04:09
11/01/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխատանք, նպատակասլացություն, հարաբերությունների ճիշտ կազմակերպում և համբերություն. սա է հաջողության հասնելու ամենաազնիվ ճանապարհը

2013-02-09 11:47

«Դե Ֆակտո» 49(2010թ.)

ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյան

-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը:

-Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը երկրների տնտեսությունների վրա` տնտեսական քաղաքականության խնդիրը բոլոր երկրներում ընդհանուր է` կանխել ճգնաժամն ու խթանել տնտեսության զարգացումը:  Այն երկրները, որոնք շատ ավելի զարգացած են, տնտեսապես հզոր և սերտորեն կապված են համաշխարհային տնտեսությանը, բնականաբար, ավելի մեծ կորուստներ ունեցան:

Ես վստահ եմ` այն քաղաքականությունը, որն իրականացրեց և շարունակում է իրականացնել ՀՀ կառավարությունը, արդեն իսկ իր արդյունքները տալիս է. ունենք տնտեսական որոշակի աճ: Իհարկե, դա չի նշանակում, որ խնդիրն ամբողջությամբ լուծված է, որովհետև մեր տնտեսությունը խիստ կապված է այլ երկրների` Ռուսաստանի, եվրոպական երկների, ԱՄՆ-ի տնտեսությունների հետ, որոնց ներդրումների ծավալները նվազել են: Ես կարծում եմ, որ վարվող  քաղաքականությունը կտա իր դրական արդյունքը:

-Ըստ Ձեզ` այժմ ճգնաժամի ո՞ր փուլում է մեր երկիրը: 

-Իմ կարծիքով` մենք ճգնաժամից դուրս գալու սկզբնական փուլում ենք:

-Պարո՛ն Սարգսյան, խորհրդարանում այսօր վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Ի՞նչ եք կարծում, նոր աշխատանքային պայմաններ ունենալն ի՞նչ կփոխի խորհրդարանական աշխատանքում:

-Խորհրդարանի վերանորոգումները շատ կարևոր են և անհրաժեշտ: Աժ-ն այսօր իր աշխատանքները կատարելագործելու փուլում է:  Ես կարծում եմ, որ վերանորոգման աշխատանքներն էականորեն չեն կարող ազդել ԱԺ աշխատանքների որակի վրա, թեև մտածում եմ նաև, որ լավ աշխատանքային պայմանները նպաստում են արդյունավետ աշխատանքին:

-Ձեզ  գրավո՞ւմ  է  խորհրդարանական աշխատանքը, և ի՞նչ եք կարծում, գործարարի  աշխատանքային փորձը որքանո՞վ  կարող է  նպաստել  Ազգային ժողովի աշխատանքի արդյունավետությանը:  

-Անկեղծ ասած` ինձ ավելի շատ գրավում է տնտեսական գործունեությունը: Ես, որպես պատգամավոր, մշտապես աշխատել եմ ժողովրդի հետ, նրանց կողքին եմ եղել և զբաղվել եմ նրանց հուզող խնդիրներով: Այն պարտականությունները, որոնք ես ունեի Վայոց ձորի մարզպետ աշխատելու տարիներին, դրանք չեն  նվազել ԱԺ պատգամավոր  դառնալուց հետո: Մարզում ես ունեմ գրասենյակներ, որոնք աշխատում են ժողովրդի հետ:

Գործարարների ունեցած կիրառական գիտելիքներն օգտակար են խորհրդարանական աշխատանքին, երկրորդ կարծիք  լինել չի կարող, քանի որ գործարարն իր կարծիքը հայտնում է` հիմնվելով իր փորձի վրա:

-Ի՞նչ աշխատանքներ են իրակացվել Վայոց ձորի մարզում Ձեր պաշտոնավարման տարիներին: 

-Իրականացված աշխատանքները բազմաթիվ են, որոնք առնչվում են մարզի ամենատարբեր խնդիրներին: Համաշխարհային բանկի տվյալներով` 2003թ. հանրապետությունում ամենաաղքատ մարզը  Վայոց ձորն էր, իսկ արդեն 2007թ.` Վայոց ձորում աղքատության ցուցանիշը, կարելի է ասել, ամենացածրն էր. Վայոց ձորը ամենաբարվոք վիճակում գտնվող մարզերի շարքում էր: Այդ տարիների ընթացքում մարզում  կատարվեցին հսկայածավալ ներդրումներ` հիմնականում ոռոգման, դպրոցաշինության,  ճանապարհաշինության ոլորտներում: Միայն երեք տարվա ընթացքում մոտավորապես` 15մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարվել ոռոգման համակարգում, որի արդյուքնում` մարզում ողջ  մեխանիկական ոռոգումը փոխարինվեց  ինքնահոսով: Քանի որ  մարզում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը, և ժողովուրդը զբաղվում է խաղողի, պտղի,  բանջարեղենի մշակմամբ, բացվեցին նոր կազմակերպություններ, որոնք բավականին բարձր գներով սկսեցին մթերել գյուղմթերքը:  Բնականաբար, այդ հսկայածավալ ներդրումները չէին կարող չազդել մարզի ընդհանուր զարգացման վրա:

Այդ ընթացքում գրեթե բոլոր դպրոցները, հիվանդանոցները վերանորոգվեցին, ապահովվեցին նոր գույքով:  Աշխատում էինք  բազմաթիվ արտասահմանյան կազմակերպությունների, դեսպանատների հետ: Շատ կարևոր ձեռքբերում էր Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհի վերակառուցումը, որը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ էր: Դրա վերակառուցումը  խթանեց երկու մարզերի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը և դարձավ միջպետական նշանակության ճանապարհ:  Այս ամենն իրականացվեց Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:

-Այսօր, այնուամենայնիվ,  զարգացման տեմպերն ավելի ակտիվ են Երևանում, իսկ մարզերը կարծես թե հետ են մնում ընդհանուր  զարգացումից, գյուղերը դատարկվում են: Ի՞նչ պետք է անել, որ Երևան քաղաքի և մարզերի միջև առաջացած անջրպետը վերանա:

-Առաջին հերթին պետությունը պետք է հարստանա,  որպեսզի  կարողանա օգնել գյուղում ապրողներին,  նոր ստեղծվող ընտանիքներին, ապահովել նրանց նվազագույն  պայմաններով, որպեսզի վերջիններս  չլքեն իրենց բնակավայրերը: Այսօր դա շատ արդիական խնդիր է: Պետք է լուրջ ներդրումներ արվեն մարզերում, որպեսզի դրանք զարգանան ու դառնան ապրելու համար գրավիչ: 

-Հայաստանում ամենալուրջ խնդիրը ո՞րն եք համարում, որը հրատապ լուծման կարիք ունի:

-Իմ կարծիքով` Հայաստանում ամենալուրջ խնդիրը  աշխատատեղերի ստեղծման խնդիրն է: Ինձ շատ են դիմում այդ հարցով, հատկապես` նորավարտ մասնագետները: Մեր ժողովուրդն  աշխատող ժողովուրդ է և առաջնորդվում է հետևյալ սկզբունքով` ավելի լավ է իմ տան մեջ աշխատեմ, քիչ վաստակեմ, բայց հզորացնեմ ու շենացնեմ իմ հայրենիքը: Եթե մենք յուրաքանչյուր նորավարտ ուսանողի, զորացրված երիտասարդի կարողանանք ապահովել համապատասխան աշխատանքով, մնացած խնդիրները կամաց-կամաց կլուծվեն:

-Նախագահական ընտրությունների ժամանակ Դուք պաշտպանել եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսօր երկրի նախագահի գործունեությանը նայելով` գո՞հ եք վարվող քաղաքականությունից:

-Ես պաշտպանել եմ և պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ես նրա քաղաքական թիմակիցն եմ: Մեր պետության խնդիրները բազմաթիվ են` մեր աշխարհագրական դիրքը, արտաքին թշնամիները, բնական ռեսուրսների պակասը և բազմաթիվ այլ խնդիրներ: Բոլորս էլ տեսնում ենք, որ ՀՀ նախագահը փորձում է բոլոր խնդիրներին  լուծում տալ: Ես շատ եմ ափսոսում, որ Թուրքիայի հետ երկխոսությունը չստացվեց: Կարծում եմ` այսօր մեր նախագահի կողմից նպատակային, շարունակական աշխատանք է կատարվում, որ մեր երկիրն ավելի հզոր, բարեկեցիկ  և  լուրջ կշիռ ունեցող երկիր դառնա: 

-Դուք բազմաթիվ ներդրումային ծրագրեր եք իրականացրել Հայաստանում: Ես տեղյակ եմ, որ Ջերմուկում հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքներն եք ուզում սկսել:

-Ներդրումներ միշտ արվում են: Գործում է ՙՄուրադ Սարգսյան՚ հիմնադրամը, որը ՀՀ-ում բազմաթիվ ներդրումային  ծրագրեր է  իրականացնում հատկապես  սոցիալական ոլորտում:

Այժմ Ջերմուկ քաղաքում կառուցվում է առողջարան, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Կարծում եմ` առողջարանը քաղաքի և մարզի զարգացման համար կարևոր նշանակություն կունենա. կխթանի առողջարանային տուրիզմի զարգացումը:

Երևան քաղաքում կառուցվում է ստորգետնյա ավտոկանգառ,  ընթացքի մեջ են հյուրանոցային համալիրի կառուցման աշխատանքները:

-Ռուսաստանում կա ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոց, որը Ձեր եղբայրն է կառուցել: Պատմեք այդ հյուրանոցային համալիրի և Ձեր եղբոր մասին:

-Եղբայրս 1990թ. տեղափոխվեց Մոսկվա` աշխատելու: Նրա ջանքերով ստեղծվեց շինարարական վերականգնողական կազմակերպություն, որը անվանվեց  ՙԼուսինե՚, որը հիմնականում զբաղվում էր Ռուսաստանի մշակութային արժեքների վերանորոգմամբ և վերակառուցմամբ, ինչպես նաև զուգահեռ իրականացնում էր շինարարական աշխատանքներ տարբեր ոլորտներում: Կազմակերպությունը հաջողությունների հասավ եղբորս ամենօրյա նպատակասլաց աշխատանքի և հայ վարպետների տաղանդի շնորհիվ: Այդ տարիներին Հայաստանից հազարավոր մարդիկ էին ընդգրկված ՙԼուսինե՚-ի իրականացրած  աշխատանքներում: Կազմակերպությունն իր աշխատանքով շատ կարճ ժամանակում գրավեց քաղաքի ղեկավարության ուշադրությունը և նրանց կողմից  պատվեր ստացավ վերականգնել երկրի  մշակութային կարևոր կառույցներից մի քանիսը,  օրինակ, Պուշկինի առանձնատունը, Տրետյակովյան պատկերասրահը և բազմաթիվ այլ պատմամշակութային օջախներ: ՙԼուսինե՚ կոնցեռնը շարունակում է իր  գործունեությունը մինչ այսօր:

Մոսկվայի կենտրոնում դեռևս  տարիներ առաջ գործել է ՙՀայաստան՚ հյուրանոցը և ՙԱրարատ՚ ռեստորանը, որոնց տեղում 1998թ. եղբայրս նախաձեռնեց  ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցի կառուցման աշխատանքները: Հյուրանոցն այսօր համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Այս տարվա սկզբին ամերիկյան և անգլիական կազմակերպությունները մոնիթորինգ էին անցկացրել: Ըստ անցկացված մոնիթորինգի տվյալների` աշխարհի 100 լավագույն հյուրանոցների ցանկում ՙԱրարատ Հայաթը՚  15-րդ էր:

-Ո՞րն է ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցի առանձնահատկությունը:

-Հյուրանոցը կառուցված է հայկական ճարտարապետության շնչով, ինչպես եղբայրս էր ասում, լցված է հայկական ոգով և համապատասխանում  է միջազգային չափանիշերին, ունի յուրահատուկ դիզայն: Հյուրանոցում գործում է հայկական  եկեղեցի, որը բացառիկ երևույթ է հյուրանոցային բիզնեսի մեջ: Հյուրանոցում գործում է նաև ՙԱրարատ՚ ռեստորանը, որը կառուցված է նախկին ՙԱրարատ՚ ռեստորանի նախագծով: ՙԱրարատ՚ ռեստորանն, իմ կարծիքով, Մոսկվայում հայկական լավագույն ռեստորաններից է: Պետք է նշեմ, որ  մեր հայրենակիցները` և՛ Հայաստանից, և՛ արտերկրից, Մոսկվա գալուց անպայման կանգ են առնում ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցում: Հաշվի առնելով նաև մեր գործընկերների մասնագիտական բարձր որակը` ՙԱրարատ Հայաթը՚ կարողանում է մնալ այսօր աշխարհում    լավագույններից մեկը:

Եղբորս համար ՙԱրարատ Հայաթ՚ հյուրանոցը դարձել էր ոգեշնչման աղբյուր: Նա ասում էր, որ այն պետք է դառնա հայ ժողովրդի համախմբման վայրը, որտեղ և՛ հայկական շունչ կա, և՛ ոգի: Ցավոք, նա այսօր մեզ հետ չէ:

-Ի՞նչ է հաջողություն ասվածը  քաղաքական գործչի և գործարարի համար:

-Երբ մարդը հաջողակ է, հաջողակ է և՛ բիզնեսում, և՛ քաղաքականությունում, և՛ ընտանիքում: Բայց ամեն ինչ կապել հաջողության հետ, սխալ է: Հաջողությունը աշխատանք է, որքան շատ ու նպատակային մարդ աշխատի, այնքան ավելի մեծ հաջողությունների կհասնի: Սակայն  պետք է նաև հավատալ այդ հաջողությանը: Աշխատանք, նպատակասլացություն, հարաբերությունների ճիշտ կազմակերպում և համբերություն. սա է հաջողության հասնելու ամենաազնիվ ճանապարհը:

-Ձեր կյանքում դժվարությունները շա՞տ են եղել, չե՞ն ընկճել Ձեզ:

-Դժվարություններն իմ կյանքում, իրոք, շատ են եղել: Բարեբախտաբար, դրանք հաղթահարելուց չեմ ընկրկել և հասել եմ որոշակի հաջողությունների: Բացի դրանից, ես միշտ շրջպատված եմ եղել մարդկանցով, որոնք դժվար պահին եղել են իմ կողքին, ինձ հույս են տվել, ուղղություն են ցույց տվել: Ես երբեք չեմ ամաչել հարցնելուց, երբեք չեմ ամաչել խորհուրդներին հետևելուց:

-Կա՞ն ճշմարտություններ, որոնց անվերապահորեն հավատում եք:

-Ես, առաջին հերթին,  անվերապահորեն հավատում եմ իմ հայրենիքի լիարժեք կայացմանն ու հզորացմանը, և հպարտանում եմ Հայաստան  աշխարհով:

-Մարդու մեջ ամենաշատը ի՞նչն եք գնահատում:

-Մարդու մեջ առաջին հերթին գնահատում եմ պարկեշտությունը:  Դրա մեջ շատ բաներ են մտնում: Ես չեմ կարող ընդունել սուտը, կեղծիքը: Իմ կյանքում չի եղել մի դեպք, որ ես մեկին խաբեմ: Թող անհամեստություն չլինի, բայց դա իրոք այդպես է.կարևոր չէ, թե ես հասարակ գյուղացո՞ւ, պաշտոնյայի՞, թե՞ իմ մանկության ընկերոջ հետ եմ շփվում: Իմ հաջողության գրավականը նաև դա եմ համարում:

-Ժամանակ ունենո՞ւմ եք ընտանիքում հաճախ լինելու: Ինչպիսի՞ն եք տանը և աշխատանքում:

-Դժբախտաբար, շատ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել ընտանիքիս: Բայց ես սկզբունք ունեմ` իմ  աշխատանքային, ընտանիքից դուրս խնդիրները հոգս չդարձնել հարազատներիս համար: Երբ իրենց հետ եմ, աշխատում եմ լիարժեք տրվել այդ վիճակին և նրանց հետ հաճելի ու անհոգ ժամանակ անցկացնել:  Ամենուր փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ:

-Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Անկեղծ ասած`դեռևս հինգ տարի առաջ ես շատ  երազանքներ ունեի և մտածում էի, թե ինչպես պետք է  հասնեմ դրանց: Այսօր մի երազանք ունեմ` մշտապես իմ կողքին տեսնել իմ հարազատներին, մարդկանց, ում սիրում եմ և թոթափել հոգեկան այն դատարկությունը, որն ինձ  ճնշում է:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...