2013-10-04 11:04
Sport Դե Ֆակտո 08/2013
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Օրերս Երևանում էր կիսաթեթև քաշային կարգում EBU վարկածով Եվրոպայի եռակի չեմպիոն, Բելգիայի չեմպիոն հայազգի բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանն, ով Հայաստան էր ժամանել բելգիա-հայկական առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի հետ։ Վրաստանում ծնված-մեծացած, Բելգիայում հասունություն առնող բռնցքամարտիկի հետ շփվելու հնարավորությունը բաց թողնել չէինք կարող, ուստի հայաստանյան այցի նպատակների, առևտրի պալատի նախագահի ու բռնցքամարտիկի կապի, դաջվածքների, «քաղցր» ընտանիքի, բռնցքամարտի կենսական նշանակության, արդեն նախկին հիվանդանոցային աշխատանքի ու շատ և շատ այլ հետաքրքիր հարցերի մասին զրուցեցինք Ալեքսի հետ։
-Ա՛լեքս, առաջին անգա՞մն ես Հայաստանում։
-Ո՛չ, իհարկե ո՛չ։ Մանուկ ժամանակ եմ շատ եղել Հայաստանում. հավաքների էինք գալիս այստեղ թիմի հետ միասին, մարզումների… Բռնցքամարտել եմ շատ։ Իսկ Բելգիա մեկնելուց հետո այլևս Հայաստանում չեմ եղել։ Ու այժմ՝ այսքան տարիներ հետո, կրկին Երևանում եմ։
-Ու ո՞րն է այցիդ նպատակը։
-Ուզում եմ մի փոքր հանգստանալ, հանդիպել հարազատներիս… Բնականաբար, մարզավիճակիս մասին չեմ մոռանա ու մի քիչ կմարզվեմ։
-Ա՛լեքս, աշնանը Եվրոպայի չեմպիոնի գոտու համար մրցամարտն է նախատեսված, որին դու մասնակցելու ես որպես չեմպիոն։ Ինչպե՞ս ես պատրաստվում այդ մրցամարտին։
-Պատրաստվում եմ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր մրցամարտերիս։ Օգոստոսին մեկնելու եմ Լոս-Անջելես, որտեղ էլ կանցկացնեմ նախապատրաստական փուլս։ Այո՛, ինչպես գիտեք, ես Եվրոպայի եռակի չեմպիոն եմ ու պատրաստվում եմ չորրորդ չեմպիոնությանը, որը հույս ունեմ՝ վերջինը կլինի, քանի որ մեկ այլ մե՜ծ նպատակ ունեմ։ Ես ուզում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը, որն ամենայն հավանականությամբ կկայանա առաջիկա փետրվարին։
-Ա՛լեքս, Հայաստան ես ժամանել Վալերիի` բելգիա-հայկական առևտրի պալատի նախագահի հետ միասին։ Ինչպե՞ս եք ծանոթացել, ի՞նչն է ձեզ կապում։
-Վալերիի հետ մենք հրաշալի հարաբերություններ ունենք, լավ ընկերներ ենք։ Նա իմ մասին լսել էր ու ինձնով հետաքրքրվել, երբ ես դարձա Եվրոպայի չեմպիոն։ Պարզվեց, որ իմ գործակալը նրա առաջին մարզիչն էր. ժամանակին Վալերին էլ է զբաղվել բռնցքամարտով… Ծանոթացանք ու սկիզբ դրեցինք հաճելի մի ընկերության։ Նա մինչ օրս ինձ մեծապես օգնում է, աջակցում ու սատարում…
-Ձեր հարաբերությունները գործընկերայի՞ն են…
-Չեմ կարող ասել, թե հարաբերությունները գործընկերային են, քանի որ ես մարզիկ եմ, այլ ոչ թե բիզնեսմեն։ Ու ոչ էլ պրոմոութերական են… Ուղղակի ամենապարզ ու ամենամաքուր մարդկային հարաբերություններ են։
-Ա՛լեքս, նկատեցի, որ առաջատարը աջ ձեռքդ է, ու հենց այն էլ ամբողջապես դաջվածքապատ է` ի տարբերություն ավելի թույլ արտահայտված ձախի։ Դա որոշակի բացատրություն ունի՞. գուցե ուժի, գուցե լրացուցիչ էներգիայի հաղորդման։
-Դաջվածքներս, իսկապես, մեծ նշանակություն ունեն ինձ համար։ Այս դաջվածքներում ողջ իմ կյանքն է պատկերված ու ներառված։ Ձեռքիս բռնցքամարտային նետերն են՝ մաուրի են կոչվում, բացի այդ` ընտանիքս է, կյանքս իր տարբեր զարգացումներով… Իսկ այն, որ դեռ միայն աջ ձեռքն է ամբողջապես դաջվածքներով պատված, ժամանակավոր է։ Արդեն հաջորդ ամսվա ընթացքում ծրագրում եմ ավարտին հասցնել նաև ձախ ձեռքիս դաջվածքները։ Այնպես որ, դաջվածքների տեսանկյունից առաջատարության մասին այնքան էլ ճիշտ չի լինի խոսել։ Ինչ վերաբերում է մարզական ասպեկտին, ապա այդտեղ էլ առանձնապես տարբերություն չկա։ Ես իմ ձախ ձեռքն էլ եմ հնարավորինս զարգացնում ու կարող եմ հզոր հարվածներ անել նաև ձախով։ Այնպես որ, թե՛ դաջվածքներս և թե՛ հարվածներս հավասարակշռված են։
-Վերադառնանք բռնցքամարտին։ Ա՛լեքս, ի՞նչ անմոռանալի մրցամարտեր ես անցկացրել ու ի՞նչ մրցամարտեր կուզեիր անցկացնել։
-Իհարկե ամենից շատ կուզեի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտն անցկացնել, որն, ինչպես վերևում ասացի, տեղի կունենա արդեն շատ շուտով` գալիք փետրվարին։ Ինչ վերաբերում է անմոռանալի շարքին, ապա այդտեղ, իհարկե, առաջին հերթին պիտի հիշեմ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար Ֆրանսիայում անցկացրած մրցամարտս ֆրանսիացի բռնցքամարտիկի հետ։ Այդ մրցամարտում ես իմ քրտինքով հաղթեցի, անասելի ջանքերի շնորհիվ։ Հետո արդեն` տիտղոսիս պաշտպանումը Բելգիայում, ապա` երրորդ չեմպիոնությունս նոկաուտով…
-Եվրոպայի առաջնությունը, հետո՝ աշխարհի… Իսկ հետ՞…
-Իսկ հետո... Վերջ… Կհանեմ ձեռնոցներս, ինչ-որ մի բիզնես կձեռնարկեմ, սովորական կյանքով կապրեմ ընտանիքիս հետ…
-Ա՛լեքս, հարցազրույցներիցդ մեկում ասել ես, որ կյանքումդ բռնցքամարտի հայնտվելուն զուգահեռ ազատություն ես ձեռք բերել ու բացահայտել։ Ի՞նչ արժեք ունի քո կյանքում բռնցքամարտը։
-Բռնցքամարտն ինձ հնարավորություն է տալիս բարոյապես ու ֆիզիկապես ամուր լինելու, թույլ է տալիս մարզվելու մեծ կամքի ուժ զարգացնել, 12 ռաունդ 3 րոպեով մենամարտելու համար…
Բռնցքամարտը հետաքրքիր մարզաձև է։ Եթե դու չեմպիոն ես, դու ամեն ինչ ես… Բոլորը քեզ սիրում են, հարգում… Բայց երբ դու չեմպիոն չես, արդեն ոչ ոք ես… Այնպես որ, չեմպիոնը պիտի չեմպիոն մնա…Այլ տարբերակ չկա։ Ամեն ոք դրան չի հասնում։ Ու, իսկապես, բռնցքամարտն իր ազդեցությունն է ունենում նաև կյանքի վրա։ Բայց, բարեբախտաբար, իմ կողքին կա հրաշալի մի էակ՝ կինս, ով ամեն կերպ ինձ աջակցում է… Երբ ես ռեժիմով եմ ապրում, ողջ ընտանիքս` անգամ 2.5-ամյա որդիս են այդ ռեժիմով ապրում։
-Կպատմե՞ս ընտանիքիդ մասին։
-Ես շատ քաղցր ընտանիք ունեմ։ Կինս՝ Ալիսիան, իտալուհի է… Գիտեք, ես Աստծուն շատ եմ հավատում ու վստահ եմ, որ տղաս մեծագույն պարգևս է։ Նա ծնվել է իմ ծննդյան օրը՝ դեկտեմբերի 24-ին, իմ ծննդյան ժամից ընդամենը 40 րոպե անց։ Լուկան իմ կյանքի իմաստն է։
-Ա՛լեքս, գիտեմ, որ բռնցքամարտին զուգահեռ նաև աշխատում ես հիվանդանոցում…
-Մեկ շաբաթ առաջ եմ դուրս եկել աշխատանքից։ Այո՛, իսկապես աշխատում էի հիվանդանոցում՝ վերջին 9 տարիների ընթացքում գլխավորում էի հոսպիտալի անվտանգության ծառայությունը։ Սակայն հեռացա աշխատանքից, քանի որ պետությունն ինձ այժմ աջակցում է ու հնարավորություն ընձեռում՝ լավագույնս նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը։ Ես էլ, բնականաբար, ամեն ինչ անելու եմ նրանց հուսախաբ չանելու համար։
-Իսկ ինչպե՞ս էիր մինչ այժմ մարզվում։ Հովանավորներ կայի՞ն։
-Ո՛չ, ոչ մի հովանավոր… Ավելի կոնկրետ` էպիզոդիկ հովանավորություններ եղել են, մենամարտել եմ, ստացել եմ խիստ սիմվոլիկ որոշակի գումար, բայց հիմնական ոչինչ չի եղել։
-Ա՛լեքս, լսել եմ նաև, որ Դինանտի պատվավոր քաղաքացի ես…
-Այո՛, դա Բելգիայում իմ հարազատ քաղաքն է, որտեղ ես բնակվում եմ 15 տարեկանից ու որի բնակչությունն ինձ մեծ աջակցություն է ցուցաբերում, շատ ջերմ են ընդունում։ Այնտեղ ես վերջերս՝ 2 տարի առաջ, բռնցքամարտի դպրոց եմ բացել։ Շատ երեխաներ են հաճախում, մարզվում են, ինձ որպես օրինակ են ընդունում… Մտերիմ ընկերներիցս մեկը` Արման Սուքիասյանը, ում հետ արդեն 20 տարուց ավել է, ինչ ընկերություն ենք անում, միասին պատրաստվում իմ մրցամարտերին, ով նաև տղայիս կնքահայրն է, այժմ գլխավորում է այդ դպրոցը։ Մի քանի տղաներ կան, որոնցից շատ գոհ եմ ու որոնց հետ մեծ հույսեր եմ կապում։
-Ա՛լեքս, մաղթում ենք բոլոր հույսերիդ արդարացում ու նպատակներիդ իրականացում… Շնորհակալություն հարցազրույցի համար։
-Շնորհակալ եմ։ Աջակցե՛ք մեզ մինչև վերջ, բոլոր հայ բռնցքամարտիկներին, բոլոր հայերին… Հավատացե՛ք մեզ ու մեր ուժերին…
Հարցազրույցը՝ Գայանե Նազարյանի
Վերադառնալ