17:09
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սոֆի Դևոյան

2013-06-22 12:02

Ես վիրավորված եմ, ինձ համար անհասկանալի է…

«Մադամ Դե Ֆակտո» N1

- Ձեր հայրը զինվորական էր, մայրը` պարուհի: Մասնագիտության ընտրությունը պարտադրվա՞ծ էր:

 -Այո, մայրս պարուհի է եղել, սակայն իրեն ամբողջովին նվիրել է ընտանիքին եւ այդպես էլ մասնագիտական բարձունքների չի հասել: Նա միշտ երազել է ինձ բեմում պարելիս տեսնել: Ես հաճույքով իրականացրեցի նրա երազանքը: Բարեբախտաբար, ամուսինս երաժիշտ է եւ երբեք չի խոչընդոտել իմ գործունեությանը, ավելին` աջակցել է: Բոլոր ներկայացումների երաժշտական ձեւավորումների համար պարտական եմ նրան: Ես ուեցել եմ երկու երազանք` դառնալ պարուհի եւ խաղալ բեմում: Երկրորդը դեռ չի իրականացել, ես դեռեւս կինոներում  եմ նկարահանվել:

- Կին, մայր, պարուհի, դերասանուհի…ո՞ր կերպարն է Ձեզ առավել հարազատ:

-Տարօրինակ հարց է, երբեւէ ստիպված չեմ եղել մտածել այդ մասին: Ամենից առաջ ես մայր եմ, սակայն այդ հանգամանքից չեն տուժում մնացած ասպարեզները: Ոչ ամուսինս, ոչ կոլեգաներս, ոչ թոռներս եւ ոչ էլ երկրպագուներս չեն բողոքում, քանի որ ես ամեն ինչ հասցնում եմ: Ես ժամանակ եմ գտնում նույնիսկ խոհանոցում գտնվելու համար:

- Կյանքի եւ ստեղծագործական գործունեության ճանապարհին խոչընդոտները շա՞տ են:    

-  Ես վաղուց արդեն գիտակցել եմ, որ այն ստեղծագործությունը, որը  չի արժանանում ուշադրության, ավելի վատն է, քան այն, որն արժանանում է վատաբանության: Ես հասարակական կյանքով ապրող անհատ եմ, իմ կյանքն ու գործերը բարձրաձայն քննարկվում են եւ, բնականաբար, կան այնպիսինները, ում այնքան էլ դուր չեն գալիս: Սակայն յուրաքանչյուր խոչընդոտ ավելի է ուժեղացնում մարտնչելու ձգտումս: Եթե կա արգելք, ուրեմն ես ճիշտ ուղու վրա եմ եւ վերջն անպայման լավ  է լինելու: Ոչ ոք ինձ երբեք չի աջակցել, իմ հարազատներից բացի: Մշակույթի նախարարությունն ինձ երբեւէ ոչ մի համերգային ծրագրի մեջ չի ընդգրկել, իմ կենտրոնի սաները արտասահմանյան մրցույթների մասնակցել են միայն անձնական միջոցների հաշվին: Հետաքրքրական մի փաստ` մենք վերադարձանք օտարերկրյա փառատոնից արժեքավոր մրցանակով, սակայն մամուլի ասուլիսի ժամանակ նույնիսկ ներկա էլ չէինք:  

- Ձեր անձին վերաբերող  լուրերին, ասեկոսներին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Անկեղծ ասած` ոչ մի կերպ: Ես հայտնի մարդ եմ եւ դա անբաժան մասն է իմ կյանքի: Չնայած ժամանակին վիրավորվել եմ, սակայն հիմա արդեն թեթեւ եմ վերաբերվում: Երբ Շառլ Ազնավուրին նվիրված ներկայացում բեմադրեցի, լուրեր տարածվեցին, որ ես փորձում եմ դրանով փող աշխատել, մինչդեռ ես ոչ մի գումար չէի ստացել ոչ պետությունից, ոչ անձամբ Շառլից: Պարզապես ուզում էի նվեր մատուցել մեր ազգի արժանի ներկայացուցչին: Ցավոք, ի սրտե արված նվերս տեղ չհասավ:

- ԶԼՄ-ների հետ  հարաբերությունները նորմա՞լ են:

-Հոգնել եմ բոլորին պատմել իմ գեղեցկության, երիտասարդության գաղտնիքների մասին: Ինչ եմ հագնում, ինչ կրում, որտեղից ձեռք բերում…Որպես կանոն, ստիպված եմ լինում պատասխանել նման մակերեսային հարցերի: Սակայն կարող եմ համոզված ասել, որ ինձ բոլորը սիրում են, ես ինքս բոլորին շատ եմ սիրում:

- Նկարահանվում եք սերիալում. որոշումը հե՞շտ կայացրեցիք:

- Երիտասարդ տարիներին ես նկարահանվել եմ <> ֆիլմի գլխավոր դերում: Այն ժամանակ ես Պարի Պետական անսամբլի մենապարուհին էի, անընդհատ շրջագայությունների մեջ էինք, ինչն էլ խոչընդոտեց հետագա կարիերաս կինոյում: Առաջարկ ստանալով հեշտությամբ համաձայնեցի նորից նկարահանվել: Խաղընկերներս հայտնի եւ կայացած դերասաններ են, աշխատանքն ինձ հաճույք է պատճառում: Իհարկե, կցանկանայի տեսնել առավել հղկված սցենարներ, ուր ցինիզմն այդքան շատ չի լինի: Ամեն դեպքում մի բան ակնհայտ է` այս դեպքում պահանջարկն է ստեղծում առաջարկ: Եթե սերիալը շատ վատ երեւույթ լինի, այն ժամանակի ընթացքում դուրս կմղվի մեր կյանքից: Ես կողմ եմ ընտրության լայն հնարավորության` թող ամեն ինչ լինի, հեռուստադիտողն ինքը կորոշի` ի՞նչ նայի: Միայն մրցակցության պայմաններում կծնվի որակյալ, արժեքավոր արտադրանք:

- Այդ դեպքում ի՞նչ կասեք Հայաստանում պարարվեստի ապագայի մասին: Կայացու՞մ,  թե՞ …

- Շատերն են կարծում, որ մեր հայ արվեստն անկում է ապրում, իսկ ես համոզված եմ, որ սա հրադադար է եւ շուտով կրակահերթ կլինի: Ես ճանաչում եմ շատ տաղանդավոր մարդկանց, ովքեր որոշակի քայլեր են անում զարգացման ուղղությամբ, այլ ոչ թե բողոքում եւ քննադատում: Սակայն ստիպված եմ խոստովանել, որ հետաքրքիր գաղափարներ կյանքի կոչելու համար այնուամենայնիվ պետք են ֆինանսական բավականին լուրջ ներդրումներ, դրանց կարիքն այսօր շատ է զգացվում:

- Ի՞նչով եք առաջնորդվում ներկայացումներ բեմադրելիս:

- Անպայման պետք է առկա լինի որեւէ նոր խոսք, թարմ մոտեցում, օրիգինալ լուծում, մեր պատմությունից որեւէ դրվագ:  Ես ուզում եմ, որ երեխան փոքր հասակից առնչվի Սարյանի գույների, Վիվալդիի, Բախի հնչյունների հետ: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ իմ կենտրոնի սաները մեկնում են շրջագայության` Եվրոպայից մինչեւ Աֆրիկա: Ամեն անգամ նրանք վերադառնում են մրցանակներով, գովասանագրերով: Մեր դիպլոմների եւ պատվոգրերի կեսից ավելին պահվում են պահեստում, քանի որ զուտ ֆիզիկապես ի զորու չենք տեղավորել այդ ամենը թատրոնի պատերին:

-Փոքրիկ Սոֆին ո՞ւմ ուղին կշարունակի`երգչուհի մոր, թե պարուհի, դերասանուհի տատիկի:

- Մի բան պարզ է` Սոֆիի կամքի վրա ոչ ոք չի բռնանա:Մարդ պետք է միշտ ունենա ընտրության հնարավորություն: Ի դեպ, տղա թոռս երաժշտական ունակություններով առավել ակնառու է: Ինչպես իմ թոռների, այնպես էլ իմ կենտրոնի սաների մեջ ես նախեւառաջ սերմանում եմ հարգանքը դեպի հայրենիքը, պետական արժեքները` դրոշը, հիմնը, նախագահը: Նրանց մեջ քաղաքացուն դաստիարակելով` մեխանիկորեն դուրս եմ մղում մի շարք արատավոր երեւույթներ`չարություն, հոռետեսություն, ագրեսիա:

-Դուք անպաշտպա՞ն մարդ եք:

-Ճիշտն ասած, չեմ ուզում թողնել ուժեղ կնոջ տպավորություն, չեմ ուզում ինքս պաշտպանել ինձ: Ես ուզում եմ ստեղծագործել, կերտել արվեստի նմուշներ, իսկ իրավունքներս թող պաշտպանեն նրանք, ով ի պաշտոնե պարտավոր է դա անել: Ես չեմ կարող իջնել մինչեւ կենցաղային մակարդակ եւ հարաբերույթուններ պարզել, ասենք, այն անձանց հետ, ովքեր ամեն թաղում իմ անվան տակ պարի դպրոցներ են բացում: Եթե ես սկսեմ զբաղվել հեղինակային իրավունքներ պաշտպանելով` պայքարի մեջ կկորցնեմ շատ ավելին, քան ձեռք կբերեմ: Ի վերջո, դա պետության գործառույթն է` պաշտպանել իր քաղաքացու իրավունքները: Իմ գործն արարելն է: Ձեռքերով պարի գաղափարը սկզբից մինչեւ վերջ պատկանում է ինձ: Եթե մեր Մշակույթի նախարարությունը բավականաչափ խելամիտ գտնվեր, կկազմակերպեր հյուրախաղեր ողջ աշխարհում եւ կբարձրացներ Հայաստանի պարարվեստի մասին ունեցած կարծիքը, բացի այդ կհարստացներ պետբյուջեն հսկայական գումարներով: Ես ինքս ի զորու չէի զբաղվել նման կազմակերպչական հարցերով:

-Եղե՞լ է  սխալ, որի համար զղջացել եք:

- Այո: Մի անգամ ստացա <> առաջարկ Լաս Վեգասից` բեմադրել մյուզիքլ: Մերժեցի, քանզի պետք է որոշակի ժամանակ թողնեի իմ թատրոնը, իսկ դա կնշանակեր կորցնել ամենը, ինչ ձեռք էի բերել այստեղ` Հայաստանում: Հիմա, հետադարձ հայացք նետելով, հասկանում եմ, որ դա ճիշտ որոշում չէր: Մի քանի տարի դրսում ապրելուց հետո հայրենիքում ինձ ձեռքերի վրա ման կտային, շատ-շատերի նման: Հայ արվեստագետը դրսում գնահատվում է, այստեղ` ոչ: Տարիներ առաջ Թերեզա Գրիգորյանն ինձ հրավեր ուղարկեց մասնակցելու Շվեյցարիայի Լոզան քաղաքում կազմակերպվող մրցույթին` մոդեռն ոճի բեմադրություններ: Իմ <> պարն ընդգրկվեց աշխարհի 120 երկրներից ներկայացված խորեոգրաֆիկ բեմադրությունների լավագույն տասնյակի մեջ: Հետագայում խորեոգրաֆիայի դասագրքերում այն հիմք հանդիսացավ պարուսուցման համար:

- Կտրուկ որոշումներ երբեւէ կայացրե՞լ եք:

- Այո, դա հին պատմություն է, չէի ցանկանա դիպչել այդ թեմային…Ես ստեղծել էի 40 հոգուց բաղկացած թատրոն, տարիներ շարունակ նրանց հետ աշխատել էի, մի ընտանիքի պես էինք, բոլոր պլաններս նրանց հետ էին կապված: Սակայն տեղի ունեցավ մի դեպք, որի արդյունքում ես հասկացա` նրանք ինձ չեն հավատում: Մի ակնթարթում ես ազատեցի աշխատանքից թատրոնի ողջ անձնակազմին: Մտա դահլիճ եւ ասացի` դուք ազատված եք ինձ չհավատալու պատճառով: Ես ազնիվ, նվիրված մարդ եմ եւ պահանջում եմ նույնը: Թատրոնի նոր կազմ հավաքելու համար պետք եկան ամիսներ եւ բազմաթիվ ջանքեր, սակայն այլ կերպ ես չէի կարող:

-Չնայած լարված ժամանակացույցին` հրաշալի արտաքին ունեք: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել երիտասարդությունը:

- Մարդ պետք է ներսից առողջ լինի: Երբ մտքերդ, զգացմեւնքներդ, իղձերդ բարի են, դրական, ապա արտաքին տեսքդ չի կարող լինել անհրապուրիչ, չար, նենգոտ: Իհարկե, սննդակարգն իր տեղն ու դերն ունի, հնարավոր չէ երեկոյան ժամերին տղամարդու պես ընթրել եւ լինել բարակիրան: Ես պարզապես կարողանում եմ կառավարել իմ ախորժակը: Բացի այդ, շատ եմ սիրում սառը ցնցուղ ընդունել: Արդեն քանի տարի է` սառցե շփումներ եմ կիրառում:

- Շուտով Ձեր հոբելյանն է. ադեն 60, թե՞ երեք անգամ 20: Ինքնազգացողությունն ինչպիսի՞ն է: Այնքան էլ ուրախ չեք:

-Իմ բոլոր հոբելյանները ես տոնել եմ ընտանիքիս, ընկերներիս շրջանակում, պետական մակարդակով երբեք ոչնչի չեմ արժանացել: Ցավում եմ, որ մեր Մշակույթի նախարարության համար այդաստիճան աննշան է իմ ծնունդը: Գաղափարներ շատ կան, սակայն մի հանգամանք պղտորում է իմ տոնը: Ես մշակույթի գործիչ եմ եւ կցանկանայի արժանվույն գնահատանք ստանալ իմ կատարած գործերի համար: Իմ սերնդակիցները` Սոֆիա Ռոտարուն, Ալլա Պուգաչովան եւ շատ այլ անձինք վաղուց արդեն ստացել են պետական մրցանակներ, կոչումներ: Ես մի փոքր վիրավորված եմ, իմ համար անհասկանալի է` մի՞թե քիչ են իմ ներդրումներն արվեստի բնագավառում, միթե Հայաստանն ունի այդքան շատ պարուհիներ, սոֆի դեւոյաններ: Ես ապրում եմ այս երկրում եւ կցանկանայի լինել գնահատված ոչ թե օտարների կողմից, այլ անմիջականորեն իմ երկրի:

P.S. Մեր քաղաքում որտե՞ղ կարելի է հանդիպել Ձեզ:

-Սիրում եմ հաճախել  Մաֆ  ակումբ,  13 ակումբ, Pascuchi, Aquatek եւ այլն:

Էլեն Բաբալյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...