





2013-10-15 11:57
Դե Ֆակտո N 88 (2013թ.)
Հարցազրույց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ։
-Տիկի’ն Հակոբյան, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն» այս տարի ներկայացավ նոր բաժանմունքներով։ Ինչու՞ հատկապես տվյալ բաժանմունքները և ի՞նչ նոր ասելիք ունեք այս ոլորտներում։
-«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» համար այս տարվա մայիսը նշանակալից ամիս էր` նոր իրադարձություններով հարուստ, քանի որ հենց մայիսի սկզբում ստեղծվեցին կենտրոնի համար կարևոր և սպասված երկու բաժանմունք` վիրահատարանը և ատամնաբուժարանը։ Ատամնաբուժարանի ստեղծումը ժամանակի պահանջ էր, քանի որ այսօր արդեն բժշկությունը պարզել է, որ բերանի խոռոչի առողջությամբ է պայմանավորված ամբողջ օրգանիզմի առողջությունը։ Առողջ և բուժված բերանի խոռոչ ունենալով` մարդը կանխարգելում է այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են սիրտանոթային, աղեստամոքսային և այլ օրգանների մի շարք հիվանդություններ, որոնք առաջանում են բերանի խոռոչի ոչ ճիշտ խնամքի կամ բարձիթողի վիճակի հետևանքով։ Սա էր պատճառը, որ մեր կենտրոնի հիմնադիրները որոշեցին ունենալ նաև ատամնաբուժարան։ Ատամնաբուժարանը հագեցած է անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, բայց ամենակարևորը, որ ցանկանում եմ հատուկ ընդգծել, այն լիարժեք ստերիլ վիճակն է, որը ստեղծվում է ատամնաբուժարանում, քանի որ այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ պատշաճ ախտահանման և անբարեխիղճ աշխատանքի պատճառով այցելուն կարող է ձեռք բերել առողջության ու կյանքի համար վտանգավոր ամենատարբեր վարակներ և հիվանդություններ։ Ահա թե ինչու մենք վճռեցինք ունենալ 100% ախտահանող սարքավորումներ, և սա մեր հպարտությունն ու առավելությունն է որոշ կենտրոնների համեմատությամբ։ Դեռևս 4 ամիս է, ինչ գործում է ատամնաբուժական բաժանմունքը, սակայն արդեն մեծ վստահություն ու ճանաչում է վայելում, հաճախորդների արձագանքները միայն դրական են, ինչը իր հետ բերում է նոր այցելուների հոսք։ Կարծում եմ, որ լավ աշխատանքով և մաքուր միջավայր ապահովելով մենք կարողացանք լավ հիմքեր ստեղծել մեր կենտրոնում ատամնաբուժական ծառայությունների զարգացման համար։ Ժամանակը ցույց կտա /ժպտում է/, հուսամ, որ շատ մոտ ապագայում ավելի վստահորեն կարող եմ ասել, որ սպասելիքներն արդարացված են, ատամնաբուժարանը կայացել է։
Ատամնաբուժական բաժանմունքի տեխնիկական հագեցածության և մատուցվող ծառայությունների մասին առավել մանրամասն ներկայացրեց բժիշկ-օրթոպեդ-ստոմատոլոգ կենտրոնի ատամնաբուժական բաժանմունքի վարիչ Նվարդ Վանյանը (ԲԳԹ, ԵՊԲՀ դասախոս)
«Կենտրոնի ատամնաբուժական բաժանմունքը հագեցած է KaVo ֆիրմայի ատամնաբուժական նորագույն սարքավորումներով, թվային ռենտգեն-ապարատներով, որոնց ճառագայթումը հասցված է նվազագույնի։ Մեզ մոտ մատուցվում են համալիր ծառայություններ տարիքային բոլոր խմբերի համար` սկսած ատամների, բերանի խոռոչի բուժումից մինչև դրանցով ուղեկցվող բոլոր հիվանդությունների բուժում, պրոթեզավորում, գունավոր պլոմբանյութերի կիրառում փոքրիկների համար և այլն։ Օգտագործում ենք լավագույն արտադրանքի նյութեր, բոլոր միջամտությունները կատարվում են անցավ, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այցելուն չլարվի, ցավ ու անհարմարություն չզգա մեզ այցելելիս։ Փորձում ենք պարգևել բոլորին գեղեցիկ ժպիտներ, թարմ և առողջ միջավայր ատամների համար, քանի որ մարդու գեղեցկությունն ու առողջությունը սկսվում են բերանի խոռոչի առողջությունից, հաճելի ժպիտից։ Պետք է առանձնահատուկ նշեմ, որ մեր կենտրոնում գործում է հատուկ գնային քաղաքականություն, բարձրորակ նյութատեխնիկական բազայի հետ միաժամանակ մենք առաջարկում ենք մատչելի գներ, ծառայությունների գները միջինացված են, որպեսզի հասանելի լինեն հասարակության բոլոր շերտերի համար»։
-Իսկ ի՞նչ կասեք վիրաբուժական բաժանմունքի մասին։
-Ինչ վերաբերում է վիրաբուժական բաժանմունքին, ապա վերջինիս ստեղծման գաղափարն ու պլանները տարիներ շարունակ շրջանառվում էին թե մեր` տեղի ադմինիստրացիայի և թե հիմնադիրների կողմից, քանի որ քաջ գիտակցում էինք, որ տեղում ախտորոշվելուց հետո նույն կենտրոնում համալիր բուժում ստանալը լավագույն լուծումն է հիվանդի համար։ Մեր կենտրոնը տարիների փորձով և ձեռք բերած վստահությամբ վաստակել է տարածաշրջանում ոլորտի առաջատարի իր դիրքերը, և ես հուսով եմ, որ շատ շուտով նույն ուղով կգնա նաև վիրաբուժական բաժանմունքը։ Մենք պայմանագիր կնքեցինք գերմանական Shtorz ընկերության հետ` համաձայն որի ընկերության սարքավորումները ձեռք բերելու դեպքում վերջինս պարտավորվում է մասնագիտական խումբ ուղարկել Հայաստան առաջին վիրահատությունները կատարելու և տեղի բժիշկներին մասնագիտական հմտությունները փոխանցելու համար։ Պայմանավորվածությունը ձեռք բերվեց 2012-ի նոյեմբերին, արդեն մայիսի 11-ին վիրահատարանն ամբողջովին պատրաստ էր աշխատանքի։ Մայիսի 12-ին ժամանեց բժիշկների պատվիրակությունը, ովքեր երկու օրվա ընթացքում կատարեցին 8 վիրահատություն։ Վիրահատություններն ուղեկցվում էին տեսաձայնագրմամբ և կենտրոնի կոնֆերանս-դահլիճում, որը նախատեսված է 300 հոգու համար և ունի ամենատարբեր ֆորմատի հանդիպումներ կազմակերպելու ժամանակակից պահանջներին համապատասխան բոլոր հնարավորությունները, 200 մասնագետներ հետևում էին այս վիրահատությունների ընթացքին։ Դրանք գինեկոլոգիական վիրահատություններ էին, որոնք կատարվեցին լապորասկոպիկ եղանակով և շատ բարեհաջող ընթացք և արդյունքներ ունեցան։ Հուսամ, որ մեր վիրահատարանում կատարված վիրահատությունների արդյունքում կկարողանանք պահպանել կամ վերականգնել հիվանդների առողջությունը, վերարտադրողականությունը, ինչ մեր հասարակության զարգացման և վաղվա օրվա երաշխիքն է։ Վիրահատարանը համալրված է վերջին սերնդի սարքավորումներով, ինչն իհարկե խոսում է նրա բարձր որակի մասին, և ես չեմ վախենա ասել, որ այսօր այն միակն ու լավագույնն է ՀՀ-ում։ Մեզ մոտ գործում է աշխարհի առաջատար երկրներում տարածված «մեկօրյա կլինիկա» սկզբունքը։ Վիրահատությունից երկու-երեք ժամ անց այցելուները արդեն դուրս են գրվում, սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ կարիք կա ավելի երկար` 2-3 օր մնալու, այս դեպքերի համար էլ ունենք բոլոր պայմաններն ու հնարավորությունները։ Կատարվում են կրծքագեղձի, վահանաձև գեղձի, արգանդի, միզապարկի, կույրաղիքի և լեղապարկի վիրահատություններ։
Պետք է նշեմ, որ մենք կոնսերվատիվ բուժման կողմնակից ենք, և միայն հույժ անհրաժեշտության դեպքում ենք գնում վիրահատական միջամտությունների։ Ռադիոլոգիայի բաժանմունքի բժիշկները աշխատում են վիրաբույժների հետ, պարբերաբար անցկացնում են համատեղ խորհրդակցություններ, որոնց արդյունքում վեր է հանվում լուծման ամենաօպտիմալ տարբերակը։ Այցելուն մի քանի փուլ բուժումներ անցնելուց հետո միայն ենթարկվում է վիրահատական միջամտության։
Կենտրոնում հավաքված են բանիմաց և հմուտ մասնագետներ։ Մասնագետների ընտրության ժամանակ հենվել եմ վիրահատված հիվանդների շրջանում անցկացված հարցումների վրա, հասկանալու համար, թե որ վիրաբույժին են առավել շատ վստահում նրանք։ Ահա այդ բժիշկներին էլ առաջարկել ենք աշխատել մեր կենտրոնում, և փառք Աստծո, չենք սխալվել։
Վիրահատարանն ունի նաև մեկ այլ առավելություն. եթե օրինակ` հիվանդը ցանկանում է, որ իրեն վիրահատի բժիշկ, ով մեր կենտրոնում չի գործում, ապա մենք կազմակերպում ենք այդ վիրահատությունը մեզ մոտ հրավիրելով տվյալ բժշկին։
-Իհարկե շատ հետաքրքիր մոտեցում է, սակայն ոչ բոլորն են կարող թույլ տալ իրենց օգտվել նման ծառայություններից։ Տիկի’ն Հակոբյան, հետաքրքիր է` ընդհանրապես ի՞նչ պայմաններ են ստեղծված կենտրոնում սոցիալապես անապահով մարդկանց համար։
-Սոցիալապես անապահով և անվճարունակ քաղաքացիների համար մեզ մոտ գործում են հատուկ պայմաններ, կենտրոնի միջոցներով, ինչպես նաև USAID ծրագրի հետ համագործակցության շրջանակներում օրական 10-15 անվճար հետազոտություն է կատարվում կենտրոնում, վիրահատությունների դեպքում ևս արվում են զեղչեր, վերջերս ՀՀ Սփյուռքի նախարարության միջնորդությամբ անվճար վիրահատեցինք սիրիահայ մի կնոջ։ Սակայն հասկանալի է, որ բարձրակարգ վիրահատարանը և դեղորայքը մեծ գումարներ են պահանջում, ուստի մենք մի հետաքրքիր բան նախաձեռնեցինք. կենտրոնում գործող կոնֆերանս սրահի վարձակալության հասույթը ներդրվում է անվճարունակ կանանց առողջության պահպանման, բուժման և վիրահատությունների գերխնդրի լուծման գործում։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ սրահն առայժմ գործում է մի փոքր պասսիվ, այցելուների հոսքը քիչ է, հուսամ, որ մոտ ապագայում կազմակերպություններն ու անհատները, գիտակցելով սրահից գանձվող գումարի առաքելությունը, ավելի հաճախ միջոցառումներ կանցկացնեն մեզ մոտ։
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը խոսեց վիրաբուժարանի առանձնահատկությունների և մատուցվող ծառայությունների մասին։
«Վիրաբուժական բաժանմունքը հագեցած է նոր և ժամանակակից սարքավորումներով, տեխնիկապես նախատեսված է որովայնի խոռոչի բոլոր տեսակի վիրահատություններ կատարելու համար բաց և փակ` լապորասկոպիկ եղանակով։ Աշխատում ենք Karl Storz ֆիրմայի վերջին մոդելի լապորասկոպով, որը տեխնիկապես պարզապես անթերի է։ Մեր առանձնահատկությունն ու առավելությունը, կարծում եմ, ախտորոշիչ կենտրոնի և վիրաբուժական բաժանմունքի փոխհամաձայնեցված գործունեությունն է, քանի որ սա օգնում է առավել համակողմանի ուսումնասիրել դեպքը, ճշգրիտ լուծում գտնել բուժման համար, չէ՞ որ մենք գործ ունենք այնպիսի հիվանդությունների հետ, որոնց դեպքում անհրաժեշտ է 100% ախտորոշում։ Կիրառում ենք նուրբ ասեղային ուղեցույցային լոկալիզացիա, որի միջոցով մեր ճառագայթաբանների հետ կասկածելի օջախում տեղադրում ենք ասեղը, ինչը մեզ հնարավորություն է տալիս բարձրագույն ճշգրտությամբ և խնայողաբար հեռացնել կրծքագեղձում առկա կասկածելի օջախը` առանց որևէ վնաս պատճառելու կրծքագեղձին։ Ընդհանուր առմամբ կատարվում է կրծքագեղձի, կանացի սեռական օրգանների հիվանդությունների հետ կապված բոլոր տեսակի վիրահատություններ։ Հաճախ իրականացնում ենք սիմուլտանտ` միաժամանակյա վիրահատություններ կրծքագեղձի և արգանդի համակցված հիվանդությունների դեպքում։ Սա շատ արդյունավետ է, հիվանդների համար քիչ տրավմատիկ։ Այս 4 ամիսների ընթացքում բաժանմունքում իրականացվել է 90 վիրահատություն և 150 միջամտություն»։
Հ.Գ.
1997 թվականին ամերիկահայ բարերար, Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալեանի և այդ շրջանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվել է Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոնը, որը 2002 թվականին վերափոխվել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի (ՀԱԱԿ), որը մասնաճյուղ ունի նաև Գավառ քաղաքում։
Կենտրոնում գործում են`
ռադիոլոգիայի (թվայնացված մամոգրաֆիա և ուլտրաձայնային հետազոտություն),
գինեկոլոգիայի,
ուրոլոգիայի,
դենսիտոմետրիայի,
էնդոկրինալոգիայի և ընտանեկան բժշկության,
այժմ նաև` վիրաբուժության,
ատամնաբուժության բաժանմունքներ։
Կոնֆերանս դահլիճ
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամում 2013թ-ի հունվարի 18-ից գործում է կոնֆերանս սրահը, որը գտնվում է կենտրոնի 5-րդ հարկում։ Տեխնիկապես գերհագեցած սրահի վարձակալումը կապահովի 300 անձի բարձրակարգ սպասարկումը՝ սեմինարների, ֆորումների և միջոցառումների ժամանակ, իսկ սինխրոն թարգմանության համակարգի առկայությունը կնպաստի օտարերկրյա հյուրերի դյուրին շփմանը և մասնակցությանը։
Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը
Վերադառնալ