08:41
07/06/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԳԻՏՆԱԿԱՆԸ «ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ» ՈՐՊԵՍ ՆԿԱՐԻՉ

2013-04-11 11:28

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

 Կենսաբանության դոկտոր, ակադեմիկոս Լևոն Վռամի Հարությունյանի նկարչական գործերի ցուցահանդեսը և նրա «Պարտիզագործի հանրագիտարան» երկհատորյակի շնորհանդեսը, կայացած Երևան քաղաքի պատմության թանգարանում 2011թ. մայիսի 2-ին, նվիրված էր

«Հայբուսակ» համալսարանի 20-ամյակին

 

 

Ներկայացված էր բացառապես Հայոց զարմանահրաշ բնության` աշխարհում հայտնի գրեթե բոլոր էնդեմ բուսատեսակների (Պատմական Հայաստանը ներառած) գեղանկարչական պատկերների շքահանդեսը։ Կարծես գեղեցիկ ծաղիկ-խոտաբույսերի անուշ բուրմունքն էր տարածվել դահլիճում, և այս ամենից դիտողներին փոխանցվող գեղագիտական բերկրալիությամբ առլեցուն հաճելի պահերը պարգևել է ոչ այլ ոք, քան մեծ կենսաբան, բնության հանդեպ եզակի նվիրյալներից մեր սիրելի և մեծահարգ ակադեմիկոս Լևոն Հարությունյանը։

Ներքո հուշապատումները վառ վկայություն են գիտնական-նկարչի ստեղծագործական անչափ բեղմնավոր կյանքի վաղ շրջանի հատվածում կերպարվեստի հանդեպ նվիրվածության։

Շուրջ կես դար առաջ երիտասարդ Լևոնը նշանավոր նկարիչ Կարեն Սմբատյանի հետ լինելով բարեկամ-ընկերներ միասին համագործակցում էին «Պիոներ» ամսագրում և այդ տարիներից էլ սկսած երիտասարդ գիտնականը նկարում-նկարազարդում էր կենսաբանության խնդիրներին վերաբերող իր հեղինակած նյութերի, թղթակցությունների էջերը։ Գիտնականի նկարչական տաղանդի մասին տպավորիչ է արտահայտվել նրա գործընկերը` մեծահամբավ կենսաբան Արմեն Թախտաջյանը։ 1957թ. ասպիրանտ Լևոնին նա ասել է, որ գիտությամբ տարվելով կերպարվեստը, հանձինս նրա, կորցնում է հրաշալի մի նկարչի։

Դեռևս «չկորսված» նկարիչը 1963 թվականին, երբ կազմում է իր նկարների առաջին ալբոմը, ոգևորված շտապում է այն առաջինը նվիրել Մարտիրոս Սարյանին։ Վարպետը, դրվատանքի խոսքերով ընդունելով նկարչության ասպարեզ նորամուտի լուրջ հայտ ներկայացնող Լևոնի ալբոմը, ի նշան երախտիքի փոխադարձաբար նվիրում է նրան իր պատկերագիրքը` հանճարին հատուկ իմաստնությամբ` գիտնական, նկարիչ երկու կոչումները խորհրդանշող մակագրությամբ` «բնության մեծ ճարտարապետին»։ 

Պետք է ասել, որ գիտությունը ավելի խանդոտ գտնվեց մեծ աշխատասիրության դրսևորմամբ միջազգային նշանակության արդյունքների հասած իր մշակի հանդեպ և թույլ չտվեց նրան գիտական լարված աշխատություններ գրելու ժամանակամիջոցում գոնե մի քանի ժամ տրամադրել նկարչությանը, որը լիովին «զոհաբերվեց» գիտությանը։ Իսկ արդյունքը չուշացավ. 20-րդ դարում գիտության նվաճումներին աջակցելու համար ԱՄՆ-ի կենսագրությունների ինստիտուտը 1998թ. նրան` Լևոն Հարությունյանին պարգևատրում է Ոսկե մեդալով` գրանցելով գիտնականի կենսագրական տեղեկությունները «Նշանավոր մարդիկ» համաշխարհային հանրագիտարանում։ Այնուհանդերձ օրվա մեջ շուրջ 16 ժամյա անբասիր աշխատանքային զբաղվածության ընթացքում եղած ազատ կարճատև միջոցներին նա նույնպես չէր կարող պատշաճ ժամանակ հատկացնել նկարչությանը։ Չէ՞ որ ակադեմիկոսը, որպես «Հայբուսակ» համալսարանի գիտական խորհրդի նախագահ, հաճախ էր այցելում հարազատ կրթօջախ հետևելու ուսումնական գործընթացներին։

Գիտնականի երկնած գրքերի կազմման, հրապարակման և այլ նախաձեռնողական աշխատանքներում մեծ մասնակցություն ունեն կինը` տիկին Սիլվան, Սուրենը` որդին, դուստրերը` Անահիտը և Աննան։ Այս առաքինի և նախանձախնդիր, գրքի հանդեպ պաշտամունք ունեցող մարդկանց օջախներում երկար տարիներ համալսարանական գործընթացներից զատ գերիշխել է և դեռ շարունակվում է, հիրավի հրատարակչություններին հատուկ մթնոլորտով պայմանավորված աշխատանքային անդադար հևքը։ «Հայբուսակ» համալսարանի ֆինանսական միջոցներով հրատարակված երկհատորյակի շնորհանդեսում սրտառուչ, ջերմ խոսքեր ասվեցին ակադեմիկոսի բեղմնավոր գործունեության, նրա մարդկային բարձր հատկանիշերի մասին։

Տոնական հագեցած օրվա մթնոլորտում գերիշխում էր մեծ կենսաբանի ստեղծած գիտական ողջ ժառանգության անգնահատելի դերի և նշանակության գլխավոր գաղափարի տեսլականը` պայմանավորված աշխարհի էկոլոգիական համակարգի փրկչական գործի` բնության ու մայր հողի հետ մտերմանալու մեր հայրենակիցների սրբազան պարտքի զգացումով։

Այժմ փորձենք ներկայացնել գիտնականին, որպես ազգասեր, հայրենաշունչ անհատականություն։

Այսպիսով, բնապաշտ-հայադավան մեծ զորավար ու ռազմագետ Նժդեհի գրչին պատկանող մի պատվիրանախոսքում կան երեք ազգերի կողմից հավաքական բնորոշմամբ տրված պատասխաններ։ Իսկ ինչպիսի՞ն կլինի արդյոք հայի պատասխանը։

Նախ մեջբերենք համապատասխան հատվածը.

«Չեզոքության են դիմում թույլերը միայն, հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը։ Էապես չկան չեզոքներ։ Ամեն մի պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում… Եվ միշտ էլ պարտված կողմը դեռ իր նահանջի ճանապարհին մշակում է փոխվրեժի ծրագիր։ Մեկը հարձակվում է, մյուսը` պաշտպանվում, այդ երկուսից ո՞րն է մեղավոր»։

-   Ո՛չ մեկը. իրավունք ունեն երկուսն էլ, պատերազմն արդար է երկուսի համար էլ,- ասում է ֆրանսիացին։

-   Ես սիրում եմ թղթախաղում տանողին, ինչպես և կռվում հաղթողին, - ասում է անգլիացին։

-   Եթե մեզ համար օգտակար է, ուրեմն կարելի է,- ասում է ամերիկացին։

Հավաքական զտարյուն հայի պատասխանը, ի դեմս Լևոն Հարությունյանի` նրան լավ ճանաչողներիս պատկերացմամբ կձևակերպվի հետևյալ մեկնակետերով` աշխարհի ցավերին քաջատեղյակ և խնդիրների լուծմանը հետամուտ երևելի անհատի դիրքորոշում, գիտական և գրական հարուստ ժառանգություն, հայոց պատմության խոր իմացություն և իր բազմանիստ կյանքում մշտապես հայրենասիրական դասեր տվող ուսուցչապետի առաքելություն։ Հետևաբար, նրա անմահ ոգուց բխող վիրտուալ պատասխանը կարող է լինել. «Աշխարհաստեղծումից ի վեր առաջնաստեղծ հայի դավանանքը ձևավորվել-բյուրեղացել է հետևյալ խորհրդանիշ-արժանիքներով. մարդկության խռովահույզ, հակասական կյանքում միմյանց և բնության հետ խաղաղ, ներդաշն գոյատևման համար հայ էթնոսը ի սկզբանե պայքարել և պայքարում է գիտակրթական լայնածավալ արարումներով, մշակույթներով, արվեստով և աշխարհում մի շարք քաղաքների, ճարտարապետական կոթողների կառուցումներով…։ Բայց հայը երբեք չպիտի մոռանա և ձեռքից բաց թողնի  քաջազուն մեր բոլոր մեծերի մշտափայլ սուրը, որպեսզի չարը, կեղծիքը, նենգը նրանով ջախջախվեն անվերադարձ»։ Եվ այսպես, Լևոն Հարությունյան գիտնական-նկարչի «սուրն» է` գրիչը և վրձինը։

 Սամվել Սմբատյան



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-06-15 18:27

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց