10:17
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՅԸ ԵՎ ՇԱԽՄԱՏԸ

2013-07-17 11:03

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

Մարդկության պատմությունը  ցույց է տալիս, որ հարստությունն այն գայթակղիչ նպատակն է, որին հասնելու համար բազմաթիվ պատերազմներ են մղվել ու չեն դադարում։ Ի տարբերություն այլ երկրների` մենք չունենք նավթ կամ այլ արժեքավոր հարստություններ։ Մեր հարստությունը մեր ինտելեկտուալ ուժի մեջ է, որը թերևս մնայուն ու սերնդեսերունդ փոխանցվող ու զարգացող անվերջություն է։

Այս տարվա շախմատային մեր հաղթանակները վկայում են այն մասին, որ Հայաստանը առաջինն է իր խելքով երկրագնդի մոտ 150 երկրների մեջ։ Թուրինի օլիմպիադայում աշխարհի գավաթակիր դարձած Լևոն Արոնյանի հաղթանակը ցույց տվեց, որ Տիգրան Պետրոսյաններ ծնվել են ու դեռ շարունակվելու են ծնվել։ Եթե այսպես շարունակվի, գուցե Հայաստանը դառնա շախմատի համաշխարհային կենտրո՞ն։ ՖԻԴԵ եվրոպական 5-րդ գոտու նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի համարվելու շախմատի համաշխարհային կենտրոն։ Հայաստանում են անցկացվել 9 միջազգային տարբեր մրցաշարեր, այստեղ կանցկացվի նաևաշխարհի 20 տարեկանների առաջնությունը։

- Այս մրցաշարերը անցկացվում են շախմատի համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ։ Բոլորը ընդունում են, որ Հայաստանը այնպիսի կենտրոն է, որտեղ կարելի է նման մրցաշարեր կազմակերպել,- նշեց Գագիկ Հովհաննիսյանը։

Հայաստանի ներկայացուցիչները միջազգային տարբեր մրցաշարերում կարևոր տեղ են գրավում։ Օրինակ` հայ մրցավարը կարող է աշխարհի մի քանի առաջնությունների մրցավար լինել։ Սա նույնպես ձեռքբերում է, որ մենք ունենք հրաշալի մասնագետներ, որոնք գնահատվում են ոչ միայն Հայաստանում։

Հայը ևշախմատը միշտ էլ ամուր թելերով կապված են եղել միմյանց։ Եթե ուրիշ ասպարեզներում անհատը մենակ չի կարող հաղթանակել, ապա շախմատում դա հնարավոր է.

- Պատահական չէ, որ հայերն ու հրեաներն են ավելի շատ շախմատային հաջողություններ ունենում,- ավելացրեց Գագիկ Հովհաննիսյանը։

Ըստ նրա` շախմատը շատ հարմար տեղ է, որ հայը ապացուցի իր ուժը։ Այս ամենին պետք է ավելացնել նաևայն փաստը, որ մեծ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում իմաստության այս խաղում հաղթանակելու համար։

Յուրահատուկ անհատականություն է Լևոն Արոնյանը, որն իր տաղանդով հաղթեց ու իր հաղթանակով հաղթանակ բերեց մեզ բոլորիս։

- Շատ տաղանդավոր տղա է` արտաքինից հանգիստ, բարեհամբույր, բայց նպատակասլաց։ Նյարդային չէ, շատ շուտ է կողմնորոշվում, անհաջողությունից չի հուսահատվում։ Լևոնի մարդկային հատկանիշները օգնում են նրան հաջողության հասնել։

Լ. Արոնյանը, շախմատը ևկյանքը

- Շախմատը պատերազմ է, որում հաղթանակելու համար պետք է դրսևորես այն հատկանիշները, որոնք կյանքի կռվում ես դրսևորում։ Պետք է ագրեսիվ լինես,- ասաց Լ. Արոնյանի մարզիչ, նրա մտերիմ ընկեր Գաբրիել Սարգսյանը։

Շախմատով ապրող մարդը կյանքը յուրովի է ընկալում` մեր իրականությունից դուրս` մեր իրականության մեջ։ Երբեմն խաղային իրավիճակներն այնքան կյանքային են լինում, որ դժվար է սահմանազատել շախմատը ևկյանքը։ Շախմատը, սակայն, աստվածային  տաղանդ է նաև, որով քչերն են օժտված։

- Արոնյանն ունի շախմատային տաղանդ։ Առանց դրա կարելի է հասնել բարձունքների, սակայն ոչ բարձրակետին։

Գաբրիել Սարգսյանի բնորոշմամբ` Արոնյանը այնպիսի անհատականություն է, որի համար կյանքը այնքան լայն է ու մեծ, որ նա չի կարող իրեն սահմանափակել միայն շախմատով։ Արոնյանը շատ ազատ կյանք է վարում` չհրաժարվելով հաճույքներից։ Նա նման չէ այն կարիերիստներին, որոնք նույնիսկ ուտելիս մտածում են` ինչ ուտեն, որ շախմատին օգուտ տա։

Լևոնը յուրահատուկ է, ևդժվար է հասկանալ նրան ոչ միայն կյանքում, այլևշախմատում։ Խաղի ընթացքում հաճախ հնարավոր է գուշակել հակառակորդի հաջորդ քայլը, սակայն ասվածը չի վերաբերում Արոնյանին, նա անկանխագուշակելի է։

- Նրա մոտ ընդգծված թույլ կամ ուժեղ կողմեր չկան, նրա խաղը ստեղծագործություն է։ Այդ պատճառով էլ նրանից վախենում են։ Հնարավոր չէ նրան  կանխագուշակել։

Հունվար ամսից սկսվում է նոր մրցաշրջան։ Արոնյանը պետք է մի շարք մրցաշարերի մասնակցի։ Աշխարհի գավաթակիր դառնալու ոգևորությունը ևմիմյանց հաջորդող մրցաշարերին մասնակցելը, սակայն, Գաբրիել Սարգսյանի խոսքով չեն նվազեցնի նրա ուժերը.

- Նա նպատակ է դրել իր առջև, որ հաղթի։ Մրցումներից առաջ շատ կարևոր է սպորտային չարությունը, որը հիմա նկատելի է նրա մեջ։

Սպորտային չարություն կոչվածը ավելի նպատակային է դարձնում մարզիկին, որը կենտրոնանում է միայն իր հաղթանակի, իր եսի վրա։

- Երբ շախմատիստի մեջ զարգացած է լինում էգոիզմը, նրա խաղը ավելի հաջող է ստացվում։

Ռոբերտ  Աղասարյանը շախմատային օրենքները տեսնում է բժշկության մեջ

12 տարեկանների մեջ  Թուրինում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Աղասարյանը.

- Հույսեր ունեի, որ ինչ-որ տեղ կարող եմ զբաղեցնել։ Մարզիչներս ասում էին, որ ինքնավստահ լինեմ, բոլորից ուժեղ եմ։

Թուրինում անցկացրած ժամանակը տպավորվել էր ոչ միայն  հաղթանակի բերկրանքով, այլ նաև հայ մարզիկների` միմյանց նկատմամբ հարազատությամբ ու միասնությամբ։

- Վերջին խաղերն էին շատ լարված. ադրբեջանցու հետ էի խաղում։  Ռոբերտը  8.5 միավոր ուներ, հակառակորդը` 8։ Եթե ոչ ոքի էլ ավարտվեր, միևնույն է Ռոբերտը հաղթում էր, իսկ ադրբեջանցին 2-րդ կամ 3-րդ տեղ կզբաղեցներ։

- Նա առաջարկեց ոչ ոքի, ես համաձայնեցի։

Շախմատով զբաղվելուց բացի, Ռոբերտ Աղասարյանը ցանկանում է բժիշկ դառնալ։ Նա շախմատն ու բժշկությունը նմանեցնում է։

 - Ինչպես բժկության մեջ, վիրահատության ժամանակ բժիշկի  յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել, այնպես էլ շախմատում է։

Այս բոլոր հաղթանակները հայ մարդու ինտելեկտուալ հարստության գրավականն են։ Սակայն շատ կարևոր են նաևկազմակերպչական աշխատանքները, մարզիկների համար ստեղծված հոգեբանական մթնոլորտը։ Գագիկ Հավհաննիսյանի խոսքով` վերջին շրջանի մեր շախմատային կյանքի վերելքում մեծ էր Պաշտպանության նախարար, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ներդրումը։ Հուսանք, որ նա կշարունակի  նույն ջանադրությամբ զբաղվել շախմատով։

                                                                 Սուսաննա  Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...