10:01
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵԹԵ ՄԻ ԵՐԿԻՐ ՃՇՄԱՐԻՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎՐԱ ՉԷ, ԱՊԱ ԱՄՈԹ Է ԱՅՆՏԵՂ ՀԱՐՈՒՍՏ ԱՊՐԵԼՆ ՈՒ ՊԱՏԻՎՆԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ

2013-07-18 11:48

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

Զուլում Գրիգորյանը խորհուրդ է տալիս մեր իշխանություններին

Դուք շատ հետաքրքիր կյանք եք ապրել, վարպե՛տ։ Ետադարձ հայացքով ի՞նչն եք գնահատում որպես Ձեր կյանքում, ինչպես նաև Հայաստանի կյանքում ամենաերևելին և` հակառակը։

Հայաստանը երևելի եղել է, բայց հիմա` չէ։ Դեռևս անցյալ տարի այն հարցին, թե ինչ տվեցին Անկախության 14 տարիները, պատասխանեցի, որ առաջին յոթ տարիները մեզ տվեցին ուսյալ չտեսներ, որոնք արեցին այն, ինչ ցանկացան` գողություն, մթություն, սպանություն, իսկ երկրորդ յոթ տարիները` հիմնականում բացարձակ տգետների հավաքածու։ Ամեն անգամ, ճշմարտությունն ասելով, ինձ լավ եմ զգում. մտածում եմ` ապրել եմ, իմ խոսքը պետք է ասեմ, բայց հետո հասկանում եմ, որ ավելորդ խոսակցություն է…

Ինչ վերաբերում է իմ կյանքին, կարևորն այն է, որ չեմ ամաչում իմ ապրած տարիներից։ Երբեմն գիշերով բարձրանում եմ ցուցասրահ, վառում եմ բոլոր լույսերը, նայում եմ նկարներիս ու … ծափ եմ տալիս. ի~նչ լավ ա, որ էս ամենն իմն ա։ Չեմ վշտանում անհայտ մնալուց, մտածում եմ այնպիսին լինեմ, որ մարդիկ ինձ ճանաչեն։

Ամեն ինչ անցնում է, բայց ամեն ինչ չէ, որ մոռացվում է։ Վարպե՛տ, ի՞նչ եք պահպանել Ձեր հուշերում, որը երբեք չի մոռացվի։

Ամբողջ ապրած կյանքս չեմ մոռանա։ Բայց, գիտե՞ք, շատ բաներ չեմ հիշում։ Հիշողությունս խճճվել է։

Չե՞ք ցանկանում «դասավորել»։

Չէ՛, «դասավորեմ», որ մարդիկ տեսնեն` ես ո՞վ եմ։ Ի՞նչ իմաստ ունի։ Ձեր դիմաց նստած եմ _ ԵՍ ԵՄ։

Իսկ սերունդնե՞րը։

Մենք էն որակը չենք, որ սերունդներին բան թողնենք։ Մի լավ խոսք կա. մեծ ձուկը մեծ ծովում է լողում։ Մերը լիճ է, մենք էլ` շերեփուկներ։ Երբեք գովեստներից չեմ ոգևորվել։ Հիմա նույնիսկ վիրավորվում եմ. մտածում եմ` ինձ լավն ասողը գուցե այն նույն մարդն է, որը Տիգրան Կարապետյանին Աստված է կոչում։

Գիտեմ, որ Ձեր ընկերներն են եղել պետական բարձրաստիճան և մշակույթի մեծ այրեր, որոնցից շատերն այսօր չկան։ Ի՞նչ կուզենայիք պատմել նրանց մասին։

Պատմությունները շա~տ են…

40 տարի առաջ Խորեն Աբրահամյանին, Ֆրունզիկ Մկրտչյանին ու Ֆրունզե Դովլաթյանին կնքել եմ։ Պատկերացնո՞ւմ եք` Էջմիածնի ժողովուրդը հավաքվել, ապշած նայում էր, թե ինչպես էին էտ երևելի մարդիկ համբուրում մի անհասկանալի երիտասարդի ձեռքը։ Ի դեպ, գնացել էինք իմ Զապոռոժեցով` չնայած նրանք բոլորն էլ Վոլգա ունեին։ Այն ժամանակ մի անհասկանալի տղամարդկային պրինցիպ կար։ Իսկ հիմա չես հասկանում` աղջի՞կ են, տղա՞, աղջիկատղա՞…

Կյանքի  փորձը, որպես կանոն, տաղանդավոր մարդուն իմաստացնում է։ Ելնելով Ձեր ապրած կյանքի մեծ փորձից` ի՞նչ խորհուրդներ կտայիք Հայաստանի այսօրվա իշխանություններին։ Ինչպե՞ս անենք, որ իշխանություններն ու ժողովուրդը հաշտ ապրեն, սիրո մեջ ապրեն։

Ձեր հարցի պատասխանը դեռևս 2500 տարի առաջ տվել է Կունֆուցիոսը.

  • Դժվար թե հնարավոր լինի հանդիպել մեկին, որը երեք տարի սովորելուց հետո չմտածի պաշտոն ստանալու մասին։
  • Ազնվորեն սովորիր քայլել ճշմարիտ ճանապարհով և հավատարիմ մնալ նրան մինչև քո կյանքի վերջը։
  • Մի գնա այն երկիրը, որտեղ անհավասար կարգեր են իշխում։
  • Մի մնա այն պետության մեջ, որտեղ խառնակություն կա։
  • Աչքի ընկիր այն ժամանակ, երբ պետության մեջ կարգ ու կանոն կա, հակառակ դեպքում զուսպ պահիր քեզ։
  • Եթե մի երկիր գնում է ճշմարիտ ճանապարհով, և իշխում է կարգ ու կանոնը, ապա ամոթ է, որ մարդ այնտեղ ապրի աղքատ և ամենացածր դիրք անգամ չունենա։
  • Ընդհակառակը, եթե մի երկիր ճշմարիտ ճանապարհի վրա չէ, ապա ամոթ է այնտեղ հարուստ ապրելն ու պատիվներ ունենալը։

Ավելացնեմ միայն, որ առանց բարոյականության երկիր չի կարող լինել։ Իսկ մեր երկրի հենքը բարոյական չէ։

 Զրույցը` Անի Ավագյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...