00:43
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի փոքրիկ երգիչներն” իրենց փայլուն ելույթով հերթական անգամ հիացրին եվրոպացի հանդիսատեսին

2014-07-26 13:21

                                         «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Հայաստանի փոքրիկ երգիչներն  իրենց փայլուն ելույթով հերթական անգամ հիացրին եվրոպացի հանդիսատեսին

“Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախումբը համերգային շրջագայության էր մեկնել Շվեյցարիա, որտեղ նրանք իրենց փայլուն ելույթով հերթական անգամ հիացրին հանդիսատեսին։ Իսկ թե ինչպիսին են հենց երգչախմբի տպավորություններն ու գնահատականներն այս շրջագայությունից, “Դե Ֆակտո”  ամսագիրը պարզեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի հետ զրույցում։

 -Պարո՛ն Հեքեքյան, ինչպիսի՞ն էին ակնկալիքները մեկնելուց առաջ և ինչ տպավորություններով եք վերադարձել։

- Ամեն անգամ խոշոր միջազգային փառատոների մեկնելուց առաջ ներքուստ անհանգստություն եմ ապրում, քանի որ այդ փառատոներին գալիս են մասնակցելու աշխարհի լավագույն և անվանի երգչախմբերը։ Իսկ մենք սովոր ենք միշտ լինել առաջինը, լավագույնը։ Աշխարհում հարյուրավոր հոյակապ երգչախմբեր կան, և նրանց շարքերում մնալու համար պետք է չբավարարվել նվաճումներով ու հետևողականորեն աշխատել։ Այս անգամ էլ մենք պատվով ներկայացրեցինք մեր մշակույթը։

-Տեղյակ ենք, որ Բազելի փառատոնին մասնակցում եք արդեն 2-րդ անգամ։ Ինչո՞վ է Ձեզ գրավել այս փառատոնը, որ 2-րդ անգամ ևս ցանկություն առաջացավ մասնակցելու։

- Բազելի փառատոնի կանոնակարգով՝ նույն խումբը երկրորդ անգամ չի կարող մասնակցել իրենց փառատոնին։ Մենք էլ նախընտրում ենք ընդլայնել փառատոների ցանկը, որոնց մասնակցում ենք։ Սակայն այս անգամ, բացառության կարգով, մեզ հրավիրեցին որպես պատվավոր  հյուր՝ վճարելով բոլոր ծախսերը, և դա դեռ 1995-ին նույն փառատոնում լավագույնը ճանաչվելու արդյունքն էր։

- Ովքե՞ր էին փառատոնի մասնակից մյուս երգչախմբերը։ Հայտնի՞ են արդյոք երաժշտական աշխարհում։ Ի՞նչ զուգահեռներ կանցկացնեք նրանց և Հայաստանի փոքրիկ երգիչներիմիջև։

- Նրանցից շատերն իրենց երկրի լավագույն երգչախումբն են համարվում և մեծ ճանաչում ունեն աշխարհում։ Ոմանք էլ նոր են հայտնվում միջազգային ասպարեզում՝ բայց արդեն իսկ զարմանք պատճառելով իրենց կատարողական վարպետությամբ, ինչպես “Հայաստանի փոքրիկ երգիչներն” էին 90-ականներին։ Համատեղ փորձերի և ելույթների ժամանակ մենք միմյանցից շատ բան ենք սովորում։

 -Ի՞ նչ ծրագիր էիք կատարում։ Ինչպե՞ս է եվրոպական ունկնդիրն ընդունում հայ երաժշտությունը։ Նաև կխնդրեինք պատմել, թե ինչպիսի՞ն են լինում արձագանքները թե՛ ունկնդրի, և թե՛ մյուս մասնակից այլազգի խմբերի, երբ կատարում եք իրենց ազգի ստեղծագործությունները՝  իրենց լեզվով։

-Մեր երգացանկը հարուստ է թե հայ, թե տարբեր ազգերի կոմպոզիտորների բարձրակարգ ստեղծագործություններով։ Անվանի երաժիշտներ և երգչախմբերի ղեկավարներ մշտապես իրենց հիացմունքն են արտահայտում՝ տարբեր ժանրերում և ոճերում գրված ստեղծագործությունների հավասարապես բարձրակարգ կատարումների մասին։ Մերկախոս չլինելու համար՝ մեջբերեմ Շվեյցարիայի լավագույն մանկական երգչախմբի ղեկավարի կարծիքից մի հատված։

“Երկար տարիներ ես չէի գտնում մի խումբ, որը երաժշտական բոլոր ուղղություններում իր յուրօրինակ գերազանցությամբ  կարողանար այդքան  խորը հույզեր ու զգացումներ պարգևել։ Շնորհիվ Տիգրան Հեքեքյանի  հրաշալի աշխատանքի՝ ես գտա  այդ խումբն ու տեսա, որ այդ գեղեցկությունը  հնարավոր է”։

 Մարիո Ֆոնտանա

            Շվեյցարական  Կալիկանտուս  երգչախմբի ղեկավար

 

 -Դասական, հոգևոր կամ ժողովրդական երաժշտություն կատարելիս բարձունքի վրա գտնվող մեր երգչախումբը կարողանու՞մ է արդյոք համաքայլ լինել աշխարհի հետ՝ այսօրվա շոուի և հանրամատչելիության գերակայության պայմաններում։

-Մեր համերգային ծրագիրը միշտ համեմված է եղել պարային շարժումներով և նույնիսկ բեմականացումներով։ Այս անգամն էլ բացառություն չէր, քանի որ շատ փառատոների և համերգների կազմակերպիչներ, խմբերգային արվեստն ավելի <> դարձնելու նպատակով, ավելի շատ են տուրք տալիս ելույթների ցուցադրական կողմին։ Մեզ մոտ դա նույնպես լավ է ստացվում, բայց ունկնդիրը կարկամում է, երբ դրան զուգահեռ լսում է բարդագույն խմբերգեր՝ երեխաների հասուն և արհեստավարժ կատարմամբ։ Սա է երգչախմբային արվեստի բարձրակետն ու չափանիշը։

-Հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպե՞ս էր մեր հայկական երգչախումբն իրեն դրսևորում շվեյցարական ճշտապահության և կարգուկանոնի պայմաններում և, ենթադրաբար, այդ պահանջներին համապատասխան կազմված փառատոնային օրակարգում։

-Այո, շվեյցարացիները, հատկապես՝ գերմանական հատվածում ապրողները, հայտնի են իրենց բծախնդիր ճշտապահությամբ։ Բայց աշխարհով մեկ շրջագայած “Հայաստանի փոքրիկ երգիչների” համար դա վաղուց արդեն դարձել է կենսակերպ, անգամ՝ Հայաստանում։ Եվ որքա՜ն հաճելի էր լսել երգչախմբին մշտապես ուղեկցող և մոտ երեսուն տարի խմբերգային արվեստում թրծված Սանդրա Վիփֆի կարծիքը՝ որ իր կյանքի ընթացքում չի տեսել այսչափ կազմակերպված խումբ։ Թող օտարները հայերի մասին այդպիսի կարծիք ունենան։ 

-Խոսեցինք միայն Բազելի փառատոնի մասին։ Բացի Բազելից ուրիշ քաղաքներում  հանդես եկե՞լ եք համերգներով։

- Մինչև փառատոնի մեկնարկը, “Հայաստանի փոքրիկ երգիչների” համար համերգային շրջագայություն էր կազմակերպված Շվեյցարիայի ֆրանսիական մասում։ Այդ և փառատոնի շրջանակներում համերգներն ընդգրկված էին “100 համերգ ցեղասպանության տարելիցին ընդառաջ”  ծրագրում, որի մտահղացումը դաշնակահար Վարդան Մամիկոնյանինն է և հովանավորվում է “Փյունիկ” հիմադրամի կողմից։ Տպագրվեցին 6000 տպաքանակով գրքույկներ երգչախմբի նկարներով, եղեռնի տարելիցի հիշատակմանն ու քարոզչությանն ուղղված նկարով և Հայկ Դեմոյանի հակիրճ, բայց դիպուկ տեքստով։ Այն բաժանում էինք աշխարհի տարբեր ծայրերից եկած հանդիսատեսին, որը, համերգի առաջին կատարումներից սկսած, սիրահարվում էր մեր մշակույթին, ժողովրդին ու երկրին։ Առանձնակի հուզմունքով էին լսում Ալեքսանդր Հարությունյանի “Մանկական աղոթքը” ՝ նախապես ոտնկայս, լռությամբ հարգելով զոհերի հիշատակը։ Այն, ինչին կարող ես հասնել արվեստի ուժով, չես հասնի քաղաքականությամբ։ Գերագույն հաճույք էր տեսնել հայ երեխաներին ակնածանքով նայող հազարավոր աչքեր։

 -Բացի համերգներից, երգչախմբի երեխաներն ինչո՞վ են զբաղվում շրջագայության ժամանակ։ Արդյոք հասցնու՞մ են երկիր տեսնել։

-Ցանկացած շրջագայություն անիմաստ է դառնում, եթե համեմված չի լինում երկրի տեսարժան վայրերի, թանգարանների և մշակութային կոթողների այցելությամբ, ինչպես նաև՝ ժամանցի տարբեր ձևերով։ Դա այն է, ինչ երեխաներին պարգևում է երջանիկ հիշողություններ ամբողջ կյանքի համար։ Սա է մեր երգչախմբի շրջագայության առանձնահատկությունն ու առավելությունը։

- Նախքան մեկնելը՝ ապրիլի 29-ին, Երևանում տեղի ունեցած համերգին մենք ևս ներկա գտնվեցինք։ Երգիչների նոր զգեստները հետաքրքիր մոդելավորում ունեին։ Ով է զբաղվում զգեստների ընտրության հարցով։

- Այս անգամ իր գործուն դերակատարումն ունեցավ տիկին Ռիտա Սարգսյանը։ Նա է հովանավորել զգեստների պատրաստումը,  ընտրել “Լիլիթ” նորաձևության տունը, որը կարել է դրանք, ակտիվ մասնակցել զգեստի ձևի ընտրությանը՝ մեծ սիրով և նվիրումով։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր օգնեցին հայաստանյան երգչախմբին նորովի հանդես գալ հանրության առջև։

-Դժվար է Հայաստանից Շվեյցարիայում համերգներ կազմակերպելը։ Ո՞վ է օգնել Ձեզ այդ դժվարին և պատասխանատու գործում ։

-Ամեն ինչ շատ արդյունավետ է դառնում, երբ դա կազմակերպում ես թիմով։ Շրջագայությունն այդքան բովանդակալից չէր լինի, եթե մեզ չաջակցեին փառատոնի նախագահ Կատրին Ռենգլին, Վերբիե քաղաքի խմբավար Սոլանժ Բեսսոնը, Շվեյցարիայում բնակվող հայ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը, իսկ հայաստանյան կողմից “Փյունիկ” հիմնադրամը և, իհարկե, “Հայ փոքրիկ երգիչներ” կառույցի նվիրված աշխատակազմը՝ տնօրեն Տաթևիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Սա Տաթևիկի առաջին շրջագայությունն էր մեզ հետ, և նա այդ առաքելությունը պատվով կատարեց։ 

-Եվ վերջում, պարո՛ն Հեքեքյան, ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում, ի՞նչ նորությունների սպասենք մեր փոքրիկ հրաշքներից։

-Ծրագրերը շատ են։ Նոր շրջագայություններ, ձայնասկավառակի թողարկում, տարբեր միջոցառումներ, որոնց մասին ես սիրում եմ խոսել կատարվելուց հետո։

                                                                                                Լրագրող` Թեհմինա Արզումանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...