16:33
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ապրում ենք հայրենիքով, ապրում՝ հայերենով, ապրում՝ հայեցի…»

2013-05-06 11:18

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Ուկրաինայի Խարկովի մարզի Հայ ուսուցիչների կրթամշակութային միության նախագահ Արաքսյա Հասրաթյանին, թերևս, նախախնամությունն է 2007-ին «գործուղել» Խարկով, երևանաբնակ երիտասարդ հոգեբանի համար սահմանելով ամուսնություն Խարկովում գործարարությամբ զբաղվող հայազգի Արթուր Ավոյանի հետ։ Քաղաքացիական ակտիվ կեցվածքով և ազգային բարձր նկարագրով հայուհին, սակայն, ձեռքերը ծալած չի նստում, այլ իր իսկ նախաձեռնությամբ որոշում է օգտակար լինել հայկական համայնքին։ 2009 թվականից նա համայնքի կիրակնօրյա դպրոցի տնօրենն է, իսկ 2010-2013թթ.՝ Ուկրաինայի Խարկովի մարզի հայկական համայնքի փոխնախագահը. այս վերջին գործունեությունից նա հրաժարվել է, քանի որ նրա ընտանիքը համալրվել է նոր անդամով. Այս տարվա հունվարին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ փոքրիկ Ամելիան։ Արաքսյայի հետ հանդիպումը կայացավ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի արվեստանոցում.

- Շատ եմ կարոտում Հայաստանը, Երևանը… Երբ հնարավորություն եմ ունենում գալու, անպայման այցելում եմ մշակութային օջախներ, այդպես փորձելով լրացնել այնքան կարևոր հոգևոր սննդի պակասը…

- Պատմեք Խարկովի հայկական համայնքի մասին։ 

Համայնքը տասներեք տարվա պատմություն ունի, որպես կազմակերպված կառույց գործում է 2000 թվականից։ Պաշտոնապես գրանցված 20 հազարից ավելի  հայ կա Խարկովում։ Համայնքի ղեկավար Սամվել Խանդամիրյանը, ով  վերջերս է հրաժարվել համյանքի նախագահի պաշտոնից, հսկայածավալ աշխատանք է տարել համայնքը կազմավորելու, համախմբելու առումով։ Ներկայում համայնքի աշխատանքները ղեկավարում է Արմայիս Հովհաննիսյանը, ով եղել համայնքի կազմավորման ակունքներում և այս ընթացքում մշտապես աջակցել է համայնքի կազմակերպչական աշխատանքներին։ Ես համոզված եմ, որ նա ըստ արժանվույն կդրսևորի իրեն այս նոր գործունեության բնագավառում։

    Սփյուռքում հայկական համայնքների հենասյուները եկեղեցին, կիրակնօրյա դպրոցը և թատրոնն են համարվում։ 2009 թվականից Խարկովում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսարանը, որը   գլխավորում է  Արմեն Ասլանյանը։ Մեծ է նրա ներդրումը հայկական մշակութային արժեքների պահպանման գործում։  2004 թվականից գործում է Սուրբ Հարություն եկեղեցին։ Կիրակնօրյա դպրոցում սովորում է 120 երեխա։ Տարիքային բոլոր խմբերի հետաքրքրությունների և զբաղմունքի համար գործում են տարբեր միություններ. «Երիտասարդական միություն», «Հայոց լեզվի ուսուցիչների միություն», որը միակն է Ուկրաինայում, երգի-պարի «Արմենիա» և «Արաքս» համույթները։ Համայնքն ունի նաև իր տպագիր օրգանը` «Կանչ»  ամսաթերթը, որի խմբագիրն եմ։ Այս կառույցներից յուրաքանչյուրը գործում է լիարժեք, հնարավորինս ծառայելով համայնքի անդամների կրթական, իմացական, մշակութային, հոգևոր պահանջմունքների բավարարմանը։

Մեր ուշադրության կենտրոնում են անգամ Խարկովի մանկատան երկու հայ երեխաները, որոնց հետ աշխատանք է տարվում, ցուցաբերվում է անհարժեշտ օգնություն։

- Պահպանո˚ւմ եք կապը հայրենիքի հետ։

- Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ Սփյուռքի և ԿԳ նախարարությունների հետ։ Մշտապես կապ ենք պահպանում, պարբերաբար դիմում ենք մեզ հետաքրքրող տարբեր հարցերով և մշտապես ստանում օգտակար խորհրդատվություն, աջակցություն։ Մեր ուսուցիչները մասնակցում են այդ նախարարությունների կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին և համաժողովներին։ 2010 և 2012թթ. մասնակցել ենք նաև Ծաղկաձորում անցկացվող համահայկական  ամենամյա կրթական խորհրդաժողովներին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2010 թվականին արժանացել ենք «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթի պատվոգրի։ Նախարար Հրանուշ Հակոբյանը մի լավ խոսք ունի` «Սա Ձեր նախարարությունն է», և իսկապես մենք գալիս ենք այստեղ, որպես մեր տուն։ «Արի տուն» ծրագրի շրջանակներոմ բազմաթիվ երեխաներ այցելել են հայրենիք, և նրանցից շատերը ցանկություն են հայտնել վերադառնալ և ապրել Հայաստանում։ Հարկ է նշել, սակայն, որ մենք էլ ակտիվ փնտրտուքի մեջ ենք, չենք սպասում, որ հայրենիքից մեզ ինչ-որ բանով օգնեն։ Ուկրաինայում կազմակերպվում է հայ ուսուցիչների կոնֆերանս, որին պարբերաբար մասնակցում ենք։ Անցած տարի այն անցկացվեց Ղրիմում, որի ընթացքում քննարկվում են կրթական հիմնախնդիրներ, ուսումնական ծրագրեր։ Իմ  ներկայացրած նախադպրոցական կրթության վերաբերյալ հեղինակային՝ էթնիկ դպրոցական ծրագիրը, որի մեջ  հաշվի է առնվում  երեխաների հոգեբանական տարիքը, և ներառվում է նաև ուսուցումը ֆոլկլորի միջոցով, բարձր գնահատականի և հավանության արժանացավ. այն հարուստ է ցուցադրական դիդակտիկ նյութով։ Ծրագրի ողջ իմաստը կայանում է նրանում, որ երեխաները օտարության մեջ սովորեն հայերեն։

- Ի՞նչն եք հատկապես կարևորում գործունեության ընթացքում, ինչ գերակայություններով եք առաջնորդվում։

- Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդության հետ տարվող աշխատանքներին։ Երիտասարդները մեր ապագան են, նրանք են մեր հուսալի հերթափոխը, իսկ ինչպիսին մենք նրանց դաստիարակենք, այդպիսին էլ կլինի մեր ապագան։ Ունենք ֆուտբոլի թիմ՝ <<Հայեր>>,  <<Ուրախների և հնարամիտների ակումբ>>-ի հայկական խումբ՝ <<Հայկական լավաշ>>, <<Միսս հայուհի>>, <<Միստր հայ>>, <<Հայկական խոհանոց>>, <<Հայկական տարազ>> և նմանատիպ այլ նախագծեր։ Կուզեի առանձնացնել «Հայկական տարազ» նախագիծը, որի նպատակն է ընդգծել ժողովրդական հագուստի յուրօրինակությունը։ Մտապես նշում ենք համահայկական տոները, հիշատակի օրերը, մեր մեծերի հոբելյանները։ Սփյուռքի նախարարությունը մեզ է հատկացրել <<Մեր մեծերը>> ուղեցույցը, որով առաջարկվում է դրանց կազմակերպման բավականին հետաքրքիր ծրագրեր, ուղարկում են դասաքրքեր, երգերի և պարուսուցման համար տարբեր սկավառակներ, ինչպես նաև Հայաստանի տեսարժան վայրերը պատկերող գրքույկներ։ Կազմակերպել ենք գրական միջոցառումներ նվիրված Եղիշե Չարենցին, Պարույր Սևակին, Սայաթ-Նովային, Կոմիտասին։ Ի դեպ, ունենք երեխաներ, որոնք հիմնականում ռուսախոս են, և տեսնել է պետք, թե ինչպես են հայերեն շատ լավ ու սիրով արտասանում։ Կազմակերպում ենք նաև փոքր բեմականացումներ, հիմնականում փոքրիկների համար` հեքիաթների թեմաներով։ Վերջերս բեմականացրել ենք Հովհ. Թումանյանի <<Կիկոսի մահը>>, <<Անխելք մարդը>> ։

Միով բանիվ, համայնքն ապրում է հայրենիքով, ապրում է հայերենով, ապրում է հայեցի։ Նշեմ նաև, որ  համայնքի և կիրակնօրյա դպրոցի շնորհիվ ստեղծվել են նոր ընտանիքներ։ Եվ այս ամենը ոգեշնչում է մեզ իրագործելու նոր ծրագրեր և նախագծեր։

- Ինչպիսի՞ն են հարաբերությունները Ուկրաինայի մյուս հայկական համայնքների հետ։

- Համագործակցում ենք Ուկրաինայի հայերի միության հետ, որի երիտասարդ ղեկավար Վիլեն Շատվորյանը հսկայական աշխատանք  է տանում համախմբելով բոլորին։ Մշտապես կազմակերպվում են արտագնա խորհրդակցություններ, լինում ենք տեղերում, ծանոթանում առակա հիմնախնդիրներին։ Ներկա են լինում բոլոր համայնքների ղեկավարները, կատարվում է փորձի փոխանակում։ Անձամբ ես, որպես Հայ ուսուցիչների կրթամշակութային միության նախագահ, համագործակցում եմ բոլոր համայնքների հետ։ Ի դեպ, ոչ բոլոր համայնքներն են կարողանում իրենց խնդիրները հոգալ և Ուկրաինայի հայերի միությունը օգնում է նրանց։ Կարելի է ասել, որ մեր աշխատանքները Շատվորյանի շնորհիվ ավելի դյուրին  և հետաքրքիր են դարձել։

- Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

- Բավականին ջերմ հարաբերություններ են հաստատվել տեղական կառավարական մարմինների հետ, լինի քաղաքապետ, թե մարզային ադմինիստրացիան։ Նրանց ներկայացուցիչները մշտապես մասնակցում են մեր միջոցառումներին, ընդառաջում են, երբ դիմում ենք որևէ հարցով։ Դա նաև համահունչ է ազգային փոքրամասնությունների հետ տարվող տեղական մարմինների աշխատանքային ծրագրին։ Պատկերացրեք՝ անկախ տարիքից, ուկրաինացիներ են անգամ գալիս մեզ մոտ հայերեն սովորելու և, վերջերս, մենք հայերենի իմացության ավարտական վկայական հանձնեցինք 75-ամյա մի ուկրաինացու՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչին։ Պարի խմբակ եկող ուկրաինացի երեխաներ ևս ունենք։ Մենք ևս ակտիվորեն մասնակցում ենք քաղաքային և համաուկրաինական փառատոներին, տարբեր միջոցառումներին՝ այդ կերպ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...