11:11
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տուֆի հայրենիք Արթիկը հարուստ է բնական պաշարներով

2013-03-28 11:49

«Դե Ֆակտո» N73 (2012թ.)

Թուրինջ Պետոյան, «Արթիկ-տուֆ» ՓԲԸ փոխտնօրեն, §Թուրինջ»  ՍՊԸ տնօրեն

 Արթիկի տուֆի որակական հատկանիշերն անգերազանցելի են։ 

 -Պարո՛ն Պետոյան, բավականին հարուստ կենսագրություն ունեք՝ քառասունութ տարվա աշխատանքային փորձ հանքարդյունաբերության ոլորտում, կուզենայի հետադարձ հայացք  գցելով՝ ներկայացնեք Ձեր անցած ուղին։

-Ես ծնունդով արթիկցի եմ, և իմ ողջ կյանքն ապրել և աշխատել եմ այստեղ։ Կրթությունս ավարտելուց հետո իմ աշխատանքային կենսագրությունը սկսվել է §Արթիկ-տուֆ» ընկերությունում ամենահասարակ բանվորական աշխատանքից մինչև տնօրեն։ Սիրեցի այս ոլորտը և ջանասիրաբար աշխատելով՝ կարողացա հասնել հաջողությունների։ Հնարավոր չէ չսիրելով աշխատանքը՝ որևէ հաջողության հասնել, ես դրանում համոզվել եմ իմ գործունեության ընթացքում։ Ինձ համար շատ հաճելի և սիրելի է իմ աշխատանքը, և առավել հաճելի է, երբ իմ համաքաղաքացիներն են ներգրավված այս աշխատանքում։ Իհարկե, ցավում եմ, որ այսօր հանքարդյունաբերությունը  նախկինի նման չի զարգանում, երբ ժողովուրդը կարողանում էր լավ վաստակել իր տքնաջան աշխատանքով։

Վերադառնալով իմ աշխատանքային կենսագրությանը՝ նշեմ, որ 2002թ. ստեղծվեց  §Մուշ-Կոլ» ՍՊԸ-ն, իսկ 2005թ.  հիմնեցինք  §Թուրինջ» ՍՊԸ-ն, որի տնօրենն եմ այսօր։ §Թուրինջ» ՍՊԸ-ն նույնպես զբաղվում է տուֆի արդյունահանմամբ և բավականին լուրջ ռեսուրսների է տիրապետում։

-Այսօր ի՞նչ թափով է զարգանում հանքարդյունաբերությունը Արթիկում՝ §Թուրինջ» ՍՊԸ-ի և §Արթիկ-տուֆ»-ի օրինակով։

-Նախ նշեմ, որ Խորհրդային Միության  տարիներին  Արթիկն  իր արդյունաբերական խոշոր  ձեռնարկություններով հայտնի էր միութենական կայսրության համարյա բոլոր հատվածներում։ Արթիկի տուֆի համբավը տարածվել էր ողջ տարածաշրջանում, բայց, ցավոք,  անկախության տարիներին քաղաքը կամաց-կամաց կորցրեց իր արդյունաբերական երբեմնի  համբավը։

Առանց պետական հոգածության՝ հանքարդյունաբերությունն այսօր անհամեմատելի չափով նվազեցրել է իր արտադրության ծավալները։ Ներքին սպառումը հիմնականում իրականացվում է շինարարական ընկերությունների և մասնավոր պատվերների շնորհիվ, որոնք չեն կարող մեծ թիվ կազմել։

-Արտահանման հնարավորություններ ունե՞ք։

-Դրսից շատ են հետաքրքրվում մեր արտադրանքով, ցանկություն են հայտնում մեծ քանակով քար ներմուծել իրենց երկիր, սակայն ծախսերն այնքան մեծ  են, որ շահավետ չէ նման քայլի դիմելը։  Օրինակ, Հայաստանից Ռուսաստան քար տեղափոխելու արժեքը մոտավորապես կազմում է  7 հազար ԱՄՆ դոլար։ 

-Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Արթիկի տուֆը, որքանո՞վ է նախընտրելի Արթիկի տուֆից կառուցված շենքը այլ քարերով կառուցվածներից։   

-Երևի թե մեկ նախադասությամբ ասեմ, որ Արթիկի տուֆի նման որակյալ քար չկա։ Դուք գիտեք, որ երկրաշարժից հետո պահպանվել էին միայն տուֆից կառուցված շենքերը։ Դրանից լավ ապացույց որակի չափանիշի առումով չկա։ Տուֆը բոլոր տեսանկյուններից է  շահեկան՝ դիմացկուն է, շնչող (ծակոտկեն է. ամռանը հով է պահում, ձմռանը՝ տաք), գեղեցիկ (տարբեր գույների են) և  իր բոլոր գերհատկություններին զուգահեռ՝ նաև մատչելի։ Իսկ մյուս տեսակի քարերը կարող են, օրինակ, անձրևից հալվել, քանի որ աղային մասը դրանցում շատ է։ Այնինչ Արթիկի տուֆը կարող է դարերով դիմանալ ամեն տեսակի եղանակային պայմանների։

 

Մեր շենքերը պետք է կառուցվեն մեր ազգային հարստություն հանդիսացող քարից՝ տուֆիցև  մեր ժողովուրդը պետք է ապրի սեյսմակայուն շենքերում։

 

-Ի՞նչ արտադրատեսակներ եք առաջարկում գնորդին։

-Մենք արտադրում ենք տուֆ քար երեք գույների երանգներով՝ բաց և մուգ վարդագույն, սև։ Պետք է ասեմ, որ սև տուֆի պաշարներն ավելի քիչ են։ Տուֆի լայնությունը 19 սմ է, երկարությունը՝ 39 սմ, բարձրությունը՝ 27 սմ։ 

Մենք արտադրում ենք նաև սրբատաշ քար (մեր Հանրապետության հրապարակն այս քարով է կառուցված), երեսպատման սալիկներ, ինչպես նաև տուֆից ստացված փոշին, որն օգտագործվում է շինարարական  տարբեր  աշխատանքներում։

Պետք է նշեմ, որ  Գյումրիի §Մուշ-2¦  թաղամասի կառուցման համար երեսպատման սալիկներ մենք ենք տրամադրում։  

-Պարո՛ն Պետոյան, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ մեր բնական հարստությունն արդյունավետ կերպով օգտագործվի։

-Անշո՛ւշտ, պետական հոգածություն է անհրաժեշտ։ Պետությունը պետք է կարևորի այն խնդիրը, որ մեր շենքերը կառուցվեն տուֆից՝ մեր ազգային հարստություն հանդիսացող քարից, և կարևոր է, որ մեր ժողովուրդը ապրի սեյսմակայուն շենքերում։

Գյումրիում այսօր «Լինսի» հիմնադրամի ծրագրով բազմաթիվ  շենքեր են   կառուցվել տուֆից, կարող եք շրջել և համեմատել որակի և ամրության տեսանկյունից։

-Մոտ երեսուն տարիների կտրվածքով` որքա՞ն աշխատատեղ կար Արթիկի հանքերում և որքա՞ն աշխատատեղ կա այսօր։

-Խորհրդային Միության տարիներին 20 հանք կար և  ամենաքիչը 800-1000 աշխատող, հանքերը ապահովված էին անհրաժեշտ բոլոր  տեխնիկական միջոցներով։ Հանքերից յուրաքանչյուրն օրական 150 խորանարդ մետր քար էր արդյունահանում։ Դա պետական պլան էր։ Իսկ այսօր նույնիսկ մեկ ամսվա ընթացքում չենք կարող այդքան արտադրել։   

-Պարո՛ն Պետոյան, մենք տեղյակ ենք, որ Ձեր հայրը նույնպես այս ոլորտի մարդ է եղել։

-Այո՛, հայրս նույնպես աշխատել է հանքում։ Այն ժամանակ, երբ հայրս աշխատում էր այստեղ, Հայաստանը ճանաչում էին Արթիկի տուֆով։ «Արթիկ-տուֆը» գործել է  Մոսկվայի ենթակայության տակ։ Հանքի առաջին մեքենավարներից մեկը հայրս է եղել։ Այն ժամանակ Արթիկը հոսանքազուրկ է եղել, միայն հանքում է էլեկտրաէներգիայի հնարավորություն եղել։ Ուշագրավ է, որ հորս, որպես լավ աշխատողի, ապահովել են հոսանքով, պարգևատրել են լույսով։

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաջողությունը կյանքում։

-Ես երջանիկ եմ առաջին հերթին իմ ընտանիքով, զավակներով և նրանց հաջողությունն իմն եմ համարում։ Որդիներիցս մեկը՝ Մուշեղ Պետոյանը, Աժ պատգամավոր է, իսկ մյուսը՝ Կարեն Պետոյանը, գործարարությամբ է զբաղվում, «Մուշ-Կոլ» ՍՊԸ տնօրենն է։ 

Երազում եմ՝ Հայաստանը նորից ճանաչեն տուֆով, և մեր բնական հարստությունը, որպես ազգային բրենդ, ճանաչված լինի աշխարհում։

Շատ եմ ուրախանում իմ չորս թոռնիկներով և երազում եմ, որ նրանք խաղաղ ու տնտեսապես զարգացած երկրում ապրեն։ 

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...