05:57
11/16/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արտակ Ալեքսանյան

2014-11-20 10:33

                                                    «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

-Պարո՛ն Ալեքսանյան, կյանքի ինչպիսի՞ ուղի եք անցել մինչև 2013թ., երբ ստանձնեցիք  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, արդյո՞ք հաջողությունների հեշտությամբ եք հասել։

-Կարծում եմ` հաջողությունները երբեք էլ հեշտությամբ չեն տրվում, կյանքը պայքար է և յուրաքանչյուր ձեռքբերում դժվարություններ հաղթահարելու ունակության շնորհիվ է տրվում մարդուն։

Նշեմ, որ ծնվել և մինչև այսօր ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, 1988թ. սեպտեմբերի 28-ին։ 1995-1997թթ. սովորել եմ թիվ 112 միջնակարգ դպրոցում, 1997-1999թթ. ուսումս շարունակել եմ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 2000-2003թթ.՝ Անգլիայի Royal Russel school դպրոցում, 2005թ. ավարտել եմ անգլիական թեքումով թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 2005-2009 թթ սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բիզնեսի կազմակերպում ֆակուլտետում։ 2009-2012 թթ. սովորել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության տեսության ֆակուլտետում և ստացել տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։

2011-2013թթ. աշխատել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

2013թ. նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։

Ամուսնացած եմ, ունեմ մեկ որդի։

-Ի՞նչ պատկեր ուներ համայնքը, երբ ընդունեցիք այն` որպես ղեկավար, և ի՞նչ աշխատանքներ եք հասցրել իրականացնել այս տաս ամիսների ընթացքում։

-Պետք է նշեմ, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքը Երևանի ամենազարգացած համայնքներից մեկն է, որտեղ, իհարկե, անելիքներ կան, սակայն, ընդհանուր առմամբ, այն լավ վիճակում է։

Վարչական շրջանը շատ լավ ղեկավարներ է ունեցել։ Առաջինը Վահան Զատիկյանն էր, ով սիրված և հարգված էր բնակչության կողմից, քանի որ նրան հաջողվեց համայնքի զարգացման հիմքը ստեղծել, որը հետագայում շարունակեցին Աղվան Գրիգորյանը, Դավիթ Օհանյանը։ Իրենցից հետո ինձ համար բավականին դժվար է պահպանել համայնքի զարգացման դինամիկան։ Իհարկե, ես փորձում եմ ոչ միայն պահպանել արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները, այն նաև զարգացնել դրանք։ 

Վարչական շրջանը բավականին մեծ է՝ երրորդը Երևան քաղաքում, իսկ  բնակչության քանակով՝ երկրորդը. ունի 141 հազար բնակչություն։

-Ըստ պաշտոնական կարգի` վարչական շրջանի ղեկավարն ունենում է ընդունելության օրեր։ Ինչպիսի՞ն են Ձեր շփումները ազգաբնակչության հետ։

-Այո, ամեն հինգշաբթի ինձ մոտ ընդունելության օր է, որի ընթացքում 30-50 բնակիչ ենք ընդունում, սակայն իմ շփումը բնակչության հետ չի սահմանափակվում այդ մեկ օրով, գրեթե ամեն օր ես ընդունում եմ բնակիչներին, լսում նրանց խնդիրները և փորձում սեղմ ժամկետներում լուծում տալ դրանց։

 -Ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում Ձեզ։

-Մեզ դիմում են ամենատարբեր խնդիրներին լուծում տալու խնդրանքով, և շատ հաճախ դրանց մի մասը մեր լիազորություններից դուրս է լինում։ Մենք փորձում ենք բնակչին բացատրել, որ շատ ենք ցանկանում օգնել իրեն, սակայն տվյալ խնդրով նա պետք  է դիմի այլ կառույցի։ Այսինքն` ամեն դեպքում օգնում ենք կողմնորոշվել և գնալ խնդրի լուծմանը տանող ուղով։

Դիմում են ֆինանսական լուծում պահանջող խնդիրներով, մեր հնարավորությունների չափով փորձում ենք լուծել այդ խնդիրները։ Իհարկե, այստեղ պետք է նկատեմ, որ բնակչության մոտ 40 տոկոսը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, և բնական է, որ մենք կդժվարանանք բոլորին անհատապես ֆինանսական աջակցություն ցուցաբերել, այդ պատճառով փորձում ենք  ծրագրեր մշակել, որոնք թույլ կտան մեր աջակցությունը հասանելի դարձնել բոլորին։  

Ես շատ համբերատար եմ բոլորին վերաբերվում և ձգտում եմ անպայման օգնել։

-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ակտիվորեն ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ, որոնք իրականացվում են նաև բարերարների կողմից։ Մի փոքր անդրադարձ կատարեք այդ ծրագրերին։

-Այո, մեր վարչական շրջանն ունի բարերարներ, ովքեր ծնվել, մեծացել են այստեղ և մշտապես համայնքի կողքին են, նրանց աջակցությունը զգալի է և անչափ գնահատելի։

2012-2013թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի, թաղապետարանի և բարերարների կողմից իրականացվել են  բակերի բարեկարգման ծրագրեր, որոնց արդյունքում բարեկարգվել է 50 բակ։ Բարեգործական ծրագրերն իրականացվել են “Ալեքսանյաններ” բարեգործական հիմնադրամի, Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանի և իմ կողմից։ Այդ ծրագրերի շնորհիվ` բակերը գեղեցկացել և հագեցվել են խաղամիջոցներով հարուստ խաղահրապարակներով, ֆուտբոլի դաշտերով։

Ամեն տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և “Ալեքսանյաններ” հիմնադրամի օգնությամբ մանկապարտեզների բոլոր շրջանավարտներին տրվում են պայուսակներ և գրենական պիտույքներ։ Վարչական շրջանի պատգամավորի կողմից դպրոցների շրջանավարտների  համար կազմակերպվում է միջոցառում վերջին զանգին նվիրված` թույլ չտալով, որ դպրոցներում դրամահավաք լինի։

Մինչև այսօր վարչական շրջանը չուներ շախմատի դպրոց, որն իրականություն դարձավ  Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ  և “Ալեքսանյաններ” հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Այն հիմնովին վերանորոգվել է, ապահովվել անհրաժեշտ գույքով, ունի նաև ավտոկայանատեղի։ Շախմատի նորաբաց դպրոցում անվճար կրթություն կստանա 300-350 աշակերտ։

Այս տարի “Նատալի Ֆարմ” բժշկական կենտրոնում 200 բնակիչ ստացել է անվճար և զեղչված բուժօգնություն` սկսած հետազոտություններից մինչև վիրահատություն։

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այս տարի։

-2014թ. հիմնանորոգել ենք յոթ բակ, յոթ աստիճանավանդակ, ինչպես նաև Բ1 թաղամասի բնակչության կողմից բարձրացված,  բավականին մեծ թվով աստիճանավանդակների հիմնանորոգման խնդիրն ենք  լուծել։

Այս տարի բարեկարգվել են 40 շենքերի մուտքեր` 1-ից մինչև վերջին հարկը ներառյալ։

Ունենք նորոգման կարիք ունեցող տանիքներ, որոնցից այս տարի նորոգվել է 18 հազար քմ-ն։  

Բարեկարգված յոթ բակերից ապամոնտաժվել են ավտոտնակներ, ցանկապատված տարածքներ։ Պետք է բնակչությունը հասկանա, որ այդպես ավելի ճիշտ է, նման տարածքները պետք է բարեկարգվեն և ծառայեն բակի բնակիչներին։

2014թ. մեկնարկեց, ՄԱԿ-ի գրասենյակի և Երևանի քաղաքապետարանի ջանքերով, “Մալաթիայի պուրակ” այգու վերանորոգման աշխատանքները։ Մինչև տարեվերջ նախատեսվում է լուծել այգու արտաքին լուսավորության խնդիրը, սալիկապատման աշխատանքները, կառուցվելու է երկու խաղահրապարակ, վերանորոգվելու է այգուց մինչև եկեղեցի տանող ճանապարհը։ Այդ աշխատանքներն իրականացնելու համար ՄԱԿ-ի գրասենյակի կողմից տրամադրվում է 130 մլն. դրամ։ Իհարկե, մեր կողմից կավելացվեն նստարաններ, խաղամիջոցներ և կիրականացվեն անհրաժեշտ այլ աշխատանքներ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ունի 1 մլն 400 հազար քմ ասֆալտապատման  տարածք, որից 142 հազար քմ-ում այժմ  իրականացնում են ասֆալտապատման  աշխատանքներ։

Բակային ճանապարհների հետ կապված կատարվում են փոսալցման աշխատանքներ։

Այժմ “Քրոնիմեդ” բարեգործական հիմնադրամի կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում այն դառնալու է Երևանում դեռևս միակ ներառական մանկապարտեզը։ Ներառական մանկապարտեզի տարածքի բարեկարգումը և խաղամիջոցների տրամադրումը կիրականացվի  Երևանի քաղաքապետարանի կողմից։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ախպարաշեն թաղամասում “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ միջոցներով փոխվում է ամբողջ ջրի ներքին ցանցը, որից օգտվում է հազար բաժանորդ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ.։ Այսպես կլուծվի թաղամասի և՛ խմելու ջրի, և՛ շուրջօրյա ջրամատակարարման հարցը։    

-Ինչպիսի՞ն է համայնքի կրթամշակութային կյանքը։

-Մեր վարչական շրջանը բավականին ակտիվ կրթամշակութային կյանքով է ապրում։  Բոլոր տոները նշվում են մեր համայնքում, նաև կազմակերպվում են մի շարք դպրոցական և բակային միջոցառումներ։

Ունենք  22 մանկապարտեզ, 20 դպրոց։ Դպրոցներում, բակերում կազմակերպվում են սպորտային առաջնություններ. ես սահմանել եմ դրամական մրցանակներ առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար։

Պետք է հպարտությամբ նշեմ, որ մեր վարչական շրջանը ՀՀ նախագահի մինիֆուտբոլի առաջնությանը երեք անգամ գրավել է առաջին տեղը։ Հուսամ` այս տարի նույնպես կգրավենք առաջին տեղը։

Երեք տարի շարունակ մշտապես կազմակերպվել են բակային ֆուտբոլի առաջնություններ, մասնակցել է 12 բակ և կրկին սահմանված են եղել մրցանակներ։

-Որքանո՞վ եք կատարում բյուջեն։

-Բյուջե կատարելը բավականին դժվար է, սակայն այս 10 ամիսների ընթացքում բոլոր ամիսներին կատարել ենք բյուջեն։ Մենք այդ առումով չորրորդ տեղում ենք։ Կարծում եմ` տարվա վերջում նույնպես կկարողանանք 100 տոկոսով կատարել այն։

 -Շուտով ձմեռ է, որքանո՞վ եք պատրաստ ձմռանը։

-Նախորդ տարի մեզ հաջողվեց հաղթահարել առաջացող դժվարությունները, կարծում եմ` այս տարի նույնպես ձմեռը բարեհաջող կանցնի։ Ունենք անհրաժեշտ տեխնիկա, ավազ, աղ։

-Երևանի քաղաքապետը նույնպես երիտասարդ է, հաջողվո՞ւմ է համատեղ աշխատանքը։

-Քաղաքապետը երիտասարդ, եռանդուն գործիչ է, փորձում ենք նրա առաջադրած բոլոր հարցերին լուծում տալ, վարակվել նրա աշխատասիրությամբ։

-2015թ. հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։

-2015թ. ծրագրել ենք վերանորոգել 7 բակային տարածքներ, երաժշտական դպրոցներ, սպորտ դպրոցներ, գրադարաններ։ 2015-2016-2017թթ. նախատեսել ենք ավարտել բոլոր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները։

-Որքանով նկատել ենք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը բավականին համախմբած է։ Դուք ինչպե՞ս կբնութագրեք։

-Մեր վարչական շրջանը, այո,  բավականին համախմբված և միասնական է,  թե՛ պատգամավորները, թե՛ ավագանիները աշխատում են հանուն համայնքի բարօրության։ Քաղաքապետի գլխավորությամբ` մենք աշխատում ենք որպես մեկ թիմ։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 





Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց