03:29
11/01/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵՐԲ ՏԱՂԱՆԴՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԵՆ

2013-05-22 11:03

«Դե Ֆակտո» 11 (2007թ.)

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ  ՓԲԸ-ի  նախագահ, ՀՀ ԱՆ Ազգային առողջապահության ինստիտուտի  վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, ՀՀ ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հրաշալի հոգու տեր մարդ Համլետ  Թամազյանը  ծնվել է 1947թ.  մայիսի 1-ին Թումանյանի շրջանի Օձուն գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ապագա ականավոր բժիշկն ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Ուսանելու տարիներին աշխատել է որպես բուժակ 2-րդ բուժմիավորումում։ Ինստիտուտն ավարտելուց հետո` 1972 թվականին,   աշխատել է  Ալավերդի քաղաքի Կենտրոնական շրջանային  հիվանդանոցում` որպես վիրաբույժ, իսկ 1973թ. վիրաբույժին վստահում են ղեկավարել Ախթալայի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, որտեղ աշխատել է մինչև 1977թ. և դրսևորել իրեն որպես որակավորված վիրաբույժ, կատարել բազմաթիվ բարդ վիրահատություններ։  1977-1978թթ.  ղեկավարել է   Թումանյանի ԿՇՀ-ի վիրաբուժական բաժանմունքը` միևնույն ժամանակ կատարելով շրջանի գլխավոր վիրաբույժի պարտականությունները։

1978-ի հոկտեմբերին հայկական ԽՍՀ Առողջապահության նախարարության ուղեգրով,  որպես գլխավոր վիրաբույժ գործուղման մեջ է եղել  Ալժիրում։ Աշխատել է  որպես  Սուկ - Ախրասի հոսպիտալի գլխավոր վիրաբույժ, մինչև 1980թ. սեպտեմբեր ամիսը։ Վերադառնալուց հետո շարունակել է ղեկավարել Թումանյանի ԿՇՀ-ի վիրաբուժական բաժանմունքը։

   1983 թ.  պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի հրավերով տեղափոխվել է ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի  երևանյան մասնաճյուղի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը`  գիտաշխատողի պաշտոնով։ Միևնույն ժամանակ կատարել է  բաժանմունքի վարիչի պարտականությունները։

   1986թ.  Համլետ Թամազյանը ակադեմիկոս Բ.Վ. Պետրովսկու ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական, իսկ  1995թ.  դոկտորական ատենախոսությունները։

   1988թ.  Սպիտակի երկրաշարժի ծանր օրերին կազմակերպել և անձամբ վիրահատել է աղետից տուժված բազմաթիվ հիվանդների։ Բժշկական գիտությունը զարգացնելու, կադրեր պատրաստելու գործում ձեռք բերած հաջողությունների, բազմակողմանի և բեղմնավոր գործունեության, Սպիտակի երկրաշարժից տուժածներին վիրաբուժական բարձրորակ օգնություն ցույց տալու համար պրոֆեսոր Թամազյանը  կառավարության կողմից պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով և Պատվոգրով ։ Լեռնային Ղարաբաղի պատերազմական գործողությունների ժամանակ վիրավոր ազատամարտիկների վիրաբուժական օգնությունը բարձր որակով կազմակերպելու համար Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արցախի Մարտական ծառայություն մեդալով։

   1992թ.  հոկտեմբերի 12-ից  ինստիտուտի կոլեկտիվի խնդրանքով ղեկավարել է պրոֆ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը, իսկ 2001թ.  մինչև այսօր,   Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ  ՓԲԸ-ի նախագահն է։ Նույն թվականին երիտասարդ վիրաբույժների նոր սերունդ պատրաստելու նպատակով ինստիտուտում բացվում է հանրապետությունում առաջին Ապագա վիրաբույժների դպրոցը  Բժշկական համալսարանի 4 – 6-րդ կուրսերի շնորհալի ուսանողների ընդգրկումով։ Զբաղվելով մանկավարժական գործունեությամբ և դասավանդելով Ազգային առողջապահության ինստիտուտում` պրոֆեսոր Հ. Թամազյանը պատրաստել է բազմաթիվ մասնագետ վիրաբույժներ, որոնք այսօր ղեկավարում  կամ աշխատում են մեր հանրապետության տարբեր կլինիկաների վիրաբուժական բաժանմունքներում։

   Տնօրենի պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո Հ.Թամազյանի նախաձեռնությամբ ինստիտուտում բացվել են նոր վիրաբուժական բաժանմունքներ` նեյրովիրաբուժության, թոքային վիրաբուժության, պրոկտոլոգիայի, վիրաբուժական գինեկոլոգիայի, վիրաբուժական ռեպրոդուկտոլոգիայի, դիմա - ծնոտային վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածաբանության, ուրոլոգիայի, ականջ – քիթ – կոկորդի, լապարոսկոպիկ վիրաբուժության։

   Պրոֆեսորը 231 գիտական աշխատությունների, այդ թվում` 12 մենագրությունների, 5 գյուտերի, 4 մեթոդական ձեռնարկների հեղինակ է։ Պրոֆեսոր Թամազյանը 8 դոկտորական ատենախոսության և 37թեկնածուական թեզերի գիտական ղեկավարն է։ Նրա ղեկավարությամբ 108 կլինիկական օրդինատորներ և ասպիրանտներ ստացել են իրենց հետդիպլոմային կրթությունը։ 

   Պրոֆեսոր Թամազյանը 1993թ.  իր իսկ հիմնադրած Բանբեր Հայաստանի վիրաբուժության  հանդեսի գլխավոր խմբագիրն է, Հայաստանի  վիրաբույժների ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի փոխպատվաստողների ասոցիացիայի նախագահ, Երևանի ՄԽ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի մասնագիտացված վիրաբուժական խորհրդի անդամ, ԱՆ վիրաբուժության գծով լիցենզիոն հանձնաժողովի անդամ, Միջազգային ակադեմիական ընկերության ակադեմիկոս, Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, Հովհաննես Թումանյան բարեգործական միության փոխնախագահ, Երկիր Նաիրի   բարեգործական կազմակերպության պատվավոր անդամ, Ալավերդի քաղաքի պատվավոր քաղաքացի, Մանես  բարեգործական հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի  ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի նախագահ։

1994թ.  պրոֆեսոր Թամազյանը մրցույթով ընտրվել է ՀՀ Ազգային Առողջապահության ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ։

   Վիրաբուժության և առողջապահության կազմակերպման հարցերով ականավոր բժիշկը պարբերաբար վերապատրաստվել է Մոսկվայի, Փարիզի, Բեռլինի առաջատար կլինիկաներում։

   1997թ.  Թբիլիսիի Վիրաբույժների ընկերության  վարչությունը պրոֆեսոր Թամազյանին պարգևատրել է  Գ. Մուխաձեի անվան հուշամեդալով, Վրաստանի Գիտաբժշկական ընկերությունների վարչության նախագահությունը Զազա Պանասկերտելի  - Ցիցիշվիլիի հուշամեդալով, իսկ Վրաստանի բժշկական գիտությունների ակադեմիան նրան շնորհել է ակադեմիայի իսկական անդամի կոչում։

   Հ. Թամազյանը մեծ հեղինակություն ունի ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ սփյուռքի բժշկական հասարակության մեջ։  Նրա նախաձեռնությամբ Միքայելյան վիրաբուժության  ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան մի շարք առաջատար կլինիկաների հետ, ինչպիսիք են` ԱՄՆ-ի Նյու Յորքի Վեսչեստեր  բժշկական կենտրոնը, Փարիզի Բոժոնի  բժշկական կենտրոնը, Բեռլինի Շարիտեի  բժշկական կենտրոնը, Մոսկվայի Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնը,  Թբիլիսիի ակադեմիկոս Էրիսթավելիի անվան Կլինիկական և փորձարարական  վիրաբուժության  ինստիտուտը։

   2003թ.  Լոռու և Տավուշի մարզերի բնակչութան գերակշռող մասի ձայներով Հ. Թամազյանը մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ Պրոֆեսոր Թգումարման պատգամավոր։  Ամուսնացած է, ունի երկու  զավակ և հինգ թոռնիկ։ամազյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում աչքի է ընկել իր բանիմացությամբ, աշխատասիրությամբ, աշխատանքային եռանդով, հոգատարությամբ հիվանդների և կոլեկտիվի անդամների նկատմամբ։ Նա անընդհատ որոնումների մեջ է` բարձրացնելու գիտական և պրակտիկ վիրաբուժության որակն ու մակարդակն ինստիտուտում և վերջինս հագեցնել նորագույն ու ժամանակակից սարքավորումներով։ 

    Բժիշկ լինելը, այն էլ` վիրաբույժ, կոչում է` վեր պարզապես մասնագիտական աշխատանք լինելուց։ Կենսակերպ է, որում հիվանդի խնդիրները, հոգսերը անխզելիորեն կապվում են բժշկի հույզերին։ Մարդկանց երջանկություն պարգևողը, ապահովողը բժիշկն է, երբ նրա կարիքը կա։ Իր կոչմանը հավատարիմ բժիշկ, վիրաբույժ է Համլետ Թամազյանը։ Վերը նշված խոսքերս խորապես նկարագրում են նրան։  Նրա մեջ մարդ և բժիշկ փոխհարաբերությունները այնպես ներդաշնակ են միաձուլված, որ դժվար է նրանց առանձին հանդիպել։ Եզակի մարդկային հատկություններով է օժտված Համլետ Թամազյանը, որը  բժշկության ասպարեզում իր խոսքն ու գործն ունի։  Մասնագիտական առումով օժտված է Մխ. Հերացու ամենաբարձր հատկանիշներով։ Կարող եմ ասել, որ  մեծ  երջանկություն է այդքան մարդկանց կյանքում գեղեցիկ ու բուժիչ դեր ունենալը, այդքան սրտերի ուրախության պարգևելը։ Բոլորի նկատմամբ, ովքեր նրան դիմում են, նա անմիջապես հասնում է,  օգնում։

   Համլետ Թամազյանը այն անհատականություններից է, որն օժտված է մարդկային գերագույն հատկանիշներով` լավ ընկեր է, լավ բարեկամ, լավ ամուսին, մտավորական ու քաղաքացի։  Հատկապես ուզում եմ հիշել մի դեպք։ Երբ երկրաշարժից հետո իր շատ սիրելի կնոջ մայրը մահացավ, մի առիթով մենք իրենց տանն էինք, նա ասաց կնոջը.«Անժելա ջա՛ն, մինչև հիմա քեզ ինչքան շատ եմ սիրել, սրանից հետո ավելի շատ եմ սիրելու, որովհետև մայրիկդ չկա»։  Տիկին Անժելան նույնպես շատ ընտանիքների  ուրախություն և երջանկություն է պարգևել։ Նրանք գիշեր – ցերեկ ամուսիններով աշխատում էին`  ո՛չ գիշեր ունեին, ո՛չ ցերեկ։  Շնորհավորում եմ մեծ բժշկին իր 60-ամյակի կապակցությամբ։

                                                                                                        Աղասի Թամազյան

ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու

   Համլետ Թամազյանն առաջադեմ վիրաբույժ է, պետական գործիչ, հզոր անհատականություն։ Նա  իր գործունեության ընթացքում չի սահմանափակվել, միշտ ուսումնասիրել է արտասահմանյան փորձը` իր գիտելիքները ներդնելով  աշխատանքում։ Հաճելի է ներկա լինել նրա վիրահատություններին։ Բացի իր բժշկական տաղանդից,  նա նաև լավ ղեկավար է` միշտ բոլորիս մեջքին կանգնած։ Ամենալավ բաները կարող եմ ասել նրա մասին։

   Ծանր վիրահատություններից նա երբեք չի խուսափել, վերցրել է իր վրա այդ  պատասխանատվությունը։ Տղամարդկային գծերի ամենավառ արտահայտությունը կարելի է տեսնել նրա մեջ։

   Վիրաբույժները կարող են դառնալ մարդու թշնամին և բարեկամը։ Այդ պատճառով վիրահատությունից առաջ նրանք միշտ զգույշ են լինում իրենց խոսքում, տեղեկացնում են հնարավոր բարդացումների մասին։ Համլետ Թամազյանն այս հարցում միշտ փորձում է նրբանկատ գտնվել, հիվանդի հարազատների հետ դառնալ հիվանդի համար աղոթողներից մեկը։ Սակայն ամեն բան չէ, որ բժշկից է կախված։ Դժբախտությունների դեպքում նա էլ հիվանդի հարազատների հետ միասին ցավել է։

                                                                                                    Իվան Աղաջանյան

Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր    

    Համլետ Թամազյանին ճանաչում եմ մոտ 40 տարի։ Նրա կյանքի ուղին որպես վիրաբույժ սկսվել է դեռևս իր ուսանողական տարիներից, երբ նա հստակ որոշել էր դառնալ ընդհանուր վիրաբույժ. մի մասնագիտություն, որը մշտապես պահանջում է ինքնանվիրում և ինքնահաստատում։ 1970-ական թթ.  ղեկավարելով Ախթալայի ավանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը` Համլետ Թամազյանը կատարում էր բազմապիսի, մեկը մյուսից բարդ վիրահատություններ, որոնք այն ժամանակ հնարավոր էր և թույլատրվում էր իրականացնել միայն Երևան քաղաքի առաջատար կլինիկաներում։Գործնական վիրաբուժության բարձունքները նվաճելուց հետո նրա` անհանգիստ, միշտ որոնումների և փնտրտուքների մեջ գտնվող միտքը ձգտում էր դեպի գիտությունը, գիտական բժշկության ասպարեզը։ Համլետ Թամազյանը պատրաստել է բազմաթիվ արժանավոր գործնական և գիտական կադրեր, այդ պատճառով ես հարկ եմ համարում նշել նրա  կադրերի պատրաստման և ընդունման հատուկ ջիղի մասին։ Երկար տարիներ ճանաչելով Համլետ Թամազյանին` վստահորեն կարող եմ ասել, որ նա կայուն բնավորություն ունի և  ցանկացած որոշում ի կատար է ածում իր համառության, հաստատակամության և աշխատասիրության շնորհիվ։ Համլետ Թամազյանը ծնված է որպես վիրաբույժ։ Սերը դեպի վիրաբուժությունը և նրա սրընթաց միտքը արժանի են հիացմունքի։ Արագ կողմնորոշվող էության շնորհիվ` վիրահատական սեղանի մոտ ոչ մի ծայրահեղ իրավիճակում խուճապահար չի լինում, և որքա՜ն գեղեցիկ է վիրահատում։ Վիրահատող 40 ձեռքերից ես հաստատ կտարբերեմ նրա ձեռքերը։ Համլետ Թամազյանը միշտ աչքի է ընկնում իր` նախաձեռնող, անվերջ պրպտող էությամբ։ Ընկերների համար Համլետ Թամազյանը մեծ ապավեն  է և երբ սիրում է որևէ մեկին, ապա այդ սերն ու նվիրվածությունը հավերժ են։ Ծնունդդ շնորհավոր, մե՛ծ ընկեր։

                                                             Օնիկ Մելքոնյան                                                   

     բժշկական գիտությունների դոկտոր   

  Համլետ Թամազյանը ներքուստ շատ բարի, բայց արտաքուստ խիստ, երբեմն նույնիսկ կոպիտ անձնավորություն է, սակայն արտաքին խստությունը պաշտպանական դեր ունի` քողարկելու նուրբ հոգու խոցելիությունը։ Համլետ Թամազյանը շատ հետևողական պայքարեց մասնագիտական բարձունքի հասնելու համար։ Նա անցավ վիրաբույժի կյանքի բոլոր դժվար փուլերը` ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով աշխատելով բավարար պայմաններ չունեցող հիվանդանոցներում։ Անմար ձգտում ունի միշտ զարգանալու և զարգացնելու։ Աշխատելով արտասահմանում` միշտ փորձել է լավագույն ձեռքբերումները կիրառել նաև Հայաստանում։ Համլետ Թամազյանին ես ճանաչում եմ ուսանողական տարիներից, և նա միշտ լիդեր է եղել` արժանանալով իր հասակակիցների հիացմունքին և անգամ նախանձին։ Ուսանողական տարիներին սիրահարվեց և ամուսնացավ մեր ինստիտուտի ամենագեղեցիկ աղջկա հետ։ Համլետ Թամազյանը շատ խանդոտ ամուսին է և միշտ կնոջ կողքին։ Երբ նա դեռ ուսանող էր, արդեն ծնվեց նրա դուստրը։ Շատ հետաքրքիր և համերաշխ ընտանիք է Թամազյանների ընտանիքը։ Համլետ Թամազյանը սիրում և շատ է գնահատում ընտանիքը, ընկերությունն ու իր ազգը և պատրաստ է ցանկացած դժվարության հանուն մարդկության բարօրության։ Ես սրտանց շնորհավորում եմ Համլետ Թամազյանին` իր 60-ամյակի կապակցությամբ։

                                                                   Արա Բաբլոյան                                                                               

   Բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Արաբկիր բժշկական համալիրի գլխավոր տնօրեն, Մանկական Առողջապահության ինստիտուտի գլխավոր տնօրեն 

   Համլետ Թամազյանը շատ լավ վիրաբույժ է, լավ ղեկավար։ Բացի առողջապահության հիանալի կազմակերպիչ լինելուց, նա նաև բացառիկ առաջադիմական հայացքների տեր անձնավորություն է։ Համլետ Թամազյանը, ինչպես Հովհաննես Թումանյանը, չափազանց նվիրված է իր հայրենի Լոռուն և ջանք չի խնայում իր մասնագիտական գիտելիքները ծառայեցնելու իր ծննդավայրի բնակիչներին։ Վիրաբույժը, ինչպես ականազերծը, իրավունք չունի սխալվելու, և Համլետ Թամազյանը դա լիովին գիտակցում է։ Չի սիրում անավարտ կամ թերի արված գործեր և պատրաստ է համագործակցել ցանկացած բժիշկի հետ։ Նրա բոլոր նախաձեռնությունները հաջողություն են ունենում։ Չափազանց խստապահանջ է և՛ իր, և՛ իր աշխատակիցների հանդեպ։ Համլետ Թամազյանը ատում է սուտը և միշտ անում է այն, ինչ խոստացել է։ Նա այն հազվագյուտ վստահելի մարդկանցից է, ում համար խոստանալն ու կատարելը նույն արժեքն ունեն։ Ես շնորհավորում եմ Համլետ Թամազյանին իր 60 ամյակի կապակցությամբ։

                                                                                                        Գեորգի Օկոև

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի

տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...