21:16
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տիգրան Ներսիսյան

2014-10-22 10:45

                                         «Դե Ֆակտո» N 100 (2014թ.)

Տիգրան Ներսիսյանը 2014 թվականի հունիսի 5-ից Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համամասնական ցուցակով՝ խորհրդարանում փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին։

Երիտասարդ քաղաքական գործիչը խոստանում է խորհրդարանում լինել ակտիվ և իր գործունեությամբ նպաստել ժողովրդի խնդիրների լուծմանը։ Ներկայացնում ենք “Դե ֆակտո” ամսագրի հարցազրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ներսիսյանի հետ։

-Պարո՛ն Ներսիսյան, ներկայացրեք խնդրեմ, թե  մինչ պատգամավոր ընտրվելը ի՞նչ գործունեություն էիք իրականացնում։

-Նշեմ, որ ծնունդով Հրազդանից եմ։  Ունեմ երկու բարձրագույն կրթություն։ 1999թ. ավարտել եմ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, 2012թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը։ 1999-2001թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում։

2003-2012 թվականներին եղել եմ “Հրազդան հաց” ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը։ 2012-2014 թվականներին “Հրազդան հաց” ՍՊԸ-ի տնօրենը։

2008-2012 թվականներին եղել եմ Հրազդան քաղաքի ավագանու անդամ։ Հրազդանի քաղաքացիներին հուզող բոլոր խնդիրներին քաջատեղյակ եմ և դեռևս ավագանու անդամ եղած տարիներին բարձրաձայնել եմ այդ խնդիրների մասին՝ փորձելով լուծում տալ դրանց։

-Ե՞րբ և ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր անդամագրումըԲարգավաճ Հայաստանկուսակցությանը։

-2011 թվականից “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ եմ։ Նման որոշում կայացրի՝ համամիտ լինելով կուսակցության գաղափարախոսությանը  և կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ  ունեցած մեծ վստահությունից։

-Տեղյակ եմ, որ Դուք հանդիսանում եք Հրազդանում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը։ Ի՞նչ աշխատանքներ են այժմ իրականացվում Հրազդանի տարածքային կառույցում։

-Այո, ԲՀԿ Հրազդանի տարածքային կառույցը նոր է ձևավորվել։ Արդեն իսկ ունենք յոթ հոգուց բաղկացած խորհուրդ, ձևավորվել է երիտասարդական թևը, կանանց խորհուրդը։ Այստեղ տարվում է ամենօրյա աշխատանք. հանդիպում ենք բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները և փորձում լուծում տալ դրանց։

-Հիմնականում ի՞նչ հարցերով են հրազդանցիները դիմում Ձեզ՝որպես Հրազդանի տարածաշրջանի պատգամավորի։

-Հրազդանցիները ինձ դիմում են ամենատարբեր խնդիրներով, սկսած անձնական՝ վերջացրած քաղաքական հարցերով։ Ես էլ փորձում եմ նրանց ճիշտ ներկայացնել ստեղծված իրավիճակը, իսկ նրանց խնդիրները բարձրաձայնել կուսակցությունում և ԱԺ-ում։ Բոլորս ենք քաջատեղյակ, որ այսօր շատերն ունեն սոցիալական խնդիրներ և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն էլ՝ ի դեմս կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, իր ուժերի ներածին չափով աջակցություն է հատկացնում նրանց։

Նշեմ, որ 2011 թվականի նոյեմբերին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Հրազդան քաղաքի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը կարճ ժամանակում հիմնանորոգվեց և իր դռները բացեց հրազդանցիների առջև։ Մարզադպրոցը, որի նպատակը առողջ սերունդ դաստիարակելն է, մինչ օրս գտնվում է Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում։ Նշեմ, որ Խորհրդային  Միության փլուզումից  հետո Հրազդանում մարզական կառույցները անմխիթար վիճակում էին հայտնվել։ Այժմ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող այս կառույցում գործում են ձյուդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի, թեքվանդոյի, բազկամարտի, սպորտային պարերի և այլ խմբակներ։

Ի դեպ, Հայաստանի քաղաքներից հենց Հրազդանում է հիմքը դրվել Street work out մարզաձևին, որը ակտիվ զարգացում է ապրում։  Վերջերս այս մարզաձևը ներկայացնող Հրազդանի պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում անցկացվող Street work out մարզաձևի աշխարհի առաջնությանը։Կան նաև համագործակցության նոր առաջարկներ։

Նշեմ, որ այս տարի Գիտելիքի օրվան ընդառաջ Հրազդան  և Ծաղկաձոր քաղաքների, ինչպես նաև հարակից գյուղերի շուրջ 640 առաջին դասարանցիներին  նվիրեցի գրենական պիտույքներ։ Բացի այդ, Հրազդանի հատուկ դպրոցի հաշմանդամ սաներին իմ միջոցներով նվիրել եմ անվասայլակներ։

-Ի՞նչ սկզբունքներով եք աշխատելու խորհրդարանում։

-Ինչպես կյանքում, այնպես էլ խորհրդարանում առաջնորդվում եմ խոսքը գործ դարձնելու սկզբունքով։ Կփորձեմ ուժերիս ներածին չափով աջակցել հրազդանցիներին և նրանց ձայնը լսելի դարձնել խորհրդարանում։ Շատ եմ ցանկանում, որ Հայաստանի  քաղաքացին  իրեն պաշտպանված զգա, ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որ ազգաբնակչությունը բարեկեցիկ ապրի, արտագաղթը նվազի և հայը  ցանկանա ապրել իր հայրենիքում, մարդիկ չունենան հացի խնդիր, ստիպված չլինեն վարկեր վերցնել, հարկային բեռը թեթևանա, արտոնություններ տրվեն փոքր բիզնեսի ներկայացուցիչներին։

-Այս օրերին ակտիվ քննարկումներ են սկսվել երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու շուրջ։  Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը այս հարցի վերաբերյալ։

-”Բարգավաճ  Հայաստան” կուսակցությունը գտնում է,  որ  դա մեր երկրի  օրակարգում դրված   թիվ մեկ խնդիրը չէ։ Գործող Սահմանադրությունը միանշանակ տալիս է ճիշտ օրենքը կիրառելու դեպքում բոլոր հնարավորությունները՝ կառուցել ժողովրդավարական երկիր, ունենալ իշխանության իրական հակակշիռներ, տալիս է հնարավորություն չունենալ աշխարհում ամենակոռումպացված արդարադատության համակարգերից մեկը։  Մենք գտնում ենք, որ ցանկացած փոփոխություն պետք է արվի ճիշտ ժամանակին և ճիշտ իրադրության մեջ, այլապես ոչ ճիշտ ընտրված ժամանակը, եթե չկա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև, կարող է բերել շատ ավելի հակառակ էֆեկտի։

-Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսական իրավիճակը։

- Կարծում եմ,  երկրում ստեղծված չեն բավարար պայմաններ, որպեսզի մարդիկ ապրեն՝ չմտածելով հացի խնդրի մասին։ Եթե հայ մարդը աշխատանք  ունենա, եթե կարողանա պահել իր ընտանիքը, երբեք չի լքի իր հայրենիքը։ Շատ կարևոր է, որ ստեղծվեն նոր աշխատատեղեր և ամենակարևորը՝ աշխատող մարդու համար չստեղծվեն խոչընդոտներ։ Սա կբերի երկրի տնտեսական վիճակի բարելավման, ինչն էլ, բնականաբար, մարդուն կպահի իր հողի վրա, իր հայրենիքում։ Այսօր մենք պարտավոր ենք ընդունել, որ մեր երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր։

-Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկիրը տարիներ անց։

-Եթե Աստծո կամոք ամեն բան ընթանա այնպես, ինչպես նախագծում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, ապա տարիներ անց մենք կունենանք բարգավաճող երկիր, որտեղ մարդիկ ապահովված կլինեն աշխատանքով, կապրեն բարեկեցիկ կյանքով և երկրում  կլինի ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ։

Հարցազրույցը՝Լուսինե Հովհաննիսյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...