10:25
10/22/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սամվել Բալասանյան

2013-11-22 13:16

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Մեզ հաջողվեց Գյումրիում մթնոլորտ փոխել

Հատկապես վերջին մեկ տարում Գյումրիում եռում են աշխատանքները` ասֆալտապատում, աղբահանության համակարգի արդիականացում, լուսավորված փողոցներ, բարեկարգվող հուշարձաններ, կանաչապատվող այգիներ, բնակարանաշինություն, ապագայի ծրագրեր և հավատ ու ոգևորություն, որ շատ շուտով ազատվելու ենք արդեն հոգեբանական բարդույթի վերածվածաղետի գոտիհասկացությունից։

Արված աշխատանքների և ապագա անելիքների մասինԴե Ֆակտոամսագիրը զրուցեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։

-Պարո՛ն Բալասանյան, մեկ տարի առաջ ստանձնեցիք Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ ԱԺ պատգամավորից` քաղաքապետ, օրենսդիր ոլորտից` գործադիր։ Բավականին բարդ շրջանում ստանձնեցիք այդ պաշտոնը, որքանո՞վ հաջողվեց հունի մեջ գցել ամեն ինչ։  

-Թե ինչ է հաջողվել անել, պետք է որ երևա քաղաքում առկա փոփոխություններից ու բարեփոխումներից, գյումրեցիների ու հաճախ Գյումրի եկող մարդկանց գնահատականներից։ Իսկ ես ասեմ, որ ամենայն պատասխանատվությամբ հետամուտ եմ եղել իմ պարտականություններին, խորությամբ ուսումնասիրել ենք բոլոր ոլորտները, քաղաքապետարանի լիազորությունների ու պարտականությունների շրջանակներում գտնվող բոլոր խնդիրները, ապա միայն մշակել առաջիկա գործունեության քառամյա պլանը։ Իհարկե, շատ ծանր է նշված ժամկետներում, եղած սուղ միջոցներով հասցնել իրականացնել բոլոր աշխատանքները, սակայն անում ենք հնարավոր ամեն ինչ։ Պետք է ասեմ, որ գրեթե բոլոր ոլորտները թերի և չկանոնակարգված վիճակում էին` սկսած սանմաքրման ծառայություններից, փողոցների արտաքին լուսավորումից մինչև երթևեկություն և ճանապարհաշինություն։ Անելիքները բազմաթիվ են, սակայն չենք հուսահատվում, աստիճանաբար շտկում, բարելավում ենք իրավիճակը։ Կարծում եմ, որ հաջողվել է քաղաքում մթնոլորտ փոխել, մարդիկ տեսնում են, որ քաղաքն օր-օրի բարեկարգվում է, բարոյահոգեբանական մթնոլորտը բավականին դրական է։

-Պարո՛ն Բալասանյան, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այս մեկ տարում։

-Ինչպես նշեցի, աշխատում ենք նախապես մշակված քառամյա պլանով, որի առաջին տարվա համար նախատեսված աշխատանքները հիմնականում հասցրել ենք ավարտին, առաջնահերթության սկզբունքով որոշ ծրագրեր տեղափոխել ենք հաջորդ տարի` աշխատանքներն առավել արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով։ Նշեմ, որ քաղաքապետարանի աշխատանքները թափանցիկ են, ավագանու նիստերը հեռարձակվում են համացանցով, այնպես որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետևել նիստերի ընթացքին, տեղեկացված լինել ավագանու ընդունած որոշումներին, ներկայացվող հաշվետվություններին, առաջիկա ծրագրերին։ Ինչ վերաբերում է կատարված աշխատանքներին, ապա ասեմ, որ նախորդ 11 ամիսների ընթացքում զգալի աշխատանքներ են կատարվել, մեծ պարտքեր էինք ժառանգել, որոնք հնարավորինս մարվել կամ նվազագույնի են հասցվել, նոր պարտքեր չեն գոյացել։ 2013 թվականի համար համայնքային ճշտված բյուջեն կազմում է 3.256.681.5 հազար ՀՀ դրամ։ Այս պահի դրությամբ բյուջեի/ներառյալ դոտացիան/ կատարողականը կազմում է 91%։ Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պատշաճ կերպով, նախապես կազմված գրաֆիկով իրականացվել են սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ, կառուցվել է աղբադաշտ տանող 1.5 կմ երկարությամբ գրունտային ճանապարհ, տեղադրվել են նոր աղբարկղներ, աղբարկղների պատնեշներ, արդյունքում` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կա 70մլն. դրամի խնայողություն։

-Կխնդրեի անդրադառնալ ճանապարհաշինության, քաղաքի արտաքին տեսքի, լուսավորման ու բարեկարգման աշխատանքներին։

-Զգալի աշխատանքներ են տարվել և շարունակվում են տարվել փողոցների ասֆալտապատման և բարեկարգման հարցում. համայնքի միջոցներով կատարվել են մոտ 410 մլն. դրամի ասֆալտապատման աշխատանքներ, հիմնովին ասֆալտապատվել են կենտրոնական փողոցները, “Վարդանանց” և “Ջիվանու” հրապարակները, հիմնական փողոցներում և հրապարակներում կատարվել են փոսային նորոգումներ։ Ընդհանուր ասֆալտապատման մակերեսը կազմում է մոտ 102հազար մ2, բարեկարգված փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 52կմ։ Բարեկարգ տեսքի են բերվել քաղաքի հուշահամալիրները, մի շարք հուշարձանների տարածքներ, վերանորոգվել են “Վարդանանց” և Թատերական հրապարակների շատրվանները, փողոցներում և հանգստյան գոտիներում տեղադրվել են 100 նստարաններ։ Մեր ուշադրության կենտրոնում են նաև քաղաքի կանաչապատման խնդիրները. տնկվել է մոտ 50.000 ծառ ու թուփ, կառուցվել է “Հայուհու” հրապարակի ոռոգման նոր ցանցը, վերանորոգվել է “Պատվո բլուր” և “Մայր Հայաստան” հուշահամալիրների ոռոգման ցանցերը։ Զգալիորեն բարելավվել է լուսավորության համակարգը. նախկին 3700 լամպերի փոխարեն այժմ ունենք 4900-ը,  պարզեցվել և հստակեցվել է օդային ցանցը, լամպերի գերակշռող մասը փոխարինվել է էկոնոմ լամպերով, մաքրվել են բոլոր ապօրինի լարանցումները, փողոցային արտաքին լուսավորության ուղղությամբ քաղաքապետարանի ծախսերը նվազեցվել են մոտ 22 մլն դրամով։ իրականացվել են նաև քաղաքային երթևեկության բարելավմանն ուղված մի շարք փոփոխություններ. թվով 12 խաչմերուկներում գործող լուսաֆորները փոխարինվել են նոր, ժամանակակից թվային լուսաֆորներով, որոնց համար համայնքային բյուջեից միջոցներ չեն ծախսվել, տեղադրվել են փողոցային երթևեկության 160 նոր նշաններ, կատարվել է փողոցների գծանշում` մոտ 45 կմ երկարությամբ։

-Պարոն Բալասանյան, ինչպիսի՞ն է քաղաքապետարան-քաղաքացիներ փոխադարձ կապը։ Ի՞նչ խնդիրներով են դիմում բնակիչները Ձեզ։

-15-20 օրը մեկ քաղաքապետարանում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելության օր, որը տևում է 5-6 ժամ, բավականին բարդ աշխատանք է, քանի որ Գյումրին այնքան բազմաշերտ խնդիրներ ունի, որ բնակիչների հոսքն այդ օրը շատ մեծ է լինում, իսկ մենք աշխատում ենք անպատասխան չթողնել ոչ ոքի։ Հունվարի մեկից գործելու է “Մեկ պատուհան” ծառայությունը, որը էապես կհեշտացնի և առավել համակարգված ու անաչառ կդարձնի կապը բնակիչների հետ և նրանց խնդիրներին արձագանքելը։ Մինչև 2013-ի հուլիսի 1-ը մուտքագրվել է 4513 դիմում, օգնություն ստանալու խնդրանքով ստացել ենք 1196 դիմում, որոնցից 960-ին ցուցաբերվել է համապատասխան աջակցությունը։ 1040 դպրոցահասակ երեխայի բաժանվել են գրենական պիտույքներ, կազմակերպվել է 30 երեխայի համար ամառային հանգստի ճամբար, դրամական օգնություն է ցուցաբերվել 140 սոցիալապես անապահով, 433 զոհված ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամներ ունեցող ընտանիքների։ Քաղաքին առնչվող տարբեր հարցերի շուրջ կազմակերպվում են հանրային քննարկումներ։

-Առաջիկա զարգացման ինչպիսի՞ ծրագրեր ունեք։

-Առաջիկայում էլ նույն տեմպերով շարունակելու ենք սկսած բոլոր ծրագրերը։ Մեր նպատակն է շատ մոտ ապագայում Գյումրիում ստեղծել մի միջավայր, որը հետաքրքիր ու գրավիչ կլինի տնտեսական գործունեություն ծավալելու և ներդրումներ կատարելու տեսանկյունից, մենք ձգտում ենք Գյումրին դարձնել զբոսաշրջության համար գրավիչ քաղաք, զարգացնել պատմական և մշակութային տուրիզմը։ Այս բոլոր ծրագրերի կյանքի կոչումն, անշուշտ ուղղված է մեկ գերագույն նպատակի` առողջացնել քաղաքի կենսամիջավայրը։

-Նախորդ քաղաքապետից Դուք ժառանգեցիք բազմաթիվ չլուծված խնդիրներով Գյումրի։

Ինչպիսի՞ն եք տեսնում Գյումրին Ձեր պաշտոնավարման ավարտին։

-Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի կարողանանք ապահովել հասարակության պահանջների հիմնական մասը։ Մեր քառամյա ծրագիրը կառուցված է հենց այս հենքի վրա, ուստի եթե հասցնեմ, ապա իմ պաշտոնավարման տարիները կհամարեմ հաջողված։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց