09:47
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աստվածային երևույթի փոխադրողը, աստվածային արվեստի մասնիկը…

2014-02-21 11:25

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

ՀՀ վաստակավոր արտիստ, Վ. Բելինիի անվան միջազգային մրցույթի (Իտալիա, 1998թ.), «Ոսկե դիմակ» (Սանկտ-Պետերբուրգ, 2002թ.) և «Գարնանային» (Հյուսիսային Կորեա, 2003թ.) փառատոների դափնեկիր, օպերային երգչուհի Մարինե Դեինյանը, ում երգացանկում տեղ են գտել Վիոլետայի՝ «Տրավիատա», Նորմայի՝  «Նորմա», Դոննա Աննայի՝ «Դոն Ժուան», Սանտուցայի՝ «Գեղջկական պատիվ», Նեդայի՝ «Պայացներ», Աիդայի՝ «Աիդա» դերերգերը, խոստովանում է, որ պատանեկան երազանքներում երգչուհի դառնալու մասին, թերևս,  ամենաքիչն է երազել։ Ավելի շուտ ցանկանում էր բժշկուհի դառնալ։ Սակայն երգել սիրել է.

- Մի բարեկամուհի ունեինք, որը մեր հանդիպումների, առիթների դեպքում երգում էր. ես տպավորվել էի, կենդանի հնչողություն էի լսում ու հաճախ կրկնօրինակում էի նրան։ Առաջինը, թերևս հորեղբայրս նկատեց իմ շնորհքը և ինձ Ազատ Շերենցի կնոջ՝ Քնարիկ Վահանովնայի մոտ տարավ։ Վերջինս էլ լսելով ինձ, անմիջապես զանգեց Աննա Սարաջևային… Այդպես ուրվագծվեց իմ ուղին երգարվեստում։ Ի դեպ, ամենավերջին օրն եմ հանձնել գործերս՝ առանց պարապելու… երգեցի Կանաչյանի «Օրորը» և Ռոմանոս Մելիքյանի «Դեղնած դաշտերին»։  Մասնագիտականից չորս ստացա և ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, հետո՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ապա՝ Ազգային օպերային թատրոն։ Գեղամ Գրիգորյանը նոր էր հիմնավորվում օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, լսումներ էր կազմակերպել։ Ես նոր էի Իտալիայից վերադարձել, մեկնել էի մասնակցելու մրցույթի և շահել մրցանակ՝ Նյու-Յորքում համերգների շարք էր, այդ  թվում նաև՝ Կարնեգի հոլում։ Լսումների ժամանակ երգեցի Վիոլետայի դերերգը «Տրավիատա»-ից, Գրիգորյանն ինձ հենց այդ դերի համար վերցրեց, իր 1-ին բեմականացումն էր մեր օպերայի բեմում։ Այդպես 1999 թվականից հաստատվեցի Ազգային օպերայի թատրոնում։ 

- Չե՞ք փոշմանել այս ընտրության համար։

- Ժամանակին էստրադային երգեր եմ երգել, բայց պետք էր դասականին առնչվեի՝ հասկանալու համար, որ իմը հենց սա է, որ սա մի ուրիշ թռիչք է, ուրիշ ճախրանք, բոլորովին այլ, անբացատրելի հոգեվիճակ է, որը պետք է պարզապես զգալ… Դու դառնում ես այդ աստվածային արվեստի փոխադրողը՝ սկսած ֆիզիկականից, վերջացրած հոգևորով։ Դու դառնում ես այդ աստվածային երևույթի մասնիկը, դառնում ես աստվածային էներգիայի փոխանցողը։ Դրանից հետո հետ գնալ չկա։ Նույնն է, թե մաքուր օդը թողնես ու կեղտոտված օդ շնչես՝ գոնե հայկական էստրադայի պարագայում այս համեմատությունը տեղին է։ Սկզբունքորեն բոլոր ժանրերն էլ, իրենց  ոճի մեջ լավն են, եթե պահպանվում են երաժշտական, ոճային մոտեցումները։ Եթե ես ցանկանում եմ լսել հոգևոր երաժշտություն, գնում եմ եկեղեցի, բարձրակարգ արվեստ՝ պիտի գնամ բարձր արվեստի տաճար՝ օպերային թատրոն, որն ինձ համար տաճար է։ Հաճելի, թեթև երաժշտություն եմ ուզում լսել, լսում եմ ջազ, ինձ հաճելի որևէ հանրամատչելի երաժշտություն, բայց ոչ երբեք հայկական ծեծված էստրադա՝ մեկը մյուսից չտարբերվող։ Կան, իհարկե, բացառություններ, որ մեկ-մեկ ականջ են շոյում։ Չեմ սիրում երբ պարտադրում են երաժշտությունը, ախր ինչպես կարելի է ինչ ասես մատուցել, ինչ-որ չափանիշ, չափորոշիչ պետք է լինի չէ։  Տարիներ առաջ Հյուսիսային Կորեայում էի, ուր խորհրդային  կարգերը դեռ պահպանված են, և ի՜նչ մակարդակ՝ երաժշտական, գործիքային, տեսնել էր պետք, թե այդ փոքր երեխաները ոնց էին նվագում, ասես որակյալ ձայնագրություն լիներ։ Երբեմն «չի կարելին» շատ անհրաժեշտ է, ազատությունն էլ պիտի չափ ունենա։

-Ինչպե՞ս բարձրակարգ արվեստը մոտեցնել, հասանելի դարձնել հանրությանը։ Ոչ այնքան վաղ անցյալում բախտ ունեցանք նաև Ձեր մասնակցությամբ ականատեսը լինելու հայ երեք սոպրանոների բարձրակարգ համերգին, որի տպավորությունը մինչ օրս անմոռանալի է։

- Դա մեր երգչուհիներից Մագդա Մկրտչյանի մտահղացումն էր։ Ծրագիրը մենք` ինքներս  կազմեցինք, դիմեցինք նախարարություն, Ստեփան Շաքարյանը մեր խնդրանքին ընդառաջ՝ ծրագիրը մշակեց, դարձրեց սիմֆոնիկ նվագախմբի համար։ Երրորդ երգչուհին Նունե Բադալյանն էր. կատարեցինք Կոմիտաս, Սայաթ Նովա, նեապոլիտանական երգեր… Իսկապես շատ գեղեցիկ ստացվեց և մեծ արձագանք ունեցավ… Բայց, շարունակության համար, ինչպես միշտ ֆինանսներ են հարկավոր, և մտահղացումներն ու ծրագրերը, որոնց պակաս, կարելի է ասել՝ չկա, հիմնականում մնում են թղթի վրա։

- Ինչպե՞ս եք գնահատում վոկալի մեր դպրոցը։

 -Ասեմ, որ բոլոր դեպքերում խորհրդային տարիներն իրենց կնիքը թողել են մեր երաժշտարվեստում. ունենք բարձրակարգ դպրոց։ Ժամանակին շատ քչերին, ասենք  8-10 հոգու էր բախտ վիճակվում ընդունվել կոնսերվատորիա։ Երբ ավարտեցի կոնսերվատորիան, դեռ այն տպավորությունն ունեի, որ օպերա չեմ կարող ընդունվել՝ այնքան բարձր էին չափորոշիչները, նշաձողը, որ օպերան ինձ մի անհաս բարձունք էր թվում։ Իսկ ընդհանուր առմամբ՝ թերանում ենք կազմակերպչական հարցերում։ Խոսքը համակարգի մասին է։ Եղբայրս Գերմանիայում է, ժամանակին երգել է Վայմարի ազգային օպերային թատրոնում, իսկ հիմա՝ Մյոնշենգլադբախի  օպերային թատրոնում  և ամբողջ տարվա համար ունի հստակ գրաֆիկ, թե տարվա որ օրն ինչ է երգելու… մեզանում ֆինանսական, թատրոնի աշխատանքների համակարգման, կազմակերպչական հարցերն են գլխավոր հիմնախնդիրը։ Օպերան շատ թանկ հաճույք է՝ երգչախումբ, մենակատարներ, բալետի խումբ, նվագախումբ. այդ բոլորը ծախսեր են պահանջում և հսկայածավալ աշխատանք։ Իսկ ինչ վերաբերում է ձայներին, ապա շատ լավ ձայներ, պատրաստված երգիչներ ունենք։   Երբ մենք «Աիդա» էինք բեմադրում իտալացի ռեժիսոր Մարիո Կորադին բառացիորեն զարմացած էր՝ ասում էր, թե ուրիշ երկրներում  Աիդա էինք փնտրում, մինչդեռ այստեղ չորս Աիդա ունեք, հինգ Ամներիս…

- Մեզանում օպերային երգիչը գնահատվա՞ծ է։ Հայ հանդիսատեսն ինչպիսի՞ն է...

- Ունենք մեր կայուն հանդիսատեսը, ովքեր սիրով գալիս են, զգում ենք հանդիսատեսի վերաբերմունքը, այդ կապը կա։ Օպերան մեզանում գնահատվում է, և դա ողջունելի է։ Ուրիշ հարց է, որ ֆինանսականի պատճառով շատերը պարզապես ի վիճակի չեն մշտական հանդիսատես դառնալ։

-Դուք նաև դասավանդում եք, ինչպիսի՞ն է նոր սերունդը։

- Անցած տարի վոկալի բաժինը 90 շրջանավարտ ուներ, եթե դրանցից հինգը դառնան երգիչ, հրաշալի կլինի։ Ինքս էլ շատ լավ ուսանողներ ունեմ, պարզապես ափսոսում ես, որ նրանցից շատերը հանգամանքների բերումով չեն կարող իրենց մասնագիտությամբ շարունակել։ Խորհրդային իշխանության տարիներին ընտրում էին մի քանի հոգու ու ողջ խաղադրույքը նրանց վրա էր դրվում։ Այսօր հնարավորությունները շատ են, ընտրության, դրսևորվելու ազատություն կա։ Բայց հիմա էլ պետական աջակցությունն է պակասել և դժվարություններն են շատացել։ Նրանք, ովքեր  հնարավորություն ունեն դրսում էլ ավելի կատարելագործվելու, հիմնականում չեն վերադառնում։ Օպերային երգիչը իր վաստակով մեզանում չի կարող տուն պահել։ Կնոջ համար էլի ոչինչ, առանձնապես դժվար է տղամարդկանց համար, որոնց ուսերին տան հոգսն է։

- Ի՞նչ նորություններ, հետագա անելիքներ  ունեք։

- Վերջերս Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ հյուրախաղերով հանդես եկանք Սանկտ Պետերբուրգում, Մարինյան թատրոնի համերգասրահում, շատ լավ անցավ, բավականին լավ արձագանք եղավ։ Այն ինչ-որ տեղ նաև ասես փորձություն եղավ մեզ համար, կարևորվեց մեր թիմային աշխատանքը։ Բոլորս իրար ոգևորում, քաջալերում էինք, զգալի էր ազգային բարձր ոգին։ Դուրգարյանը տաղանդավոր դիրիժոր է, բավականին լուրջ դպրոց է անցել, շատ է եղել դրսում և ջանք ու եռանդ չի խնայում մեր թատրոնը միջազգային բարձր մակարդակի հասցնելու գործում։ Շատ մեծ սիրով ընդունեց և ընդառաջեց երեք սոպրանոների մեր նախաձեռնությունը, և հենց նրա տքնաջան աշխատանքի շնորհիվ այն մեծ հաջողություն ունեցավ։ Ներկայում թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում և, համոզված եմ,  նոր բեմում նոր ոգով կսկսենք նոր համերգաշրջանը։ Վագների և Վերդիի 200-ամյակն է այս տարի, պատրաստվում ենք համերգներով և նոր ներկայացումներով հանդես գալ։ Սեպտեմբերին թատրոնը նոր շնչով կբացի իր դռները։

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...