03:14
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Դարի փախուստը կամ ո՞վ օգնեց օսմանյան փաշաներին ճողոպրել Թուրքիայից

2013-05-03 11:18

Սույն հոդվածում մենք չենք անդրադառնա այն հարցերին, թե ինչպես կազմակերպվեց և իրագործվեց Հայոց ցեղասպանությունը։ Այս անգամ ընթերցողին կներկայացնենք իրադարձություններ և փաստեր  այն մասին, թե ինչպես Իթթիհաթ վե Թերաքքի (Միություն և առաջադիմություն) կուսակցության պարագլուխները, ովքեր Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման անմիջական պատասխանատուներն էին, կարողացան ճողոպրել և խույս տալ արդարադատությունից։ Նշենք, որ ներկայացվող փաստերը մինչ այժմ հրապարակորեն չեն քննարկվել, և հասարակությունը գրեթե անտեղյակ է բոլոր այն դեպքերի մասին, որ տեղի ունեցան առաջին աշխարհամարտի ավարտից հետո։

 …1918թ. հոկտեմբերի 7-ին Թալեաթի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց։ Կ.Պոլսում իշխանության անցան մարդիկ, ովքեր պետք է հաշտության եզրեր գտնեին Անտանտի տերությունների հետ։ 1918թ. հոկտեմբերի 30-ին թուրքական կառավարությունը Անտանտի երկրների հետ ստորագրեց Մուդրոսի զինադադարը։ Երիտթուրքերի իշխանությունը տապալված էր։ Թուրքիայի նոր իշխանություններն առժամանակ որդեգրեցին երիտթուրքական ռեժիմի ղեկավարներին դատապարտելու դիրքը։ 1919թ. հունվարին Ստամբուլում սկսվեց Իթթիհաթ վե Թերաքքի կուսակցության ղեկավարության հանցագործությունները քննող դատավարությունը։ Երիտթուրք ղեկավարներին ներկայացված էր երկու մեղադրանք` Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ և հայ ժողովրդի բնաջնջումը։ Պետք է նշել, որ սա արդեն հրեշավոր ոճրագործության պաշտոնական ճանաչումն էր։ Դատավարության ընթացքում ի հայտ եկան նոր փաստեր, նոր ոճրագործություններ։ Զինվորական դատարանի արձանագրությունները պարունակում էին բազմաթիվ փաստեր, որոնք հաստատում էին թուրքական կառավարության կատարած հանցագործությունները։ Մեղադրանքներ էին ներկայացված Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներին, Իբրահիմ Շուքրիին, ազգային շտաբի անդամներ Քեմալին, Զիա Գյոք Ալփին, Թեշքիլաթը Մախսուսե հատուկ կազմակերպության նշանակած ազգային շտաբի անդամներ դոկտոր Բեհաէդդին Շաքիրին, դոկտոր Նազըմին, կոմիտեի վարչությանը ենթակա անդամներին, քրեական հետախուզության բաժնի նախկին դիրեկտոր Ազիզին, տեղի նախկին հրամանատար Ջավիդին և այլ անձանց։

 Մահվան դատավճիռն անխուսափելի էր թվում քննադատության, բողոքի և դատապարտման այն մթնոլորտում, որ տիրում էր միջազգային հանրության շրջանում։ Ուրեմն` հարց է առաջանում. ովքե՞ր և ինչպե՞ս իթթիհաթական պարագլուխներին օգնեցին խույս տալ դատավճռից։ Այս հարցին կփորձենք պատասխանել` քննության առնելով ականատեսների և հենց փաշաների փախուստի կազմակերպիչների վկայությունները։

 Փախուստ գերմանական ոճով

  Առաջին աշխարհամարտի ընթացքում գերմանական միջերկրածովյան էսկադրայի շտաբում իր ծառայողական պարտականություններն էր կատարում ծովակալ Հերման Բալթզերը (1888-1967), ում, 1915թ. ի վեր, գլխավորապես գերմանական ծովային ուժերում վստահվում էին առավել կարևոր հանձնարարությունները։ Բալթզերը, ով այդ ժամանակաշրջանում ծանոթացել էր Ջեմալ փաշայի հետ, 1917թ. հոկտեմբերից Ստամբուլում գտնվող թուրքական ծովային ուժերի հրամանատարությունում Եփրատ  գետի վրա տեղակայված օսմանական նավերից մեկի հրամանատարն էր։

 1918թ. հունվար ամսին, նույն հրամանատարության շտաբում, ծովային փոխադրումների միության նախագահ   Բալթզերը, ով Մուդրոսի զինադադարից հետո էլ Ստամբուլում էր, կազմակերպեց Օսմանյան պետության տարածքում գտնվող գերմանական զինվորական անձնակազմի վերադարձը  Գերմանիա։

 1933թ. պաշտոնաթողությունից հետո Բալթզերը հրատարակեց իր գրառած հիշողությունները։ Մեզ  հետաքրքրող պատմության վերաբերյալ նա մասնավորապես նշել է.

    -Թուրքիայում ընթացող պատերազմն ավարտվեց հարավում պաղեստինյան ճակատի խզմամբ, արևմուտքում էլ` դաշնակից Բուլղարիայի պարտությամբ։ Ստամբուլում երիտթուրքերի իշխանությունը տապալվեց։ Իրավիճակը սթափ գնահատողները ենթադրում էին, որ տապալված իշխանության անդամների վերջը վատ է լինելու… 1918թ. նոյեմբերի 1-ին Ստամբուլում գերմանական միջերկրածովյան էսկադրայի շտաբի ղեկավարների հետ խոսեցինք այն մասին, որ 1914թ. ստանձնած պարտավորության համաձայն` Թուրքիան պատերազմի մեջ է մտել իբրև մեր կողմնակից, և անհրաժեշտ է տապալված իշխանության նախարարներին  օգնություն ցուցաբերել։

  Խոսակցության ավարտից հետո Բալթզերը հայտնել է, թե անհրաժեշտ է կազմակերպել փաշաների փախուստը։ Այս տեսակետն արտահայտելուց հետո Բալթզերն անմիջապես ձեռնամուխ է եղել ծրագրի  իրագործմանը։

   Մոդայի նավամատույցի ուղղությամբ…

    Երեկոյան, ժամը 21.00-ին,  թուրքական ռազմական երկաթգծային շտաբի պետ Քուրթզի հետ  մեքենա նստելով` գնացինք դեպի Գալաթա կամուրջ։ Հետքեր չթողնելու համար կամրջի ուղիղ մեջտեղում իջնելով` մեքենան ետ ուղարկեցինք։ Կամրջի ստամբուլյան դարպասների մոտ ռազմական երկաթգծային շտաբի պետի փոքրիկ նավակը պատրաստ սպասում էր։ Անմիջապես դուրս եկանք նեղուց։ Երբ հասանք Քըզ Քյուլեսի (թարգմ.` Աղջկա աշտարակ) մոտ, տախտակամածի լապտերները բարձրացրինքԺամը 22.00-ին մեր փոքրիկ  զբոսանավը բավականին անձայն մտավ Մոդայի նավամատույց։ Նավակը ափին մոտեցրինք, որպեսզի բեյերի խումբը զգուշությամբ մեզ մոտենա։ Նրանք, նախնական պայմանավորվածության համաձայն, արտասանեցին  Էնվեր բառը։ Նավ նստեցին նախկին նախարար, Մեծ վեզիր (sadrazam) Թալեաթ փաշան, Ստամբուլի նախկին նահանգապետ Բեդրի բեյը և հինգ այլ անձինք (նշված Բեդրի բեյն իրականում նահանգապետ չէր, այլ`    ոստիկանության պաշտոնյա)։ Յուրաքանչյուրն ուներ միայն մեկ փոքրիկ ճամպրուկ։ Իմ հրավերով այս բեյերը նավախցիկ մտան և անմիջապես գլխների ֆեսերը հանեցին ու մեկական գլխարկ դրեցին (մուտք գործելով եվրոպական մաս` նրանք ծպտվեցին եվրոպական հագուստներում, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավեն)։

 Բալթզերի նկարագրմամբ` ծովի մթության մեջ շարժվող նավը, Ստամբուլի արվարձաններն անցնելով , Արնավութքյոյում լռելյայն մոտեցավ ափին։

 Փողոցը լավ էր լուսավորված, բայց փողոցներում ոչ ոք չկար։ Այդ պատճառով կապիտան Քուրթզի հետ միասին ափ դուրս եկանք, սկսեցինք խարիսխ գցել։

 Արնավութքյոյում մի խումբ բեյեր միանում են փախստականներին։ Նրանց թվում էին ծովային նախկին  նախարար Ջեմալ փաշան և Էնվեր փաշան։ Նրանք տեղավորվեցին նավում և անմիջապես առաջ շարժվեցին…

 Դեպի Սևաստոպոլ...

Վերադառնանք Բալթզերի հիշողություններին։

Մեր թուրք հյուրերին նավախցիկներում թողնելուց հետո` ես նավով Թառափյա գնացի։ Մոտեցա ծովային ուժերի ծովակալ Մյուլերի տանը։ “R-1” ականակրի կապիտան Մյուլերի հետ մերձավոր ընկերներ էինք։ “R-1”-ի կապիտանի տրամադրած նավով թուրք հյուրերին Սևաստոպոլ հասցրեցի։

 Հանձնարարությունը կատարելով` Բալթզերը նստեց Յավուզ /թարգմ.` Ահեղ/ զրահակիրը և նավի գերմանական անձնակազմին հայտնեց նոյեմբերի 3-ին Ռուսաստան ուղարկվածների մասին։ Գործողությունն ավարտված էր, այլ հանձնարարականների էին սպասում։ Նոյեմբերի 2-ին` շաբաթ օրը, ժամը 8.00-ին,  “R-1”-ը հայտնեց այն մասին, որ թուրքական ջրատարածքներից դուրս է գալիս և մտնում է բաց ծով։

Բալթզերը գրում է. Ռազմական հարցերի պատճառով ևս 8 ամիս Ստամբուլում մնացի։ Այդ ընթացքում անգլիացի և ֆրանսիացի սպաները շատ անգամ են ինձ հարցրել, թե ինչպես են փաշաները դուրս բերվել երկրից։

    Ուսումնասիրությունը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար ներկայացնենք նաև կորպուսի հրամանատար Ալբերտ Հոփմանի հուշագրությունները։

    Ստամբուլից Սևաստոպոլ մոտավորապես 400 մղոն և ամենաքիչը 24 ժամ անցած “R-1” ականակիրը 1918թ. նոյեմբերի 3-ին` կիրակի օրը , Սևաստոպոլի նավամատույց հասավ։ Կորպուսի հրամանատար Ալբերտ Հոփմանի` 1925թ. տպագրված հիշողություններում նշվում է. Թուրքական ծովային ուժերի կապիտան, կորպուսի հրամանատար Ռոբյուր Ռաշվիցը ինձ լուր ուղարկեց, թե երկու ականակիր շարժվում են Սևաստոպոլի ուղղությամբ։ Իսկապես, հաջորդ օրը` 1918թ. նոյեմբերի 3-ին, կիրակի, այդ ականակիրներից մեկը վաղ առավոտյան մտավ Սևաստոպոլի նավամատույց։ Նավի հրամանատար Ալֆրեդ Կագերախն անմիջապես եկավ ինձ մոտ` շտաբ, և հայտնեց, որ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների մոտ էր, և որ նրանք ցանկանում են գաղտնի  մեկնել Գերմանիա։

   Հոփմանը թաթարական առագաստանավով նրանց ուղարկում է Նովոռոսիսկ, իսկ այնտեղից էլ երեք դահիճները ճանապարհ են ընկնում դեպի Գերմանիա։

   Հուշագրություններից պարզ է դառնում, որ փաշաների փախուստի կազմակերպման ողջ պատասխանատվությունը բաժին է ընկնում Գերմանիայի այն ժամանակվա ռազմական ուժերին։

      Վտարանդի մարդասպանները շուտով հաստատվում են գերմանական քաղաքներում։ Ջեմալ փաշան Ֆրանկֆուրտեր ցայտունգ թերթում հայտարարում է, թե` ինքը պատասխանատու չէ հայկական կոտորածների համար։ Նման վարքագիծը բնորոշ էր երիտթուրքական պարագլուխներին։ Ապացուցված է, որ նա նամակագրական կապ ուներ  Քեմալի հետ։ 1922թ. հուլիսի 25-ին, Թուրքիա վերադառնալիս, Թիֆլիսում նա սպանվում է հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի ձեռքով։

    Թալեաթը, ով 1918թ. նոյեմբերի կեսերից հաստատվել էր Գերմանիայում, ապրում էր անընդհատ վախով, ծպտյալ, իր հին մականունով` Ալի Սամի բեյ։ Թեև նրան տվել էին հատուկ անցագիր, նա սարսափում էր փողոց դուրս գալ։ Գերմանական հասարակությունը պահանջում էր ձերբակալել և արդարադատությանը հանձնել Գերմանիայում ապաստան գտած թուրք պաշտոնյաներին։ Թալեաթն ստիպված էր փոխել բնակարանները, ընդհատակ անցնել։ Շուտով Թալեաթը Բեռլինում վարձում է երկու սենյակ, որոնք դառնում են նրա գրասենյակն ու իթթիհաթական ղեկավարների հավաքատեղին։ Նա ուղևորություններ է կատարում Շվեյցարիա, Հոլանդիա, Դանիա, Իտալիա, Շվեդիա, փորձում համախմբել իր համախոհներին։ Թալեաթն իր հուշերում փորձում է արդարացնել Միություն և առաջադիմություն կոմիտեի չարագործությունները` ամեն ինչ պայմանավորելով «օրենքներով, պետության շահերով»։ 1919թ. նոյեմբերին թերթերը գրում են, թե Թալեաթը Շվեյցարիայում է և զբաղված է երիտթուրքական նոր դավադրություններով։ Երբ 1921թ. ապրիլին Սողոմոն Թեհլերյանը սպանում է Թալեաթին, Անկարայում լույս տեսնող ազգայնական Յենի Գյուն թերթը ողբում է մեծ մարդասպանի մահը։ Թալեաթի սպանության առիթով թուրք  հեղինակների շրջանում սկսվում է «հակաթեհլերյանական» ուժեղ քարոզչություն, որին առաջին հակահարվածը տրվում է խորհրդային մամուլի էջերում (Նովի Վոստոկ)։ Թեհլերյանի դատավարության ընթացքում համընդհանուր մեղադրանքի ցույցեր էին կազմակերպվում ընդդեմ երիտթուրք մարդասպանների։ Միջազգային հասարակական կարծիքը Թեհլերյանի կողմն էր, իսկ Թուրքիայում Թալեաթը հիշվում էր որպես ազգային հերոս։

 Էնվեր փաշան ակտիվ գործունեություն էր ծավալել թե՛ Եվրոպայում, թե՛  Միջին Ասիայում, թե՛ Անդրկովկասում։ Բազմաթիվ փաստեր վկայում են Էնվերի ակտիվության մասին` ազգայնականների գործողություններին ներազդելու, նրանց հետ համագործակցություն ձևավորելու, սովետա-թուրքական հարաբերություններում ակտիվ դեր ստանձնելու առումով։ Էնվերն էր ապահովում սպաների, մասնագետների, զենքի, ռազմամթերքի, դեղորայքի հայթայթումը և առաքումը Անկարա։ 1920թ. նա մասնակցում է Բաքվում կայացած` Արևելքի ժողովուրդների համագումարին։ 1921թ. հոկտեմբերին Էնվերն անցնում է Բուխարա, նույն տարվա նոյեմբերին միանում է բասմաչներին, գլխավորում է նրանց և կռիվ հայտարարում Խորհրդային Ռուսաստանին։ 1922թ. մայիսի 19-ին Էնվեր փաշան վերջնագիր է ներկայացնում Մոսկվային` ճանաչելու Բուխարայի, Խիվայի, Թուրքեստանի անկախությունը (վերջնագիրը տպագրվում է Իզվեստիա թերթում 1922թ.)։ Էնվերը սպանվում է 1922թ. հայազգի սպայի ձեռքով` օգոստոսի 4-ին Աֆղանստան անցնելու փորձ կատարելիս։

Որպես ամփոփում` նշենք, որ 1919-ի զինվորական տրիբունալի դատավճռով իթթիհաթական ղեկավար գործիչների մեծ մասն աքսորվում է Մալթա։ Հետագայում նրանք գրեթե ողջ կազմով  համախմբվում են Մուստաֆա Քեմալի իշխանության շուրջ։

 Արևիկ Ավետիսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...