18:03
07/22/2025
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մոնթե Մելքոնյան

2013-01-23 11:32

«Դե Ֆակտո» N 57        

      ՙՀայկական հարցի լուծման համար, այսինքն հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին և ամենակարևոր պարտականությունը,-գրում է Մոնթե  Մելքոնյանը և շարունակում,-ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ, այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան  որևէ ուրիշ հայի և կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ՚:

                Մոնթե Մելքոնյանը իր ողջ գիտակից կյանքում պայքարել է իր ժողովրդի` հայ ազգի իրավունքների, հայոց  ցեղասպանության ճանաչման, մեր հայրենիքի տարածքային վերամիավորման համար: Մեծ հայրենասերը  հնագիտության պրոֆեսոր էր, ուրարտագետ և տիրապետում էր ութ լեզուների ու ժամանակին հրաժարվել էր Օքսֆորդի համալսարանում իր կրթությունը շարունակելուց. հանուն հեղափոխական Իրանում և պատերազմից բզկտված Լիբանանում իր հայրենակիցների պաշտպանության համար կռվելու:

                Մոնթե Մելքոնյանը ընտանիքի երրորդ զավակն էր: Նրանք չորսն են` երկու քույրիկ, երկու եղբայր: Եղբայրը` Մարգարը Մոնթեից մեկ տարով մեծ է, ով և այսօր նրա կենսագիրն է: Մոնթեն  ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի  Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում: Մայրը` Զաբել Մելքոնյանը տարրական դպրոցի ուսուցչուհի էր, խիստ և ավանդապահ հայուհի, հայրը`Չառլի Մելքոնյանը կահույքագործ էր: Ծնողները բնիկ ամերիկահայեր են, իսկ պապերը Օսմանյան կայսրությունից ԱՄՆ են եկել 1883թ.: Նրանք առաջին հայերից են, որ հաստատվել են Ֆրեզնոյի շրջանում:

                Փոքրիկ Մոնթեն  անչափ հետաքրքրասեր էր, միշտ պատրաստ  նոր բաներ սովորելու: Նա շատ էր սիրում զարմանալի փաստերի մասին խոսել, օրինակ` ՙմոնարխ՚ թիթեռները  թռչում են  Խաղաղ օվկիանոսի մի ափից մյուսը, կամ` Չինաստանում կապիկի  ուղեղ են ուտում և այլն: Տարիներ անց նա բանտից հարսնացուին գրում է. ՙՄարդը պետք է անդադար սովորի. դա է հավանաբար կյանքում ամենից շատ հուզում ու բավարարություն պատճառում ` չհաշված, իհարկե, իրար սիրելը՚:

                Մոնթեն հաճախում էր հանրակրթական դպրոց, նվագում կլառնետ ու հրաշալի բեյսբոլ էր խաղում: Տասներորդ դասարանում նա արդեն մաթեմատիկայի մասնավոր դասեր  էր տալիս` մեկ ժամի համար ստանալով տասներկու դոլար: Գումար էր վաստակում նաև դասերից առաջ և հետո  եղանով բեռնատար մեքենաներ  բեռնելով: Նա շատ էր սիրում կենդանիներ և մտածում էր` եթե մարդիկ հոգի ունեն, ապա կենդանիները նույնպես հոգի ունեն և ընտելացրել էր  բազմաթիվ կենդանիներ ու  թռչուններ`ճագարներ, աղավնիներ, կրիաներ: Մանկական տարիներին համոզված էր, որ ինքը ոչ միայն լողալ կարող է սովորել գորտի նման կամ ճախրել արծվի պես, այլ աճել և դառնալ գորտ կամ արծիվ: Մոնթեն  ուրախ  ու անհոգ երեխա էր: Նրան դժվար էր բարկացնել, բայց երբ հանկարծ ափերից դուրս էր գալիս` անկառավարելի էր դառնում: Նրա հազվադեպ բռնկումներն առավել ևս վտանգավոր էին, որովհետև, թվում էր, զայրույթն ավելացնում էր նրա նպատակասլացությունը, անվրեպությունն ու արագությունը: Նա համառ ու հաստատակամ էր: Կար մի սահմանակետ, որից այն կողմ չէր զիջի, անկախ հետևանքներից, և չէին ազդում սպասելիք պատիժն ու սպառնալիքները:

                -Ինչ վերաբերվում է մեր ազգային պատկանելությանը` մենք անորոշ  գիտեինք,  որ հայ ենք, բայց մեզ համար հստակ չէր , թե դա ինչ է նշանակում: Խոհանոցից  դուրս  մեր  ծնողներն  այդ մասին առանձնապես չէին խոսում,- գրում է եղբայրը` Մարգար Մելքոնյանը:

                1969 թ. Մոնթեի ծնողները, ովքեր երիտասարդ տարիներից ճանապարհորդելու հակում ունեին, անակնկալ որոշում կայացրին` երեխաների հետ մեկ տարով շրջագայել Եվրոպայում: Երկարատև ճանապարհորդությունը լի էր բազմազան տպավորություններով: 1970թ. գարնանը նրանք եղան Արևմտյան Հայաստանում և գտան Զաբել մայրիկի հայրական տան տեղը: Այս ճանապարհորդությունը կարևոր  էր պատանի Մոնթեի թե° զգայական աշխարհընկալման, և թե° անձի ձևավորման համար: Բայց ամենակարևորը` նրա ազգային պատկանելության  ինքնագիտակցությունն էր: Տարիներ հետո Մոնթեն պիտի գրեր այս ամենի մասին, որպես  հնագիտական գործնական ծրագրի մի մաս: Ճանապարհորդությունից հետո նա անհագորեն կարդում էր բազմաթիվ գրքեր` Աստվածաշունչ, Ս. Հայրերի  գրքերից, ՙՌոբինզոն Կռուզո՚ և այլն: Ծնողների գրադարանում մի գիրք հայտնաբերեց`ՙՀայաստանը և հայերը կամ մի հայի պատմությունը  Հայաստանի մասին՚ վերնագրով, որը գրվել էր 20-րդ դարասկզբին և Աբդուլ Համիդի կողմից հայերի  բնաջնջման ծրագրի  փաստի բացահայտումն էր: Այն սարսռացրեց տասնչորսամյա պատանուն: Թուրքերի ոճրագործության  և սադիզմի անթաքույց նկարագրությունները Մոնթեին այնքան չցնցեցին, որքան զոհերի` հայերի խղճալի, ողբալաց և անարի կրավորականությունը: Իսկ ավելի ուշ, երբ Մոնթեն ուսումնասիրում էր 1915թ. ցեղասպանությունը, նրան ապշեցրել է այն փաստը, որ միլիոն ու կեսից ավելի հայերի  սպանությունից ու ողջ մնացած մնացյալ հայության իրենց բուն հայրենիքից արտաքսելուց հետո  ոչինչ գրեթե չի արվել փոխհատուցման կամ ոճրագործության հետևանքները դատի ներկայացնելու և կորուսյալ հայրենիքը ետ պահանջելու ուղղությամբ:   Վաղ դեռահասության տարիքում Մոնթեն  սկսեց մտածել իր ու իր պապերի կյանքի մասին և սիրով ու մտահոգ սկսեց ուսումնասիրել իր նախնիների արմատները: Սակայն անհրաժեշտ էր  սովորել հայոց լեզուն: Նա  ամեն առավոտյան բացում էր իր տատի թավշյա  կազմով Նոր Կտակարանը և բարձրաձայն կարդում: Մոնթեն չէր հասկանում իր կարդացած բառերի իմաստը, բայց հաղթահարեց ամեն ինչ և սովորեց իր մայրենին` հայոց լեզուն: Նա գերազանց ուսանող էր Կալիֆորնիայի համալսարանում, իսկ Օքսֆորդի համալսարանում ուսումը շարունակելու համար հատուկ կրթաթոշակ սահմանվեց: Մոնթեն դատապարտված էր առաջնորդ, ղեկավար լինելու, քանի որ նա ուներ ղեկավարի բոլոր հատկություններն ու իմաստությունը: Մոնթեն ինքն իրեն միշտ զգում էր շատ ավելի մեծ ու հարատև փոփոխվող գաղափարի և աշխարհի մաս, որի վերջնական ըմբռնումը մարդկային մտածողությունից վեր է: Նա եղավ Լիբանանում, Իրանում, Աֆղանստանում և այլ երկրներում, և  այդ երկրների հայկական համանքների դեպքերի զարգացումով Մոնթեն այն եզրակացության եկավ, որ հայերը երբեք չեն կարողանա իրենց պահանջատիրությունն իրականացնել, եթե զինված առաջապահ խումբ չստեղծեն, որը պետք է ոգևորի և ուղղություն ցույց տա երիտասարդներին:  Եվ 1980թ. նա անդամագրվեց Հայաստանի ազատագրության  Հայ Գաղտնի բանակին, իսկ հետո դարձավ նրա ղեկավարներից մեկը:1981թ. Մոնթեի աջակցությամբ կազմակերպվեց հայտնի ՙՎան՚ գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին: 1981թ. նոյեմբերին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ  կրելու մեղադրանքով: Սկզբում դատապարտվեց չորս ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից:1985թ. Մոնթե Մելքոնյանը նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց ՙահաբեկչություն՚ կազմակերպելու մեղադրանքով:   1989թ. հունվարի 16-ին Մոնթեն բանտից դուրս է գալիս և իր ապագա կնոջ` Սեդայի հետ շրջագայում տարբեր երկրներում:Նա սիրահարվում է`իր ծրագրում չունենալով սիրահարվելը, քանի որ պարտավորվել էր ամուրի մնալ, ազատ լինել ու նվիրվել միայն հայրենասիրական պայքարին,սակայն կյանքը  իր անակնկալն ունի…  և 1991թ. օգոստոսին ամուսնանում է:  Դեռևս  1990թ. հոկտեմբերին  Մոնթե Մելքոնյանը հեռավոր Կալիֆորնիայից վերջնականապես եկավ Հայաստան, և հասավ  արդեն սկսված Արցախյան ազատագրական  պայքարին: Առաջին անգամ, տարիների ընթացքում նա ոչ բանտում էր, ոչ թաքստոցում, ոչ էլ փախուստի մեջ: Հայաստանում  նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991թ. սեպտեմբերին մեկնեց Արցախ ու հիմնեց Հայրենասիրական ջոկատը:1992թ. Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Իր անկեղծությամբ ու մաքրությամբ` նա  շահեց բնակչության սերն ու հարգանքը: Նրա  ղեկավարությամբ 1993թ.  մարտ-ապրիլ  ամիսներին  ազատագրվեց Քարվաճառը: ՙԻնձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա, ամենաազնիվն էր աշխարհում: Մոնթեի անձը բնորոշող  ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր: Նա ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ՚,- գրում է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը:

                Մոնթեն վարել էր աստանդական կյանք, ապրել տասնյակ երկրներում, տարբեր մականուններով ու տարբեր անձնագրերով: Հայաստանում  քիչ էր խոսում իր կյանքի մասին և լրագրողների հարցերին կարճ էր պատասխանում. ՙԻմ մասին շատ բան չունեմ ըսելու, օքե±յ: Ով որ կճանչնա` կճանչնա…Կարևորն այն է, որ Արցախի խնդիրը հասկնանք…և բան մը ընենք…՚  Նա անանձնական երջանկություն ունեցող և բոլորանվեր հայրենասեր էր, այն աստիճան, որ գիտակցորեն իր հոգևոր բոլոր կարողությունները  և կյանքը` նվիրեց իր Հայենիքի ազատագրությանը: Մոնթե Մելքոնյանի մի շարք արժեքավոր աշխատությունները   վկայում են նաև նրա լուջ մտավորական էության մասին, սակայն նա երբեք չէր բավարարվում տեսական զրույցներով ու  վերլուծություններով, նրա համար գործն էր կարևորը: Նա ապրում էր գործելու համար: 1993թ. հունիսի  12-ին Մոնթեն և իր ընկերները  Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են` մոտենում են, պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը` Սարիբեկը: Նրա աճյունը ամփոփվեց Եռաբլուրում, իր սիրելի կնոջ` Սեդայի` Մարտունուց բերած  մի բուռ հողի հետ միասին: Այսօր նորակոչիկները երդվում են Մարտունու  քաղաքապետարանի հրապարակում հրամանատար  Ավոյի կոթողային մարմարե հուշարձանի առջև: Իսկ Հայոց բանակի ապագա սպաները ուսանում են Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում:   Մեծ հայրենասերը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի և Արցախի հերոսի  կոչումների, պարգևատրվելով ՙՀայրենիք՚,ՙՈսկե  Արծիվ՚ և ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշաններով: Իսկ ամենաբարձր պարգևը Մոնթե Մելքոնյանի` Ավոյի համար ազատագրված Արցախն էր: Նա համազգային երևույթ է: Նա ճիշտ ժամանակին հասավ` իր ազգի օրհասական պահին, և ոչ միայն ճակատագիրն ու հոգին նվիրեց, այլ նաև իր երիտասարդ կյանքը: Դժվար է լիովին  հասկանալ Ավոյի ներաշխարհը, որովհետև այն իր պարզության մեջ ինչքան  ըմբռնելի է, այնքան էլ անըմբռնելի է իր բարդության մեջ:

ՙԵթե  մենք կորցնենք Արցախը, մենք կշրջենք  մեր ժողովրդի պատմության  վերջին էջը՚,- այս թևավոր խոսքերի հեղինակը Մոնթե Մելքոնյանն է, որտեղ խոր իմաստ ու  փիլիսոփայություն կա,  և թերևս այս արտահայտությունը պիտի խթանի սերունդներ դաստիարակելու հայրենասիրության և հայրենատիրության ոգով: Իսկ Մոնթե Մելքոնյանի` Ավոյի  հիշատակի հավերժացման ամենանվիրական արտահայտումը կլինի` իր կիսատ թողած  գործը հաղթական ավարտին հասցնելը

                                                                                           

                                                                                        ԱՆՆԱ  ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 

 

 

 

:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...