





2013-06-21 11:09
«Դե Ֆակտո» 7 (2007թ.)
Իր յուրահատուկ համով սունկն ընդհանրապես ախորժելի է դարձնում ցանկացած աղցան ու ճաշատեսակ։ Որքան հոգատարություն այն պահանջում է իր նկատմամբ մինչ աճելը, այնքան էլ մեծ հաճույք է պատճառում իր հաղորդած առանձնահատուկ համով։
Այսուհետ վաճառքում կարելի է հանդիպել նոր սնկատեսակ` Plieurotus տեսակի կախասունկ (Вешенка)։ Կախասունկն ունի մի շարք առավելություններ այլ սնկատեսակների նկատմամբ։ Այն ողջ Եվրոպայում և արևմուտքում հայտնի է որպես դելիկատ ուտեստ։
- Կախասունկն աճեցվում է եգիպտացորենի և գարու ստերիլ ծղոտի վրա` առանց որևէ հավելումների։ Սա է պատճառը, որ այն էկոլոգիապես մաքուր արտադրանք է։ Շուկայում կախասունկ կարելի է հանդիպել ինչպես թարմ, այնպես էլ մարինացված վիճակում,- նշեց կախասնկի աճեցմամբ զբաղվող գործարար Միքայել Բադալյանը։
Միքայել Բադալյանը Հայաստանում կախասնկի արտադրությամբ զբաղվում է վաղուց, ՀՀ-ում սնկի այս տեսակի արտադրության հիմնադիրներից մեկն է, և շուտով արտադրական հզորությունների ընդլայնման արդյունքում վերջինիս արտադրանքը կբավարարի սպառողների պահանջարկը։
Բացի համեղ լինելուց, կախասունկը նաև օգտակար սննդատեսակ է։ Այն նպաստում է մարդու օրգանիզմում արյան շրջանառության, նյութափոխանակության կարգավորմանը, իջեցնում է խոլեստերինի քանակը, կանխարգելիչ ազդեցություն ունի քաղցկեղային ուռուցքների նկատմամբ և այլն։ Դա է պատճառը, որ աշխարհի շատ երկրներում այն օգտագործվում է բուժական նպատակներով։ Կախասունկը պարունակում է 43% կարբոհիդրատ, 5.5% յուղեր և 8% հանքանյութեր։ Այս սնկատեսակը հարուստ է C, E, P, PP խմբի, ինչպես նաև B խմբի վիտամիններով։ Միքայել Բադալյանի խոսքով` իրենք նպատակ ունեն ապագայում արտադրել նաև կախասնկի փոշի, որը մեծ քանակությամբ պրոտեին է պարունակում։
- Շուկայում շուտով սպառողներին կներկայացվի նաև կախասնկի մուրաբա։ Անշուշտ, աշխարհում այն եզակի արտադրատեսակներից է։
Գնային առումով կախասունկը բավականին մատչելի է։ Թեև կարճ ժամանակ է, ինչ այն արտադրվում է Հայաստանում, սակայն արդեն ունի սպառման լայն ցանց։ Այն շատ համեղ է ինչպես աղցանների, այնպես էլ հավի, տավարի մսով պատրաստված ճաշատեսակների ու կոտլետների բաղադրության մեջ։ Նպատակ կա նաև հրատարակել բաղադրատոմսեր, որոնք հնարավորություն կտան գնորդին վայելել կախասունկն ամենատարբեր ճաշատեսակներում։ Ի դեպ, պատրաստման ընթացքում կախասունկը չի կորցնում իր օգտակարությունը։
- Ավելացնեմ, որ ներկայումս աշխատանքներ են տարվում կախասնկի յուղի արտադրության ուղղությամբ, որը նպատակահարմար է օգտագործել բուժական նպատակներով։ Մի խոսքով, նախատեսում ենք շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ-ում հիմնադրել գիտարտադրական մի կենտրոն, որը կզբաղվի այդքան արժեքավոր արտադրանքի՝ կախասնկի արտադրությամբ և վերամշակմամբ։
Սուսաննա Թամազյան
Վերադառնալ