15:20
04/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայկական ժողովրդական երգն իմ տարերքն է

2013-03-28 11:39

«Դե Ֆակտո» N73 (2012թ.)

Մենք պարտավոր ենք բոլոր աշուղների և կոմպոզիտորների ժողովրդական երգերը  հավասարաչափ  կատարել

Հարցազրույց Գյումրիի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Մալխասյանի հետ

- Պարո՛ն Մալխասյան, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք երգարվեստի ճանապարհը, ինչքա՞ն ժամանակ է, որ երգում եք։

 -Ես չեմ հիշում` երբ եմ սկսել երգել, կարելի է ասել` ինչքան ինձ ճանաչում եմ,երգում եմ։ Աշխատանքս սկսել եմ Ախուրյանի շրջանի մշակույթի բաժնից, այդ տարիների ընթացքում էլ եմ երգել,  ու  կերգեմ մինչև կյանքիս վերջը։ Ազգային երգի հանդեպ սերը գալիս է իմ պապերից, նրանք Մշո դաշտերից են` Բուլանուխի Թեղուտ գյուղից։ Երգը իմ կյանքն է, այն կարծես  չորրորդ զավակս լինի։ 

 -Պարո՛ն Մալխասյանարդեն  երկեր տարիներ է  Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրենն եք, պատմե՛ք, խնդրեմ նվագախմբի աշխատանքների մասին։

-1986 թվականից  պետական նվագախմբի կարգավիճակ ունենք, ինչպես Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների և Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական նվագախումբը։ Մեր նվագախումբն ունի 33 կատարող և  8 ադմինիստրատիվ աշխատող։  Խմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավարը Ջեմմա Քաղցրիկյանն է, իսկ տնօրենի  պարտականությունները 1990թ.-ից կատարում եմ ես։

-Պատմե՛ք, խնդրեմ նվագախմբի  աշխատանքային շրջագայություններից, ո՞ր պետություններում եք հասցրել լինել և ներկայացնել հայ ազգային մշակույթը։

-Շրջագայություններով եղել ենք աշխարհի տարբեր  երկրներում` ԱՄՆ-ում, ֆրանսիայում, Գերմանիայում, Կիպրոսում, Ռուսաստանի Դաշնությունում, Հունաստանում, Պարսկաստանում։ Առանձնահատուկ  ուզում եմ նշել ՀՀ-ում մշակույթի նախարարության կողմից մեր նվագխմբին ընձեռած հնարավորության մասին, այն է, որ մենք կարողացանք մասնակցել Ռոստովի Ազով քաղաքում կազմակերպված համաշխարհային փառատոնին և բարձր պահել Հայ մշակույթի  մեծարժեք դերը աշխարհում։ Համերգներով շատ ենք հանդես եկել  նաև Ֆրանսիայում, իսկ առաջին այցը, որ   տպավորվել է  մեր մեջ, 1989 թվականի  համերգային շրջագայությունն էր, որը երկրաշարժից հետո էր,  դեկտեմբեր ամսին։  Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նվագախումբը առաջիններից էր, ով  եռագույն դրոշը բարձրացրեց  Ֆրանսիայում։

Այնտեղի բնակչությունը   արցունքոտ  աչքերով դիմավորեց մեզ,  սակայն  ազգային արվեստի գերազանց ցուցադրումից հետո հիացած էին և զարմացած։

-Հայաստանում   այսօր ժողովրդական երգարվեստը ի՞նչ  հիմքերի վրա է դրված։

-Այսօր ազգային երաժշտության դաշտում դրական տենդենց է նկատվում, ողջունում եմ  «Շանթ»  հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագիծը, շատ ուրախալի է, որ մեր երիտասարդ սերնդի մեջ էլ շատ կան  ժողովրդական երգեր կատարողներ,  ովքեր սիրով կատարում են  նաև աշուղական անզուգական երգերը։ Իսկ մեր նվագախումբը  երգում և տարածում  է ժողովրդական երգեր, անգամ Շերամի, Ջիվանու դեռևս չկատարված շատ հին երգերը։

 -Դուք համամի՞տ եք, որ երգիչ ծնվում են, այլ ոչ թե դառնում։

-Իհարկե՛, հավատում եմ, եթե  երգելու աստվածատուր շնորհ չունես, ինչքան ուզում ես կրթություն ստացիր, միևնույն է, չես կարող արվեստագետ դառնալ, արվեստ մատուցել  և քո երաժշտությամբ  մարդկանց հոգիները գերել։

-Ինչպիսի՞ն է մեր հայկական երգարվեստը, չէ որ պրոֆեսիոնալ  երգիչների կողքին հանդես են գալիս  ոչ պրոֆեսիոնալ կատարողներ։

-Այսօր  հեռուստացույցով տեսնում ենք այն մարդկանց, ովքեր ֆինանսապես ապահովված են,  կամ  ունեն լավ հովանավորներ։ Սակայն կարող եմ նշել, որ այդ կերպ երկար չես կարող  շարունակել։ Իսկ ինչ վերաբերում է «աստղերին», պետք է ասեմ, որ  աստղերը երկնքում են, իսկ մենք բոլորս մահկանացուներ ենք։

-Դուք ո՞ր աշուղի երգերն եք սիրում կատարել։ Ո՞ր երգն է, որ միշտ Ձեզ ուղեկցում է թե՛ տխուր, թե՛ ուրախ պահերին։

-Դժվարանում եմ ասել, քանի որ բոլորն էլ մեծեր են, բոլորի ստեղծագործություններն էլ հայերիս համար շատ թանկ են։ Երգի ընտրությունը  կախված է տրամադրությունից  և օրվա զգացողությունից Մենք պարտավոր ենք բոլորի երգերը  հավասարաչափ  և նույն նվիրումով կատարել, լինելով գյումրեցի`  Շերամը  ինձ համար ամենահարազատ և   ամենալիրիկական աշուղն է։ Սայաթ-Նովայի մասին խոսք անգամ չի կարող լինել, նա  անգերազանցելի մեծություն է։ Անսահման սիրով  կատարում ենք նաև Ջիվանու, Շերամի, Աշոտի, Շահենի, Իգիթի ստեղծագործությունները։

-Ե՞րբ են ձեզ շնորհել ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։

-2006 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինձ շնորհեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչում,  երազում եմ նաև  ՀՀ ժողովրդական  արտիստի կոչում վաստակել։

-Ձեր երգարվեստի  անցած ճանապարհին   ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել։

-20 տարուց ավել է մենք աշխատում ենք տնակային պայմաններում, և այս դժվարին պայմաններում  նվագախումբ և արվեստ ենք պահում։ Իսկ ձմռան  ցուրտ օրերին    տաքանում ենք վառարանով  և ստեղծագործում։ Նվագախումբը մեր քաղաքի ու ժողովրդի դեմքն է։ Չնայած այս վատ պայմաններին, միշտ բարձր ենք պահում մեր ազգային ոգին. չէ՞ որ մարդկանց  կարող ես զարմացնել  միայն քո ազգային արվեստով։  

- Նվագախումբը համերգային ծրագրերով հանդես գալի՞ս է։

-Այս տարի նվագախումբը  ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ Գյումրիում տոնեց իր գործունեության 25 ամյակը։ Ուզում ենք համերգի ձայնասկավառակը թողարկել, այն շուտով պատրաստ կլինի,  և ցանկանում ենք այդ ձայնասկավառակով  մասնակցել Ազգային  երաժշտական մրցանակաբաշխության։ Ունկնդրին ձայնասկավառակը կներկայանա ամենասիրելի երգացանկով։ Առաջիկայում կցանկանայի, որ Գյումրիի Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախմբի 25 ամյակին նվիրված  հոբելյանական համերգով   հանդես գանք  նաև  Երևանում։

-Ո՞վքեր են Ձեր նվագախմբի անդամները։

- Մեր նվագախմբի անդամների մի մասը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիան, մյուս մասը` կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, բոլոր կատարողներն էլ  ունեն բարձրագույն կրթություն և գիտեն աշուղական և ժողովրդական  երգեցողության գաղտնիքները։

-Գյումրիի քաղաքապետարանի կողմից աջակցություն ստանո՞ւմ եք։

-Ուզում  ենք հողատարածք վերցնել և շինություն կառուցել, նորմալ պայմաններ ստեղծել ստեղծագործելու և հայ ազգային երգարվեստը պահպանելու համար, կարծում եմ քաղաքապետը կաջակցի մեզ։

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի իսկական հայ արվեստագետը։

 -Երգիչը  շատ  բարոյական պետք է լինի, մաքուր իր գործի մեջ.  չէ՞ որ մարդու մեջ ձևավորում ես զգացողություն և իրավունք չունես  խաբել հանդիսատեսին։ Այդպիսի անհատականությունն  էր իմ զավակը, ով նույնպես տարածում էր ազգային երաժշտությունը։ Սակայն ճակատագիրը  նրան ինձնից խլեց շատ վաղ հասակում։ Այնուամենայնիվ երգը իմ տարերքն է և ամեն ինչից  անկախ մասնակցում եմ   ՀՀ տարածաշրջանում կազմակերպված բոլոր համերգներին։

 -Այսօր ի՞նչն է առավել  Ձեզ մտահոգում։

Խորհրդային ժամանակաշրջանում  նախօրոք ծրագրված էր  համերգների ցանկը, շրջագայության ընթացքում ֆինանսական խնդիրներ չէին առաջանում։ Իսկ այսօր ազգային մշակույթ տարածելը ժողովրդին շատ ավելի դժվար է, բարդություններն ու խնդիրները  շատ են։ Համերգների կազմակերպչական աշխատանքների նախաձեռնող կողմը  ես եմ,  ամեն ինչում ֆինանսական աջակցություն է պետք։ Միակ խնդիրը հովանավոր չունենալն է։ Հուսով եմ կգտնվեն մարդիկ, ովքեր իրենց համեստ աջակցությամբ կհովանավորեն մեզ։

 

Լիլիթ Խաչատուրյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...