14:05
10/09/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ Ո՞ՒՐ ԷՐ ԼՈՂՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱՎԸ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ

2013-07-18 11:32

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

15-ամյա Հայաստանի ներքաղաքական դաշտը 2006-ին հասավ զարգացման որոշակի աստիճանի` կարելի է ասել լյուդովիկոսյան Ֆրանսիայի մակարդակի։ Ավա՜ղ, խոսքը մեր քաղաքական գործիչների ու լյուդովիկոսյան Ֆրանսիայի փայլուն ուղեղների համեմատության մասին չէ. համեմատության ոչ մի եզր։ Լյուդովիկոսյան Ֆրանսիան և 2006-ի Հայաստանը նման են այլ հատկանիշով` երկուսում էլ քաղաքական գործունեության գերիշխող ձև ու մարտավարություն էր ներպալատական խարդավանքը, անդրկուլիսյան ինտրիգները, փողոցային ամենաստոր հայհոյանքը` ընդ որում, որքան բարձրաձայն ու բազմահարկ, այնքան ցանկալի հաղթանակին մոտ։ Ներքաղաքական կյանքի այսօրինակ տրամաբանությունը 2006-ի ավարտին էլ ոչ մի հարկ չավելացրեց հայաստանյան քաղաքական մշակույթի կառույցի վրա։ Չնայած ավելացնելու տեղ էլ չկար, 90-ականների սկզբին կառուցված ներքաղաքական նկուղն այդպես էլ նկուղ մնաց։

Եվ այսպես, սկսենք Հայաստան նավի մեկամյա նավարկության ամփոփ նկարագրությունը` մտքում պահելով դեպի պայծառ ապագա սլացող երկրի ընթացքը կասեցնող պետավտոտեսուչի մասին անեկդոտը։ Ներքաղաքական նավարկությունը սկսվեց թեթև նավաբեկությունից։ Դրա հետևանքով պակասեց նավակայմերի քանակը, և բացահայտվեցին 2006-ի առաջին առնետները։ Կառավարող կոալիցիայի չորս անկյուններից մեկը քանդվեց` Օրինաց Երկիրը ապահարզան տվեց (ալիմենտները 2007-ն և 2008-ին կերևան)։ Երիտասարդ ու հավակնոտ Արթուր Բաղդասարյանն իր նժույգն անջատեց քառաձի կառքից (առաջին հանրապետության գեներալ Նազարբեկովը մի առիթով ասել է` ձիուն նստելու համար հետույքն էլ է բավարար, սակայն ձիու վրա մնալու համար նաև գլուխ է պետք)` չգուշակելով, թե ինչ կկատարվի անմիջապես հետո։ Առնետների հետևողականությամբ ՕԵԿ-ը սկսեցին լքել առևտրական կապիտալի ականավոր դեմքերը։ Ի դեպ, ակամա առնետները այդքան էլ մեղավոր չէին, նրանք չէին հասցրել մարսել Օրինաց երկրի սուպերժողովրդավարական ծրագիրն ու կանոնադրությունը, մեղավորը ժամանակին նրանց հավաքագրողն էր, ով գործարարներին դիտարկել էր զուտ փողով լի պարկերի կարգավիճակում։ Եվ այդ պատճառով էլ հայտնվեց կոտրած տաշտակի առջև։ Այդ բացը երիտասարդ Արթուրը փորձում է լրացնել եվրոպական ժամանակակից արքունիքներում պարբերաբար լինելով (նման կառույցներում վարորդի զոքանչն էլ ի զորու է հարցեր լուծել` մանավանդ Հայաստանին առնչվող)։ Թե ինչ կստացվի այս վոյաժների արդյունքում` կերևա 2007-ին և 2008-ին։ Ինչևէ, թողնենք ՕԵԿ-ին ու նրա լիդերին, ինչպես ժողովուրդն է ասում, իրենց դարդով տապակվելու։ Ու վերադառնանք իշխանական նավի մյուս կայմերին։

Հայ Դատի ջահակիր ՀՅԴ-ն 2006-ին էլ չկարողացավ հաղթահարել Վան-Մուշ-Ալաշկերտը ետ բերողի սինդրոմը և վերածվել իրոք հայաստանյան ու հայաստանակենտրոն ուժի։ Ներքաղաքական կյանքում իր որդեգրած սոցիալիստական` ըստ էության ձախ գաղափարախոսությանը հարիր գործելու փոխարեն, ՀՅԴ կառույցներն ու խմբերը ապշահար ծափահարում էին աշխարհի մասշտաբով հակաթուրքական ցանկացած որոշման ու գործողության` ֆրանսիական պառլամենտի հայտնի օրինագծից մինչև ասենք Լատինական Ամերիկայի քաղաքներից մեկում հայ հարևան ունեցող վենեսուելցու հայհոյանքը ուղղված թուրքերին։ 15 տարի հայրենիքում անարգել գործող 115-ամյա հեղափոխականները 2006-ին էլ չկարողացան նստակյաց դառնալ։ Մահ կամ ազատություն կարգախոսը Հայաստանի պարագայում հնացած է, այն արդիական էր 19-րդ դարի վերջին և 20-րդի սկզբին։ Այսինքն` ՀՅԴ-ն տեղում դոփում է ոչ միայն 2006-ին, այլև շուրջ 100 տարի։ Դե լավ, ՀՅԴ--ին էլ թողնենք տեսլական` ծովից ծով Հայաստանի քարտեզի վրա կռացած։

Բավականին իրարամերժ ու ըստ էության հագեցած իրադարձությունները 2006-ին տեղի ունեցան ՀՀԿ-ի ներսում և այդ կուսակցության շուրջ։ Կուսակցության հանրահայտ հուլիսյան համագումարը երկակի ազդեցություն և տպավորություն թողեց։ Մի կողմից կուսակցություն մտան գաղափարական տեսանկյունից որևէ առնչություն չունեցող մարդիկ, մյուս կողմից նժդեհական գաղափարախոսություն կրող ՀՀկ-ն ձևակերպվեց որպես ազգային-պահպանողական կուսակցություն` սրանով նոր տարի ներմուծելով սաղմնային վիճակում գտնվող հայկական քաղաքական դաշտ` դրանով իսկ հավակնելով նոր բևեռ ձևավորել այդ դաշտում։ Այս կուսակցության շահեկան տարբերությունը, ասենք ՀՅԴ-ից, զուտ հայաստանածին լինելն է` իր մեջ ներառելով հայաստանյան իրականության և՛ բացասական, և՛ դրական կողմերը։ Այս հանգամանքը բնականաբար մեծացնում է ՀՀկ-ի` հասարակության կողմից ավելի ընդունված լինելու հնարավորությունները։

 Ընդդիմադիր բազմաբևեռ դաշտը 2006-ին էլ բեղուն չդարձավ։ Բացի ընտրողի աչքին սովոր մի քանի կուսակցություններից, մանավանդ տարվա երկրորդ կեսին ի հայտ եկան մի քանի այլ հոսանքներ` կրիմինալի, օլիգարխիզացիայի դեմ պայքարի կարգախոսներով, ոմանք էլ ցախավելներով զինված։ Սակայն գործելավոճն ու միասնական, ընդգծված լիդերի բացակայության ախտանիշը և՛ հին, և՛ նորաթուխ ընդդիմադիրների մոտ շարունակեց գերիշխող մնալ։

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ վերը ներկայացված ուժերի համախումբ ԱԺ-ն 2006-ին էլ պահպանեց ԱՄՈՒԼ կառույցի կարգավիճակը։ Դատարկ դահլիճներ, այլոց փոխարեն համառորեն կոճակ սեղմող պատգամավորներ, իսկ հազվադեպ բազմամարդ նիստերի ժամանակ ժարգոնային արտահայըությունների ու փողոցային հայհոյանքների տեղատարափ (բնական է` մի քանի կգ շաքարավազով կամ հինգ հազար դրամով ընտրված պատգամավորը ոչ մի կապ չի կարող ունենալ քաղաքական բանավեճ ասվածի հետ)։ Ներքաղաքական այս խառնաշփոթն ու ցածրամակարդակությունն էլ իր հերթին նպաստեց վերջին տարիների հանրային կյանքի խորհրդանիշ` ՆԵՈՖԵՈԴԱԼԻԶՄԻ ու ԶՈՌԲԻԶՄԻ անխափան ծաղկմանը։ Եվ այդուհանդերձ միայն հային բնորոշ լավատեսությամբ` ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ։ Որոշ Ընկերների էլ` գալ տարին Վանում։

 Արկադի Գրիգորյան 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...