09:34
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ձեռքը կատարում է ուղեղի հրահանգած գործողությունը

2020-12-08 00:30

«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

Սրտի վիրաբույժ Արման Քոչարյանը կարծում է, որ վիրաբույժը պետք է ունենա առաջնահերթ պայծառ միտք, բարձր գիտելիքներ, ինտելեկտ, մասնագիտական փայլուն որակներ: Ըստ վիրաբույժի ձեռքի շնորհքը բնատուր է և այդպիսով ձեռքը կատարում է ուղեղի հրահանգները:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության բաժնի ղեկավար, սրտի վիրաբույժ Արման Քոչարյանը:

-Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ մասնագիտական ուղի եք անցել:
-1994-ից 2000թ. սովորել և ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Նորք Մարաշ բժշկական կենտրոնում անցել եմ կլինիկական օրդինատուրա մանկական և մեծահասակների սրտի վիրաբուժություն մասնագիտությամբ: 2003 թվականին ավարտել եմ կլինիկական օրդինատուրան և նույն կենտրոնում շարունակել եմ աշխատանքս մինչև 2009-ը թվականը, որպես սրտի վիրաբույժ: Այնուհետև մասնագիտական և աշխատանքային ուղիս շարունակել եմ Զեյթունի սիրտ-անոթային բժշկական կենտրոնում: Դրանից հետո աշխատել եմ «Քանկոր» բժշկական կենտրոնում, որն այժմ վերանվանվել է «Բեսթ Լայֆ» և մինչ օրս աշխատում եմ այստեղ։


-Ի՞նչ խնդիրներով են առավել հաճախ Ձեզ դիմում:
-Հայաստանում, և ընդհանրապես ողջ աշխարհում, տարածված է սրտի իշեմիկ հիվանդությունը: Սրտի վիրաբույժի օգնությանը դիմում են նաև բնածին և ձեռքբերովի արատների, աորտայի շերտազատման և մի շարք այլ հիվանդությունների հետ կապված :
-Ե՞րբ և ինչպիսի՞ խնդիրների դեպքում պետք է դիմել բժշկին, որպեսզի խուսափեն վիրահատությունից:
-Առհասարակ, որևէ գանգատ ի հայտ գալուց հետո, եթե ժամանակին դիմես սրտաբանի՝ չես հասնի վիրահատության: Պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ: Ժամանակին դիմելու դեպքում չես կանգնի վիրահատության շեմին:
-Պարո՛ն Քոչարյան, կատարում եք նաև մեծահասակների բնածին և ձեռքբերովի արատների հետ կապված վիրահատություններ, որքանո՞վ են տարածված սրտի բնածին արատները մեծահասակների շրջանում, և ինչպիսի՞ արդյունք է արձանագրվում վիրահատությունից հետո:


-Հայաստանում մեծահասակների շրջանում բնածին արատները քիչ են: Պատճառն այն է, որ Հայաստանում սրտի վիրաբույժ Հրայր Հովհակիմյանի շնորհիվ մանկահասակ երեխաների սրտային վիրաբուժությունը զարգացած է, և այդ խնդրին դեռ մանուկ հասակում է լուծում տրվում։ Բնածին արատներով մեծահասակների վիրահատություններն իմ կատարած աշխատանքի 1-2 տոկոսն է կազմում:
-Վիրահատության առավելագույն արդյունքն ապահովող ի՞նչ մոտեցումներ, սարքավորումներ և մեթոդներ են կիրառվում «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում:
-«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում բոլոր սարքավորումները, ինչպես նաև մոտեցումները նորագույն են: Բոլոր կենտրոնների առաջադեմ փորձն ու սարքավորումները կիրառվում են: Օրինակ` աորտա փականի սեփական հյուսվածքով փոխարինումը Հայաստանում կատարվում է միայն մեզ մոտ, և, առհասարակ, ամբողջ աշխարհում քիչ կլինիկաներում է այն իրականացվում:


-Պարո՛ն Քոչարյան, այսօր Հայաստանը զինված է տարբեր բժշկական հաստատություններով, ըստ Ձեզ, ո՞րն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի առավելությունը և ի՞նչ որակներով է այն առանձնանում:
-Համախմբվածության մեջ է կայանում մեր առավելությունը: Բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմն ունի մեկ նպատակ` համերաշխ աշխատել գործի հաջողության համար:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Արման Քոչարյանը վիրահատարան մտնելուց առաջ իր հուզմունքն ու էմոցիաները դնում է մի կողմ, մոռանում խնդիրներն ու կենտրոնանում հանուն բժշկի առաքելության: Իսկ հաջող ավարտից հետո ոգևորվում և թևեր ստանում հիվանդի գոհունակ հայացքից և ժպիտից:
Ըստ Արման Քոչարյանի, յուրաքանչյուր մասնագետ պետք է լինի աշխատասեր և ցանկություն ունենա մասնագիտական զարգացման և, ամենակարևորը, սիրի իր մասնագիտությունը, իսկ հիվանդներին հորդորում և խորհուրդ է տալիս, որպեսզի դիմեն բժշկի գանգատների դեպքում և չզբաղվեն ինքնաբուժությամբ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...