09:07
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Նորք-Մարաշ»-ի ամենաերիտասարդ ծառայությունը` եվրոպական փորձի հետ համադրվող իր արդյունքներով

2020-08-10 11:09

 

ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Նորք-Մարաշ» ԲԿ առիթմոլոգիական ծառայության ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ

  «Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

-Տիկի՛ն Հովակիմյան, ինչպիսի՞ ծառայություններ է իրականացնում Ձեր ղեկավարած բաժանմունքը:


-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունն ամենաերիտասարդն է` մյուսների համեմատ, ստեղծվել է 2017թ. և այսօր ի վիճակի է իրականացնել ժամանակակից առիթմոլոգիական ախտորոշիչ և բուժական ծառայությունների ողջ շրջանակը, ինչը հպարտանալու առիթ է մեզ համար:
Մեր ծառայությունը կատարում է առիթմոլոգիական խնդրով պացիենտների ամբուլատոր և ստացիոնար վարում, նրանց խնդիրների լուծում` արդի մեթոդներով: Ծառայության մատուցվող ախտորոշիչ ծառայություններից են տրանսթորակալ էխոսրտագրությունը, տրանսէզոֆագեալ էխոսրտագրությունը, սթրես-էլեկտրասրտագրությունը, սթրես-էլեկտրասրտագրությունը էրգոսպիրոմետրիայով, սթրես-էխոսրտագրությունը (ներառյալ դեղորայքային), հոլտեր հետազոտությունը (24-72ժ տևողությամբ), արյան ճնշման ամբուլատոր մոնիթորինգը (24ժ. տևողությամբ) և այլն:
Ի դեպ` մեր ծառայությունում իրականացվող էրգոսպիրոմետրիայով սթրես-էլեկտրասրտագրության հետազոտությունը միակն է Հայաստանում և թույլ է տալիս ճշգրիտ կերպով գնահատել սրտի ռիթմի խանգարումների ազդեցությունը սրտամկանի և շնչառական ֆունկցիայի վրա:
Մեր ծառայության կողմից իրականացվող դեղորայքային թեսթերի շարքում կան այնպիսիք, որոնց միջոցով կարողանում ենք ախտորոշել հազվադեպ հանդիպող այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է, օրինակ, Բրուգադայի համախտանիշը:

-Առիթմոլոգիական խնդիրների լուծման ի՞նչ տարբերակներ եք առաջարկում Ձեր հիվանդներին և արդյո՞ք դրանց արդյունավետությունը համադրելի է զարգացած երկրների փորձի հետ:

-Ժամանակակից առիթմոլոգիան երեք հիմնական ուղղություններով է բուժում սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումները: Առաջին հերթին դա պացիենտի կենսակերպի փոփոխությունն է, այսինքն` ընտրվում է նրա համար ամենանախընտրելի կենսաոճը և տրվում են խորհուրդներ, որոնք օգնում են նրան ձերբազատվել սրտի ռիթմի խանգարումներից կամ նվազեցնել դրանց «բեռը»: Պացիենտին կարող է նաև առաջարկվել դեղորայքային բուժման ճանապարհը, որը կիրառվում է թե՛ ամբուլատոր, թե՛ ստացիոնար եղանակով:
Եվ երրորդ ու ամենամեծ ուղղությունը սրտի ռիթմի խանգարումների միջամտական բուժումն է: Մեզ մոտ կատարվում են բոլոր տեսակի սրտի էլեկտրական խթանող սարքերի իմպլանտացիաներ և ռիթմի խանգարումների էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն և աբլացիա: Դրանցից են` կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիան, փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող սարքերի իմպլանտացիան, վերփորոքային տախիկարդիայի աբլացիան, փորոքային տախիկարդիայի աբլացիան, փորոքային և նախասրտային էքստրասիստոլաների աբլացիան, նախասրտերի թրթռման աբլացիան, նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիան, նախասիրտ-փորոքային հանգույցի մոդիֆիկացիան: Արժե այստեղ նշել, որ աբլացիաները հանդիսանում են բժշկության այն եզակի բուժումներից, որոնք թույլ են տալիս արմատական և վերջնական կերպով շտկել խնդիրը, առանց մնացորդային խնդիրներ թողնելու: Այսինքն պացիենտը դուրս է գալիս կենտրոնից պրակտիկորեն առողջ, ինչը մեծագույն ձեռքբերում է:
Եվ մեծ հպարտությամբ պետք է նշեմ, որ առիթմոլոգիական ծառայության տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ այստեղ իրականացվող կարևորագույն միջամտություններն իրենց արդյունքներով համադրելի են զարգացած երկրների փորձի հետ, և մենք կարողանում ենք կատարել այդ միջամտությունները նվազագույն բարդություններով և առավելագույն հաջող ելքի հավանականությամբ:
Իհարկե, շատ կարևոր է, որ պացիենտը ժամանակին դիմի բժշկի, քանի որ ունենում ենք ուշացած դեպքեր, որոնց պարագայում դժվար է լինում հիմնովին բուժել առկա խնդիրը, կարողանում ենք ընդամենը բարելավել պացիենտների կյանքի որակը կամ իջեցնել մահացությունն ու հիվանդացությունը: Այս հանգամանքից ելնելով` խորհուրդ եմ տալիս մեր բոլոր պացիենտներին դիմել բժշկի ցանկացած գանգատի դեպքում և չսպասել, մինչև խնդիրը բարդանա, որովհետև, օրինակ, այնպիսի տարածված խնդրի դեպքում, ինչպիսին է նախասրտերի շողացումը կամ ֆիբրիլացիան, ժամանակին դիմելը և միջամտություն անելը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան եթե սպասեք և ուշացած դիմեք բժշկի` արդեն բարդություններով և հաջող ելքի ցածր հավանականությամբ:

-Ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում Ձեզ:

-Հիմնական խնդիրները, որոնք շատ տարածված են մեր ազգաբնակչության շրջանում առիթմոլոգիական տեսանկյունից, իհարկե, տախիառիթմիաներն են, այսինքն` նախասրտերի շողացումը, պարոքսիզմիալ տախիկարդիաները, տարբեր տեսակի էքստրասիստոլաները, փորոքային տախիկարդիաները: Նաև մենք հաճախ ենք տեսնում պացիենտներ տարբեր տեսակի կարդիոմիոպաթիաներով` սրտամկանի հիվանդություններով, որոնց պարագայում առիթմոլոգի հիմնական ֆունկցիան է գնահատել սրտային ռիսկը, այսինքն` բարդությունների և հանկարծամահության հավանականությունը և ըստ այդմ` առաջարկել լավագույն բուժումն այդ խնդիրը կանխելու և կյանքի տևողությունը երկարացնելու համար:
-Մասնագիտական ինչպիսի՞ հագեցվածություն ունի առիթմոլոգիական ծառայությունը:
-«Նորք-Մարաշ» ԲԿ առիթմոլոգիական ծառայության բոլոր կադրերն ընտրվում են հատուկ մոտեցմամբ, որը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ և նեղ մասնագիտական վերապատրաստում: Մենք շատ ենք կարևորում մարդկային հիմնարար արժեքների առկայությունը տվյալ անձի մոտ, ինչը մեզ օգնում է բարելավել թիմային աշխատանքը և դրա միջոցով հաջողության հասնել աշխատանքում: Բոլոր կադրերը, որոնք աշխատում են մեր կլինիկայում, անցել են առիթմոլոգիական վերապատրաստում, ինչը թույլ է տալիս մեզ իրականացնել ծառայությունը բավականին բարձր որակով` ի շահ մեր պացիենտների:


-Արդյո՞ք ծառայությունը ապահովված է նորագույն սարքավորումներով:


-Առիթմոլոգիական ծառայությունը զինված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի կարողանանք իրականացնել առիթմոլոգիական բարձր որակի բուժօգնություն: Էլեկտրաֆիզիոլոգիական միջամտություններն իրականացվում են ամերիկյան արտադրության գերժամանակակից եռաչափ քարտեզագրման համակարգի օգնությամբ (Ensite Precision Cardiac Mapping System), որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել պացիենտին ուղղված ճառագայթային վնասը, ինչպես նաև ապահովել վիրահատության առավելագույն արդյունավետություն: Սա մեզ թույլ է տալիս աշխատել այնպիսի խոցելի և բարդ պացիենտների հետ, ինչպիսիք են երեխաներն ու հղի կանայք:


-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում, որոնք համարում եք առիթմոլոգիական ծառայության հաջողության գրավականը:


-Աշխատանքում մենք ունենք երեք հիմնարար սկզբունք, որոնք համարում ենք մեր ծառայության հաջողության գրավականը, այն է` պացիենտակենտրոն մոտեցում, թիմային աշխատանք, պրոֆեսիոնալիզմ: Մեր աշխատաոճը հիմնված է այդ սկզբունքների վրա, և դրանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ապահովել ծառայությունների բարձր որակը և գերազանց արդյունքները:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...