11:34
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սոնա Խաչատրյան

2014-05-14 11:21

                                     «Դե Ֆակտո» N 95 (2014թ.)

Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից։ Վոլտերի այս խոսքերը ուղղակիորեն բնութագրում են Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի  մանկաբարձության և հղիության բարձր ռիսկի բաժանմունքի վարիչ Սոնա Խաչատրյանին։ Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրվածությունը ուժ ու եռանդ են հաղորդում  բժշկուհուն, ով  յուրաքանչյուր նոր ծնունդ ընդունելիս նոր զգացողություն է ապրում ու զարմանում այդ հրաշքով։

Կյանքում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով։ Մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար էլ վայելում է հիվանդների վստահությունը։

 Սոնա Խաչատրյանը ծնվել է Երևանում, գերազանցությամբ ավարտել նախ մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դպրոցը, այնուհետև Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Մանկաբարձ գինեկոլոգի մասնագիտությամբ սկսել է աշխատել 1992 թվականից Էրեբունի բժշկական կենտրոնում։ 2002-2006 թվականներին ղեկավարել է Էրեբունու ծննդատունը, իսկ 2006-ից առ այսօր ղեկավարում է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի մանկաբարձության և հղիության բարձր ռիսկի բաժանմունքը։

2001 թվականից բժշկական գիտությունների թեկնածու է։

Սոնա Խաչատրյանն արժանացել է  “Հայուհի 2014” մրցանակաբաշխությանը և  “Լավագույն կին  մանկաբարձ գինեկոլոգ” մրցանակին։

Ներկայացնում ենքԴե ֆակտոամսագրի հարցազրույցը Սոնա Խաչատրյանի հետ։

-Տիկին Խաչատրյան, վերջին տարիներին ավելի շատ իգակա՞ն, թե՞ արական սեռի երեխաների ծնունդներ եք ընդունում։

-Տարեկան  կտրվածքով Հանրապետական ծննդատանը լույս աշխարհ է գալիս շուրջ 3000-3500 նորածին։

Վերջին տարիներին տղաների թիվը փոքր-ինչ ավելացել է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ կանայք իմանալով սպասվող երեխայի սեռը, և հատկապես, եթե նորածինը ընտանիքում սպասվող երրորդ կամ չորրորդ աղջիկն է, դիմում են հղիության արհեստական ընդհատման։ Այս առումով ես բացասական եմ տեսնում էխոգրաֆիայով զբաղվող բժիշկների դերը, որոնք այդ մեթոդը օգտագործում են ոչ թե պտղի անտենատալ դիագնոստիկայի համար, այլ նպասում են սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման։ 

Մենք երեք քույր ենք, ինչի համար ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որոնց համար բարձրագույն արժեքը մարդն է։ Գուցե և սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ես հատուկ վերաբերմունք ու սեր ունեմ այն կանանց նկատմամբ, որոնք երրորդ աղջիկն են լույս աշխարհ բերում։

-Այսօր շատ ամուսիններ տարբեր մեթոդներ են կիրառում իրենց նախընտրած սեռի երեխան ունենալու համար՝ սկսած սննդակարգի փոփոխությունից՝ վերջացրած հաշվարկներով։ Որքանո՞վ է արդյունավետ այդ մեթոդների կիրառումը։

-Կարող եմ վստահեցնել, որ այդպիսի հաշվարկներ գոյություն չունեն։  Մարդկությունը միշտ էլ տարբեր միջոցներ է փնտրել և կիրառել սեռի նախնական ախտորոշման համար, սակայն դրանցից և ոչ մեկն էլ արդյունավետ չեն ։ Բնականաբար, եղել են պարզապես համընկնումներ։ Երեխայի սեռը հստակ կարելի է որոշել միայն խորիոնի բիոպսիայով կամ արտամարմնային բեղմնավորման ժամանակ։ Վերջինս հազվադեպ է արվում միայն սեռն իմանալու նպատակով, քանի որ արհեստական բեղմնավորումը թանկ գործողություն է, իսկ սեռն իմանալը ավելի է բարձրացնում գործողության արժեքը։ Ուստի արհեստական բեղմնավորման ժամանակ սեռը հիմնականում նախապես որոշվում է այն դեպքերում, եթե հայտնի է, որ օրինակ, ընտանիքում կա սեռով պայմանավորված ժառանգական հիվանդություն։

-Ըստ վիճակագրության՝ վերջին տարիներին ավելացել են վիժման դեպքերը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Վիժման պատճառների վիճակագրությունը շատ բազմազան է դարձել վերջին տարիներին։ Եթե մոտ 30-40 տարի առաջ դրանք անատոմիական խնդիրներն էին՝ կանացի օրգանների զարգացման արատներ, ինֆեկցիաներ, ամուսնու խնդիրներ, ապա վերջին տարիներին դրանց ավելացել են իմունոլոգիական, գենետիկական պատճառները։

Վիժման իմունոլոգիական պատճառները պայմանավորված են որոշ կանանց մոտ բեղմնավորված պտղաձվի նկատմամբ մեծ քանակությամբ արտադրվող հակամարմիններով։ Եվ եթե կինը բուժում չստանա, ապա նա կկորցնի հղիությունը։

Շատ մեծ թիվ են սկսել կազմել վիժումները պայմանավորված արյան մակարդելիության խախտման գենետիկ խնդիրներով։ Բարեբախտաբար,  այժմ շատ արդյունավետ է աշխատում գենետիկ դիագնոստիկան, որի շնորհիվ արագ կարողանում ենք հայտնաբերել մոդիֆիկացված գեները, որոնք բերում են մակարդելիության ուրիշ պատկերի և դրանով առաջացնում են պտղի  ներարգանդային աճի կանգ կամ մահ, որն ի վերջո ավարտվում է վիժմամբ։ Դրանց ախտորոշումն ու բուժումը այսօր Հայաստանում շատ արդյունավետ իրականացվում է։

-Իսկ ինչպիսի՞ն է չբերության վերաբերյալ վիճակագրությունը։

-Վիճակագրորեն Հայաստանում ավելացել է չբերությունը, սակայն առավել արդյունավետ են դարձել չբերության հաղթահարման մեթոդները։ Պետք է նշել, որ չբերության խնդիրը հավասարապես վերաբերվում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Սովորաբար մենք հետազոտությունը սկսում ենք կնոջից, սակայն երկու կողմին հետազոտելուց հետո է միայն ընտրվում բուժման տարբերակը։

-Կա՞ն արդյոք Հայաստանում ՄԻԱՎ վարակակիր հղիներ, և ինչպիսի՞ն է մոր և պտղի ապագան այս հիվանդության դեպքում։

-Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանում տարեցտարի ավելանում ՄԻԱՎ վարակակրությունը,  հետևաբար ՄԻԱՎ վարակակիր հղիները։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ։ Համատեղ մշակված ծրագրերի իրականացման շնորհիվ բարձրացել է հղիների մոտ ՄԻԱՎ-ի հայտնաբերվածությունը։ Միգրացիոն պրոցեսների ակտիվացման հետևանքով, Հայաստան վերադարձած տղամարդիկ շատ հաճախ, չիմանալով, որ ՄԻԱՎ վարակակիր են, ամուսնանում են և միայն հղիության ժամանակ է բացահայտվում, որ արդեն ՄԻԱՎ վարակակիր է ոչ միայն տղամարդը, այլև հղի կինը։ Այս ցավալի իրավիճակին, ցավոք, հաճախ եմ ականատես լինում։ Սակայն ՁԻԱՀ-ի կենտրոնի հետ համագործակցության արդյունքում, այս հղիները առողջ երեխա են լույս աշխարհ բերում։ Նման իրավիճակներից խուսափելու համար, ցանկալի կլիներ ամուսնությունը գրանցելիս զույգերը  ՄԻԱՎ-ի կարգավիճակի հետազոտություն անցնեին։

-Իսկ ի՞նչ ճակատագրի են արժանանում ՄԻԱՎ վարակակրից ծնված երեխաները։

-ՄԻԱՎ վարակակիր հղին ծննդալուծվում է հիմնականում կեսարյան հատման ճանապարհով, կանխարգելելու համար մորից պտղին վարակի փոխանցումը։ Ծնված նորածինները բազմակի ստուգումներ են անցնում ՄԻԱՎ-ի հայտնաբերման առումով, և միայն մեկուկես տարեկանից հետո է հստակ պարզ դառնում՝ երեխան ՄԻԱՎ վարակակիր է, թե ոչ։

Ծնվելուց անմիջապես հետո երեխաները ստանում են պրոֆիլակտիկ հակառետրովիրուսային սիրոպներ, չեն կերակրվում մայրական կաթով, ինչն էլ ապահովում է նրանց պաշտպանվածությունը վիրուսից։

-Ծննդաբերության կեսարյա՞ն հատման, թե՞ բնական ճանապարհով ծննդաբերելու տարբերակներ են գերակշռում։

- Կեսարյան հատումն առանց բժշկական ցուցումների չի կատարվում։ Վերջին տարիներին ավելացել են կեսարյան հատման հարաբերական ցուցումները և շատ հաճախ կեսարյան հատում է կատարվում պտղի ցուցումով։ Պտղի ներարգանդային վիճակի հետազոտման տեխնոլոգիաների ներդրումը մանկաբարձության մեջ ավելացրեց  կեսարյան հատումների տոկոսը, սակայն դրանք չեն անցնում թույլատրելիության սահմանները։ Բնականաբար հղիության բարձր ռիսկայնության բաժանմունքում կեսարյան հատումների տոկոսը բարձր է, քանի որ այստեղ այն կանայք են, որոնք ունեն լուրջ խնդիրներ։  Կեսարյան հատման տոկոսը որոշակիորեն բարձրացնում է նաև այն հանգամանքը, որ տարեցտարի ավելանում են արհեստական բեղմնավորմամբ հղիացած կանայք։ Ես խորապես համոզված եմ, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մանկաբարձ-գինեկոլոգի համար ինքնանպատակ չպետք է լինի ծննդալուծման այս կամ այն մեթոդը քարոզելը, այլ որ ընտրվի ծննդալուծման այնպիսի տարբերակը, որը կապահովի առողջ մայր և առողջ նորածին սկզբունքի իրագործումը։

-Ի՞նչ ազդեցություն է ունենում կեսարյան հատումը կնոջ առողջության վրա։

-Կեսարյան հատումը վիրահատություն է և հետևաբար կարող են լինել այն բոլոր բարդությունները, որոնք բնորոշ են որովայնային վիրահատություններին։ Մյուս կողմից, եթե կնոջ առաջին ծննդաբերությունը կեսարյան հատմամբ է եղել, ապա մեծամասամբ հաջորդող հղիությունները նույնպես ավարտվում են կեսարյան հատմամբ` գնալով բարդացնելով վիրահատության տեխնիկական կատարումը։

-Արդյո՞ք մինչև հղիությունը հակաբեղմնավորիչների օգտագործումը կարող է հանգեցնել չբերության կամ ազդել պտղի վրա։

-Ոչ։  Հակաբեղմնավորիչ հաբերը ոչ ցանկալի հղիությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ տարբերակներից են։ Ճիշտ կիրառման դեպքում դրանք անվնաս են։ Հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործող կինը հղիություն պլանավորելու դեպքում դադարեցնում է հաբի օգտագործումը և հղիանում։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնք պլանավորում են հղիություն։ Որո՞նք պետք է լինեն նրանց առաջին քայլերը։

-Կարծում եմ, որ հղիությունը պետք է լինի հնարավորինս պլանավորված։ Նախևառաջ  զույգը պետք է վարի առողջ ապրելակերպ, հետևի սննդին,  չօգտագործի ալկոհոլ, անցնի հետազոտություն, ստանա ճիշտ խորհրդատվություն և նոր պատրաստվի բեղմնավորման։

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

-Մեր ընտանիքում երեք քույր ենք, երեքս էլ բժիշկ։ Ունեմ երեք զավակ՝ երկու դուստր և որդի։ Բոլորովին վերջերս՝ ավագ դուստրս լույս աշխարհ բերեց մի հրաշք աղջիկ, ով կրում է իմ անունը։ Ավագ դուստրս` Զարուհին,  մասնագիտությամբ իրավաբան է, սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում։ Կրտսեր դուստրս` Աննան, ուսանողուհի է, սովորում է Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում։ Իսկ որդիս` Միքայելը,  երկրորդ դասարան է։ Ի դեպ, նա մեր ընտանիքի միակ անդամն է, ով մինչ օրս չի կարողանում համակերպվել իմ մասնագիտության հետ։ Միշտ տագնապած հարցնում է՝ էլի հիվանդանո՞ց ես գնալու։ 

-Ինչպիսի՞ն պետք է լինի բժիշկը։

-Բժիշկն աշխատելով գրում է իր կենսագրությունը, ստեղծում  այն պատմությունը, որը հանրությանն է։ Բշկության ոլորտում հստակ զատվում է պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը աշխատանքին։  Բժշկի աշխատանքը մեծ պատասխանատվություն է, նվիրում՝ քեզնից և քո ընտանիքից ուրիշներին։

Կյանքիս մեկ երրորդը չեմ քնել` գտնվելով  ծննդաբերող կանանց կողքին, սակայն եթե ես երկրորդ կյանքի հնարավորություն ունենայի, ապա ես դարձյալ կընտրեի նույն մասնագիտությունը։ Երբեմն գիշերը ծնարանում կամ վիրահատարանում մի պահ կանգ եմ առնում,  նայում  քնած քաղաքին ու մտածում, թե որքան հետաքրքիր է, չէ՞ որ ոչ ոքի մտքով չի անցնում, որ այս պահին քանի կին է մայրանում և հերթական անգամ քանի մանկան ճիչ է լսվում։ Չեմ դադարում սիրել յուրաքանչյուր նոր ծնվող երեխային, զարմանալ այդ հրաշքով։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...