11:05
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՎԱՏ ՏԱՇԱԾ ՔԱՐԻ ԲԱԽՏԸ

2013-07-17 10:59

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

Համալսարան, ուսուցում. մի համակարգ, որը մեծ ճանապարհ է անցել տարիների հետ կատարելագործվել և հնարավորին չափ համահունչ դարձել ժամանակի հետ։

Եվ այնուամենայնիվ, ժամանակը  թելադրում է իր հրամայականը. Հայաստանում կա այնպիսի մասնագետների կարիք, որոնք խիստ անհրաժեշտ են պետության, տնտեսության առաջընթացի համար։ Ահա այս խնդիրն է, որ ինձ տարավ հայ գործարարների մոտ.

- Պրն. Խաչատուր Սուքիասյան,  Հայաատանի բուհերն ավարտած ուսանողներին ընդունո՞ւմ եք աշխատանքի, համարո՞ւմ եք նրանց կայացած մասնագետներ։

- Այո՛, ընդունում եմ աշխատանքի։ Բայց Հայաստանի բուհերն այսօր ունեն մեր ժամանակների հետ համընթաց, համապատասխան վերաորակավորման ու վերապատրաստման լուրջ խնդիր։ Կարծում եմ, որ պետք է բարձրացվի կրթական մակարդակը և շեշտը դրվի նեղ մասնագիտացման վրա։

- Կա՞ն աշխատատեղեր, որոնց մասնագետները չկան Հայաստանում։

- Այո՛, կան այդպիսիք, նույնիսկ շատ, օրինակ` Հայթեքի ոլորտում մենք մասնագետների կարիք ունենք։

Ուսանողներն ասում են` աշխատանք չկա, գործատուներն ասում են` մասնագետ չկա։ Ըստ Հարություն Փամբուկյանի` նմանատիպ խնդիր այսօր Հայաստանում կա։

- Իմ բոլոր հրապարակային հանդիպումների ժամանակ`  հատկապես ուսանողության և ավարտական դասարանի աշակերտների հետ, մշտապես փորձել եմ շեշտել մասնագիտության ճիշտ ընտրությունը։ Ցավոք սրտի, մեր երիտասարդությունը, ինչ-որ տեղ նաև ծնողները, լավ չեն պատկերացնում տնտեսության պահանջարկը և ապագայի հետ կապված խնդիրներ են ունենում։ Ավելի ծայրահեղական բան ասեմ` չգիտես ինչու ընտրում են 19-րդ դարի մասնագիտություն, և այդ է պատճառը, որ ավարտելով` չեն կարողանում գտնել իրենց հարիր աշխատանք, այն դեպքում, երբ այսօր արդեն հանրապետությունում կա լուրջ մասնագետների հսկայական կարիք։

Հ. Փամբուկյանը կարծում է, որ կարելի է լուծել խնդիրը, եթե նույն գործատուները ավելի շատ համագործակցեն բուհերի հետ։

Իսկ Կրեդո ընկերության տնօրեն Կարինե Մխիթարյանը կարծում է, որ առայժմ բավարար չէ մասնագետներ պատրաստելու որակը, որովհետև ուսանողը ավարտելով համալսարանը կամ որևէ ուսումնական հաստատություն` լավագույն դեպքում ունենում է տեսական գիտելիքներ, որոնք ուսման ընթացքում գրեթե չեն ուղեկցվել գործնական գիտելիքների հետ։

Դրա համար Կ. Մխիթարյանը առաջարկում է բուհերի ուսանողների համար կազմակերպել սկսած 1-ին, 2-րդ կուրսից գործնական ժամեր. ուսանողը պետք է պատրաստ լինի կամավոր աշխատել ուրիշի համար, սովորի իր համար և հասկանա, որ դա իր ուսումնական շրջանի մի բաղկացուցիչ մասն է, որպեսզի նա մասնագետ դառնա, պատրաստ լինի աճելու, այլ ոչ թե ավարտելով ԵՊՀ-ի ասենք տնտեսագիտության բաժինը` մտածեն, որ հիմա իրենք կարող են  գործարան ղեկավարել։ Դա այդպես չէ, դրա համար պետք է երկար ճանապարհ անցնել։

Երևանի Ճարտարապետության և Շինարարության պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը նշեց, որ իրենք պատրաստում են շինարարներ, կապ են հաստատում նախագծային կազմակերպությունների հետ, որոնք ներկա պահին նախագծման գործընթացն իրականացնում են` կիրառելով համաշխարհային պրակտիկայում ընդունված համակարգչային ծրագրերով։ Նախագծային կազմակերպությունները գտնում են, որ պետք է ուսումնական գործընթացում ներդնել այս ծրագրային փաթեթները և ապագա մասնագետին սովորեցնել օգտվելու այդ փաթեթներից։ Այդ գործընթացը կնպաստի նրան, որ գործատուները կմասնակցեն ուսուցմանն անմիջականորեն և միառժամանակ հնարավորություն կունենան ծանոթանալու ապագա շրջանավարտների հետ։ Բուհում յուրաքանչյուր ֆակուլտետին կից ստեղծվել  են ժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոններ, որտեղ էլ իրականացվում է ուսումնառության գործընթացը, որպեսզի հետագայում շրջանավարտի գիտելիքները համապատասխանեն արտադրության ներկայիս պահանջներին։

Եվ այն հարցին, թե ինչու այսօր ուսանողը, ավարտելով բուհը, դժվարանում է անցնել աշխատանքի, Ա. Բարխուդարյանը նշեց.

- Չնայած  Հայաստանում շինարարությունը մեծ թափ է առել, և կա մասնագետի պահանջ` այն հիմնականում իրականացնում են մասնավոր կազմակերպությունները,  հետևաբար` կադրերի ընտրությունը մնում է ամբողջապես իրենց հայացողությանը, նրանք հիմնականում վերցնում են կադրեր, ովքեր ունեն աշխատանքային փորձ։

Մեր ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց, որ Հայաստանի գործատուները կարծում են, որ չի բավարարում ուսանողի այժմյան գիտելիքները, և կարիք կա վերապատրաստման, վերաորակավորման և նեղ մանսագիտացման։

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ ինչ-որ չափով կարող է կիսել և միառժամանակ չկիսել այդ հարցադրումը։

-          Մենք ինքներս զգում ենք, որ կարիք ունենք ավելի շատ ուղղել մեր ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին, սակայն սկսենք նրանից, որ մենք դեռ ձևավորված աշխատաշուկա չունենք, այն նոր է ձևավորվում։ Հնարավոր է նաև մոտ ապագայում մասնագետներ պատրաստվեն արդեն կոնկրետ հասցեագրված աշխատաշուկայի պահանջներով, որոշակի ճյուղի համար։

Ա. Գրիգորյանը նշեց նաև, որ վերջին ժամանակներում ԵՊՀ-ում ստեղծվել է շրջանավարտների ու կարիերայի կենտրոն։

Իսկ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կառույցն ունի վեցամսյա պատմություն, ստեղծվել է հունիսի մեկին` գիտական խորհրդի որոշման համաձայն։ Իր ստեղծման օրից ստեղծվել է շրջանավարտների բազա, որի հիման վրա հնարավոր է գործատուների հետ աշխատել։

- Անցկացում ենք սեմինարներ, հրավիրում ենք կարիերա ստեղծած շրջանավարտի, որը պատմում է, թե համալսարանից դուրս գալով` նա ինչ խոչընդոտների հանդիպեց, ինչն էր, որ իրեն պակասում էր, որը լրացրեց դրսում։ Առաջին քայլն արդեն արվել է դեպի «հաջողված կարիերայի» գաղտնիքը։

Ինչևէ, մեզ հուզող խնդիրների շուրջ զրուցելով պետական պաշտոնյաների և կրթության ղեկավարների հետ` հասկացանք մեկ պարզ  ճշմարտություն. մեր երկրում դեռ հստակ չի ձևավորվել պահանջարկի շուկան, որը և պետք է թելադրեր բուհերում ոչ թե 19-րդ դարի մասնագիտություններ դասավանդել, այլ` ժամանակակից։ Ո՞վ է մեղավոր. բո՞ւհը, թե՞ գործատուն։ Իմ կարծիքով` ոչ մեկը։ Մեղավորը, եթե կարելի է այդպես ձևակերպել, մեր երկրի և տնտեսության անցումային շրջանն է։ Եվ քանի դեռ այդ շրջանը կերկարի, խնդիրը կմնա չլուծված։ Գործատուն կասի մասնագետ չկա, շրջանավարտը` աշխատանք չկա։

Թեև, ինչպես նշեց Մանվել Ղազարյանը, տաշած քարը գետնին չի մնա…

 Ռիմա Նադարյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...