11:54
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ապրենք մեր ժողովրդի հերոսական անցյալով, դժվարին ներկայով և լուսե գալիքով

2014-12-12 12:43

                                                   «Դե Ֆակտո» N101 (2014թ.)


Մխիթար Հարությունյան, ԵԿՄ վարչության փոխնախագահ

-Պարո՛ն Հարությունյան, մի փոքր կպատմե՞ք` մարտական ինչպիսի ուղի եք անցել։

-Անկեղծ ասած` մինչև իմ մասին խոսելը, ես կգերադասեի խոսել իմ հերոս ընկերների մասին, որոնցից շատերն ընկան մարտի դաշտում, իսկ ոմանք էլ այսօր մեզ հետ են և շարունակում են հայրենիքին ծառայելու իրենց առաքելությունը` առանց մեծ-մեծ խոսքերի, ինքնափառաբանության։ Ես հարգում եմ նման ազատամարտիկներին և գերադասում եմ իրենց  վարքագիծն ու մտածելակերպը և չեմ ուզում նմանվել այն մարդկանց, ովքեր պատերազմի ընթացքում զենքը ուսին են անցկացրել և այսօր խոսում են իրենց հերոսական անցյալի մասին։ Բոլոր կռված տղաներն իմ եղբայրներն են, իմ սրբությունները…

Բայց քանի որ “Դե Ֆակտո” ամսագրի այս համարը նվիրվում է Զորավար Մանվել Գրիգորյանին, ով իսկապես հերոս է, և ամսագիրը արցախյան հերոսամարտի մասին է, կարճ կներկայացնեմ իմ պատմությունը։

Ես 22 տարեկան երիտասարդ էի, երբ սկսվեց արցախյան շարժումը և մեր գյուղի ֆուտբոլի թիմը վերածվեց ջոկատի` Աբել Հարությունյանի գլխավորությամբ։ Այդ ժամանակ մեր ջոկատի հրամանատարները պատրաստել էին գաղտնի սենյակներ, որտեղ կար հայրենասիրական գրականություն ու որտեղ մուտք գործելու և այն ուսումնասիրելու համար անհրաժեշտ էր շահել նրանց վստահությունը։ Ես այդ ընտրյալներից մեկն էի, ով հնարավորություն ունեցավ կարդալ այդ գրականությունը, զինվել հայրենասիրական ոգով և շտապել պաշտպանելու սեփական ժողովրդին և հայրենիքի սահմանները։

1990թ. կազմավորվեց Հրազդանի “Ալաշկերտ” կամավորական ջոկատը, որի անդամներից էի նաև ես,   որն իր ողջ ներուժը ներդրեց պատերազմի ընթացքում հակառակորդին դիմագրավելու գործում։ Մենք վերահսկողություն էինք իրականացնում հայկական տարածքներում, հարկ եղած դեպքում գնում  սահման։ Առաջին անգամ սահմանում եղել եմ  Շամշադինի շրջանի Այգեպար գյուղում, որտեղ մնացել ենք վեց ամիս։ Դրանից հետո մասնակցել ենք Նոյեմբերյանի Ոսկեպար-Բաղանիս հատվածի, հետո Կրասնոսելսկի դեպքերին, որից հետո շարժվել ենք դեպի Շահումյան Գետաշեն գնալու նպատակով։ Շահումյանում մենք,  Մեղրյան Շահենի գիտությամբ, տեղավորվեցինք Գյուլիստանի անտառներում,  մասնակցեցինք որոշ պաշտպանական գործողությունների, որից հետո ուղղաթիռով վերադարձանք Հայաստան, իսկ մեկ ամիս անց,  Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ, ուղղաթիռով իջանք Գետաշեն, մասնակցեցինք այնտեղի մարտական գործողություններին…

Անցած ճանապարհի մասին հիշողությունները շատ են, կարելի է շատ խոսել և պատմություններ պատմել, բայց ես ինչպես նշեցի, չեմ ուզում իմ մասին շատ խոսել։

-Պատերազմից հետո Դուք երեք անգամ ընտրվեցիք ՀՀ ԱԺ պատգամավոր։ Կպատմե՞ք այդ տարիների մասին։

-Պետք է նշեմ, որ դա շատ պատահական ստացվեց,  բայց դարձավ ճակատագիր։ 1995թ. ես ներկայացրել եմ Հրազդանի բնակչությանն իմ նախընտրական ծրագիր, որը  90-95 տոկոսով իրականացրել եմ մոտ 18 տարվա ընթացքում և համարում եմ այն ավարտված։ Շնորհակալ եմ Հրազդանի ազգաբնակչությանը, որն ինձ շատ է աջակցել և ոգևորել ապրածս հիասթափությունների ժամանակ։ Զարմանալի բան պետք է ասեմ,  ես իմ կյանքում դժվարությունների և հիասթափությունների հանդիպել եմ միայն ԱԺ պատգամավոր եղած տարիներին։

-Դուք ԵԿՄ  վարչության փոխնախագահն  եք,  ի՞ն չ խնդիրներ եք դրել Ձեր առջև,  և ո՞րն է ԵԿՄ  դերը  ՀՀ  զարգացման  ճանապարհին։  Այժմ  կուսակցական պատկանելիություն ունե՞ք։

-Խորապես շնորհակալ եմ Զորավար Մանվել Գիգոյանին, որ ինձ առաջարկեց այս աշխատանքը, որում, կարծես թե, ես ինձ գտա։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և գերադասում եմ անմնացորդ նվիրվել ԵԿՄ-ին և ամեն ինչ անել վերջինիս առաքելությունը արդյունավետ իրականացնելու համար։

ԵԿՄ-ն մեծ դերակատարություն ունի մեր պետության զարգացման գործում, քանի որ իրականացնում է աճող սերնդին  ռազմահայրենիասիրական գաղափարներով դաստիարակելու, հայրենասիրական ոգին վառ պահելու, ինչպես նաև ազատամարտիկների և նրանց ընտանիքների խնդիրները վեր հանելու, հնարավորության դեպքում լուծելու դժվարին, բայց կարևորագույն առաքելությունը։ Այդ ամենն իրականացնելու համար կառույցը մշակում է մեխանիզմներ, իրականացնում է ծրագրեր։

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, որ ևս մեկ միություն է ստեղծվում ազատամարտիկների շահերը պաշտպանելու նպատակով և պատրաստվում է հանրահավաք կազմակերպել։

-Չպետք է մոռանալ, որ մենք սրբազան պատերազմի ենք մասնակցել հանուն նրա, որպեսզի մեր քրիստոնյա ժողովուրդն անկախ և ազատ ապրի  իր սրբազան հողում։ Արդեն քսան տարի մենք պետականաշինությամբ ենք զբաղվում  ու, հանկարծ այսօր ստեղծվում է մի միություն կռված տղաների հոգսերը հոգալու համա՞ր։  Ով դրան հավատում է, թող հավատա, որ դա իրոք այդպես է,  ով չի հավատում, հասկանում է, որ դա այդպես չէ։

Փառք ու պատիվ Վազգեն Սարգսյանին, որ ստեղծեց ԵԿՄ-ն, որը շատ բարդ գործ էր այն տարիներին, քանի որ բոլոր ջոկատների ղեկավարները լիդերներ էին և նրանց միավորելը չափազանց դժվար էր։ Փառք և պատիվ Մանվել Գրիգորյանին, ով կարողացավ պահպանել և վառ պահել այն ոգին և արժեքները, որոնք ներդրել էր Սպարապետը և փոխանցել ապագա սերունդներին։

Ես մեկ բան կասեմ` այսօր ուղղակի ստորություն է կռված տղաների սոցիալական վիճակն օգտագործելը քաղաքական նպատակների իրականացման համար։

-Ո՞րն է Ձեր կարգախոսը։

-Ես մշտապես առաջնորդվել եմ մեկ կարգախոսով`  “Ապրենք մեր ժողովրդի հերոսական անցյալով,  դժվարին ներկայով և լուսե գալիքով”, որն արդիական է նաև այսօր։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...