08:04
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը` մեր սրտերում…

2014-12-30 14:05

                                        «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Քաջ արարքներն ավելի խոսուն են, քան բազմաթիվ խոսքեր...

Շատ ու շատ խոսքեր, իսկապես ավելորդ կլինեն ներկայացնելու ընդամենը 20 տարեկանում հերոսական մահով իր կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած Արմեն Հովհաննիսյանին։

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։ 50-ից մինչև 00։ 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվեցին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Արմենը նկատել էր դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել, ինչը հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և հետ շպրտել թշնամուն` պատճառելով մեծ քանակի կորուստներ։ Դժբախտաբար,  հակառակորդի կողմից ստացած հրազենային  կրակոցներից  կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը զոհվեց։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է “Արիության համար” մեդալով` պատմության մեջ մտնելով որպես  այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիր։

Հունվարի 28-ին ՀՀ նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” առաջին աստիճանի մեդալով։

“Դե ֆակտո” ամսագրի կողմից 2014 թվականի “Տարվա մարդ” կոչումը շնորհվում է Արմեն Հովհաննիսյանին, ով իր հայրենասիրությամբ օրինակ է ծառայում բոլոր հայերի համար։

“Միայն կորուստ ունեցողը կզգա մեր ցավը։ Միշտ զգում ենք նրա ներկայությունը։ Գիտակցում ենք, որ ոչ թե մենք իրեն պետք է սպասենք, այլ ինքը մեզ, և այդ հանդիպումը վաղ թե ուշ կայանալու է”,- ասում են Արմենի ծնողները։

Բարի, անմիջական, համեստ այս մարդկանց մտքով էլ չէր անցնի, որ որդին բանակից այլևս չի վերադառնա...որ կգա մի օր, երբ որդու մասին կխոսեն անցյալով...

Արմեն Հովհաննիսյանի տան երկրորդ հարկում՝ հենց հերոսի սենյակում, բացվել է թանգարան, որտեղ ներկայացված է նրան վերաբերող ամեն ինչ` զինվորական հագուստ, պարգևներ, լուսանկարներ, նրա անձնական հուշատետրերը։ Թանգարանի դռները միշտ բաց են բոլոր այցելուների առջև։

Մանկության տարիները...

“Արմենը կենսուրախ երեխա էր, ժպտադեմ, բարի ու մեծ աչքերով։ Նա բոլորիս կողմից չափազանց սիրված էր։ Երեխաներից ամենակրտսերն էր, սակայն երես առած չէր։ Արդեն դպրոցական տարիներից Արմենը դրսևորվում էր որպես անհատականություն։ Նա վճիռներ կայացնող տեսակ էր, դպրոցում աշակերտների  կորիզն էր, ով իր շուրջն էր համախմբում դասընկերներին։ Արմենը շատ արդարամիտ էր ու հենց դրանով էլ առաջնորդվում էր։ Չի եղել դեպք, երբ մենք իր փոխարեն գլուխներս կախենք, ինչի համար էլ շնորհակալ եմ իրեն”,- ասում է Արմենի մայրը` Մարինե Հովհաննիսյանը։

Մոր խոսքերով՝ Արմենի ու իր միջև հոգևոր կապն ավելի ուժեղ էր. որդին ավելի շատ մտերիմ էր իր հետ, իսկ հոր հետ ավելի խոնարհ էր։

“Արմենը երբեք հեշտ ճանապարհներ չի փնտրել։ Երբ սովորում էր  6-րդ դասարանում, հայրը շինարարության վրա էր աշխատում, Արմենն էլ ամառային արձակուրդներին եկավ ինձ մոտ ու ասաց. “Մա՛մ, ինչ կլինի,  պապային կասե՞ս ես էլ գնամ իրենց մոտ աշխատեմ։ Ասացի՝ Արմե՛ն ջան, դրանք ծանր շինարարական աշխատանքներ են, դու ի՞նչ պիտի անես, ասաց՝ չէ՛, մամ, ինչով կարող եմ՝ կգնամ կօգնեմ։ Սկզբում հայրը դեմ էր, հետո համաձայնեց։ Մոտ երեք ամիս նա վաղ արթնանում էր` մոռանալով խաղերը, գնում էր աշխատանքի։ Ե՛վ ինքն էր գոհ իր աշխատանքից, և՛ իրենից էին գոհ աշխատավայրում”,- պատմում է մայրը։

Ինչպես մայրն է վկայում՝ սա միակ դեպքը չի եղել. որդին միշտ փորձել է համատեղել ուսումն աշխատանքի հետ։

“Սկզբում դեմ էինք Արմենի աշխատելուն, բայց քանի որ ինքն էր որոշել ու հաճույք էր ստանում դրանից,  մտածում էինք՝ ուրեմն ճիշտ ուղու վրա է”,- պատմում է մայրը։

2008 թվականին, երբ Հովհաննիսյանների ընտանիքը փոխել է բնակության վայրը,  Արմենը չի ցանկացել ուսումը շարունակել այլ դպրոցում, սկսել  է աշխատել ու վաստակած գումարի դիմաց` գնացել ու սովորել է իրենց նախկին տան մոտ գտնվող դպրոցում, որտեղ իր ընկերներ էին ուսանում։ 

“Նա ինքնուրույն գնաց մի փոքրիկ խանութում աշխատելու. արկղերի հետ կապված աշխատանք էր անում՝ դրանք տեղափոխում էր խանութի դիմաց, ստացված գումարով գնում էր դպրոց  և երեկոյան էլ այդ արկղերը տեղափոխում էր խանութ ու փակում դռները։ Ինձ համար զարմանալի էր, որ խանութի տերը իր բանալիները վստահում է ընդամենը դպրոցահասակ մի տղայի։ Նա միշտ ավելի լուրջ էր իր տարեկիցներից, մտածելակերպով՝ ավելի հասուն։ Սխալ կլինի ասել, թե որդիս բակային ընկերություն չի ունեցել կամ տան չորս պատերի մեջ է մեծացել. նա մեծ շրջապատ ուներ, տղայական չարաճճիություններ էլ է թույլ տվել, բայց երբեք սահմանները չի անցել”,- ասում է մայրը։

Հայրենասիրությունը...

Արմենի հոր` Լևոն Հովհաննիսյանի խոսքերով, հայրենասիրությունն Արմենի միջից է եղել։ “Կարծում եմ, որ մենք ենք իրեն օրինակ ծառայել։ Այնպես չի եղել, որ իրեն հատուկ ասենք` սիրի՛ հայրենիքդ,  քանի որ նա դրա կարիքը չուներե։

“Երբ հարցնում են՝ Արմենին հատուկ հայրենասիրության դասե՞ր եք տվել, ես պատասխանում եմ՝ Արմենին սխրագործ չեմ դաստիարակել, պարզապես ինքը ճիշտ ուղղությամբ է դաստիարակվել, ըստ կանոնների”,- պատմում է մայրը։

Բացի հայրենասեր լինելուց` Արմենը նաև  մարդասեր էր, աստվածապաշտ։ Ծնողները պատմում են, որ իրենց որդու աստվածապաշտ տեսակը բացահայտել են զորամասի սարկավագից, ում հետ հերոս զինվորը հաճախ էր զրուցում ու պատմում իր խոհերի մասին։

Երբ Արմենը սարկավագից հարցրել է հավիտենական կյանքի մասին և սարկավագը տվել է բացատրությունը՝ նա ասել է.  “Ես հավատում եմ Քրիստոսին, նրանով հավիտենական կյանք ստանալու համար եմ ապրում ու կձգտեմ դրան”։

“Կարող է շատերը չհավատան, բայց որդիս անհամբեր սպասում էր, թե երբ է գնալու բանակ ու ծառայելու հայրենիքին”,- պատմում է հայրը։

Մայրը նշում է, որ երբ որդին զորակոչվելուց  առաջ  բժշկական զննություն է անցել, պարզվել է, որ սրտի առիթմիա ունի ու վիրահատության անհրաժեշտություն կա։ Զինկոմիսարիատի որոշմամբ՝ Արմենը  վիրահատությունից հետո նեղսրտել է այն փաստից, որ իր ծառայությունը կարող է հետաձգվել։

“Մեր ընտանիքում ի սկզբանե բանակում չծառայելու հարց չի բարձրացվել։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ուստի որդիս կարող էր ծառայել ռուսական զորամասում, սակայն դեմ էր, քանի որ իր հորաքրոջ տղան՝ Արսենը, ում հետ մեծացել է,  և իր մյուս ընկերները Ղարաբաղում էին ծառայում։ Արմենը կտրականապես դեմ էր ավելի ապահով զորամասում ծառայելուն, ցանկանում էր ծառայությունն անցկացնել հենց Արցախում։  Հենց ինքն է դիմում գրել դիրքերում ծառայություն անցկացնելու համար։ Նա երկրորդ կամ երրորդ գծում ծառայելու այլընտրանք ուներ, բայց հրաժարվել էր”,- պատմում է մայրը։

Ապագա ծրագրերը...

Մարինե Հովհաննիսյան. “Դպրոցից հետո ուսումն ավագ դպրոցում շարունակելու կամ քոլեջում սովորելու հարց առաջացավ։ Արմենը լավ նկարում էր, քանդակելու հետ էլ մեծ սեր ուներ, այդ ամենն իր մեջ սերմանել էր ավագ  քույրը։  Նա հանապատրաստից չէր կարող ընդունվել Փ. Թերլեմեզյանի անվան  ուսումնարան, ուստի որոշեց ուսանել Երևանի մշակույթի պետական քոլեջում՝ ընտրելով կինոսարքավորումների ու տեսատեխնիկայի բաժինը։ Երազում էր օպերատոր դառնալու մասին։ Մեկ տարի սովորելուց հետո՝ զորակոչվեց բանակ։  Ուսանողական տարիներին էլ նա համատեղում էր ուսումն ու աշխատանքը, որպեսզի մեզ օգնի ու հոգա ուսման ծախսերի որոշ մասը։ Անգամ չենք էլ իմացել, թե ինչպես է պայմանավորվել դասախոսների հետ, որ թույլ տան աշխատի։  Նա կարողանում էր մարդկանց հետ լեզու գտնել, իր տեսակը հենց այդպիսին էր”։

Ծառայության ընթացքը

“Ծառայության անցնելուց հետո էլ մենք զգում էինք, որ նա ավելի է հասունացել, չափված ձևված է դարձել, ոչ մի ավելորդություն իրեն թույյ չի տալիս։ Երբ ծառայության ընթացքում 10 օրով արձակուրդ էր եկել, մեր տանը ընկերների հետ միասին զրուցում էին և  ընկերներից մեկն իրեն անլուրջ արարք թույլ տվեց, իսկ Արմենը լուրջ ու սաստող հայացք գցեց նրա ուղղությամբ, որն իմ մեջ շատ է տպավորվել։ Այդ պահին զգացի, որ որդիս ավելի է մեծացել”,- պատմում է Արմենի հայրը՝ Լևոն Հովհաննիսյանը։

Հերոսի մայրն արցունքն աչքերին ասում է, որ Արմենի դեպքից հետո ոչ մի պատահականության չի հավատում.  “Պատահականություններ չեն լինում, ամեն ինչ ի վերուստ է կանխորոշվում։ Ինքն ուղղակի փորձում էր ամեն ինչ հասցնել”։

Ծառայության առաջին ամիսներին Արմենը զանգել է ծնողներին ու ասել, որ ցանկանում է սերժանտական կոչում ստանալ. “Արմե՛ն ջան,  դա պատասխանատու քայլ է, պատասխան ես տալու ոչ միայն քո, այլ մի քանի զինվորի համար”,- իր խոսքերն է վերհիշում մայրը,- “Նա ասաց՝ այո, ես հասկանում եմ, բայց շատ եմ ուզում։ Սերժանտական կոչում ստացավ, իսկ որդուս ծառայակից բոլոր ընկերները գոհ էին նրանից։ Նա նաև դիրքի ավագն էր, ինչը մեծ պատասխանատվություն էր”։

Ծնողները պատմում են, որ ծառայության ժամանակ չի եղել դեպք, երբ նա տրտնջա, զանգի ու ինչ-որ բանից բողոքի, ընդհակառակը՝ ասում էր, թե առաջին գծում ծառայությունն այլ է ու դա մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ էր կատարում։

  “Մի առիթով ինձ ու հորն ասաց, որ հինգերորդ պաշտպանական ջոկատն այնքան հզոր կառույց է, որ թուրքերը հաստատ չեն համարձակվի առաջ գալ։ Փաստորեն իր խոքերը զուր չէին… ապացուցվեցին”,- հպարտությամբ ասում է հերոսի մայրը։

Ծառայության ընթացքում Արմենը հաճախ է զանգել տնեցիներին, միշտ վստահեցրել է, թե ամեն ինչ կարգին է։

Չարաբաստիկ օրը

“Դեպքից մեկ օր առաջ Արմենը նոր լուսանկարներ էր հրապարակել սոցիալական կայքի իր էջում։ Առավոտյան տեսել էի այդ լուսանկարներն ու ամբողջ օրն աղջիկներիս մի քանի անգամ ասում էի՝ համակարգիչը միացրե՛ք, Արմենիս նկարները կրկին նայեմ։  Նայում ու ասում էի՝ այս նկարներն ինձ մի տեսակ դուր չեն գալիս, ինքս էլ չէի հասկանում՝ ինչու”,- պատմում է հերոսի մայրը։ 

Որդու հետ ծնողները խոսել են դեպքից երկու օր առաջ։ “Արմենը մեզ չէր պատմում սահմանային լարվածության մասին, քանի որ դրա իրավունքն էլ որպես զինվորական չուներ։  Սպասվելիք դիվերսիայի մասին մեր հետախույզները նախապես հաղորդել են զինվորներին ու նույնիսկ օրն են ճշտել։ Նա գիտեր հնարավոր հարձակման մասին։ Արմենը՝ իբրև ջոկի հրամանատար, դիրքի ավագ, պատրաստ էր ընդունելու այս մարտը, իր զգոնությունն այդ օրվա հետ կապված փրկեց շատերի կյանքը։ Շնորհակալ եմ Արմենին, որ թույլ չտվեց  թշնամուն մտնել դիրքեր։ Սկզբում թշնամին շարժ նկատելով  անմիջապես հետ է քաշվել ու փորձել հակառակ կողմից ներխուժել։ Այդ պահին շունը զգացել է դա և ուղղվել դեպի դիվերսանտները։ Նրանք  խլացուցիչով կրակել են շանը և հենց այդ ճակատագրական գնդակը շանը խփելուց հետո անցել է Արմենի գլխավերևով։ Արմենը՝ որպես ջոկի հրամանատար ու ավագ, չպիտի դիրք պահեր, սակայն այդ պահին փոխարինել է բուժկետում գտնվող ծառայակցին։ Նա նկատել է թշնամուն ու հերոսաբար մարտնչել նրանց դեմ”,- սարսափելի ու ճակատագրական օրվա մասին պատմում է մայրը։

Հերոսի մոր երազներն ու չասված խոսքերը որդուն

“Արմենին հաճախ եմ երազներումս տեսնում։ Նա ավելի փոքր տարիքում է, անկեղծ ու անմիջական ժպիտը դեմքին…

 Չգիտեմ իմ շնորհակալությունս ինչպես հայտնեմ որդուս։ Նրա սխրանքն առաջին հերթին մեզ պարտավորեցնում է լույսի պես պահել իր անունը ողջ կյանքի ընթացքում։ Մեր ընտանիքում  Արմենի փառքով ենք շնչում։ Արմենը դարձավ այն անկյունաքարը, որը թշնամուն ապացուցում է, որ հայերը մորթվող տեսակ չեն, սրի դեմ սուր են հանում, արյունով ազատագրված հողերը պատրաստ են սխրագործությամբ պահպանել։

Մենք բոլորս պետք է գիտակցենք, թե որքան քիչ բան ենք անում՝ համեմատվելով զինվորների հետ՝ հատկապես նրանց հետ, ովքեր սահմանին են։ Իրենք  հայրենիքի պատիվը զենքով պաշտպանելու բացառիկ պատասխանատվություն են կրում, իսկ հայրենիքը սահմանից է սկսվում, խրամատից։ Մեր զինվորներն ամենակարգապահ և  ուժեղ տղաներն են, նրանք բոլորը  հերոս են։ Իմ մայրական մեծագույն ցանկությունս է, որ նրանց ծառայութունն անցնի բացառապես խաղաղ պայմաններում”։

Ապրիլի 27-ին Արմենի հիշատակին նվիրված երկու խաչքար է տեղադրվել։ Նրանցից մեկը դիրքերում է, որտեղ տեղի է ունեցել դիվերսիոն հարձակումը, իսկ մյուսն այն զորամասում, որտեղ անցել է Արմենի ծառայությունը։

Արմենը ծառայության ընթացքում փոքրիկ հուշատետրեր է պահել, որտեղ էլ բազում գրառումներ է կատարել հայրենիքի, մոր սիրո մասին։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

“Գիշերը, գիշերը մի քիչ երկարեր, թռչեի մտքով տունը մեր”։

“Մորիցս բացի այս աշխարհի վրա մեղքերիս համար աղոթող չկա”։

“Զինվորը պոստին, ավտոմատն ուսին, թախծոտ աչքերով հիշել է իր քաղցր մայրիկին, թե ոնց համբուրեց իր միակ որդուն, բանակ ուղարկեց, նորից հունիսի 30-ին կգա քո զինվոր տղեն, տուն կգա”։

 Պատրաստեց Լուսինե Հովհաննիսյանը

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...