17:00
10/14/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Թատրոնը հասարակության առջև ծառացած խնդիրներն է փորձում վեր հանել… ստիպում է դրանց լուծման ուղղությամբ մտածել

2013-11-07 11:31

«Դե Ֆակտո» 70 էքսկլյուզիվ

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջատար դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը անցյալի մասին շատ խոսելը,  դրանով ապրելը համարում է ՙծերության համախտանիշ՚ և   իրենից շատ հեռու.

- Այն, ինչին հասել եմ, արդեն անցյալ է, իսկ անցյալն արվեստագետի իմ հարստությունը, շտեմարանն է, որին հետահայաց վերարժևորման առիթ, հուսով եմ շատ շուտ չեմ ունենա: Պիտի առաջ նայել: Արվեստագետի կյանքում նորը, նոր հույզերը պետք է բավականին արագ միմյանց հաջորդեն: Երբ արտիստը որոշակի նշաձողի է հասնում, միայն առաջարկվող գործերով արդեն նա չի կարող բավարարվել: Որպես քաղաքացի, որպես արվեստագետ նա կենսափորձ, ասելիք ունի կուտակված, որը հորդում է, ժայթքում, ստիպում է փնտրտուքի մեջ ընկնել: Համարում եմ, որ դա ինքնաբավության, ներդաշնակության տանող ճշմարիտ ուղին է, որը պետք է որ միշտ անհասանելի լինի: Ներկայում ստեղծագործական այդ փնտրտուքի մեջ եմ: Իսկ այն, ինչ հուզում է ինձ, չեմ կարողանում մեր պիեսների մեջ գտնել: Չեմ ասում թե հայկական դրամատուրգիա չկա, դա բոլորովի այլ հարթության հարց է: Շատ եմ կարդում, հատկապես եվրոպական, ռուսական գրականություն, որտեղ կարողանում եմ քիչ թե շատ գտնել ինձ` որպես քաղաքացի, հուզող հարցերի պատասխանները: Տա Աստված, որ նոր ասելիքս գարնանը կարողանամ ներկայացնել իմ հանդիսատեսին:

Նման հոգեվիճակը, թերևս, երանելի է արվեստագետի համար` որպես ստեղծագործական նոր շնչառություն, մի նոր երիտասարդություն…

- Ինձ թվում է, թե 20-30 տարեկան եմ, և անելիք ու ասելիք  դեռ շատ կա: Երբ մարդ շուտ է ծերանում հոգով, անգամ երիտասարդ տարիքում կարող է ծեր երևալ:

Զարմանում եմ, ինձնից տարիքով փոքրերի մոտ հոռետեսություն նկատելով, որը կարող է կլանել շատերին: Փառք Աստծո, լավատես, բավականին հասուն, խելացի երիտասարդներ ունենք: Նրանցից անգամ կարող ես սովորել, ոգևորվել: Նոր մտածողություն, նոր շունչ կա նրանց մեջ, և ուրախալի է, որ այդ ամենը նրանք ասպարեզ են բերում: Նրանք երկրի շարժիչ ուժն են: Մենք` ավագներս, ենթագիտակցորեն հնից ենք կառչում, պահպանողական ենք երբեմն չափից ավելի, հաճախ դոփում ենք տեղում…

- Եվ ո՞ւր է հասցրել Ձեզ փնտրտուքը:

- Շուրջ 20 պիես եմ կարդացել, ուսումնասիրել: Սկզբից ցանկանում էինք Նիլ Սայմոնի` ՙԿալիֆորնիական սյուիտ՚-ը բեմադրել, ներշնչված էի դրանով, բայց, կարծում եմ, որ մեր հանդիսատեսը, որ օբյեկտիվ պատճառներով որոշակիորեն օտարվել էր բարձր արվեստից, այնքան էլ չընդունի դա: Մոտեցումները այստեղ մի քիչ այլ են: Իհարկե, համաձայն եմ, որ արվեստագետը պետք է իր հետևից տանի հանդիսատեսին, և ոչ հակառակը, բայց պահանջարկի խնդիրն առկա է, ամենուր շուկայական հարաբերություններ են, որոնք ուզես, թե չուզես, մտնում են նաև թատրոն: Եվ այդ մտադրությունը ի պահ է տրված ՙդարակին՚, հուսով եմ` ոչ երկար ժամանակով: Մենք հիմա սերիալային բումի ժամանակներ ենք ապրում, դա է պահանջում միջին վիճակագրական հայ հանդիսատեսը, և, երբեմն, ստիպված ես հաշվի առնել ու բարձրարժեք դասական գործերի կողքին դրանք էլ հանդուրժել: Թեև վերջին շրջանում ավելացել են բավականին հաջողված` հայրենասիրական սցենարով բազմասերիանոց հեռուստաֆիլմերը, որոնք, անշուշտ, դրական ազդեցություն կթողնեն երիտասարդության վրա:

- Բարձրարժեք արվեստից օտարման այս թոհ ու բոհում դժվար չէ՞ անհրաժեշտ նշաձողը պահպանել:

- Իմ տարիքի և անցած թատերական դպրոցի պարագայում, թերևս, այնքան էլ դժվար չէ: Դժվարությունը երիտասարդ սերնդի համար է, երբ իսկապես դժվար է գլխավորը երկրորդականից տարբերել: Եվ խնդիրը ներկայացվող գործի այնքան կենցաղային լինել չլինելու մասին չէ, ինչի մասին շատ է խոսվում ներկայում, որքան այն ներկայացնելու ձևի, ոճի մեջ: Պիտի աշխատես այն ավելի չէժանացնել: Ի վերջո բոլոր հանճարեղ գործերն էլ, ասենք, հիմնականում կենցաղն են ներկայացրել, քանի որ մարդուն չի կարելի առանց իր առօրյայի, առանց շրջապատի ներկայացնել: Տեսեք, Հրաչյա Ներսիսյանն էլ կենցաղ էր խաղում… բայց ինչպե՜ս էր խաղում, ինչպե՜ս էր մատուցում… նրա խաղաոճը, նրա արտահայտչամիջոցները, նրա խոսքի կուլտուրան բոլորովին այլ էր: Եվ անգամ այդ ՙկենցաղային՚ գործում, միևնույն է, նա բարձրանում էր որպես արվեստագետ: Իսկ մեծությունը հենց դրա մեջ է:

Որպես թատրոնի առաջատար դերասան, այսօր Դուք եք մեր մեծերի ժառանգորդը և հետնորդը, երիտասարդներին օրինակ ծառայողը…

- Ես այն բախտավորներից եմ, որ խաղացել եմ մեր բեմի ռահվիրանների հետ` Խաչվանքյան, Դանզասներ,  Մելինե Համամջյան, Ստեփան Հարությունյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Սեդա Մարյան-Քալանթարյան, Սվետլանա Գրիգորյան: Ես սովորել եմ նրանցից: Խաչվանքյանը մի անգամ նույնիսկ լացացրել է ինձ. երիտասարդ էի, ինչ-որ բան այնպես չէի արել, և իրենից անգամ նեղացել էի: Բայց հետո հասկացա, թե ինչքան ճիշտ և իմ օգտին դիտողություններ էր արել: Այն, ինչին հասել եմ, մեծ է նրանց ներդրումը: Յուրաքանչյուր մուտքից առաջ Խաչվանքյանի դպրոցն իմ մեջ է, միշտ մտածում եմ, թե վարպետն ինչպես կվարվեր նման պարագայում, ու դա ինձ օգնում է: Հանդիսատեսի շնորհակալությունը դրա լավագույն գնահատականն է:

  Չէի ցանկանա անհամեստ երևալ, բայց իմ երիտասարդ կոլեգաները սովորելու շատ բան ունեն: Խելացի, շնորհալի երիտասարդը, տեսնում և վերցնում է լավը: Դա է ճշմարիտ ուղին, թատրոնը ավանդույթների, կրքերի բախման դարբնոց է և այդ միջավայրում է դերասանը ձևավորվում, կոփվում: Այս տարիքում ես ձգտում եմ ավելիին, զգում եմ, որ դեռ սովորելու տեղ ունեմ, շատ բան չգիտեմ: Ցավալի է, որ այսօր կան երիտասարդներ, որոնք ոչ թե թատրոնում են խաղում, այլ, պարզապես,  դերասան են խաղում. մի փոքրիկ կադրում թիկնապահ են նկարահանվել, բայց իրենց արդեն մեծություն ու հեղինակություն են երևակայում: Նման պատրանքներն, իհարկե, նույն արագությամբ էլ փշրվում են: Կարևոր է, որ արվեստագետը չդավաճանի ինքն իրեն, ես դա եմ սովորել մեր մեծերից: Խաչվանքյանը միշտ ասում էր` բեմի վրա ինքդ քեզ չդավաճանես, քո սկզբունքներին, մտածելակերպին չդավաճանես, լսիր, սովորիր, բայց մի դավաճանիր ինքդ քեզ: Մինչև հիմա ես հետևում եմ այդ պատգամին: Հանդիսատեսը շատ նրբազգաց է, և շատ լավ հասկանում է, թե ինչպես ես քեզ դրսևորում: Նա կարող է շատ դաժանորեն վերաբերվել, երբ հասկանա, որ իմիջայլոց ես խաղում, գլուխ ես պահում և, որ ամենացավալին է, կարող է իր վերաբերմունքն արհամարհանքով արտահայտել: 

-Դուք ակադեմիական կրթություն ստացած սերնդի ներկայացուցիչ եք, և Ձեր բարձունքից անգամ այդպես եք մտածում, մինչդեռ հիմա բոլորն իրենց ՙաստղ՚ են պատկերացնում:

- Այո դա ցավալի փաստ է, հիմա թատերական ինստիտուտ են ընդունվում անգամ լեզվական արատներ ունեցողները, ինչպես ասում են` փողին ՙմուննաթ՚… Երբ ես ընդունվում էի թատերական, այդ տարի 170 հոգուց միայն 10 հոգի կարողացան հաղթահարել մրցութային շեմը. այնպիսի խստություն էր, և ինչ հանձնաժողով էր` Մետաքսյա Սիմոնյան, Աճեմյան, Ջանիբեկյան, Գարագաշ, այնպիսի դեմքեր էին, որ պարզապես ՙսարսափում՚ էիր: Երազում էինք մտնել թատրոն, երազում էինք ինչ-որ դեր ստանալ, հիմա ով ասես խաղում է: Մի՞թե կյանքի հաճույքը մեկ անգամ էկրանին երևալն է, որ հարևանները, բակի տղաները տեսնեն թե ինքն ով է: Չէ որ դա էլ է անցնելու, դա չի իշխելու, մնալու է իսկական արվեստը, ճշմարիտ արվեստագետը… Հիմա ո՞ւմ են հիշում ու մեծարում… Իհարկե` Փափազյանին, Ներսիսյանին, Խորեն Աբրահամյանին, Ֆրունզե Մկրտչյանին…Յուրաքանչյուր երկիր կարող է հպարտանալ, ունենալով այդպիսի մեծություններ:

- Նրանց հետ կապված հետաքրքիր և զավեշտալի հիշողություններ, անշուշտ, ունեք:

- Դրանք շատ-շատ են, բոլորը թվարկել չի լինի: Հիշում եմ, երբ խաղում էինք ռուսական թատրոնում և այդ ժամանակ դեռ շենք չունեինք, ներկայացման ժամանակ մի կատու մտավ բեմ ու հարմար դիրքով նստելով, չէր ուզում հեռանալ: Ոչ մի կերպ  նրան հեռացնել չէր ստացվում, Մելինե Համամջյանը նույնիսկ մի քանի անգամ կամացուկ ՙփըշտ, փըշտ՚ արեց, բայց նա չէր շարժվում: Մեկ էլ Ստեփան Հարությունյանը բեմի մյուս կողմից արտիստիկ ոճով նետեց. ՙՄելինե՛, դա ռուսական կատու է, մենք ռուսական թատրոնում ենք խաղում՚,- ու Մելինեն, ակամա այդ ՙսադրանքին՚ տրվելով, ռուսական ակցենտով նրբորեն դիմեց կատվին`ՙփստ-փստ՚ ասելով: Ողջ դահլիճը պայթեց ծիծաղից…

  Մի դերասանուհի ունեինք, Կիմա Մկրտչյան, ցավոք երիտասարդ տարիքում հեռացավ կյանքից. նա խմորից հետաքրքիր, մարդանման ֆիգուրներ էր պատրաստում, ու մի անգամ գրպանս էր գցել դրանցից: Ես էլ բեմում լացի տեսարան էի խաղում, և երբ ձեռքս տանում եմ թաշկինակ հանելու, հանկարծ դուրս եմ բերում հացի այդ կտորը: Հիմա ծիծաղս չեմ կարողանում պահել, ամբողջովին ցնցվում եմ, Մելինե Համամջյանն էլ այնտեղից, թե` խեղճ տղա, որքան է տանջվում, լացում հոր համար… Իրադրությունը փրկեց միայն այն, որ լացելու տեսարան էր, և իմ ծիծաղի պոռթկումն ընկալվեց որպես շատ լավ խաղացած լացի տեսարան: Մեկ ուրիշ դեր էի խաղում` ՙԶգուշացեք, նա դեռ կա՚ ներկայացման մեջ. Խաչվանքյանը Բրեժնև էր խաղում, ես` Սուսլովի դերակատարն էի, և որպես քծնող, պնակալեզ կերպար, ողջ դեմքս համապատասխան գրիմով, առանց հոնքերի` հատուկ կերպարին առավել բնորոշ գծերը ընդգծելու համար, նման ծիծաղելի  կերպարով ՙշպագատ՚ էի նստել Խաչվանքյանի առջև… Տեսարանն այնքան բնորոշ  էր ստացվել, այնպես էի դերի մեջ մտել, որ Խաչվանքյանն իր ծիծաղը չէր կարողանում զսպել, և ինչպես ինքն էր ասում, ՙիմ ՙմռութից՚ մեռնում էր ծիծաղից՚, կամացուկ շշնջալով. ՙղՉՈՑՌՑ վպչՏՊ՛ռ՚…Աստված չանի` բեմի վրա դերասանի ծիծաղը բռնի…

- Վերադառնանք մեր դրամատուրգիայի այսօրվա վիճակին:

- Վերջերս ես մասնակցեցի 10 երիտասարդ բանաստեղծների և արձակագիրների հավաքական ժողովածուի շնորհանդեսին, որը նախաձեռնել էր Ռազմիկ Դավոյանը: Փառք ու պատիվ Դավոյանին, որը մեծություն լինելով հանդերձ, փնտրում ու գտնում է երիտասարդներին, ճանապարհ է բացում նրանց: Ես ՙբռավո՚ էի գոռում` մտքի ուժեղ թռիչք, ինչպիսի՜ բանաստեղծական ոճ: Հիացած էի, այդ ողջ շաբաթն իրենցով էի լցվել, ամեն օր կարդում և ավելի եմ ոգևորվում: Նույնը չէի ասի դրամատուրգիայի մասին: Այս ոլորտում դոփում ենք տեղում: Իհարկե, ունենք լավ դրամատուրգներ` Պերճ Զեյթունցյան, Նորայր Ադալյան, Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան, նրանք լավ գործեր ունեն, արվեստագետին հուզող ցավ ու տառապանք կա նրանց ստեղծագործություններում: Բայց ինձ չի հիացնում ներկա վիճակը, հոգեբանական մեծ բախումների, համամարդկային մեծ խնդիրներ վեր հանող գործեր շատ քիչ կան: Ինչքան կարող ենք մեր դասականներին անդրադառնալ` Պարոնյան, Շիրվանզադե, Սունդուկյան, Օտյան… Նոր սերնդի նոր խոսքի պահանջ կա: Իհարկե, հասկանալի է, որ դրամատուրգիական գործը պետք է որոշակի ՙճամփա՚ անցնի` գրողի գրչից, մինչև բեմահարթակ…այն պետք է վերապրի գրողը, սցենարիստը, ռեժիսորը, դերասանը, պետք է հսկայական աշխատանք արվի այդ բոլոր էտապները միմյանց ներդաշնակեցնելու, հանդիսատեսին ներկայացնելու համար: Հնարավոր է, ասենք, որ հրաշալի գործը անտաղանդ դերասանը կամ ապաշնորհ ռեժիսորը տապալի: Կարևոր է նաև, որ ռեժիսորը հիմնավորի, համոզի, որ հիմա հենց այս պիեսն է արդիական, թե ինչու է այն բեմադրվում…

 - Տարիներ առաջ խոսվում էր այն մասին, որ թատրոնն իր տեղը զիջելու է հեռուստատեսությանը: Համացանցային բումի այս դարաշրջանում տեսակետեր են հնչում, որ  մոռացության մատնվելու կարգավիճակում է հայտնվել ոչ միայն թատրոնը, այլև հեռուստատեսությունը:  

- Թատրոնը երբեք չի մեռնի, այո, դիրքերը գուցե թե զիջում է, և դրա վառ ապացույցը տնային տնտեսուհուն ՙհիացնող՚ սերիալներն են: Բայց բոլոր ժամանակներում էլ գնահատելի է կենդանի խոսքը, բեմում կենդանի շփումը… Իսկ ով է ասում, թե թատրոնը ՙմասսայական՚ պետք է լինի: Թող որ այն լինի ընտրյալների, բարձր արվեստը գնահատողների համար: Թատրոնն ամեն մարդու տեղ չէ, այն տաճար է, սրբություն է, թատրոն գալիս ես բարձր արվեստին առնչվելու, կատարսիզի մեջ ընկնելու, ինքնամաքրվելու… Թատրոնը ստիպում է մտորել, վերլուծել, փորձում է պարզել, թե ինքդ ինչպես կվարվես նման իրավիճակի մեջ ընկնելու դեպքում: Տեսեք, թե ինչ գներով են վաճառվում  համաշխարհային համբավ ունեցող թատրոններում տոմսերը: Խոսքը մեր մասին չէ, որ գուցե թե ինչ-որ տեղ սոցիալական դժվարին վիճակից ելնելով մարդիկ ցանկանում, բայց չեն կարողանում վճարել, տոմս գնել. թեև դրանք էլ մեզանում  խիստ խորհրդանշական են: Ինչ-որ տեղ էլ նաև մենք չենք սիրում մեզ, չենք գնահատում մերոնց: Թատրոնը հասարակության առջև ծառացած խնդիրներն է փորձում վեր հանել, ստիպում է դրանց լուծման ուղղությամբ մտածել: Շատ դժվար է հիմա հանդիսատեսին բավարարել, համացանց, հեռուստատեսություն, արբանյակային բյուրավոր ալիքներ կան… Դրա համար հարկավոր է բեմում մնալ բնական, հասարակ, պարզ, ինչն արվեստում ամենադժվարն է: 

Ինչպե՞ս և ե՞րբ որոշեցիք դերասան դառնալ:

- Այդ հարցին միշտ դժվարանում եմ պատասխանել: Ինձ թվում է, թե ես այդպիսին եմ ծնվել, թվում է, թե արտիստ եմ ծնվել, բնությունն իմ մեջ դրել է այդ ՙկոդը՚, և ասենք, ճակատիս գրված է եղել: Փոքրուց այդպիսին եմ եղել` երգել եմ, պարել, ասմունքել: Փառք ու պատիվ մորս, որն իմ մեջ տեսնելով այդ շնորհքը, ոգևորել ու աջակցել է ինձ: Հայրս դեմ էր, նա համարում էր, թե ինչպես պետք է այդ մասնագիտությամբ ընտանիք պահեմ, և երևի թե ինչ-որ տեղ ճիշտ էր, քանի որ գոնե հիմա դերասանը չի կարող իր վաստակածով տուն պահել: Բայց հիշում եմ երբ հայրս արդեն տարիքն առած մարդ էր, ինչպիսի՜ հպարտությամբ էր փողոցով իմ կողքին քայլում, ոգևորվում էր, երբ մարդիկ ինձ ճանաչում ու մեծարում էին: Նա իրեն հպարտ էր զգում: Դա ինձ համար ամենամեծ գնահատականն էր, քանի որ լինելով շատ խելացի անձնավորություն, Հայրենական մեծ պատերազմի վետերան, կյանքում շատ հաջողությունների հասած, հարգանքի ու պատվի արժանացած մարդ,  իր կողմից դրվատանքը, իր գնահատականն ինձ համար շատ կարևոր էր. այն դեպքում, երբ ես եմ ամբողջ կյանքում իրենով հպարտացել: Ցավոք, հայրս արդեն հեռացել է կյանքից: Նա բարության մարմնացում էր, իրենից շատ բան եմ սովորել` ինչպես գլուխը բարձր, արժանապատիվ ապրել, չմեծամտանալ հաջողություններով, միշտ ձգտել կատարելության, աշխատել իմաստություն ձեռք բերել: Նա արդարացի մարդ էր, իր կեցվածքով այդպիսին էր, միշտ անպաշտպանների կողքին էր, միշտ պայքարում էր, իր քաղաքացիական դիրքորոշմամբ օրինակ էր շատերի համար:

- Պատկերացնելով Ձեր ներուժը, դերասանական կարողություններ, կարծում եմ, նույն հաջողությամբ կարող եք նաև դրամատիկ կերպարներով հանդես գալ:

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Ցավալի է, որ բեմադրիչները կաղապարային մոտեցում ցուցաբերելով, դերասանին ընկալում են որպես նեղ ժանրի արտիստ, իմ պարագայում, ասենք, որպես միայն կոմեդիայի ժանրի դերասան, չպատկերացնելով, որ փորձառու դերասանը այլ ժանրերում ևս կարող է վարպետորեն հանդես գալ: Այսօր մեզ պակասում են նման համարձակ լուծումները: Բնավ չփորձելով համեմատվել Չապլինի հետ, չեմ կարող չփաստել, որ հռչակավոր կոմիկը իր մարմնավորած բոլոր կերպարներով այնպես էր հուզում հանդիսատեսին, որ նրան կարելի էր նաև հրաշալի ողբերգակ համարել:

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց