2013-04-30 11:18
Սեփական նախագծի հաջողությունները՝
5 տարի անց
«Դե Ֆակտո» 69
Մեծ ուրախություն եմ ապրում, երբ լուրերի, տարբեր հաղորդումների հաղորդավարների, սերիալների դերասանների շարքում տեսնում եմ մեր սաներին, ովքեր բարձր են պահում մեր ուսումնական կենտրոնի անունը:
Աբել Աբելյան, Casting School հեռուստատեսության և ռադիոհաղորդավարների ուսումնական կենտրոնի և Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայի հիմնադիր և դասախոս
-Հարգելի՛ Աբել, նախ շնորհավորում եմ Ձեզ Casting School -ի 5-ամյակի առթիվ: Ամփոփելով անցած 5 տարիները՝ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:
-Շնորհակալությո՛ւն: Այո՛, այս տարի մեր դպրոցը դառնում է 5 տարեկան: Ինձ համար իրոք տոն է, քանի որ հետ նայելով՝ տեսնում եմ բազում ձեռքբերումներ և հաջողություններ, որոնցով ոգևորված՝ այսօր շարունակում եմ ավելի մեծ եռանդով աշխատել: Մեծ ուրախություն եմ ապրում, երբ լուրերի, տարբեր հաղորդումների հաղորդավարների շարքում տեսնում եմ մեր սաներին, ովքեր բարձր են պահում մեր ուսումնական կենտրոնի անունը. 54 շրջանավարտ միայն հաղորդավարական բաժնից այսօր աշխատում է տարբեր ԶԼՄ-ներում:
Արդեն մեկ տարի է, ինչ գործում է նաև դերասանական ստուդիան, որը նույնպես մեծ հաջողությամբ տալիս է որակյալ կադրեր, որոնց մենք այսօր տեսնում ենք սերիալներում հատկապես գլխավոր դերեր կատարելիս: Արդյունքն իրեն սպասեցնել չտվեց, հենց 7-րդ ամսից արդեն մեր ուսանողները նկարահանվում են սերիալներում:
-Ինչպե՞ս ստացվեց այս նախագծի իրականացումը:
-Պետք է ասեմ, որ շատ դժվարությունների միջով անցնելով եմ իրականացրել այս նախագիծը, քանի որ բիզնես առումով ես ոչինչ չէի հասկանում, ինձ համար կարևոր էր այն գաղափարի իրականացումը, որն ընկած էր այս նախագծի հիմքում: Այսօր էլ առանձնապես այդ առումով չեմ փայլում:
Ինձ մոտ հասունացավ պահը իրականացնելու սեփական նախագիծ, աշխատել իմ սկզբունքներով և ներդնել իմ գիտելիքներն ու փորձը այդ գործում. անել մի բան, որից ես հասկանում եմ, ինչու ոչ, որի մասնագետն եմ: Պարզապես մեկ պայման դրեցի ինքս իմ առջև՝ եթե շրջանավարտների առաջին իսկ հոսքը ավարտելուց հետո չունենա հաջողություն հեռուստատեսությունում կամ այլ ԶԼՄ-ներում, ապա ես իմ ձեռնարկը կհամարեմ ավարտված: Սակայն փորձը ցույց տվեց, որ առաջին իսկ հոսքից երեք հոգի աշխատանքի ընդունվեցին հեռուստատեսությունում: Հետագայում դիմորդների թիվը գնալով ավելացավ, նրանց ներգրավվածությունը ԶԼՄ-ներում՝ նույնպես: Իհարկե, պետք է նշեմ, որ ես խստապահանջ կերպով եմ ընդունում դիմորդներին, և եթե նրանց կողմից նկատում եմ անլուրջ վերաբերմունք դասընթացի նկատմամբ, ապա հեռացնում եմ ուսումնական կենտրոնից (պայմանագրում նման կետ եմ ներառել): Ինձ համար կարևոր է ոչ թե նրանց քանակը, այլ որակյալ կադրեր պատրաստելը:
-Քանի՞ առարկա է ընդգրկված ուսումնական գործընթացում:
-Հաղորդավարները սովորում են 6 ամիս, իսկ դերասանները՝ 1 տարի: Նրանք անցնում են շուրջ 9-10 առարկա. ես փորձել եմ հավաքել բոլոր այն երազանքները, որոնք ունեցել եմ ուսանող ժամանակ և դրանք իրականացնել ընդգրկված առարկաների շրջանակներում: Կարծես թե ստացվեց: Ընտրել եմ այնպիսի առարկաներ, որոնք դերասանին հնարավորություն են տալիս բազմակողմանի կրթություն ստանալ, և ցանկացած դեր կատարելուն պատրաստ լինել: Օրինակ, մասնագիտական առարկաներին զուգահեռ, հրաձգարանում սովորում են բոլոր տեսակի զենքերից կրակել՝ ամենապարզից մինչև ամենաբարդը, անցնում են կասկադիորական արվեստ, սուսերամարտ, պար և այլն: Շուտով մեքենավարում և ֆոտոսեսիա էլ պիտի ավելացնենք ու, կարծում եմ, այդքանը բավական է:
Մասնագիտական առարկաները՝ դերասանի վարպետություն, հաղորդավարություն, ես եմ դասավանդում: Կարծում եմ՝ ում էլ հրավիրեի, պետք է քննադատության արժանանայի, այդ պատճառով որոշեցի ինքս վերցնել այդ պատասխանատվությունը: Ինձ էլ են քննադատում:
Մեր դերասանական դպրոցի մասին ֆիլմի սցենար է գրվել ՙԱռաջին պրոֆեսիոնալները՚ վերնագրով, որում յուրաքանչյուրը խաղում է գլխավոր դեր:
-Ձեր ուսումնական կենտրոնը ի՞նչ հնարավորություններ է տալիս դերասանին, հաղորդավարին ներկայանալի լինելու համար:
-Թե՛ հաղորդավարները և թե՛ դերասանները նկարահանվում են հենց երկրորդ դասից: Ուսումնական գործընթացի վերջում հաղորդավարներին տրվում է տեսասկավառակ, որտեղ ընդգրկված են իրենց բոլոր հաղորդումները տարբեր ժանրերում՝ լրատվական, ժամանցային և գեղարվեստական: Դրանք նայելով՝ երևում են նրանց և՛ առավելությունները, և՛ թերությունները:
Մեր դերասանական դպրոցի մասին գրվել է ֆիլմի սցենար, որը կոչվում է ՙԱռաջին պրոֆեսիոնալները՚, որում յուրաքանչյուրը խաղում է գլխավոր դեր: Դերասանները, ավարտելով ուսումնական կենտրոնը, ունենում են այդ ֆիլմի տեսասկավառակը: Դա մեծ երջանկություն է յուրաքանչյուր երիտասարդի համար, ով նոր է սկսում քայլեր կատարել այդ ասպարեզում: Ես չէի կարող նույնիսկ երազել այդ մասին:
-Ի՞նչ եք կարծում, այսօր դերասան, հաղորդավար դառնալը նորաձև չի՞ դարձել:
-Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ներկայիս սերունդը աշխատասեր չէ, չի սիրում կարդալ, ձգտում է հեշտությամբ հասնել բարձունքների: Բայց ես այլ կարծիք ունեմ: Այսօրվա սերունդն ինձ դուր է գալիս իր նպատակասլացությամբ, սովորելու ձգտումով: Իհարկե, լինում են նաև կրթությանը անլուրջ վերաբերվող մարդիկ, որոնց ես ուղղակի հեռացնում եմ: Իսկ նրանք, ովքեր եկել են սովորելու, իսկապես սովորում են:
-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:
-Իմ նպատակները կապված են դպրոցի և ուսանողների հետ: Ուզում եմ մեր շրջանավարտների մասնակցությամբ թատերական ներկայացում նախաձեռնել, նրանց հնարավորություն տալ նաև բեմում հանդես գալ և, ինչու ոչ, նաև գումար վաստակել:
Ֆիլմի հետ կապված՝ ծրագրում եմ այն դարձնել սերիալ, որը կցուցադրվի որևէ հեռուստաընկերության եթերով: Ինչպես նաև մեծ ցանկություն ունեմ կազմակերպել փորձի փոխանակում մեր և մոսկովյան ստուդիաներից մեկի ուսանողների միջև:
ժամանակ առ ժամանակ կարիք եմ ունենում ինքս ինձ հետ մենակ մնալու և մտորելու, զրուցելու Աստծո հետ, ինքնամաքրվելու:
-Անդրադառնանք Ձեր կարիերային: Կարծես թե ամբողջությամբ նվիրվել եք դպրոցին, ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում սերիալներում:
-Պետք է ասեմ, որ ես, որպես դերասան, կայացել և շատ գիտելիքներ եմ ձեռք բերել սերիալում: Սակայն սերիալում խաղալը նաև շատ ժամանակատար է, պետք է ողջ ժամանակդ նվիրես նկարահանումներին: Այսօրվա մեր պրոֆեսիոնալ դերասանները, ովքեր նկարահանվում են սերիալներում, հերոս են, որովհետև շատ բարդ է այդ տեմպով նկարվել ու այդքան էներգիա և հույզեր տալ:
Այսօր իմ բոլոր ձգտումները, նպատակներն ուղղված են դպրոցի կայացման ու զարգացման գործին, ինձ այդտեղ եմ տեսնում:
Ֆիլմերում նկարահանվում եմ. Ռուսաստանից առաջարկ ունեցա ֆիլմում նկարվելու, որը մեծ հաճույքով ընդունեցի, բայց տևական ժամանակով նկարահանվել չեմ ուզում:
-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:
-ՙԿյանքում անել այն, ինչի համար չես փոշմանի և չես ամաչի՚: Կա ևս մեկ հայտնի ճշմարտություն, որին հավատում եմ. ՙՔո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը՚: Կարծում եմ՝ եթե ամեն ոք այդպես ապրի, մեր կյանքը որակապես կփոխվի:
-Ձեզ հաջողվո՞ւմ է այդպես ապրել:
-Չամաչել արածներիս համար՝ այո՛, իսկ փոշմանել… կարծում եմ, ուշ է, թեև ես շատ ինքնաքննադատ եմ և ձգտում եմ մտածել, հետո գործել:
-Մենության ժամեր ունենո՞ւմ եք, ի՞նչ հարց եք Ձեզ հաճախ տալիս:
-Այո՛, ժամանակ առ ժամանակ կարիք եմ ունենում ինքս ինձ հետ մենակ մնալու, մտորելու, զրուցելու Աստծո հետ, ինքնամաքրվելու: Երևի թե այդ մենության և լուռ մենախոսության պահերին ձգտում եմ հասկանալ՝ արդյո՞ք չեմ արել մի բան, որի համար պետք է ամաչեմ կամ փոշմանեմ:
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ