11:59
05/16/2025
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գուրգեն Թորգոմյան

2014-11-29 14:34

                   «Դե Ֆակտո» N101 (2014թ.)


Դե Ֆակտո ամսագրի զրուցակիցն է Բիո գրուպ  ընկերության հիմնադիր տնօրեն Գուրգեն Թորգոմյանը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Գյուղատնտեսության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համարԲիո գրուպընկերությունը պարգևատրվել է Գյուղատնտեսության նախարարությանԳյուղատնտեսական նվաճումների համարոսկե մեդալով։

Էկոլոգիապես մաքուր արտադրանքը այսուհետ կապահովի Բիո գրուպը։

-Պարո՛ն Թորգոմյան, մի փոքր պատմեք Ձեր մասին. ի՞նչ մասնագիտություն ունեք. ինչպե՞ս որոշեցիք զբաղվել բանջարանաբոստանային կուլտուրաների աճեցմամբ։

-Ծնվել եմ Երևան քաղաքում, սովորել եմ այստեղ, զինվորական զառայությունս ավարտելուց հետո ընդունվել  և ավարտել եմ  Կիևի ավիացիոն ինստիտուտը։  Ավարտելուց հետո աշխատել եմ իմ մասնագիտությամբ, և տարիների ընթացքում հայկական ավիացիոն ընկերություններից մեկում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Ցանկությունս, զբաղվել բանջարանաբոստանային կուլտուրաների աճեցմամբ միանգամից չի եղել, միշտ հետաքրքրվել եմ այս ոլորտով, սիրել եմ ծաղիկների և բույսերի խնամքով զբաղվել,  բայց չեմ մտածել լուրջ քայլեր անելու մասին։ Աշխատանքիս բերումով հաճախ եմ եղել Եվրոպայում, մասնավորապես Հոլանդիայում, որն աշխարհի լավագույն գյուղատնտեսական երկրներից մեկն է։ Հենց այնտեղ էլ, լինելով տարբեր քաղաքներում և գյուղերում, ծանոթացել եմ ջերմոցային տնտեսության ոլորտին, որը Հոլանդիայում բավականին բարձր մակարդակի  վրա է հիմնված։ Այցելություններս պատճառ հանդիսացան, որ ավելի մանրակրկիտ ուսումնասիրեմ այդ ոլորտը՝ մշտապես տեղեկանալով աշխարհում իրականացվող վերջին նորարարություններին։ Երբ դադարեցի աշխատել ավացիոն ոլորտում, որոշեցի սեփական բիզնես հիմնել Հայաստանում, ստեղծելով այնպիսի ջերմատուն, որն ամբողջովին կհամապատասխաներ  եվրոպական բարձր չափանիշներին։

-Ե՞րբ է հիմնադրվել Բիո գրուպ ընկերությունը, և կապված կառուցապատման աշխատանքների հետ, ի՞նչ խոչընդոտներ են առաջացել։  

-”Բիո գրուպ”-ը հիմնադրվել է 2013թ-ի գարնանը։  Այն գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում և ընդգրկում է 15 000 քմ տարածք։ Կառուցապատումն իրականացրել է հոլանդական հայտնի ընկերություններից մեկը,  որն այսօր ամբողջ աշխարհում այդ ոլորտում համարվում է առաջատար։ Ինչ վերաբերում է դժվարություններին, պետք է ասեմ, որ կառուցապատման աշխատանքների գործընթացը  որոշակի խոչընդոտներ է առաջացրել.  աշխատանքում ներգրավված տեղական կազմակերպությունների համար  որոշ տեխնիկական բարդություններ կային, այն առումով, որ ջերմատունը կառուցվում էր տեխնոլոգիական այնպիսի նորամուծություններով, ինչպիսին մեր երկրում դեռևս չի եղել։ Ամեն դեպքում, մենք կարողացանք մեր առջև դրաված խնդիները պատշաճ իրականացնել և ստանալ այն արդյունքը, որը նախատեսել էինք։  Կառուցապատման ողջ ընթացքին հետևել են Հոլանդիայից ժամանած խորհրդատուները։ Նրանց աջակցությամբ մենք կարողացել ենք հողատարածքի ճիշտ ընտրություն կատարել, քանի որ ըստ հոլանդական չափանիշների, մեզ անհրաժեշտ էր հարթ տարածք, կարելի է ասել` լազերային ճշգրտությամբ։ Շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք ավարտին հասցնել կառուցապատման ողջ գործընթացը, որին նույնիսկ 2014թ-ի խստաշունչ ձմեռը չխանգարեց։ Այժմ ունենք լավագույն սարքավորումներով հագեցած և ամբողջովին եվրոպական չափանիշներին համապատասխանող ջերմատուն,  որը մեզ թույլ է տալիս ստանալ էկոլոգիապես մաքուր և բարձրորակ բերք։ Մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո   2014թ-ի հունիսից ընկերությունն արդեն վաճառքի է հանել մեր արտադրած լոլիկի սորտերը։ 

-Այժմ ի՞նչ արտադրանքով եք ներկայանում սպառողներին և, արդյո՞ք, առաջիկայում պատրաստվում եք ընդլայնել տեսականին։

-Մինչ Ձեր հարցին անցնելը, ուզում են նշել, որ աշխատանքի սկզբնական փուլում մենք չէինք սպասում այսպիսի հաջողությունների և նման  դրական արձագանքների սպառողների կողմից։ Շատ կարճ ժամանակահատվածում մեր ընկերության արտադրած լոլիկները արժանացան բարձր գնահատանքի իրենց համային և որակական հատկանիշների շնորհիվ։ Նույնիսկ այն հանգամանքը, որ հայաստանյան շուկայում այն մի փոքր ավելի թանկ արժեր, չխանգարեց, որ մեր արտադրանքը դառնա ամենավաճառվողը։ Ներկայումս հայկական շուկայում առկա տեսականիներից ամենաշատը սպառողների հավանությանը արժանացել է Բիո գրուպ”-ի արտադրանքը։ Մեզ այս փաստը անչափ ուրախացրել է և արդեն սկսել ենք մտածել մեր մասշտաբները ընդլայնելու և ևս մեկ ջերմատուն կառուցելու մասին։ Ներկայումս “Բիո գրուպ” ընկերությունը, իր սպառողներին է ներկայացնում լոլիկի  5 սորտ` Մեծ լոլիկ (Beef tգmatգ), Եմբրերո (Embreգ), Մակարենա

(Macarena), Բոլենա (Bգlena),  Չերրի (Cherry), Չերրի կոկտեյլ։ Այժմ աճեցման փուլում ունենք լոլիկի նոր տեսակներ, որոնք դեռևս ցանկանում ենք փորձնական ներկայացնել տեղական սպառողին։ Դրանցից է Եվրոպայում սիրված իտալական Ռոմա սորտի լոլիկը, որն արդեն այս տարվա դեկտեմբերից կլինի վաճառքում։  Ռոման սովարական լոլիկի չափերից մի քիչ փոքր է, բայց օժտված  է բարձր համային հատկանիշներով։ Հաջորդը  Սան Մարսանոն է, այն իտալական  Չերրի սորտի լոլիկի շատ մանր տեսակն է, որն ունի մրգի քաղցրություն, շատ օգտակար է և վիտամիններով հարուստ։ Ծրագրում ենք այն տեղական շուկայում ներկայացնել պլաստիկ տուփերով, հեքիաթների հերոսների նկարներով, որը նախտեսված կլինի փոքրիկների համար։ Առաջիկայում նախատեսում ենք իրականացնել իտալական Ալբիոն տեսակի ելակի արտադրությունը, որը շուկայում կլինի այս տարվա դեկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։   Բացի այդ, “Բիո գրուպ” ընկերությունն առաջիկայում իր տեսականին կհամալրի նաև վարունգի և պղպեղի տեսակներով։

-Հասարակության մեջ կա կարծիք, որ ջերմատներում աճող մթերքը չունի այն օգտակար հատկանիշները, որն ունի դաշտի պարարտ հողում և արևի ջերմությունից հասունացող մթերքը։  Ի՞նչ եք կարծում այս հարցի շուրջ։

-Ես չեմ կիսում այդ կարծիքը, քանի որ դաշտի սովորական հողում, լաբորատոր անալիզներ իրականացնելուց հետո, հնարավոր է հայտնաբերել մի շարք վնասակար հատկանիշներ, որոնք պարզապես բացառված են բարձր տեխնոլոգիաներով հագեցած ջերմատների պարագայում։ Այդպիսի ջերմատներում, հենց մուտքից կարելի է նկատել խիստ ստերիլ պայմանները, որն էլ ամենաշատն է ինձ գրավել այս գործընթացի մեջ։ Մեր ընկերության ջերմատունը, ունենալով տեխնոլոգիական առաջատար սարքավորումներ, կարողանում է ապահովել էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Մեր բույսերի աճը իրականացվում է բացառապես սանիտարահիգիենիկ պայմաններում, որոնց զարգացման գործընթացին օնլայն հետևում են հոլադացի մասնագետները։ Այսօր աշխարհում կիրառվող այն առաջատար տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս էկոլոգիապես մաքուր մթերք ստանալ, կիրառվում են այստեղ։  Ամեն ինչ վերահսկվում է համակարգչային հատուկ ծրագրերի միջոցով։ Մենք կարողանում ենք տեղեկանալ, թե ինչպես է ընթանում բույսի աճման գործընթացը, ինչ սնունդ է հարկավոր նրան աճի ապահով ընթացքի համար։  Մեր բույսերը ստանում են արևի նույն ջերմությունը, օգտագործվում է ոչ թե ոռոգման, այլ խմելու ֆիլտրացված, մաքուր ջուր։ Ուզում եմ նշել, որ մեր բույսերը աճում են Հոլանդիայից բերված հատուկ պերլիտի հիմքի վրա։ Այստեղ այլ կարծիք չի կարող լինել կապված բույսի էկոլոգիական մաքրության հետ, քանի որ ամեն ինչ արվում է եվրոպական չափանիշներին համապատասխան։ Որպես այս ամենի ապացույց, կարող եմ նշել, որ ամռան ժամանակահատվածում մեր ընկերության մարկետոլոգների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ “Բիո գրուպ” ընկերության արտադրած լոլիկի տեսակները շատ են վաճառվել, քան դաշտի ամենաբարձր որակի լոլիկը։ Այս կարճ ժամանակահատվածում մեր արտադրանքը սպառողների հավանությանն է արժանացել, որն էլ փաստում է նրա մեծ պահանջարկը երևանյան սուպերմարկետնրում։

-Բիո գրուպ-ի արտադրանքը միայն տեղակա՞ն շուկայում է իրացվում, թե՞ նաև արտահանվում է։

-”Բիո գրուպ” ընկերության արտադրանքի տեսականին նաև արտահանվում է։ Մեր արտադրանքի 80 տոկոսը արտահանվում է ՌԴ, իսկ մնացած 20 տոկոսը իրացվում է տեղական շուկայում։ Ծավալներից ենթադրելի է, որ “Բիո գրուպ”-ը հաջողություններ է գրանցել նաև ռուսաստանյան շուկայում։ Մեր արտադրած լոլիկներն այսօր այնտեղ համարվում են առաջատարը։ Մեզ հետ ցանկանում են համագործակցել ռուսաստանյան ամենաբարձրակարգ և հայտնի սուպերմարկետները։ Շուտով, մենք ռուսաստանյան շուկա կներկրենք նաև մեր արտադրած Ալբիոն սորտի ելակը, որը ոչ միայն ունի համային  բարձր հատկանիշներ, այլև ունի մեծ առավելություն, կապված պահպանման ժամկետի հետ։ Այս տեսակի ելակները մոտ մեկ շաբաթից մինչև 10 օր կարող են պահպանել իրենց որակը և նախնական տեսքը՝ ինչպես առաջին օրը, որն էլ կարևոր հանգամանք է արտահանման համար։ Առաջիկայում ռուսաստանյան շուկայի համար նախատեսված  այլ ծրագրեր ևս կան, քանի որ մեր արտադրանքի գերակշռող մասը իրացվում է  այնտեղ։

-Հետաքրքիր է, մինչև պատրաստի մթերքը սպառողին հասնելը ի՞նչ տեխնոլոգիական գործընթաց են անցնում սերմերը։

-Մեր ընկերությունը օգտագործում է հոլանդական սերմեր, որոնք բերվում են հենց Հոլանդիայից։ Հայաստանում սկսվում է սածիլավորումը, որի ընթացքը տևում է 30 օր, այնուհետև նույն սածիլանոցի տարածքում տորֆից հանվում և դրվում է պերլիտի աղյուսների մեջ։ Եվս 30 օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվում է ջերմոց՝ պերլիտի պարկերում դրվելու համար։ Մինչև ծաղկելը, ևս 60 օր է պահանջվում, իսկ  120 օր հետո մենք ունենում ենք պատրաստի լոլիկ։ Այդ ամբողջ գործընթացը տևում է շուրջ 9 ամիս։ Բերքը հավաքելուց հետո, այդ սածիլները փոխարինվում են նորով, և այդպես շարունակ։ Մեզ համար որակական  հատկանիշների հետ մեկտեղ կարևոր է նաև սպառողներին ներկայանալու ձևը։ Բնականաբար, մինչև շուկա հասնելը մեր արտադրանքը նաև փաթեթավորվում է, որին ևս մեծ ուշադրություն ենք հատկացնում։ Հայաստանում բանջարեղենի արտադրության ոլորտում մեր ընկերությունը միակն է, որը սպառողներին է ներկայանում ինքնատիպ՝ մեր արտադրանքով արկղերը ունեն իրենց տարբերանշանները, այդ պատճառով էլ, սկզբում շատերը կարծում էին, որ “Բիո գրուպը”   արտասահմանյան ընկերություն է։ Հաշվի առնելով շուկայի պահանջները, փորձում ենք անել հնարավորը, մեր սպառողին գոհացնելու համար և՛ Հայաստանում , և՛ նրա սահմաններից դուրս։

-Պարո՛ն Թորգոմյան, Դուք նշեցիք, որ առաջիկայում ունեք ծրագրեր, կապված ևս մեկ ջերմատուն կառուցելու հետ. ե՞րբ եք այն նախատեսում իրականացնել, և այս պարագայում պետությունը որքանո՞վ է կարողանում իր մասնակցությունն ունենալ տեղական արտադրողներին աջակցելու հարցում։

-Առաջիկայում ունենք ընկերության զարգացման համար մշակված հստակ ծրագիր, որը պատրաստվում ենք իրականացնել մինչև 2018թ-ը։ 2015թ-ի մարտ ամսից նախատեսում ենք Նոր Ձորաղբյուր գյուղում սկսել 10 հա տարածքով նոր ջերմատան կառուցապատման աշխատանքները։ Բացի լոլիկի արտադրական ծավալների ընդլայնումից, կսկսենք զբաղվել նաև այլ բանջարանաբոստանային կուլտուրաների աճեցմամբ։ Կարտադրենք նաև ելակ, վարունգ և պղպեղ։ Ներկայումս ունենք 30 աշխատատեղ, իսկ նոր ջերմատան կառուցման հետ կապված մեր աշխատատեղերը կավելանան ևս 300-ով։ Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, պետք է նշեմ, որ մեր երկրում տեղական արտադրողները, իրոք, ունեն պետության աջակցության կարիքը, քանի որ բիզնեսի ընդլայնման հետ կապված առաջանում են ֆինանսական խնդիրներ։ Այսօր, երբ ռուսաստանյան շուկան մեծ հնարավորություններ է տալիս իրացնելու մեր արտադրանքը, խնդիր է առաջանում արտադրական ծավալների մեծացման հետ կապված, որն էլ իր հերթին պահանջում է ֆինանսական ներդրումներ։ Վարկերի տրամադրմամբ պետությունը կարող է խթանել տեղական արտադրությունը, նպաստել, որպեսզի մեծանան արտադրական ծավալները և մրցունակ լինեն նաև արտասահմանյան շուկայում։ Խնդրի հետ կապված ես դիմել եմ ՀՀ վարչապետին, ով խոստացել է գյուղատնտեսության նախարարության հետ միասին աջակցել մեզ։ Հուսով եմ, որ կառավարության աջակցությամբ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր առաջիկա ծրագրերը և կդառնանք մրցունակ արտադրող  հատկապես ռուսաստանյան շուկայի համար։

-Մի փոքր խոսեք գնային քաղաքականությունից, որքանո՞վ է հասանելի ջերմատների արտադրանքը մեր սպառողներինհատկապես մթերքի ոչ սեզոնային ժամանակահատվածում։

-Խոսելով գնային քաղաքականությունից, կարող եմ ասել, որ, բնականաբար, ոչ սեզոնային ժամանակահատվածում, կապված ջեռուցման ծախսերի հետ, ավելանում է արտադրանքի գինը։ Փորձում ենք անել այնպես, որ համապատասխանեցնենք մեր արտադրանքի գինը տվյալ շուկայի հետ։ 2012թ-ին, 2013 թ-ի հունվար, փետրվար,  մարտ, ապրիլ ամիսներին տեղական շուկայում  Չերրի լոլիկը վաճառվել է 3500-4000 դրամով։ Երբ մենք սկսեցինք մեր արտադրանքը ներկայացնել շուկայում, Չերրի լոլիկի գինը սկսեց միանգամից իջնել, հասնելով 1500 դրամի։  Բարձր գինն էլ ունի իր հասկանալի պատճառները,  քանի որ փոքր ջերմատների ծախսերը ավելի շատ են։ Նրանք հագեցված չեն նոր տեխնոլոգիաներով, և, ըստ այդմ, չեն կարողանում գազի և ջրի խնայողություն կատարել։ Ամեն դեպքում մենք չենք ցանկանում խոչընդոտել մյուս ընկերությունների աշխատանքին, փորձում ենք շուկայում ստեղծել հավասար պայմաններ, որպեսզի մնացած ընկերություններն էլ կարողանան պահպանել  իրենց տեղը  շուկայում։

- Ներդրումներ, քրտնաջան աշխատանք, մեծ էներգիաԱյսօր դուք արդեն վայելում եք Ձեր աշխատանքի առաջին  պտուղները. ի՞նչ զգացողություն ունեք։

-Անսահման հպարտություն եմ զգում, որ  իմ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացել եմ Հայաստանում ստեղծել  եվրոպական չափանիշներով առաջին ջերմատնային կառույցներից մեկը։ Հաճելի է այն զգացումը, որ մեր արտադրանքի շնորհիվ մենք մրցակցում ենք ամենալավագույն ընկերությունների հետ։ Դա տալիս է ուժ, մշտապես ձգտելու առավելագույնի։  Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում մեզ` տեղական արտադրողներիս համար ստեղծվել են բոլոր պայմանները աշխատելու և ապրելու մեր հայրենիքում։

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...