04:14
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սրտի եզակի վիրահատություններ, մասնագիտական բարձր մակարդակ՝ սրտային վիրաբուժության բաժանմունքում

2020-12-08 00:16

«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

 
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Կրթություն
2000թ.-2004թ. - Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա՝ «մանկական սրտային վիրաբուժություն» մասնագիտությամբ
1983 ¬ 1989թթ. ¬ Երևանի պետական բժշկական ինստիտուտ, բժշկի որակավորում՝ «բուժական գործ» մասնագիտությամբ

Աշխատանք
Սեպտեմբեր 2018-2019թթ. - «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
2019թ-ից առ այսօր- «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
Սեպտեմբեր ¬ դեկտեմբեր 2016թ. - Օդենսի համալսարանական հիվանդանոցի Սրտի վիրաբուժության բաժանմունք, Դանիայի Թագավորություն, այցելու վիրաբույժ
Մարտ 2015թ.- հուլիս 2016թ. - «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունք, Խորհրդատու սրտի վիրաբույժ
Ապրիլ 2012թ. - հուլիս 2016թ. - «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
Փետրվար 2009թ. - մարտ 2012թ. - «Զեյթուն» սիրտ-անոթային բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
Փետրվար 2007թ. - փետրվար 2009թ. - «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունք, սրտի վիրաբույժ
Փետրվար 2007թ. - փետրվար 2009թ. - «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, սրտի վիրաբուժության բաժանմունք, բժշկական հետազոտությունների և տեխնիկական զարգացման լաբորատորիա, ծառայության ղեկավար
Հոկտեմբեր 2002թ. - մայիս 2005թ. - «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունք, կրտսեր վիրաբույժ
Ապրիլ 1994. - սեպտեմբեր 1998թ. - «Նորք- Մարաշ» բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, բժիշկ-ռեանիմատոլոգ
Հոկտեմբեր 1993թ. - ապրիլ 1994թ. - «Մալաթիա» բժշկական կենտրոն, Անեսթեզիոլագիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ

Հետբուհական կրթություն
Սեպտեմբեր 2007թ. - Քլիվլենդի հիվանդանոց, Սրտի կենտրոն, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ, միջազգային դիտորդ
Օգոստոս 2006թ. - փետրվար 2007թ. - Կոգարահի Սրբ. Գևորգ հիվանդանոց, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա, մեծահասակների սրտի վիրաբուժության ֆելոշիփ
Հուլիս 2005թ. - հուլիս 2006թ. - Վեսթմիդի մանկական հիվանդանոց, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա, մանկական սրտի վիրաբուժության ֆելոշիփ
Սեպտեմբեր 1998թ. - սեպտեմբեր 2002թ. - «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունք, մեծահասակների և մանկական սրտի վիրաբուժության ֆելոշիփ
Սեպտեմբեր 1994թ. - օգոստոս 1998թ. - «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, Սրտի վիրաբուժության բաժանմունք, մեծահասակների և մանկական սրտի վիրաբուժության ռեզիդենտուրա
Սեպտեմբեր 1991թ. - սեպտեմբեր 1993թ. - Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, ինտենսիվ թերապիայի կլինիկական ֆելոշիփ
Սեպտեմբեր 1990թ. - օգոստոս 1991թ. - «Սամարիտեր» բժշկական կենտրոն, սուր կորոնար համախտանիշի բաժանմունք, Գյումրի, ինտենսիվ թերապիայի ռեզիդենտուրա
Օգոստոս 1989թ. - հուլիս 1990թ. - «Արմենիա» բժշկական կենտրոն, օրդինատուրա՝ «Ներքին հիվանդություններ» մասնագիտությամբ

-Բժի՛շկ Ահարոնյան, Դուք պատասխանատու եք սրտային վիրաբուժության բաժնի պատշաճ աշխատանքի համար և դատելով բուժառուների գոհունակությունից՝ բաժանմունքն արդյունավետ է աշխատում, ինչպե՞ս է հաջողվում դա ապահովել:
-«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնն ունի բոլոր հնարավորությունները որակյալ վիրահատություններ իրականացնելու համար: Սրտային վիրաբուժության բաժանմունքն աշխատում է փոքր թիմով՝ բոլորս միասին (բժիշկներ, բուժքույրեր, մաքրուհիներ, ռեանիմատոլոգներ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ) 23-24 հոգի ենք: Բաժանմունքում աշխատում ենք երեք վիրաբույժներով, հավասարապես կիսում աշխատանքը, մեծ ջանքեր ներդնում մեր ծառայության որակը բարձր պահելու համար: Չեմ ցանկանում սրտաճմլիկ խոսքեր ասել, միայն կասեմ, որ մենք կատարում ենք մեր աշխատանքը սիրով, բարեխղճորեն, մեծ պատասխանատվությամբ և առավելագույն արդյունավետությամբ:
Եթե խոսենք արդյունքների մասին, ապա պետք է նշեմ, որ մենք ունենք ամենակարևորը՝ հետվիրահատական չնչին բարդություններ, մահացության ցածր տոկոս: Օրինակ՝ հետվիրահատական վերքերի ինֆեկցվելու հավանականությունը մեր հիվանդանոցում 0,5 տոկոսից բարձր չէ, որը շատ կարևոր ցուցանիշ է սրտային վիրաբուժության բնագավառում: Մեր աշխատանքի արդյունավետության գրավականներից է նաև այն, որ, օրինակ, իշեմիկ հիվանդության ժամանակ աորտոկորոնար շունտավորում իրականացնելիս հաճախ օգտագործում ենք ոչ թե ոտքից վերցված երակները, այլ զարկերակները՝ անգամ շաքարախտ ունեցող հիվանդների պարագայում: Զարկերակների կիրառումը թույլ է տալիս ապահովել երկարատև լավ արդյունք, ինչը չի կարելի ասել ոտքից վերցված երակների օգտագործման դեպքում:


-Դուք իրականացնում եք աորտայի ախտահարված փականի վիրահատություն, որի ժամանակ այն փոխարինվում է հիվանդի սեփական հյուսվածքից պատրաստված եռաթերթիկ նորաստեղծ փականով. ի՞նչ է այն իրենից ներկայացնում և արդյոք եզակի՞ վիրահատություն է Հայաստանուն և ի՞նչ առավելություններ ունի:
-Պետք է նշեմ, որ մեծահասակների պրակտիկայում աորտալ փականի ախտահարումը հիմնականում հանդիպում է ծերունական կամ նախածերունական տարիքում, բժշկական լեզվով կոչվում է ծերունական կամ նախածերունական ախտահարում: 2020թ. սկզբից մեր կենտրոնն իրականացնում է աորտալ փականի ախտահարման վիրահատություն, որը համընդհանուր ընդունված, դասական աորտալ փականի փոխարինումը չէ արհեստական փականով՝ մեխանիկական կամ կենսաբանական: Մենք իրականացնում ենք մի վիրահատություն, որը կոչվում է աորտայի նեոկուսպիդացում կամ Օզակիի վիրահատություն: Օզակին ճապոնացի վիրաբույժ է, ով առաջարկել է այս վիրահատությունը: Նա 2007թ.-ից կատարում է այս վիրահատությունը և արդեն մոտ տաս տարվա արձանագրված արդյունքներ է ներկայացրել: Օզակի վիրահատությունը մեծ տարածում ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բոստոնի մանկական կլինիկայում, Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում:
Բարեբախտաբար, այս վիրահատությունն արդեն հասանելի է Հայաստանում: Վիրահատության էությունը հետևյալն է՝ պերիկարդից (սրտակրանք) պատրաստում ենք երեք առանձին թերթիկներ, որոնցով փոխարինվում է հիվանդի ախտահարված փականը: Որքանով տեղյակ եմ, Հայաստանում միայն մեր կլինիկայում է այս վիրահատությունը կատարվում: Դեռ մեծ փորձ չունենք, մի քանի հիվանդի ենք վիրահատել, բայց արդեն իսկ առկա են լավ, նույնիսկ գերազանց արդյունքներ:
Օզակի վիրահատությունը դեռ նոր է, մարդիկ ծանոթ չեն, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այն նախընտրող հիվանդների թիվը կավելանա, քանի որ այն ունի մի շարք առավելություններ: Նախ՝ վիրահատության ժամանակ արհեստական ոչինչ չի օգտագործվում: Բնական հյուսվածքի առկայությունը ենթադրում է բակտերիալ էնդոկարդիտի շատ ցածր հավանականություն: Մյուսը՝ այս վիրահատությունը կարելի է կատարել ցանկացած տեսակի աորտալ փականի ախտահարման դեպքում. գրեթե հակացուցում չունի, ուղղակի կան որոշակի դեպքեր, երբ այն նախընտրելի չէ: Մյուս առավելությունն այն է, որ կարիք չկա օգտագործել հակամակարդիչ դեղորայք, ինչը չենք կարող ասել մեխանիկական փականի պարագայում, երբ հիվանդը պետք է ամբողջ կյանքի ընթացքում ընդունի հակամակարդիչներ, որպեսզի խուսափի թրոմբոէմբոլիկ բարդություններից: Իսկ մենք գիտենք, որ հակամակարդիչ օգտագործող հիվանդի մոտ բարձր է արյունահոսություն ունենալու հավանականությունը:


-Արդյոք Օզակի վիրահատությունը գնային առումով մատչելի՞ է:
-Մենք կարողանում ենք այն իրականացնել ոչ ավելի թանկ, քան աորտայի փականի փոխարինումը՝ դասական եղանակով: Ի դեպ՝ Օզակի տեսակի վիրահատությունը ընդգրկված է պետպատվերի և սոցփաթեթի ցանկում:


-Բժի՛շկ Ահարոնյան, Դուք ունեք միջազգային հարուստ փորձ, հետաքրքիր է, որքանո՞վ է հայաստանյան բժշկությունն իր արդյունքներով զիջում միջազգային փորձին, չափորոշիչներին, և որքանո՞վ եք կարևորում փորձի փոխանակությունը մասնագիտական աճի առումով:
-Հայաստանը, ցավոք, բժշկության ոլորտում շատ անելիքներ ունի զարգացած երկրների փորձին համահունչ քայլելու համար: Դրա մասին է վկայում այն, որ հասարակության շրջանում դեռևս պահպանվում է միտումը՝ մեկնել արտասահման վիրահատվելու:
Ինչ վերաբերում է սրտի վիրահատություններին, ապա Հայաստանում կատարվում են սրտի շատ լուրջ ու բարդ վիրահատություններ և բավականին բարձր մակարդակով: Իսկ միջազգային փորձն առավել արդյունավետ կիրառելու համար մենք՝ Հայաստանի բժիշկներս, շատ մեծ կարիք ունենք առնչվելու միջազգային բժշկության հետ և նոր փորձ ձեռք բերելու: Մյուս կողմից՝ Հայաստանում սրտի վիրաբուժության բնագավառում նոր բան չի ստեղծվել: Նորարարություններ արվում են զարգացած երկրներում, որտեղ բժշկությունը, նախ և առաջ գիտություն է, ինչը ոլորտի զարգացման շատ կարևոր գրավական է: Իհարկե, մենք փորձում ենք մեր կենտրոնում մի փոքր զբաղվել նաև գիտությամբ, մեր աշխատանքի վերլուծությամբ, բայց կարծում եմ՝ պետք է քայլեր ձեռնարկվեն Հայաստանում բժշկագիտության զարգացման ուղղությամբ, այդ ժամանակ մենք կկարողանանք միջազգային փորձի հետ համընթաց քայլել:


Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...