08:15
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անդրանիկ Մանուկյան

2015-01-19 15:46

                          «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

Խաղաղ երկինքը պետության և ժողովրդի ներդաշնակ ապրելակերպի կարևոր  գրավական է, ու երբ խախտվում է տիրող խաղաղությունը,   առավել տեսանելի են դառնում երկրի ներսում առկա համերաշխության հիմքերը։

Ուկրաինայում տիրող գերլարված իրավիճակում Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը կարողացավ  համախմբել հայ համայնքին և կազմակերպել նրանց անվտանգությունը` ի դեմս դեսպան Անդրանիկ Մանուկյանի։

Անդրանիկ Մանուկյան` Ուկրաինայում ՀՀ դեսպան

-Պարո՛ն  Մանուկյան, շնորհավորում ենք Ձեզ ամանորյա տոների ևՏարվա դեսպան 2014” ճանաչվելու առթիվ։Դե Ֆակտոամսագիրը, հետևում  և բարձր է գնահատում Ձեր աշխատանքը։

Դուք մեծ դերակատարում ունեցաք Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական գերլարված ժամանակահատվածում հայկական համայնքին համախմբելու և պաշտպանելու գործում։ Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց, արդյո՞ք դժվար չէր։

-Շնորհակալություն “Տարվա դեսպան” ճանաչելու և իմ գործունեությանը  տրված բարձր գնահատականի համար։

2014թ. բավականին բարդ, քաղաքական իրադարձություններով հագեցած տարի էր, որը, բնականաբար, ենթադրում էր նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ մշտապես փոփոխվող իրավիճակներում։

Ինչպես գիտեք, 2013թ. նոյեմբեր ամսին Ուկրաինայում սկսվեց հզոր շարժում, եվրաինտեգրման կուրսից հրաժարվելու նախկին իշխանությունների որոշումից հետո, որը շատ  արագ վերածվեց հակակառավարական շարժման, որն էլ, ի վերջո,  հանգեցրեց իշխանափոխության։

Մայիս ամսին կայացան արտահերթ նախագահական  ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց “Մայդանի”  առաջնորդներից Պյոտր Պորոշենկոն։

Հոկտեմբերի 26-ին  կայացան  արտահերթ պառլամենտական ընտրություններ, որոնց արդյունքում բացարձակ  մեծամասնություն և վստահության քվե ստացան “Մայդանի” գաղափարներով առաջնորդվող քաղաքական ուժերը, մասնավորապես` երկրի  նախագահի և վարչապետ Ա. Յացենյուկի գլխավորած կուսակցությունները։

Նրանք  պառլամենտ անցած համախոհ ևս երեք քաղաքական ուժերի հետ միասին կազմեցին պառլամենտական կոալիցիա և դեկտեմբերի 2-ին ձևավորեցին նոր կառավարություն` Ա.Յացենյուկի գլխավորությամբ։

Դրանով Ուկրաինան փորձում է հաղթահարել ամիսներ տևող  ներքաղաքական ճգնաժամը` ձեռնամուխ լինելով երկրի առջև ծառացած հրատապ խնդիրների լուծմանը։

Բնականաբար, Ուկրաինայում  բնակվող  մեր հայրենակիցները, որպես երկրի հավատարիմ և նվիրյալ քաղաքացիներ, իրադարձությունների առաջին օրվանից իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին լավագույն ապագայի համար սկսված  շարժմանը`   լինելով ուկրաինացի ժողովրդի կողքին, որը մեծապես  գնահատվում է Ուկրաինայի ներկայիս իշխանությունների և հասարակայնության կողմից։

Ինչպես հայտնի է, “Մայդանի” առաջին զոհը հայազգի Սերգեյ Նիգոյանն էր։

-Ի՞նչ գործելակերպ որդեգրեց դեսպանատունն այդ օրերին։

-Բնականաբար,  նման բուռն ու մշտապես փոփոխվող քաղաքական  իրադարձությունները  ենթադրում էին  նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ  և քայլեր դեսպանատան կողմից երկկողմ հարաբերություններում և հայ համայնքի հետ տարվող աշխատանքներում։

Նշեմ, որ իրադաձությունների սկսվելու օրվանից մշակվել էր հայ համայնքի ղեկավարության և ներկայացուցիչների հետ հանդիպումների և քննարկումների մշտական, ամենօրյա ճկուն ձևաչափ, որը  հնարավորություն էր տալիս  օրվա ցանկացած ժամի, կապված դեպքերի  զարգացման  հետ, քննարկել  իրավիճակը և ընդունել ճիշտ և համարժեք  լուծումներ։

Ես հայ համայնքի ղեկավարների և ներկայացուցիչների հետ  գտնվում էի մշտական կապի մեջ,  նրանց հետ  հանդիպում էի օրը մի քանի անգամ և տարբեր  ժամերի։

Գլխավոր խնդիրը  և մտահոգությունը  հայ համայնքի  ներկայացուցիչներին զերծ պահելն էր անօրինական գործողություններին մասնակցելուց և հնարավոր սադրանքների մեջ  ներքաշվելու վտանգից։

Ինձ և հայ  համայնքի համար բավականին բարդ իրավիճակ ստեղծվեց Ղրիմի իրադարձությունների և այդ կապակցությամբ Հայաստանի  դիրքորոշման  հետ կապված։ Նամանավանդ, որ   երկրում և հասարակության  մեջ  ստեղծված բարոյա-հոգեբանական գերլարված մթնոլորտում  Հայաստանի դիրքորոշումը  ընդունվեց  ոչ համարժեք, որը առաջին անգամ  առաջացրեց  հակահայկական տրամադրություններ, ԶԼՄ-ներով  եղան առանձին  բացասական  հրապարակումներ և հաղորդումներ և, բնականաբար,  իրավիճակից անմիջապես փորձեցին օգտվել ադրբեջանական շրջանակները`  փորձելով   հրահրել  հակահայկական  տրամադրություններ  և գործողություններ։

Ստեղծված պայմաններում ձեռնարկվեցին և  իրականացվեցին համատասխան քայլեր իրավիճակը փոխելու ուղղությամբ։

Ինձ հաջողվեց հանդիպել երկրի բարձրագույն ղեկավարության հետ և հանգամանալից ներկայանցնել Հայաստանի   դիքորոշումը, որը  որևէ  հակաուկրաինական տարր  չէր պարունակում։

Ունեցա բազմաթիվ հանդիպումներ քաղաքական, հասարակական կազմակերպությունների ղեկավարների, մտավորականության  ներկայացուցիչների  հետ,  որոնց ևս հանգամանալից բացատրվեց Հայաստանի դիրքորոշման  շարժառիթները։

Առանձնակի  աշխատանքներ  տարվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հետագա անբարենպաստ հրապարակումները կանխելու և ամենակարևորը` Հայաստանի դիրքորոշումը ճիշտ և օբյեկտիվ  ներկայացնելու համար։

Այդ  ուղղությամբ կատարված հսկայական նպատակային և արդյունավետ  աշխատանքների  շնորհիվ` աստիճանաբար փոխվեց և՛ երկրի ղեկավարության, և՛  հասարակության տրամադրվածությունը, ու հետագայում  ամեն ինչ շարունակվեց բնական ձևով։

Ցանկանում եմ նշել, որ այդ  իրավիճակում որքան կարևոր էին ուկրաինացիների հետ տարվող աշխատանքները, նույնքան կարևոր էին հայ համայնքի հետ աշխատանքները՝ նրանց անմտածված քայլերից և գործողություններից զերծ պահելու առումով։

Այսօր վստահորեն կարող եմ փաստել` իրականացված  ամենօրյա հսկայական, կշռադատված, հետևողական աշխատանքի  շնորհիվ`  հաջողվեց համախմբել հայ համայնքին, յուրաքանչյուր անգամ և յուրաքանչյուր  իրավիճակում գտնել ճիշտ  լուծումներ` դրանով  հայ  համայնքին  զերծ պահելով հնարավոր  վտանգներից։

Առանձնակի  ցանկանում եմ նշել  դեսպանատան կատարած մեծ և նպատակային աշխատանքը` կապված Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ամռան ամիսներին ծավալված իրադարձությունների և այնտեղ բնակվող  մեր հայրենակիցներին անհրաժեշտ հյուպատոսական սպասարկման  աշխատանքների  կազմակերպման հետ։

Դեսպանատունը,  հաշվի առնելով  ստեղծված  արտակարգ  իրավիճակը,  հյուպատոսական ծառայությունները    կազմակերպեց  տեղերում,  անմիջապես վերոհիշյալ  մարզերում, որը  հնարավորություն տվեց պատերազմական գործողությունների գոտում հայտված մեր  քաղաքացիներին  կատարել  ընտրություն  իրենց  հետագա  բնակության հաստատման հարցում։

-Որքանո՞վ են հայերը ներգրավված Ուկրաինայի քաղաքական կյանքում, ինչպիսի՞ն  է  ուկրաինական իշխանությունների վերաբերմունքը տեղի հայերի նկատմամբ։

-Հայ համայնքը ակտիվորեն  մասնակցում է Ուկրաինայի քաղաքական կյանքին`  յուրաքաչյուրը համաձայն իր քաղաքական հայացքների և  նախասիրությունների,  ընդհանուր առմամբ, նպաստելով Ուկրաինայի   զարգացմանն ու ամրապնդմանը` որպես  այդ երկրի նվիրյալ և հավատարիմ քաղաքացիներ, ինչն արժանանում է համարժեք վերաբերմունքի։

Ուկրաինայի իշխանությունները և ժողովուրդն ունեն  ջերմ և հարգալից  վերաբերմունք մեր երկրի և ժողովրդի նկատմամբ,  որը արտահայտվում է  ամենաբարձր մակարդակով` մշտապես  ընդգծելով մեր ժողովուրդների հարյուրամյակների հասնող եղբայրական հարաբերությունները։

Ուկրաինական հասարակությունը  տեղեկացված է և բարձր է գնահատում շուրջ  հազար տարի շարունակվող մեր հայրենակիցների ներդրումը Ուկրաինայի  պետականության կայացման գործում։

- Ի՞նչ խնդիրներ ունի Ուկրաինայում հայկական համայնքը, ի՞նչ քայլեր է իրականացնում դեսպանատունը դրանք լուծելու համար։

-Ուկրաինայի  հայ համայնքի  համար  ստեղծված են բոլոր պայմանները  հայոց լեզվի, հոգևոր, ազգային մշակույթի, ավանդույթների, նկարագրի  պահպանման  համար,  և հայ համայնքը,  ունենալով  դեսպանատան  ամենօրյա  աջակցությունը,  հետևողական աշխատանքներ  է իրականացնում  համայնքի  խնդիրների լուծման ուղղությամբ։

-Ինչպիսի՞ հասարակական, մշակութային կյանքով է ապրում հայ համայնքը։

-Դեսպանությունը  և  հայ  համայնքը համատեղ են նախապատրաստում  և անցկացնում  բոլոր միջոցառումները, որի շնորհիվ այդ  միջոցառումները  դառնում են  նպատակային և արդյունավետ։ Մասնավորապես, դեսպանատան  և հայ համայնքի  նպատակային  աշխատանքների շնորհիվ  “Եվրատեսիլ”  երգի  մանկական և մեծահասակների  մրցույթում Ուկրաինան կայացրեց օբյեկտիվ որոշում՝  Հայաստանի ներկայացուցիչներին տալով ամենաբարձր միավորները։

 Ըստ էության,   լինելով  մշակույթային, այդ  մրցույթը  պարունակում է ներքին լուրջ  քաղաքական  ենթատեքստ և Ուկրաինայի դիքորոշումը  մեկ անգամ ևս  վկայում  է մեր  ժողովուրդների  հիմնարար  բարեկամական հարաբերությունների մասին` անկախ քաղաքական տարաբնույթ իրադարձություններից։

 -Արդեն կա՞ն ծրագրեր 2015թ. հետ կապված, ո՞ր խնդիրներն են լինելու Ձեր դիտակետում։

-Արդեն կազմվել է 2015թ.  աշխատանքային ծրագիրը։  Ելնելով  Ուկրաինայում գտնվող  քաղաքական  իրավիճակից`  նախատեսվել են  միջոցառումներ  երկկողմ  հարաբերությունների, Մեծ եղեռնի 100-ամյակի  տարելիցի, ինչպես նաև  հայ համայնքի  հետ տարվող  աշխատանքների հետ կապված։

Չխորանալով  մանրամասների մեջ` նշեմ միայն, որ գլխավորը  տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված  միջոցառումները նպատակային և իմաստալից կազմակերպումն  է` ուկրաինացի  գիտնականների, ցեղասպանության  մասնագետների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, մտավորականության և ուկրաինական  հասարակայնության լայն շրջանակների  ներգրավմամբ։

Պետք է ձգտել նրան, որ  Հայաստանում և սփյուռքում  անցկացվող   բոլոր միջոցառումները դառնան` որպես միջազգային հանրության դատավճիռ  Թուրքիայի նկատմամբ։ Մասնավորապես`  մենք նախատեսում ենք 2015թ. ապրիլ ամսին Կիևում Ուկրաինայի  գիտությունների  ազգային ակադեմիայի հետ համատեղ կազմակերպել “Հայոց  ցեղասպանությունը` որպես հանցագործություն  մարդկության հանդեպ” խորագրով միջազգային կոնֆերանս, որին կմասնակցեն ցեղասպանության  միջազգային ամենահեղինակավոր մասնագետներ։

Կարծում եմ` այն կունենա միջազգային  հնչեղություն։

Նշեմ նաև, որ մեծ թափով  ընթանում է Կիևի հայկական եկեղեցու  շինարարությունը։

-Արդեն չորս տարի է` Դուք պաշտոնավարում եք, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը, և արդյո՞ք սա այն պաշտոնն է, որում Դուք Ձեզ տեսնում եք ապագայում։

-Հիրավի,  չափազանց  արագ  ու աննկատ  անցան այս չորս  տարիները, ինչը հավանաբար պայմանավորված  էր  բուռն ու բեղուն երկկողմ հարաբերությունների ուղղությամբ տարվող աշխատանքներով։

Իմ ամենամեծ ձեռքբերումը հայ-ուկրաինական երկկողմ   հարաբերությունների  վերընթաց  զարգացման  ապահովմանն  ուղղված   հսկայական աշխատանքներն են, որոնց շնորհիվ ստեղծվել է ամուր  հիմք և ներկայումս  ունենք մեծ հնարավորություններ դրանք նոր  պայմաններում, որակական  նոր   մակարդակով  կազմակերպելու համար։

Ես առանձնակի  ձեռքբերում եմ  համարում հայ համայնքի հետ տարված  աշխատանքները, մեզ հաջողվեց  ստեղծել  միասնական, համաուկրաինական  մեկ  կառույց`  ի դեմս Ուկրաինայի հայերի միության, որը  հնարավորություն  տվեց բոլոր  աշխատանքները  կազմակերպել  համատեղ, միասնական և  ամենակարևորը`  նպատակային և արդյունավետ։

Ինչ  վերաբերում է  իմ ապագա պաշտոնին,  երբեք  չեմ մտածել այդ ուղղությամբ, միշտ ձգտել եմ իմ առջև դրված խնդիրները լուծել արդյունավետ և մեծ պատասխանատվությամբ։  Իսկ ապագա պաշտոնը մեր երկրի ղեկավարության որոշելիքն է։

-Ըստ Ձեզ` որո՞նք են այն երեք կարևոր երևույթները, որոնք ապրեցնում և երջանկացնում են ժողովրդին։

-Բնության, հասարակության մեջ տեղի ունեցող երևույթները  ինքնըստինքյան չեն կարող  դառնալ ժողովուրդների  երջանկության  երաշխավոր։ Ժողովուրդները  կայացած,  բարեհաջող և երջանիկ  կարող  են լինել,  եթե  կարողանում են  խելամտորեն օգտագործել բոլոր  հնարավորությունները։

-Մոտենում է Ամանորը, հետաքրքիր է, հավատո՞ւմ եք ամանորյա հրաշքին, Ձեր ամանորյա բարեմաղթանքը։

-Ես հրաշքներին, այդ թվում` ամանօրյա, հավատալու տարիքից վաղուց դուրս եմ եկել։

Ամանորի կապակցությամբ շնորհավորում եմ  մեր  ժողովրդին և մաղթում  եմ, որ նոր  տարում  մեր ժողովուրդը   դառնա  առավել  պատասխանատու  մեր երկրի ապագայի  նկատմամբ։

 Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...