15:11
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵԿՄ-ի դերը անկախացած Հայաստանի Հանրապետության կյանքում շատ մեծ է, կարևոր ու պատմական

2014-12-20 15:08

                                          «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Ներկայացնում ենքԴե ֆակտոամսագրի հարցազրույցը Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Հակոբ Հակոբյանի հետ։

֊Պարո՛ն Հակոբյան, Դուք Երկրապահ կամավորականների միության անդամ եք կառույցի հիմնադրման առաջին իսկ օրվանից։ Ինչպե՞ս դարձաք երկրապահ և ինչպե՞ս կազմավորվեց կառույցը։

 ֊Սկզբում   Արցախը   Հայաստանին  վերամիավորելու  համար  գաղտնի  ստորագրություններ  էինք  հավաքում, հետո,  երբ  պայքարը  դուրս   եկավ  ընդհատակից  ու   սկսեց  հրապարակային  գործունեությունը, հանրահավաքների  մասնակցությունն էինք   ապահովում։ Այնուհետև,   երբ  Հայաստանի  սահմանամերձ  գյուղերում  և  Արցախում  տեղի  ունեցան   առաջին  բախումները,   մտածում  էինք՝  ինչպես  կազմակերպել զինյալ  ջոկատներ և ինչպես   կազմակերպել   ժողովրդի  ինքնապաշտպանությունը։

          Մի   հավաքի   ժամանակ  տղաներից  մեկն   ասաց, որ ֆիդայիններին  հավաքագրել  է  պետք,  որպեսզի  համախմբված  գործեն։

          Վազգեն   Սարգսյանը,  ով  անցկացնում   էր   հավաքը,   իր   խոսքում   ասաց.- “Ֆիդայինը  սիրուն  բառ  է, բայց  արեք  օգտագործենք  խորհրդային  բառապաշարից  դուրս  մնացած, վաղուց  մոռացված  երկրապահ  բառը,  որովհետև  դուք  բոլորդ  երկրապահներ  եք, երկրապահ  կամավորականներ։ Դարասկզբի   ֆիդայական  պայքարը  ամբողջացավ  երկրապահ  կամավորականությամբ, երբ  զորավար  Անդրանիկը երկրապահ  զորամիավորման  հրամանատարն  էր”։  Այսպես  մենք  բոլորս  դարձանք   երկրապահ. Այսինքն՝  երկրապահ  էինք   ժողովրդի  առջև  ծառացած  խնդիրների  պատճառով  և  Սպարապետը  տվեց  ճիշտ  ձևակերպումը։

֊Ինչպե՞ս   է   ձևավորվել  Երկրապահ կամավորականների միությունը։

 ֊ԵԿՄ-ն  ձևավորվել  է  ազգային  ազատագրական  պայքարի  բովում   Հայաստանի  Հանրապետության  անկախության  գործընթացին  զուգահեռ,  հայ  ժողովրդին  պարտադրված   պատերազմի  թոհ  ու  բոհում։ Առաջին  խմբերն  ու  ջոկատները  կազմավորվեցին  1989-1990 թվականներին։ 1990-թ. հունիսի  10-ին  ընդունվեց   Երկրապահ  կամավորական  ջոկատների  առաջին  հռչակագիրը, որը  միաժամանակ  դարձավ   ազգային  բանակի  կազմավորման  առաջին  քայլը։

          1990-1993 թթ.  Երկրապահը   գործում  էր  իր  գործունեության  հիմքում  ունենալով   այս  հռչակագրի  դրույթները   և   պատերազմելուն  զուգահեռ  հենց   Երկրապահ  կամավորական  ջոկատների  հենքի  վրա  կազմավորվեց  ազգային  բանակը։          

          1993թ.  հուլիսին,    երբ  արդեն  կազմավորված   էր  ազգային  բանակը  և  երկրապահ  կամավորական  ջոկատները   անցնելու  էին  իրենց  գործունեության  հաջորդ   փուլ,  տեղի   ունեցավ  երկրապահ  կամավորական  ջոկատների  առաջին համագումարը, կազմավորվեց  երկրապահ  կամավորականների  միությունը   և այն  հանրապետության  իրավական  դաշտում  գրանցվեց   որպես  հասարակական  կազմակերպություն։

          Հաղթանակով  ավարտելով  պատերազմը՝   ԵԿՄ-ն   հետպատերազմյան  տարիներին  կատարում  է  իր  սրբազան  առաքելությունը.   անմնացորդ   նվիրվածությամբ   մասնակցում  պետականության  հզորացմանը, ազգային  բանակի  կառույցների  կատարելագործմանը   ու  սերնդափոխության  ապահովմանը։ 

          Արդեն  կայացել  է  ԵԿՄ 10  համագումար։  Առաջինից  երրորդ  համագումարներում  ԵԿՄ  վարչության  նախագահ  է  ընտրվել  սպարապետ  Վազգեն  Սարգսյանը։  1999-թ-ի  հոկտեմբերի  27-ի  ոճրագործությունից  հետո,   որի  զոհը  դարձավ  ԵԿՄ  վարչության  նախագահ  սպարապետ  Վազգեն  Սարգսյանը,  ԵԿՄ-ն  իր  չորրորդ  համագումարում  հավերժ  նախագահ  հռչակեց  սպարապետ  Վազգեն  Սարգսյանին,  իսկ  վարչության  նախագահ  ընտրվեց  գեներալ  Մանվել  Գրիգորյանը,  ով  առայսօր ղեկավարում է ԵԿՄ-ն։

          ԵԿՄ-ն,  որպես  պատերազմի  բովով  խիզախաբար  անցած  զորամիավորում,  հայրենի  պետության  կողմից  արժանացել  է  մարտական  դրոշի։  Իր  ազգապահպանման  գործունեության  համար  Մայր  Աթոռ  Սուրբ  Էջմիածնի  կողմից  ստացել  է  արծաթե   խաչ։

  ԵԿՄ-ն  ունի  օրհներգ  և   կառույցներ՝  “5-րդ  բրիգադ”, “Երիտասարդ  երկրապահ”, “Պատանի  երկրապահ”,  որոնց  միջոցով  ապահովում  է  սերնդափոխությունը։

          Երկրապահ  կամավորականների միության  վարչության  նախագահ   զորավար  Մանվել  Գրիգորյանի  հեղինակությամբ  և  անմիջական  ջանքերով   ՀՀ  Ազգային  ժողովն ընդունեց  “Երկրապահ  կամավորականի կարգավիճակի  մասին” օրենքը,  որով,  պատմության  մեջ  առաջին  անգամ,  Երկրապահ  կամավորականը  դիտարկվում  է  որպես  արժեհամակարգ  և  դառնում   նոր  սերնդի  ռազմահայրենասիրական  դաստիարակության  խթան։

          ԵԿՄ-ն  պետականության  հզորացման  գործընթացին  էլ   ավելի  ակտիվ  մասնակցելու   նպատակով  համագործակցության  և  փոխըմբռման  հուշագրեր  է  ստորագրել   ՀՀ  պաշտպանության, արտակարգ  իրավիճակների  և  կրթության  ու  գիտության  նախարարությունների  հետ։ Նախապատրաստվում  է  փոխըմբռման  հուշագրեր  ստորագրել  Մայր  Աթոռ Սուրբ  էջմիածնի, ինչպես  նաև     պետական  այլ   կառույցների  հետ։

          Երկրապահի  օրը՝ Մայիսի 8֊ը, 2002 թվականից մտել  է  պետական  պաշտոնական  տոնացույցի  մեջ   և  նշվում  է  համաժողովրդական  մակարդակով,  որպես  հաղթողների  տոն։

          2014 թվականից  Ամենայն  Հայոց  Կաթողիկոս  Գարեգին  Բ-ի  կարգադրությամբ     Մայր  Աթոռ  Սուրբ  Էջմիածնում  և  Հայոց  աշխարհասփյուռ   բոլոր եկեղեցիներում  երկրապահի  օրը  հավուր  պատշաճի  պատարագի  կարգ  է  կատարվում  բոլոր  նահատակների  հոգու  հանգստության  և հայ  ժողովրդի  խաղաղության  համար։

          Մարտի  5֊ը, ԵԿՄ հավերժ    նախագահ  սպարապետ  Վազգեն  Սարգսյանի  ծննդյան  օրը,  ԵԿՄ  վարչության  նախագահ  զորավար  Մանվել  Գրիգորյանի  նախաձեռնությամբ  ու  հրամանագրով   դարձել է  պատանի  երկրապահ  ակումբի  սաների  երդման  արարողության  օր։ Սպարապետի  ծննդյան  օրը,  որպես  հայ  ժողովրդի  ազգային  հերոսի  ծննդյան  օր,  ԵԿՄ վարչության  նախագահի  հետևողականության   և  ԵԿՄ-ի  ամենօրյա  գործունեության  արդյունքում   նույնպես  դարձել  է  համաժողովրդական  տոն,  որը  նշվում  է   երկրապահի, պետության  ու  եկեղեցու  կողմից։

֊Ի՞նչ  դեր  ունի  Երկրապահ կամավորականների միությունը  Հայաստանի համար։

 -ԵԿՄ-ի   դերը   անկախացած  Հայաստանի  Հանրապետության  կյանքում  շատ  մեծ  է,   կարևոր   ու  պատմական։ ԵԿՄ-ն հայ  ժողովրդի  անկախության  գործընթացի  ջահակիրն  է,  Հայաստանի   Հանրապետության  հիմնադիրը,  նրա  կայացման  հիմնական  գործոնը,  հզորացման  ջատագովը,   ազգային  բանակի  հիմնադիրն  ու  առաջին  ռեզերվը  և   ազատագրական   պայքարի  սերնդափոխությունն  ապահովողը։ Միաժամանակ,  և  ի սկզբանե,  Երկրապահը  հանդես  է  եկել  արցախի  ժողովրդի   ինքնորոշման  իրավունքի   տեսանկյունից, ապահովել  Արցախի  ժողովրդի  անվտանգությունը՝ իր  գործունեությամբ, քաղաքական  հայտարարություններով   ու  համագումարներում  ընդունած  բանաձևերով։ ԵԿՄ-ն  իր  գործունեությամբ   շարունակում  էր  առաքելությունը՝  մշտապես  տեր  կանգնելով  Արցախի  ժողովրդի  ինքնորոշման  իրավունքին, իր  գործունեությամբ  աջակցելով  Հայաստանի  Հանրապետության  հզորացման  գործընթացին։




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...