեր, երազանքս է` ճանաչվել որպես հայկական մշակույթի, կոլորիտի գույները վերծանող ազգային նկարիչ:

-Անչափ սիրում եմ Հայաստանը, հուսով եմ` մի օր վստահաբար ասելու ենք, որ հզոր երկիր ունենք, որի ստեղծման մեջ արվեստագետներն էլ, անշուշտ, իրենց ներդրումները, անելիքները պետք է ունենան:
Էրիկ Դավթյանի ուսուցիչ Սոֆիա Հարությունյանը հիացմունքով է խոսում նախկին աշակերտի մասին: «Էրիկը սովորում էր մի դասարանում, որտեղ հավաքվել էին աշխատասեր, ընդունակ, խելացի աշակերտներ:
Նրա նկարելու մասին համացանցից տեղեկացա ու կարող եմ ասել, որ դա ինձ համար իսկական հայտնություն էր: Լինելով մասնագիտությամբ պատմաբան, ինքս էլ մոտ եմ արվեստին, նախկին աշակերտներիցս էլ նկարիչներ կան, ովքեր ճանաչում ունեն այսօր: Բայց Էրիկի վրձինն ուրիշ է…
Նա իր ոճով առանձնանում է»:
Երիտասարդ նկարիչը տիրապետում է համակարգչային գրաֆիկական ծրագրերի, զուգահեռ զբաղվում է նաև դիզայներական աշխատանքներով:

-Վերջիններս օգնում են գույների հետ առավել ճիշտ աշխատելուն:

-Ստեղծագործական ճգնաժա՞մ,- ոչ, դեռ չեմ հայտնվել դրա մեջ,- ժպտալով պատասխանեց մեր հաջորդ հարցին,- հակառակը` նկարելու, պատկերելու թեմաներ առջևում դեռ շատ կան: Սակայն, անգամ այդ իրավիճակներում ստեղծագործ մտքի համար չէ՛ հանձնվելը:

-Համառությունն ու աշխատասիրությունը, ի վերուստ տրված շնորհը համոզված եմ` կտան իրենց արդյունքը:
Նկարչի արվեստանոցում վայելելով գործերը, հանդիպում ես նաև աշխարհահռչակ վարպետների ստեղծագործությունների կրկնօրինակումների. Յան Վերմեր «Մարգարտե ականջօղով աղջիկը», Շիշկին «Առավոտը սոճիների անտառում» և այլն:

-Դրանք պատվերներ են,- շտապեց պատմել,- և ես շնորհակալ եմ իրականում նրանց, ում շնորհիվ այս կտավները նկարելուց` գերագույն հաճույք եմ ստացել:

-Պատվիրատուն իմ բարեկամն է դառնում` ունենալով կտավս: Ուզում եմ, որ նրանք իմ արվեստանոցից բավարարված հեռանան: Ժամանակակից նկարիչն այսօր պետք է ճիշտ աշխատի նաև գործարար դաշտում, գաղտնիք չէ, որ արվեստագետի համար կտավները նաև նյութական բազա են ապահովում, նկարչական որակյալ պարագաներ ձեռք բերելը շոշափելի գումարների հետ է կապված: Այնուհանդերձ ցանկալի է, երբ արվեստը գնահատողներն են տեր դառնում ստեղծածդ արժեքներին:

-Առավել մեծ հաճույք եմ ապրում` նվիրելով կտավներիցս, տեսնելով զարմացած, գոհունակ ժպիտ ու երախտապարտ դեմքի արտահայտություն:

-Պատրաստվում եմ բազմաժանր, հետաքրքիր, գունագեղ ներկայանալ հանրությանը: Խոսքս, իհարկե առաջիկա ցուցահանդեսների մասին է:

-Ի դեպ, վերջերս հանդիպեցինք ոլորտի գործիչների հետ և ուրախ եմ` բոլորիս նպատակը մեկն է. աշխուժացնել մշակութային կյանքը, ինչին օգնում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները, հետաքրքրված մարդիկ կարող են այս տիրույթում ծանոթանալ նաև իմ աշխատանքներին, մինչ օրս արձագանքները տրամադրող են, հիմնականում` դրական:
Հրաժեշտ տվեցինք երիտասարդ գեղանկարչին, ով արդեն իր ուրույն տեղն ու գույնն ունի տարածաշրջանի արվեստագետների ներկապնակում, ում անունը առաջիկայում ևս հնչեցնելու ու հպարտանալու առիթներ կունենանք:

 

Հեղինակ` Լիլիթ Իսրայելյան
Քաջարան 2019թ.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...