11:48
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայոց հող և արև, եվրոպական ստանդարտներ և տեխնոլոգիաներ. արդյունքում` էկոլոգիապես անարատ արտադրանք

2013-06-29 12:08

«Դե Ֆակտո» 62 (2011թ.)

«Ամսթեր Ֆլաուերս», «Բիգա». այս անուններն այսօր որակի առաջատարներ են հայաստանյան շուկայում։  Սա մի ընկերություն է, որը ագրարային տնտեսության մեջ իր բազմապրոֆիլ գործունեությամբ տեղական շուկային մատակարարում է յուրատեսակ բույսեր և ծաղիկներ, տարածաշրջանում եզակի տեխնոլոգիաներով աճեցվող շամպինիոն տեսակի սնկեր։

Թե ինչ ծրագրեր և անելիքներ ունեն ընկերությունները հետագայի համար կպարզենք ընկերությունների համասեփականատեր Սամվել Պետրոսյանի հետ զրույցում։

«Ամսթեր Ֆլաուերս». ձեր կանաչ դրախտը մենք ենք ստեղծում

- Հարգելի պարոն Պետրոսյան, որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է «Ամսթեր Ֆլաուերս» ընկերությունը։ Պատմեք խնդրեմ, ընկերության գործունեության մասին։

-Մի քանի տարի առաջ աշխատանքի բերումով Հոլանդիայում էի։ Այնտեղ ես առաջին անգամ տեսա, այսպես կոչված, ծաղիկների բիրժա, որտեղ աուկցիոնի միջոցով վաճառվում են ամենատարբեր ծաղիկներ ամբողջ աշխարհով մեկ։  Ինձ համար հետաքրքիրն ու նորամուծությունն այն էր, որ ծաղիկները վաճառվում էին հողով, ծաղկամանի մեջ։ Հետաքրքրվելով այս բիզնեսով` 2006-ին հիմնեցինք հայ-հոլանդական համատեղ «Ամսթեր Ֆլաուերս» ընկերությունը և առաջին անգամ Հայաստան ներմուծեցինք փոքր խմբաքանակով ծաղիկներ, որոնք նախատեսվածից մեծ պահանջարկ ունեցան։ Հետագայում կառուցեցինք «Կանաչ դրախտ» խանութ-սրահը, մեծացրեցինք և ավելի բազմազան դարձրեցինք առաջարկվող բույսերի տեսականին, հիմնեցինք ջերմոցներ բույսերի պահպանման և բազմացման նպատակով։ Սկսեցինք ներմուծել ոչ միայն ծաղիկներ, այլ նաև դրսի` մարգերի, այգիների համար նախատեսված բույսեր և ծառեր։

Ի՞նչ տեսակի բույսեր է այժմ առաջարկում «Ամսթեր Ֆլաուերս»  ընկերությունը։

- Այսօր մենք սպառողին առաջարկում ենք առողջ վարդերի ավելի քան 100 տեսակ, մշտադալար բույսերի, պտղատու ծառերի, միամյա և բազմամյա բույսերի, սենյակային էկզոտիկ բույսերի 200-ից ավելի տեսակներ։ Եվ վստահորեն կարող եմ ասել, որ մեր ընկերությունը ոլորտի առաջատարներից է Հայաստանում։ Թեև սկզբում մարդկանց համար անսովոր էր նվիրել կամ նվեր ստանալ ոչ թե կտրված ծաղկեփունջ, այլև հողով կենդանի ծաղիկներ, բայց աստիճանաբար հայ իրականության մեջ ևս ձևավորվեց այս կուլտուրան, և դա, կարծում եմ, շատ ավելի ճիշտ և գեղեցիկ է։ Եվրոպայում մեծ ուշադրություն է դարձվում մարդու շրջապատում բույսերի և ծաղիկների առկայությանը. նրանց կարծիքով մարդն անընդհատ պետք է մոտ լինի և շփվի բնության ու կանաչի հետ։ Դատելով վաճառքի և պահանջարկի աճող ծավալներից` վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում ևս աճում է այս միտումը։

Բիգա` տարածաշրջանում աննախադեպ և եզակի տեխնոլոգիաներով արտադրվող շամպինիոն տեսակի սունկ

- Իսկ ինչպե՞ս որոշեցիք ծաղիկների և բույսերի ներմուծումից բացի զբաղվել սնկերի արտադրությամբ։ 

- Ընդհանրապես, հետաքրքրվելով ագրարային տնտեսության եվրոպական փորձով` ծանոթացա աշխարհահռչակ հոլանդական «Cristiaens Group» ընկերության գործունեությանը, սնկերի աճեցման և պահպանման նրանց տեխնոլոգիաներին, ինչը ինձ շատ հետաքրքրեց։ Պարզվեց նաև, որ  տարածաշրջանում առայժմ չկա նման տեխնոլոգիաներով սունկ աճեցնող ընկերություն, ուստի որոշեցինք հիմնել հայ-հոլանդական համատեղ ընկերություն, որը Հայաստանի և հուսով եմ շուտով նաև տարածաշրջանի համար կաճեցնի էկոլոգիապես մաքուր, անարատ, խոշոր սնկեր։ «Բիգա սունկ» ընկերությունը սկսեց գործել 2009-ի դեկտեմբերից, երբ Հոլանդիայից Հայաստան բերվեցին բոլոր անհրաժեշտ սարքավորումները, հրավիրվեցին համապատասխան մասնագետներ, որոնք թվայնացված և ամբողջովին մեխանիզացված գործարանի գործունեության տեխնոլոգիաների հմտությունները փոխանցեցին տեղացի մասնագետներին, քանի որ, ինչպես գիտեք, կառավարման և աճեցման ամբողջ համակարգը հսկվում է համակարգչի միջոցով։ Աշխատանքների կազմակերպման և գործարանի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1 մլն. եվրո։

Ոչ միայն տեղական արտադրությունայլ նաև արտահանում տարածաշրջանի մակարդակով

- Արտադրության ի՞նչ ծավալ է ապահովում այս պահին «Բիգա սունկ» ընկերությունը։ 

- Այսօր «Բիգա սունկը» ունի օրական 900-1000կգ. արտադրողականություն, ինչն առայժմ բավարարում է միայն տեղական շուկայի պահանջարկը, սակայն գործարանի մեծացման հետ շուտով կարող ենք խոսել նաև արտահանման մասին։

Ի՞նչպիսի նյութեր և սարքավորումներ են կիրառվում ընկերության կողմից։

- Մենք մեր գործունեության մեջ օգտագործում ենք բացառապես եվրոպական նյութեր և սարքավորումներ, քանի որ վերջիններս ունեն գերազանց որակ և արդյունավետություն։    Այս ամենն, իհարկե, բավականին մեծ ներդրումներ է պահանջում, բայց պետք է նշեմ, որ ներդրումներն արդարացված են, քանի որ ոլորտը շատ հեռանկարային և զարգացող ոլորտ է մեր երկրում։ Բացի ֆինանսական ներդրումներից այսօր մենք կարիք ունենք նաև նորագույն եվրոպական ստանդարտներին համապատասխան մարդկային ռեսուրսների վերապատրաստման։ Այս ուղղությամբ ևս մենք լուրջ աշխատանքներ ենք իրականացնում. եվրոպայից պարբերաբար հրավիրում ենք մասնագետներ, որոնք աշխատում են մեր մասնագետների հետ և փոխանցում են նրանց համապատասխան փորձ և գիտելիքներ։ Մեր մասնագետներին ուղարկում ենք եվրոպական երկրներ` վերապատրաստման դասընթացների, քանի որ գյուղատնտեսության զարգացման եվրոպական փորձը կարծում եմ այսօր լավագույնն է և անհրաժեշտ է հետևել վերջիններիս օրինակին։  

Պետք է նշեմ նաև, որ սնկի աճեցման համար անհրաժեշտ տորֆը և կոմպոստը ևս ներմուծվում է Հոլանդիայից։ Առաջիկայում նախատեսում ենք հիմնել կոմպոստի արտադրության գործարան, որը միակը կլինի տարածաշրջանում և սունկ արտադրողներին կապահովի որակյալ կոմպոստով։

Եվրոպական տեխնոլոգիաների միջոցով  բանջարեղենի  հայկական ավանդական տեսակների վերականգնում

-   Ի՞նչ նոր պլաններ և ծրագրեր ունեք մոտ ապագայի համար։

-Մենք պայմանագիր ենք կնքել  հոլանդական «Ամմերլաան» ընկերության հետ լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցման ջերմոցներ կառուցելու և համապատասխան մասնագետներին վերապատրաստելու մասին։ Արդեն սկսել ենք ջերմոցների կառուցման աշխատանքները։ Բոլոր սարքավորումներն ու շինանյութը ներմուծվում են Հոլանդիայից, կառավարման և աճեցման համակարգը ամբողջովին իրականացվելու է համակարգչի միջոցով, ինչը էապես բարձրացնում է բերքատվության մակարդակը, նվազեցնում կորուստների հավանականությունը, քանի որ թվայնացված կառավարման համակարգը արձագանքում  է ջերմաստիճանի, քամու կամ արևի նույնիսկ ամենաչնչին փոփոխությանը։ Հուսով եմ, սա մարզի բնակիչներին կապահովի ևս 50-60 աշխատատեղով։  Ինչ վերաբերում է աճեցվող տեսակներին, ապա մենք նպատակ ունենք վերականգնել մեր ավանդական հայկական լոլիկի և վարունգի տեսակները։ Այս ուղղությամբ արդեն մասնագետներն աշխատում են Հոլանդիայում, և առաջիկայում մենք կկարողանանք տնկել համապատասխան սերմերը։ Բույսերի աճեցումը ջերմոցային եղանակով, ըստ իս, շատ ավելի անվտանգ է և էկոլոգիապես մաքուր, զերծ հիվանդություններից և վարակներից։ Եթե ամեն ինչ ընթանա մեր պլանավորած տեմպերին համապատասխան, հուսով եմ մոտ ապագայում կունենանք առաջին բերքը և կմտածենք արտադրության ծավալներն ընդլայնելու մասին։ 

- Դուք, փաստորեն, բավականին լուրջ ներդրումներ եք իրականացնում մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում։ Ինչպիսի՞ն է պետության վերաբերմունքը Ձեր գործունեության նկատմամբ։ 

-  ՀՀ կառավարության որոշմամբ մեր կողմից իրականացված  300 մլն դրամը գերազանցող ներդրումների ԱԱՀ-ի վճարումը հետաձգվեց մինչև 2013թ մայիսի 1-ը, ինչը էապես օգնեց մեր ընկերությանը։ Ընդհանրապես, ես ողջունում եմ ՀՀ նախագահի և կառավարության որդեգրած քաղաքականությունը` օգնել և աջակցել գյուղատնտեսության զարգացմանը ՀՀ-ում։

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...