19:51
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առողջ սնունդ, առողջ ապագա...

2013-07-03 12:04

«Դե Ֆակտո» 62 (2011թ.) 

«Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Խաչիկ Խաչատրյան

-Պարո՛ն Խաչատրյան, որքա՞ն ժամանակ է, որ արտադրության ոլորտում եք և ե՞րբ է հիմնադրվել թռչնաֆաբրիկան։

-Թռչնաֆաբրիկան հիմնադրվել է դեռևս խորհրդային Միության ժամանակաշրջանում, իսկ մենք ֆաբրիկան ձեռք ենք բերել սեփականաշնորհումից հետո`  2001թ. նոր ծրագրերի ընդլայնման փուլով։ Տարածքը ձեռք բերելուց հետո սկսեցինք  վերականգնել տարածքում գոյություն ունեցող հնարավորությունները և  ընդլայնել արտադրական ծավալները։ Այդ ժամանակ ֆաբրիկայում աշխատում էին մոտավորապես 50 մարդ, այսօր արդեն 10 անգամ ավելացել է աշխատողների թիվը և աշխատում են 500-550 մարդ։ Երբ մենք որոշեցինք այս տարածքում զբաղվել թռչնաբուծությամբ պետք է նշեմ, որ այստեղ կարծես` մոռացել էին թռչնաբուծության մասին, քանի որ կային մի քանի տեղական, վայրի հավեր։ Հետագայում, ընդլայնելով ծավալները, հասանք այն արդյունքին, որ այսօր օրեկան սպանդանոցներում մոտավորապես 10-15 տոննա հավից և հավի մսամթերքներից արտադրանք է արտադրվում, որը Հայաստանի շուկայի տեղական արտադրանքի տեսակետից լուրջ ծավալ է ներկայացնում։ Երկու տարի առաջ մենք նախաձեռնեցինք տարածքում բացի թռչնամսից արտադրել նաև հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկան զբաղվում էր միայն մսի արտադրությամբ, իսկ այսօր արդեն նաև զբաղվում  է ձվի արտադրությամբ։ Այս ընթացքում տարածքում մենք կառուցել ենք նոր սպանդանոց` գերմանական YMF ֆիրմայի, վերանորոգել ենք թռչնանոցները, այդ գործընթացը այսօր ևս  շարունակվում է, այս տարի նաև կառուցել ենք մսամթերքների արտադրամաս, որտեղ մեր ստացած թռչնամսից պատրաստվում են տարբեր տեսակի մսամթերքներ և այլն։

-Ընկերության կողմից առաջարկվող տեսականին ինչո՞վ է տարբերվում շուկայում գործող մյուս ընկերությունների տեսականիներից և ո՞րն է Ձեր արտադրանքի  առավելությունը։

-Մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ տրամադրել թե՛ տեղեկատվություն, թե՛ տեսանելի դարձնել արտադրական գործընթացը` ինչպես և ինչ պայմաններում  է կատարվում արտադրական գործընթացը։ Պետք է նշեմ նաև, որ նախանցած տարի մենք կառուցեցինք նոր համակցված կերի գործարան, որը ավտոմատացված և համակարգված է, բոլոր բաղադրամասերը գրամ առ գրամ հաշվարկելով մտնում է արտադրության մեջ ու դրա շնորհիվ մենք ստանում ենք բարձրորակ կեր, և թռչունը արդեն ուտում է համակցված կեր, այլ ոչ թե փոքր հատիկներ։ Բացի դրանից մեզ մոտ նաև լաբորատոր ստուգումներ են իրականացվում թե՛ գյուղնախարարության, թե՛ պետական այլ ծառայությունների կողմից, հաճախակի գալիս են` ստուգում մսի, մսամթերքների որակը և համոզվում`  արդյո՞ք ամեն ինչ համապատասխանում է սահմանված չափանիշերին, թե ոչ։ Կարծում եմ` մեր առավելությունն այն է, որ մենք վաճառում ենք թարմ հավ, այսինքն` արտադրամասից մինչև խանութ տևում է 2-3 ժամ, և սպառողը հնարավորություն է ունենում գնել որակյալ և թարմ հավ,  մեր սպանդանոցը կառուցված է  նորագույն գերմանական տեխնոլոգիաներով,  այսինքն` թռչնամիսը շատ արագ և որակով վերամշակվում է և, երբ մենք մեր ապրանքատեսակը ներկայացնում ենք` այն ունի շատ հաճելի ու թարմ տեսք,  նաև համային առումով պետք է նշեմ, որ մենք ունենք բավականին մեծ արոտավայրեր, որտեղ առվույտը մենք ինքներս ենք աճեցնում, որպեսզի թռչնի համար նախապատրաստվի առողջ կերի հումք, այսինքն` մեր թռչունը սնվում է բարձր որակի և առողջ հումքերով։

-Պարո՛ն Խաչատրյան, իսկ որքանո՞վ կարող է սպառողը համոզված լինել, որ ընտրելով Ձեր արտադրանքը` ընտրել է որակյալըև արդյո՞ք դրսից ներմուծված հավերը կամ ձուն էկոլոգիապես մաքուր և որակյալ են։

-Դրսից ներմուծված ձվերը երբեք որակյալ չեն և չեն էլ կարող լինեն, քանի որ Հայաստան ցանկացած ապրանքատեսակ ներմուծելու համար ժամանակ է հարկավոր`  մոտավորապես 7-9 օր։ Իսկ երբ ձուն արտադրվում, տեղափոխվում է պահեստ, այնուհետև  դասավորվում է և հստակ չէ հենց այդ օրն է ներմուծվում Հայաստան, թե ոչ /հնարավոր է մի քանի օր մնա պահեստում/, այնուհետև փաստաթղթերի ձևակերպում ներմուծաման հետ կապված, այսինքն`  գնողը գնում է 2-3 շաբաթվա ձու։ Իսկ իրականում ձուն կարելի է պահել 5-7 օր, իսկ թարմ հավը 2-3 օր։ Մեր տեղական արտադրողի առավելությունը կարծում եմ` սա է, որ սպառողին առաջարկում են թարմ, ինչպես նաև որակյալ արտադրանք։ Մենք նաև  խանութներին տալիս ենք այն քանակությամբ, որ իրենք կարողանան արագ վաճառել։

-Ի՞նչ եք կարծում, տեղական արտադրանքն իր որակով և ներկայանալիությամբ համապատասխանո՞ւմ է դրսի շուկայի պահանջներին։ Հե՞շտ է մուտք գործել այդ շուկա և տեղ գտնել այնտեղ։

-Այո՛, իհարկե, և դրա վառ ապացույցը մեր ոսկե մրցանակներն են։ Մայիսի  17-19 Մոսկվայում Էքսպո ցուցահանդեսում, որտեղ մենք ներկայացված ենք եղել մեր ապրանքատեսակներով, մատուցվեց մեր «Արաքս» թռչնաֆաբրիկայի տապակած ճուտը և ավանդական ձվածեղը և երբ հանձնաժողովին, ոչ միայն մեր, այլ նաև մյուս ներկայացուցիչների արտադրանքները մատուցեցին միանշանակ բոլորը հավանեցին մեր արտադրանքը։ Նշեմ, որ Հայաստանից միայն մենք էինք ներկայացված և  չէինք հավատում, որ հնարավոր է`  ինչ-որ հաջողության հասնենք։ Կարելի է ասել, մենք գնացել էինք փորձ ձեռք բերելու ու, քանի որ մեր «Էկո» հավերը թե՛ որակի, թե՛ համի տեսակետից Հայաստանում բավականին ճանաչում են ունեցել, մենք փորձեցինք ռուսական շուկայում ներկայացնել այն` հույս ունենալով, որ հնարավոր է ինչ-որ արդյունքի կամ հավանության արժանանանք, և մենք «Բարձր որակի ապրանքանիշ» պատվոգրերով վերադարձանք Հայաստան։

-Նման էքսպոները պատճառ են դառնում տարբեր երկրների կամ ընկերությունների համագործակցությանը։ Այդ  էքսպոյում եղա՞ն առաջարկություններ և հիմնականում, որ երկրներից ստացաք։

-Այս Էքսպոյի ժամանակ ձեռք բերեցինք համաձայնություն հոլանդական մի նոր ընկերության հետ, որի շնորհիվ մենք ձվի արտադրանքը` հավկիթները, պետք է վերամշակենք, այսինքն` ձեռք ենք բերում մի սարքավորում, որը հնարավորություն է տալիս դեղնուցն առանձնացնել սպիտակուցից, դեղնուցի հետ խառնել որոշակի քանակությամբ շաքար կամ աղ և այդ պատրաստի խառնուրդը, որը լինելու է հիգենիկ վիճակում, մատուցել մեր խմորեղենների, հացի,  նրբերշիկի,  մսամթերքների արտադրամասերին, քանի որ այսօր այդ ամենը կարելի է ասել կատարվում են հակահիգենիկ եղանակով։ Ցուցահանդեսի ժամանակ մենք այդ նորամուծությունը տեսել էինք և որոշեցինք ձեռք բերել այդ սարքը, որի արտադրանքը մենք հնարավորություն կունենանք պահպանել մինչև երկու ամիս։

-Պարո՛ն Խաչատրյան, իսկ այսօր Ձեր ընկերությունը նորագույն տեխնոլոգիաների հագեցվածությամբ ի՞նչ մակարդակի վրա է գտնվում։

-Մենք ունենք համագործակցություն խոշոր գերմանական մի շարք ընկերությունների հետ, օրինակ` «Big Dauchman»-ը, որը մեզ մատակարարել է ժամանակակից թռչնանոցներ, կատարելագործված տեխնոլոգիաներ, որոնք  ամբողջությամբ ավտոմատացված են։ Այդ համակարգի շնորհիվ մենք կարող ենք ֆիքսել, թե թռչնանոցում թռչունը ինչ կեր է ուտում, ինչ քաշաճ է ունենում, ինչպես նաև օդի խոնավությունը, ջերմաստիճանը և այլ պարամետրեր, որը ազդում է արտադրության ծավալների և արտադրանքի  որակի վրա։ Այսինքն` մենք համակարգի շնորհիվ հսկում ենք ամեն ինչ, բացի դրանից այդ «Big Dauchman» սարքավորումը մեզ հնարավորություն տվեց մեր արտադրական ծավալները մեծացնել, մենք մի թռչնանոցում առաջ պահում էինք 30000 թռչուն, սակայն ներդնելով «Big Dauchman» սարքավորումները,  մենք արդեն  մի թռչնանոցում պահում ենք 90000 թռչուն, այսինքն` դրանով մենք քանակը ավելացրեցինք, որը  բնականաբար նպաստեց արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը։  Նաև մորթի արտադրամասում ենք ներդրել գերմանական շատ խոշոր ընկերության YMF-ի ձեռնարկությունը, որը  ունի միջազգային ճանաչում։ Ներդնելով YMF ձեռնարկությունը մենք կարծեք` նաև ունենք անձնագիր մեր արտադրանքը արտահանելու համար, քանի որ արտասահմանում այն մեծ ճանաչում ունի, այսինքն`  սպանդը կատարվում է եվրոպական չափանիշերին համապատասխան, և  մենք  մեր արտադրանքով կարող ենք ներկայանալ եվրոպական կամ այլ երկրներ։  Հաջորդ ձեռքբերումը Ավստրիական «SHALE» ձեռնարկության մսամթերքների վերամշակման բարձրորակ սարքավորումներն են, որոնք հնարավորություն են տալիս  օրեկան մոտավորապես 3-5 տոննա տարբեր մսամթերքներից արտադրանքներ ստանալ.  նրբերշիկներ, ֆարշեր,  30-35 տեսակի ապրանքներ։ Պետք է նշեմ, որ  նաև ձեռք ենք բերել կերի գործարան, որտեղ արտադրում ենք բարձրորակ, համակցված կեր, որի շնորհիվ մեր թռչունը ստանում է իրեն համապատասխանող կերաբաժին, որը իր հերթին տալիս է ցանկալի արդյունք։ Ձեռք ենք բերել նաև հոլանդական «STALKAT» ձեռնարկության սարքավորումները, որը ժամում սորտավորում է 150000 հատ հավկիթ, այսինքն` թռչնանոցից հավկիթները ավտոմատ կերպով գալիս, մտնում են այդ սարքի մեջ ու սորտավորվում են և մենք  հստակ կարող ենք ասել, որ թռչնանոցից մինչև սպառողը հավկիթին ոչ մի ձեռք չի դիպչում։

-Ձեր դաշտում Դուք մրցակի՞ց եք ինչ-որ ընկերության, թե՞ ինչ-որ ընկերություն մրցակից է Ձեզ։

-Մենք միշտ էլ մեկս մյուսին մրցակից ենք, քանի որ ցանկացած արտադրություն շուկայում ունի իր սպառողը, ու քանի որ շուկան էլ բավականին փոքր է, մենք միշտ էլ հատվում ենք մեր հետաքրքրություններով մեկս մյուսի հետ, իսկ այդ մրցակցությունը միշտ ավելի ակնհայտ է լինում ամռանը,  երբ սպառման պահանջարկը նվազում է։

-Պարո՛ն Խաչատրյան, Դուք ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում և ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը։

-Իմ առաջնային սկզբունքը, որակյալ և բարեխիղճ աշխատանքն է, քանի որ կարծում եմ` այն, ինչ անում ես պետք է անես որակով, պետք է անպայման նվիրվես քո աշխատանքին և պետք է հավատաս, որ  կարող ես։ Աշխատանքը կատարելիս պետք է աշխատես և ձգտես ներկայացնել լավագույնը։

-Ո՞րն է Ձեր թռչնաֆաբրիկայի կարգախոսը։

­-Առողջ սնունդ, առողջ ապագա։

Սպառման քանակն ավելանում է, իսկ  արտադրության ծավալներն այսօր  չեն հասցնում բավարարել պահանջարկը, որի հետևանքով տեղի է ունենում գների բարձրացում։

 

-Գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում Ձեր ընկերությունն ինչպե՞ս դիմակայեց և որպես գործարար ի՞նչ եք արձանագրում Հայաստանը վերջնականապես դո՞ւրս է եկել ճգնաժամից։

-Դիմակայեցինք, քանի որ ճկունություն ունենք ձևավորված, սակայն պետք է նշեմ, որ  ճգնաժամն այդքան էլ չազդեց սննդի ոլորտի, արտադրողների վրա, իսկ գների բարձրացումը ճգնաժամի հետ այդքան էլ կապ չունի, դա ուղղակի կապված է հումքի գների բարձրացման հետ։ Այսինքն` քանի որ մենք հումքը ձեռք ենք բերում արտասահմանից, կարելի է ասել դա կապված է արտասահմանում  հումքի արժեքի հետ, սակայն բացի թանկանալուց այսօր աշխարհում սպառման քանակն է ավելանում, իսկ  արտադրության ծավալները չեն հասցնում բավարարել պահանջարկը, որը իր հետևանքով բերում է գների բարձրացման։ Կարծում եմ` երբ մենք կարողանանք ստանալ տեղում տեղական հումք, մեր արտադրանքի գները կնվազեն մոտ 20-30 տոկոսով և սպառողական զամբյուղը մեր հաճախորդների համար ավելի մատչելի կլինի։

-Պարո՛ն Խաչատրյան, երբ նայում եք վերջին 10 տարիները, արդյո՞ք Դուք Ձեր աշխատանքը, ծրագրերը համարո՞ւմ եք կատարված և արդյո՞ք բոլորն են իրագործված։

-Բոլորը չէ, սակայն կարելի է ասել 90 տոկոսով կատարված են, և  մենք  հասնում ենք ավարտին, քանի որ ձվի արտադրության ծավալներն ընդլայնվեցին, ֆաբրիկան ժամանակակից սարքավորումներով հագեցած, և անհրաժեշտ սարքավորումներով ապահովված է, մսի արտադրության ծավալներն ընդլայնված են։ Մենք այժմ կառուցում ենք նոր մայրական թռչնաֆաբրիկա, որտեղ մայրական հոտը պետք է առանձին պայմաններում զարգանա, որպեսզի լավ արտադրանք տա, իսկ հարակից պետք է կառուցվի նոր ինկուբատոր, որտեղ մենք ստանալու ենք շատ բարձր որակով ու կատարելագործված բարձր արդյունավետությամբ արտադրանք։ Ընդհանրապես մենք  թռչնաբուծությունը լիովին կոմպլեկտավորել ենք իր խնդիրներով, այսինքն` մենք այսօր ոչ միայն  ձու ենք արտադրում, այլ իր հետ կապված շղթան` սկսած կերի ներմուծումից մինչև  ձվի իրացումը։

-Այսօր տեղական արտադրողները դժգոհում են հարկային քաղաքականությունից։ Դուք որպես գործարար ինչպե՞ս կգնահատեք երկրում վարվող հարկային քաղաքականությունը, այն արդյո՞ք նպաստում է տեղական արտադրության զարգացմանը և Ձեզ համար` որպես գործարարի, ո՞րը կարող է լինել պետության աջակցությունը։ Եվ այսօր արդյո՞ք գործարար-պետություն-հասարակություն շղթան համակարգվա՞ծ է աշխատում։

-Այսօր ընդհանրապես ոչ մի գործարար կամ որևէ անձ իր հոժար կամքով չի տանի գումարներ կամ հարկեր վճարի, որը բավականին ցավալի երևույթ է։ Մեր տեղական գործարարը  ծանր պայմաններում աշխատելով դժվարանում կամ չի ցանկանում վճարել, բայց մի կողմից էլ պետք է հասկանանք, որ չվճարելով չի զարգանում երկիրը, այսինքն` մենք վճարելով հարկեր զարգացնում ենք երկիրը, իհարկե, լավ է, որ ստեղծում ենք աշխատատեղեր, բերում ենք նոր տեխնոլոգիաներ, բայց նաև պետք է մտածենք, որ երկիրը զարգանում է ոչ միայն մեր տեխնոլոգիաներով կամ  մեր կատարած աշխատանքով, այլ նաև կա ընդհանուր գաղափարախոսություն և ծրագրեր, և մենք պետք է լինենք այդ ծրագրերին աջակից։ Իհարկե, միշտ էլ կարելի է քննարկել հարկային օրենսգիրքը, հարկային պարտավորությունները, ասել, որ կարելի է ավելի մեղմացնել, հեշտացնել, սակայն պետք է ամեն մարդ իր տեսակետից նայի, այսինքն` դա պետության խնդիրն է հարկային տոկոսը, վճարման կարգը որոշելը, իսկ մեր խնդիրն է սովորել և կիրառել այդ օրենքներն ու որոշումները։

-Պարո՛ն Խաչատրյանորո՞նք են Ձեր ապագա ծրագրերը։

-Գյուղատնտեսության ոլորտի մեջ մենք խոզաբուծությունը զարգացնելու և խոշոր անասունների նոր արտադրամասեր ստեղծելու միտում ունենք և այսօր արդեն մենք բանակցություններ ենք վարում 3 խոշոր ձեռնարկությունների հետ և կարծում եմ` հաջորդ տարի մենք կաշխատենք այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...