18:21
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կորյուն Նահապետյան

2013-12-06 12:29

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

Շախմատից ֆուտբոլ, ֆուտբոլից իրավագիտություն, իրավագիտությունից քաղաքականություն և մանկավարժական գործունեություն. այս ամենի մասին, և ոչ միայն ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր,  ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանությանազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ։

Կորյուն Նահապետյանը ծնվել է 1971թ. հուլիսի 23-ին Երևանում։

1994թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։ 

Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման ծրագրերի և  դասընթացների՝ ՙՄիջազգային առևտուր և ներդրումներ՚ (1996թ., Հունաստանի ազգային էկոնոմիկայի նախարարություն, Պիրեյ, Հունաստան), ՙԴատախազների ուսուցում՚ (1999թ., Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնություն, Ֆրանկլին Պիրս իրավաբանական կենտրոն, Կոնկորդ, ԱՄՆ), ՙՄարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ՚ (2000թ., Ուկրաինայի իրավական հիմնադրամ, Կիև, Ուկրաինա), ՙՆերքին վերահսկողություն՚ (2001թ., ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Հետաքննությունների դաշնային բյուրո, Բուդապեշտ, Հունգարիա), ՙՂեկավարումը բարգավաճ Հայաստանի իրավական բարեփոխումներում՚ (2003թ., Կոնֆլիկտների կառավարման խումբ, Քեմբրիջ, ԱՄՆ) և այլն։

1994-1998թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետև` առաջատար մասնագետ։ 1999-2006թթ. աշխատել է  ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող, ապա` ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, այնուհետև` իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի պետ։ 2006-2008թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։

2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս է, իսկ 2011-2012թթ` Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս։

2009թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից։

4-րդ գումարման Ազգային ժողովում եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել դարձյալ թիվ 8 ընտրատարածքից։

ԱԺ պաշտպանության,  ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

21.01.2013 - 17.09.2013 թթ.՝ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, համահեղինակ` ուսումնական ձեռնարկի։

Պարգևատրվել է  ՙՎազգեն Սարգսյան՚ մեդալով, ՀՀ փաստաբանների միության պատվոգրով։

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

ՙԴե Ֆակտո՚ ամսագիրն այս տարի Կորյուն Նահապետյանին ճանաչեց 2013-ի լավագույն պատգամավոր` հաշվի առնելով վերջինիս ակտիվ գործունեությունը Ազգային ժողովումինչպես խմբակցության, այնպես էլ խորհրդարանական հանձնաժողովի ու տարբեր պատվիրակությունների կազմում։

-Պարո՛ն Նահապետյան, օրենսդրական գործունեության բավականին հարուստ փորձ ունեք, երկրորդ անգամ դարձաք ԱԺ պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով թիվ 8 ընտրատարածքից ստանալով ընտրողների  վստահության քվեն։ Ձեր գնահատմամբ, որքանո՞վ է արդյունավետ գործում 5-րդ գումարման ԱԺ։

- Իմ կարծիքով նախորդ գումարման խորհրդարանի համեմատ նկատելի է էական առաջընթաց, խոսքը վերաբերում է հատկապես քննարկումների որակին։ ԱԺ պատգամավորական կազմի առումով նույնպես նկատելի են դրական փոփոխություններ. քաղաքական դերակատարների, օրենսդրական աշխատանքի փորձ ունեցող անձանց թիվն ավելացել է, ինչն ուղղակիորեն ազդել է ինչպես քննարկումների ընթացքի և բովանդակության, այնպես էլ ընդունվող օրենքների որակի վրա։ Ընդհանուր առմամբ պատգամավորները դարձել են ավելի ակտիվ, այժմ էլ նրանց արդյունավետ գործունեության ապահովմանն ուղղված նոր քայլեր են ձեռնարկվում։

ԱԺ ներկա քաղաքական դասավորության պայմաններում քաղաքական մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունն ունի բավարար հնարավորություններ և ռեսուրսներ իր ծրագրերից բխող օրենքներ ընդունելու հարցում։  Բնական է, որ  իշխանությունը խորհրդարանում իրականացնում և իրականացնելու է իր նախընտրական ծրագրերը և դրանց հիման վրա ձևավորված քաղաքական առաջնահերթությունները։

Այս ամենով հանդերձ մենք գործում ենք բոլոր խմբակցությունների հետ հնարավորինս լայն երկխոսության և համագործակցության միջոցով համաձայնությունների հասնելու սկզբունքով։

Թեև ընդդիմադիր խմբակցությունները փոքրաքանակ են, սակայն նրանք խորհրդարանում լիարժեք հնարավորություն ունեն գործելու կառուցողական։

-Վերջին քաղաքական զարգացումների համատեքստում պարզ դարձավ, որ հասարակության որոշակի հատված դժգոհ է իշխանությունների գործունեությունից, միևնույն ժամանակ չուրվագծվեց այն ընդդիմադիր լիդերը, ուժը, որը լիովին ներկայացներ այս շերտի շահերն ու պահանջները։ Առկա ընդդիմադիր ուժերն էլ բավականին անջատ ու պառակտված են գործում։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

-Ես ցավով եմ ընդունում այն փաստը, որ այսօր ընդդիմությունը, մասնավորապես, խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը լիովին չեն կատարում իրենց վերապահված առաքելությունը` պատշաճ ներկայացնելու հասարակության այն շերտերի շահերը, ովքեր իրենց ձայն են տվել։ Ընդդիմադիր խմբակցություններում այսօր խայտաբղետ իրավիճակ է տիրում։  Առանձին ընդդիմադիր խմբակցություններում նկատելի է պառակտում, հաճախ նրանք խոսում և գործում են ոչ համախմբված։ Ըստ իս այս իրավիճակը մասամբ պայմանավորված է ընդդիմության առանձին գործիչների կողմից ցուցաբերված եսակենտրոն մոտեցմամբ և իրենց դիրքն ու կարողությունները գերագնահատելու հանգամանքով։  Հենց սա էլ այն պատճառներից մեկն է, որը թույլ չի տալիս միավորվել ընդդիմությանը հանուն գաղափարների և իր շարքերից ի հայտ բերելու առաջնորդ, ով ունակ կլինի ղեկավարել միասնական ընդդիմությունը։

ԱԺ նիստերում ընդդիմադիր առանձին գործիչների բեմադրած անհաջող ներկայացումները, պաթոսով արված անհիմն հայտարարությունները, քննարկվող հարցերի հետ առնչություն չունեցող ելույթները ցույց են տալիս, որ ընդդիմության որոշ հատվածներում բացակայում է խորհրդարանական արդյունավետ գործունեության ճիշտ ընկալումը։ Խորհրդարանում ընդդիմության պառակտված լինելը չի կարող նպաստել քաղաքական մեծամասնության զգոնության բարձրացմանը։

Ես շատ կուզենայի, որ մենք ունենանք լիակատար “առողջ”, գործուն և պատասխանատու ընդդիմություն։ Դա ժողովրդավարական քաղաքական համակարգի անհրաժեշտ բաղադրիչ է։

-Քաղաքական աշունը թեժ էր թե՛ ներքաղաքական, թե՛ տարածաշրջանային և միջազգային զարգացումների տեսանկյունից։ Կխնդրեի Ձեր անդրադարձը այդ իրադարձություններին, սկսենք ներքաղաքականից` բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի վերանայում և բարձրացում։ Ձեր կարծիքով, որքանո՞վ են արդարացված, արդյունավետ և առաջնային այս որոշումները մեր պետության համար։

- Մինչ օրս ցավոք շարունակվում է այն թյուրըմբռնումը, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով նախատեսվող բարձրացումները վերաբերում են միայն պատգամավորներին և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց։ Մենք ունենք բազում գերակայություններ ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ այլ ոլորտներում, և հանրային ծառայողների աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորումը ռազմավարական խնդիր է, որի լուծման ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվել։ Հիշատակված այդ օրենքով, 2014 թվականի հուլիսի 1-ից  238 հազար հանրային ծառայողի աշխատավարձ է բարձրանալու։ Օրենքի կիրառումը կնպաստի հանրային ծառայողների սոցիալական պաշտպանության բարելավմանը և դրական ազդեցություն կունենա հանրային ծառայության արդյունավետության բարձրացման հարցում։ Ինչ վերաբերում է  բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ապա նրանք փոքր մասն են այն  խմբի, որոնց վրա տարածվելու է այս օրենքը։

-Ոչ առաջին անգամ ԱԺ-ում տապալվեց ԼՂՀ ճանաչման մասին օրենքի քննարկումը։ Որպես իրավաբան, Դուք ի՞նչպես եք բացատրում Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ դե յուրե ճանաչելու խնդիրը։ Նաև օրերս կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, խնդրեմ, անդրադարձեք։

-Թե որպես քաղաքական գործիչ և թե որպես իրավաբան կցանկանայի նշել, որ ԼՂՀ փաստացի ճանաչումը վաղուց արդեն անհերքելի իրողություն է։ Ինչ վերաբերում ՙդե յուրե՚  ճանաչմանը, ապա այս փուլում, երբ շարունակվում են ԼՂՀ հակամարտության շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, նման քայլը կունենա դեստրուկտիվ ազդեցություն բանակցությունների ողջ գործընթացի վրա։  Չմոռանանք, որ մենք հաղթանակած երկիր ենք և չպետք է կատարենք անխոհեմ քայլեր, որոնք կարող են վնասել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը։ 

Միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա իրացնելով ազգերի ինքնորոշման իր իրավունքը ԼՂՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով հռչակել է ԼՂՀ անկախությունը և անկախ ԼՂՀ-ն  երբեք չի կարող կազմել Ադրբեջանի մաս։

ԼՂՀ միջազգային-իրավական ճանաչումը անխուսափելի է, և մեր բոլոր ջանքերը, քայլերն ու գործողությունները, այդ թվում՝ դիվանագիտական հարթակում, ինչու ոչ նաև խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում դրան են ուղղված, պարզապես պետք է ճիշտ կշռենք հնարավորությունները  և դրանք արդյունավետ գործադրենք։

Այդ ճանապարհին մենք բոլորս՝ իշխանություն, թե ընդդիմություն պետք է լինենք շրջահայաց և հեռատես, ցուցաբերենք համախմբվածություն համազգային այս հարցի շուրջ։

Անդրադառնալով Սարգսյան-Ալիև վերջին հանդիպմանը, կուզենայի ողջունել նախագահների մակարդակով վերսկսված երկխոսությունը, ինչը կարող է նոր թափ հաղորդել բանակցությունների ընթացքին։ Հուսով եմ՝ բանակցությունների նոր փուլը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը։

-Պարո՛ն Նահապետյան, չորս տարի դեպի Եվրամիություն ձգտող և ակտիվ Արևելյան գործընկերություն վարող Հայաստանի Հանրապետությունը Վիլնյուսյան գագաթնաժողովից 2 ամիս առաջ` սեպտեմբերի 3-ին, հայտարարեց Մաքսային միության կազմի մեջ մտնելու ցանկության և պատրաստակամության մասին։ Սա անակնկալ էր առաջին հերթին ժողովրդի համար։ Ինչո՞վ էին այս քայլերը պայմանավորված, ինչու՞ ՄՄ և ոչ ԵՄ։

-Գիտեք, այս խնդիրն այսօր թեժ քննարկվում է հասարակական-քաղաքական բազմազան շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանն ունի իր հստակ դիրքորոշումները, որոնք բխում են երկարատև հեռանկարում մեր ժողովրդի և պետության գերակա շահերից։  Այդ շահերի համատեքստում կարևորվում են մեր համազգային խնդիրները և դրանց մասը կազմող պետության անվտանգության ամրապնդման գերակայությունը։  Ինտեգրացիոն գործընթացներում մենք գնահատում և արժևորում ենք անվտանգության բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ ռազմական, տնտեսական, էներգետիկ և այլն։

Կարծում եմ՝ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարությունը բխում է մեր ազգային անվտանգության շահերից։ Ընդ որում, պետք է նշեմ, որ մինչ այդ հայտարարությունը ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ կատարվել են համապատասխան քաղաքական քայլեր, որոնք տեսանելի են եղել մեր բոլոր միջազգային գործընկերներին։  Հենց այդ պատճառով էլ վերոնշյալ հայտարարությունը չի կարող համարվել անակնկալ։

Անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը բնավ չի հրաժարվում եվրոպական արժեքներից, քանի որ այդ արժեքների լիիրավ կրողն է։ Եվրոպական մերձեցման քաղաքականությունը և Եվրոպական միության հետ երկխոսությունը լինելու է շարունակական բոլոր մակարդակներում և բոլոր ձևաչափերով, քանզի դա առավելապես նպաստելու է երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ու իրավական պետության կայացմանը։  Եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվել և իրականացվում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ուղղված են գլխավորապես ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության և դատական իշխանության անկախության երաշխիքների ամրապնդմանը։

Միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում Հայաստանը միշտ հանդես է եկել և շարունակում է հանդես գալ որպես վստահելի գործընկեր։   Եվ մեր գործընկերներին մենք ասում ենք՝ անդամակցելով ՄՄ-ին Հայաստանը շարունակելու է զարգացնել  հարաբերությունները ԵՄ-ի հետ։ 

Ցավոք, պետք է փաստեմ, որ իմ պատկերացմամբ ԵՄ-ի կողմից բավարար և համարժեք չեն Հայաստանին վերաբերող առանձին խնդիրների շուրջ ձեռնարկած քայլերը։

-Իսկ մտահոգություններ չունե՞ք մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելու կապակցությամբ։

-Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի կարևորագույն ռազմավարական դաշնակիցը, և ՌԴ-ի հետ մեր երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում եմ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում։ Այս պահին Ազգային ժողովում շրջանառվում է մի նոր պայմանագրի նախագիծ՝ ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ծրագրի վերաբերյալ։ Իհարկե մտահոգիչ է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հարձակվողական նշանակության զենք վաճառելու փաստը։ Այդ խնդրին մենք անդրադարձել ենք խորհրդարանական ձևաչափերով տարբեր քննարկումների ժամանակ, մասնավորապես, վերջերս Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի արտագնա նիստում,  ինչպես նաև ՌԴ և ՀՀ խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում։ ՌԴ ներկայացուցիչները պնդում են, որ սա առևտրային գործարք է և որևէ կերպ ուղղված չէ իրենց դաշնակից Հայաստանի դեմ։

Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ գրավականը ՀՀ զինված ուժերն են։ Անվտանգության կարևոր երաշխիք է նաև Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

-Պարո՛ն Նահապետյան, ի՞նչ եք կարծում, հասարակությունը, որքանո՞վ իրազեկված և ներգրավված պետք է լինի իր երկրի համար կարևոր և ճակատագրական որոշումների ընդունման գործընթացում։

- Հասարակությունն իր ներկայացուցիչների միջոցով տարբեր ձևերով արդեն իսկ ներգրավված է հասարակական-քաղաքական գործընթացներին։  Ցանկացած հարցով հրապարակային քննարկումները, բանավեճերը, հրապարակումները և տեղեկատվության ստացման այլ միջոցները հնարավորություն են ընձեռում հասարակությանը լինելու իրազեկված։

Որոշումների կայացմանն անմիջականորեն մասնակցելու առումով Սահմանադրությամբ և օրենքերով նախատեսված են համապատասխան կառուցակարգեր։

Այդուհանդերձ, նկատեմ, որ կան քաղաքական և բանակցային գործընթացներ, որոնք չեն կարող լինել հրապարակային։ 

-Իսկ ի՞նչ կասեք երկրի ներսում ծավալվող ներքաղաքական զարգացումների մասին։

-Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեզ համար չափազանց կարևոր է քաղաքական համերաշխություն ապահովելը։ Համերաշխությունն ամենևին չի նշանակում, որ չպետք է լինեն տարբեր կարծիքներ և դիրքորոշումներ, այս կամ այն խնդրի շուրջ մարտավարական տարբեր մոտեցումներ, բայց քննարկումների ընթացքում մենք պետք է կարողանանք պահպանել հարգալից վերաբերմունք ընդդիմախոսների նկատմամբ։ Ցավով պետք է նկատեմ, որ առանձին դեպքերում սա բացակայում է։ Նկատելի է որոշակի միտում, որ դառնում ենք ավելի անհանդուրժող։ Մենք պետք է կարողանանք լսել իրար, խոսքս վերաբերում է հատկապես քաղաքական գործիչներին։ Քաղաքական մշակույթի տեսանկյունից մեծ անելիքներ ունենք։ Կարևորում եմ մեր երկրում քաղաքական բարեփոխումների իրականացումը, որը կնպաստի քաղաքական համակարգի կատարելագործմանը և քաղաքական մշակույթի զարգացմանը։

-Դուք նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարն եք։ Կխնդրեի ներկայացնել Ձեր գործունեությունը պատվիրակության շրջանակներում և անդրադառնալ տարվա ընթացքում արձանագրած  ձեռքբերումներին և հաջողություններին։

- Դուք իրավացի եք,  2012 թվականի հունիսից ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն եմ։ Միջխորհրդարանական այս կազմակերպությունը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանականների ֆորում է, որտեղ քննարկվում են անվտանգության ոլորտին առնչվող հիմնահարցեր։

Հայաստանի խորհրդարանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամի կարգավիճակ է ստացել 2002թ. նոյեմբերին։ Վեհաժողովը տարին երկու անգամ գումարում է լիագումար նստաշրջաններ։ Այն ունի հինգ հանձնաժողովներ՝ քաղաքական, պաշտպանության և անվտանգության, անվտանգության քաղաքացիական ծավալման, տնտեսության և անվտանգության, գիտության և տեխնոլոգիայի։ ՆԱՏՕ-ի ԽՎ շրջանակներում անցկացվող Ռոզ-Ռոութ սեմինարները, որոնց ընթացքում քննարկվում են տարածաշրջանային անվտանգության, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության և այլ հարցեր, նույնպես կարևոր նշանակություն ունեն։

Նշեմ, որ ասոցացված պատվիրակությունները մասնակցում են  հանձնաժողովների նիստերին և ԽՎ լիագումար նստաշրջաններին, սակայն քվեարկելու իրավունք չունեն։

Մենք համակարգված գործունեություն ենք ծավալում խորհրդարանական այս հարթակում, ակտիվորեն մասնակցելով  հանձնաժողովների նիստերի և նստաշրջանների օրակարգերում ներառված զեկույցների և բանաձևերի նախագծերի քննարկմանը։ Վերջին նստաշրջանում քննարկվող հարցերից կառանձնացնեի Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակի, 2014 թվականից հետո Աֆղանստանում հետագա զարգացումների, Իրանի հետ կապված նոր հեռանկարների հարցերը։

Մեզ հաջողվել է լավ գործընկերային հարաբերություններ հաստատել ՆԱՏՕ-ի ԽՎ ղեկավարների, հանձնաժողովների, միջազգային քարտուղարության, տարբեր երկրների խորհրդարանականների հետ։ Հաջորդ տարի նախատեսվում է ՆԱՏՕ-ի ԽՎ քաղաքական հանձնաժողովի այցը Հայաստան, իսկ 2015 թվականի համար քննարկվում է Երևանում Ռոզ-Ռոութ սեմինար կազմակերպելու հնարավորության հարցը։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կարևորում է նաև ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների խորացումը։  Մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի զինված ուժերի մասնակցությունը։

-ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն եք։ Դժվա՞ր չէ արդյոք ղեկավարել և համակարգել այսքան լայն ընդգրկում ունեցող հանձնաժողովի աշխատանքները։

-   Իսկապես հանձնաժողովի գործունեության ոլորտները շատ ընդգրկուն են։ Դրանք ներառում են պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների ոլորտները։ Եվ այսպիսի պատասխանատու ոլորտներում խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարումը չափազանց պարտավորեցնող է։ Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին և նրա առաջնորդից նման պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար։  Հանձնաժողովի կազմում ընդգրկված են փորձառու և մեծ կենսափորձ ունեցող քաղաքական գործիչներ, ովքեր իրենց ավանդն են բերում հանձնաժողովի բարեհաջող գործունեությանը։   Իհարկե կան նաև դժվարություններ աշխատանքների համակարգման ընթացքում, բայց գործընկերային լավ հարաբերությունների, նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ կարողանում ենք ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը։ 

Մեկուկես տարվա ընթացքում հանձնաժողովն ունեցել է մեծ հաջողություններ և ձեռքբերումներ։ Այս ժամանակահատվածում հանձնաժողովի նիստերում կազմակերպվել են օրենքների նախագծերի և այլ հարցերի բազմաբովանդակ քննարկումներ, անցկացվել են վեց խորհրդարանական լսումներ՝ “Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում”, Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում, Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն, Աղետների ռիսկերի նվազեցման, աղետների վաղ ազդարարման և դիմակայման համակարգի ստեղծումը և զարգացումը  և այլ թեմաներով։

Հանձնաժողովն իրականացրել է աշխատանքային այցեր զորամասեր, սահմանային հենակետեր, ոստիկանության կրթահամալիր, ոստիկանական և փրկարար ծառայության ստորաբաժանումներ։  Զինվորների, ոստիկանների, փրկարարների հետ հանդիպումներն ու շփումները հնարավորություն են տվել առավել հանգամանալի ծանոթանալու նրանց խնդիրներին և կողմնորոշվելու դրանց լուծում տալու հարցում։

Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով արդյունավետ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հետ։

Միջազգային համագործակցության շրջանակներում հանձնաժողովը սերտ հարաբերություններ է հաստատել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ։  Մասնավորապես, տեսանելի են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ համագործակցության արդյունքները։  Նրանց հետ համատեղ կազմակերպվել են միջազգային սեմինարներ և կլոր սեղաններ։  Առաջիկայում էլ նախատեսում ենք իրականացնել նոր միջոցառումներ զինված ուժերում մարդու իրավունքների թեմայով։

Հանձնաժողովի գործունեության համար կարևոր ուղղություն է նաև հասարակական կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։

Պետք է փաստեմ, որ կատարված աշխատանքի,  այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության գործիքների լայն կիրառման շնորհիվ մեծացել է հանձնաժողովի դերակատարումը վերոնշյալ ոլորտներում իրականացվող քաղաքականության մեջ։

-Դուք մեծամասնական ընտրակարգով եք ընտրվել ԱԺ պատգամավոր։ Փորձը ցույց է տալիս, որ ընտրվելուց հետո հետադարձ կապի մեխանիզմը ընտրողների հետ հիմնականում չի գործում։ Ձեր պարագայում ինչպե՞ս է։

-     Ճիշտ եք, ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով թիվ 8 ընտրատարածքից։  Բնականաբար ունեմ ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններ, որոնց մի մասը դեռևս իրականացման փուլում է։ Ես հետևողականորեն իրականացնում եմ նախընտրական շրջանում տրված խոստումները։ Պարբերաբար թաղային հանդիպումներ եմ ունենում ընտրատարածքի բնակիչների հետ, հաճախակի մասնակցում համայնքում կազմակերպվող կրթական, մարզական, մշակութային միջոցառումներին, արձագանքում քաղաքացիների դիմումներին և պահանջներին։  Հաշվետու լինելու և պատասխանատվության գիտակցումը խորն է։  Մոտ ժամանակներս ընտրողների հետ կապի առավել ամրապնդման նոր կազմակերպական լուծումներ կտրվեն։

-Ներքաղաքական և արտաքին քաղաքական ասպարեզներում ակտիվ գործունեության հետ համատեղ նաև զբաղվում եք մանկավարժական գործունեությամբ։ Կխնդրեի նաև այս մասին խոսել, ինչպե՞ս եք համատեղում։

 - Մանկավարժական գործունեությունն ինձ շատ հոգեհարազատ է, այդ գործունեությունն իրականացնում եմ մեծագույն հաճույքով։ Իրավագիտության բնագավառում ուսանողներին գիտելիքներ հաղորդելու փորձառություն ունեմ։ 2003 թվականից դասավանդում եմ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնում, իսկ 2011-2012 թվականներին դասավանդել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոնում։  Իհարկե դժվար է աշխատանքային օրերին Ազգային ժողովում ունեցած հիմնական աշխատանքը համատեղել մանկավարժական գործունեության հետ, և դա էր պատճառը, որ ժամանակավորապես ստիպված եղա դադարեցնել գործունեությունս Ֆրանսիական համալսարանում։ Իսկ Սլավոնական համալսարանում դասավանդում եմ մագիստրատուրայում և միայն շաբաթ օրերը։ Ուսանողների հետ շփումը, նրանց ուսուցանելը  ինձ դրական լիցքեր են հաղորդում, մեծ բավականություն եմ ստանում այդ շփումներից։ Կապն ուսանողներիս հետ շատ ամուր է, ուսումնառության ավարտից հետո էլ նրանց հետ կապը պահպանվում է։

-Պարո’ն Նահապետյան, այսքան բազմաբովանդակ գործունեության ու ծանրաբեռնվածության մեջ ժամանակ մնո՞ւմ է արդյոք ընտանիքի համար։ Ինչպե՞ս եք համատեղում։

- Չնայած իմ հագեցած աշխատանքին փորձում եմ ընտանիքիս բավարար ժամանակ հատկացնել։  Ընտանիքս՝ մայրս, կինս և երեխաներս ըմբռնումով են մոտենում իմ ծանրաբեռնված օրակարգին, սատարում և աջակցում են ինձ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ շատ լավ ընտանիք։  Ես անում եմ ամեն հնարավորը երեխաներիս պատշաճ դաստիարակություն և բարձրորակ կրթություն տալու համար։  Մեր ընտանիքում տիրում է սերը, համերաշխությունը, փոխադարձ հարգանքը. սա ինձ համար անգնահատելի արժեք է, և այս ներդաշնակությունն ինձ պարգևում է երջանկություն։

-Եթե Ձեր երեխաները որոշեն գնալ Ձեր ուղով կամ ոչԻնչպե՞ս կազդեք նրանց ընտրության վրա։

-Որևէ բան չեմ պարտադրելու երեխաներիս մասնագիտական ընտրության հարցում։  Միայն կտամ իմ ծնողական խորհուրդը։ Վստահ եմ՝ այս հարցում գենը կամ ծնողի օրինակը շատ կարևոր է. հայրս ևս եղել է իրավաբան, երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում։ Ես մշտապես հիանում էի նրանով։ Երբ մարդիկ գալիս էին նրանից որևէ մասնագիտական խորհուրդ հարցնելու, ես նստում էի սենյակի անկյունում ու լսում հորս, երբեմն նրա հետ գնում էի դատարան, դահլիճի մի անկյունում նստում ու մեծ հետաքրքրությամբ հետևում դատական նիստերին։ Դեռևս 5-րդ դասարանում արդեն նպատակ ունեի դառնալ իրավաբան։ Նույնը տեսնում եմ նաև որդուս մոտ, նա մեծ ոգևորությամբ հետևում է իմ մասնագիտական և աշխատանքային գործունեությանը, նախընտրական շրջանում ինձ հետ երբեմն մասնակցում էր բակային հանդիպումներին։ Այնպես որ չեմ զարմանա, եթե նա որոշի գնալ իմ ճանապարհով։ Դուստրս ներկայումս կարևորում է հումանիտար ուղղությունը, յուրացնում է օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և, կարծում եմ, իր համար սիրելի մասնագիտություն կընտրի։

-Գլխավոր խորհուրդը մարդկային և մասնագիտական տեսանկյունից, որ տալիս եք Ձեր ուսանողներին

- Իմ գիտակցական կյանքի առաջին իսկ օրվանից մարդկային գլխավոր արժեքներն են եղել և մնում՝ ազնվությունն ու բարեկրթությունը, պարկեշտությունն ու հետևողականությունը։ Ես այս կերպ եմ դաստիարակում իմ զավակներին, այս խորհուրդն եմ տալիս նաև իմ ուսանողներին։ Իսկ մասնագիտական տեսանկյունից նրանց կոչ են անում արժևորել գիտելիքը, լինել աշխատասեր և նպատակասլաց։

-Պարո’ն Նահապետյան, ես գիտեմ, որ այսչափ զբաղվածության հետ Դուք հասցնում եք բարձր արդյունքներ գրանցել շախմատի տանը, ազատ ժամանակ շախմատ եք խաղում այնտեղի շախմատիստների հետ։ Որտեղի՞ց եք Ձեր մեջ այդքան ուժ ու ժամանակ գտնում։

-/Ժպտում է/։ Ես ընդհանրապես ինձ համարում եմ սպորտային մարդ։ Այո, խաղում եմ շախմատ և ոչ միայն շախմատ, նաև ֆուտբոլ։ Յոթ տարեկանից հաճախել եմ շախմատի դպրոց, այսօր էլ շարունակում եմ մասնակցել վարկանիշային մրցաշարերի, խաղում եմ տարբեր տարիքի շախմատիստների հետ։ Երբ ունենում եմ ազատ ժամանակ, անմիջապես շտապում եմ շախմատի տուն, հնարավորության դեպքում մասնակցում խաղերին։ Ես 10 տարեկանում տարվեցի նաև ֆուտբոլով, բայց շարունակում էի սիրել շախմատը։ Երբ մի քանի տարի առաջ տղաս ընդունվեց շախմատի դպրոց, մտածեցի` իսկ ինչու չսկսել նորից … Տղաս առաջին կարգի շախմատիստ է, միասին մասնակցում ենք վարկանիշային մրցաշարերի։ Մի քանի անգամ եղան դեպքեր, երբ վիճակահանության արդյունքում հայտնվեցինք նույն խմբում, տղաս անկեղծ տագնապով հարցրեց. ՙԻսկ եթե վերջում իրար դեմ դուրս գանք, ի՞նչ ենք անելու՚։ Ես հանգստացրի նրան ու ասացի, որ արդար մրցելու ենք, թող հաղթի ուժեղագույնը։ Իհարկե կհանձնվեի` ինչ դիրքում էլ լինեի, բայց առայժմ այդ ՙճակատագրական հանդիպումը չի կայացել /Ժպտում է/։

-Ի՞նչն է Ձեզ երջանկացնում. պաշտոնի բարձրացում, անձնական նվաճումներ

-Ես երջանիկ եմ իմ ընտանիքով, ազգականներիս միասնությամբ, անկախ պետությանս նվաճումներով, ընկերներիս հաջողությամբ, իմ կատարած և գնահատվող աշխատանքով։

Այս ամենի ներդաշնակությունն ինձ ուժ ու եռանդ է տալիս նոր գաղափարներ և մտահղացումներ կյանքի կոչելու համար։  Իսկ պաշտոնն ինձ համար ժողովրդին ծառայելու, պարտականություններ ու պատասխանատվություն ստանձնելու միջոց է ... Իհարկե, անձնական նվաճումները ոգեշնչում են և մղում ավելի մեծ ձգտումների և պարտավորեցնում ավելի լավ իրագործելու նպատակներս։

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը Ձեր ընտրողներին և մեր ընթերցողներին։

- Բոլոր ընտրողներիս ցանկանում եմ վստահեցնել, որ ես իրենց կողքին եմ, հասանելի եմ իրենց, բարեխղճորեն կատարում եմ պարտականություններս։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար։ Ես միշտ իմ խոսքի տերն եմ...

Շնորհակալ եմ “Դե Ֆակտո” ամսագրին՝ կարծիքս արտահայտելու և  կատարած աշխատանքով ընթերցողների հետ կիսվելու հնարավորություն ընձեռելու համար։

Դեռ վաղ է խոսել այդ մասին, բայց, օգտվելով առիթից կուզենայի նախապես շնորհավորել բոլորի գալիք Ամանորը, մաղթել, որ 2014 թվականը լինի ավելի լավը։ Թող նոր տարին բոլոր ընտանիքներին բերի խաղաղություն, բարեկեցություն և հաջողություն։ Աստված պահապան բոլորիս։

Հարցազրույցը՝ Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...